«ՎԷՄ«-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2009թ. հուլիսին, Երեւանում լույս է տեսել «Վէմ» համահայկական եռամսյա հանդեսի նոր շրջանի առաջին՝ թիվ 1(26)-ը, 212 էջ։

«Վէմ» համահայկական հանդեսը լինելով 1933-1939թթ. Սիմոն Վրացյանի խմբագրությամբ Փարիզում հրապարակված «Վէմ.երկամսեայ հանդէս մշակոյթի եւ պատմութեան» գիտական պարբերականի շարունակությունը, նպատակ ունի համադրել Հայաստանի ու Սփյուռքի ճանաչված գիտնականների ջանքերը և հայագիտության բնագավառում ապահովել գիտական ինքնաճանաչողության որակապես նոր մակարդակ։ «Վէմ»-ը իր հնարավորությունների սահմաններում իրականացնելու է նաև Հայաստանի պատմությունն ու մշակույթը օտար գիտական շրջանակներին ներկայացնելու, ինչպես նաև մեր ժողովրդի մասին թյուր պատկերացումներ ձևավորող թուրք-ադրբեջանական կեղծարարներին գիտական պատասխաններ տալու խնդիրները։

Հիմնվելով գիտականության չափորոշիչների պահպանման և միաժամանակ՝ լայն բազմակարծության ապահովման սկզբունքի վրա, «Վէմ»-ը հետամուտ է լինելու Հայաստանի ու հայ ժողովրդի մասին ամբողջական գիտական ճշմարտության բացահայտմանը։

«Վէմ» համահայկական հանդեսի բաժինները ընդգրկելու են հիմնարար նշանակություն ունեցող հումանիտար ու հասարակական գիտությունները՝ պատմություն, լեզու, գրականություն, փիլիսոփայություն, տնտեսություն, մշակույթ և այլն։ Դրանցից յուրաքանչյուրի ուսումնասիրությունը զուգորդելու է աշխարհայացքային բնույթի ընդհանրացումներով, որոնք «Հիշողություն» և «Գիտագործնական» բաժինների միջոցով իրականացնելու են մեր արժեքների ավելի խոր ճանաչողության և պաշտպանության գործառույթները։ Գիտական կյանքը և նոր ուսումնասիրությունները ներկայացվելու են «Գրախոսություններ» ու «Լրատու» բաժինների միջոցով։

«Վէմ»-ը լայն տեղ է հատկացնելու Հայոց նոր ու նորագույն պատմության առանցքային հիմնահարցերի՝ հայ ազգային-ազատագրական շարժում, Հայկական հարց, Հայոց ցեղասպանություն և այլն, ուսումնասիրությանը, դրանց վերաբերյալ քննարկումների կազմակերպմանն ու նոր վավերագրերի հրապարակմանը, և մինչ օրս անհայտ դեմքերի ու դեպքերի բացահայտմանը։

«Վէմ»-ի առջև կանգնած խնդիրների լուծման հիմնական ծանրությունը իր ուսերին է կրելու Հայաստանում անկախության պայմաններում հասունացած գիտնականների նոր սերունդը։ Միաժամանակ՝ Սփյուռքի հիմնական գաղթօջախներում առկա խմբագրակազմի անդամների միջոցով, «Վէմ»-ը փորձելու է իր աշխատանքների մեջ հնարավորինս լայնորեն ներգրավել նաև արտասահմանում ապրող ու ստեղծագործող հայ և օտարազգի հայագետներին։