Բովանդակություն (Թիվ 2017-2)

Կիրակի, Հուլիսի 16th, 2017

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Դավիթ Ռ. Մոսինյան
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԼԵԶՈՒ, ՓՈՐՁ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Երվանդ Հ. Գրեկյան
ԿԱՌԼ ՖՐԻԴՐԻԽ ԼԵՄԱՆ-ՀԱՈՒՊՏԸ ԵՎ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԱՐՔԱՅԱՑԱՆԿԸ
«Երեք Ռուսաներ»-ի խնդրի շուրջ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ալբերտ Ա. Ստեփանյան
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆԸ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՀԱՅՔՈՒՄ
Պրագմատիկ և ողբերգական պատմությունք (անգլերեն)

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արսեն Մ. Գլջյան
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ԱՐԻՍՏՈՏԵԼԸ

Թադևոս Վ. Տոնոյա
ՉԱՐԵՆՑԻ «ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
ՏԱՂԻ ԲԱՌԸ

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
Նաիրա Ժ. Մկրտչյան
«ՊԱՏՄԱԿԱՆ (ԱՆ)ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԳԱՂԱՓԱՐԸ ԵՎ ՀԱՅՏՆՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
Հայկական տրամասային կառուցումները անցյալից ներկա

ՄՇԱԿՈՒՅԹ
Սարգիս Գ. Պետրոսյան (Գյումրի)
ԸՆՁԱՌՅՈՒԾԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՔԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Մի հին տեքստի անագրամայում և մի ժայռապատկերում

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Սուսաննա Գ. Հովհաննիսյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Արարատ Մ. Հակոբյան
«ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻ ԳՈՐԾԸ»
Մանուկ Խուշոյանի սպանության իրական պատմությունը

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Արմեն. Ց. Մարուքյան
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Ճանապարհային քարտեզի ուրվագիծ

Կարեն Հ. Խաչատրյան
ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
(1991-1993 ԹԹ.)
ԼՐԱՏՈՒ

Ալբերտ Ա. Խառատյան
Գևորգ Ս. Խուդինյան
ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հիշատակին

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ. Խ. — Կազիմիր Զալևսկի
ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

ԱՐԽԻՎ
Ա-Դո
ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՆ
Անդրանիկ Օզանյան և Թովմաս
Նազարբեկյան. զուգակշիռներ
Պատրաստեցին՝
Ռուբեն Հ. Գասպարյանը և Ռուբեն Օ. Սահակյանը

Երուանդ Գ. Փամպուքեան (Պէյրութ)
ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ – ՍԱՐԳԻՍ ՍՐԱՊԻՈՆԵԱՆ – ԼՈՒԿԱՇԻՆ ԳԱՂՏՆԻ ՏԵՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Մարգարիտա Մ. Խաչատրյան
ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԱԳԻՐԸ
Համաստեղի և Հակոբ Խաշմանյանի նամակագրությունից

ՀԱՎԵԼՎԱԾ
Գեղամ Մ. Բադալյան
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ
Մաս ութերորդ: Սասուն պատմաաշխարհագրական մարզը և
Բաղեշ (Բիթլիս) քաղաքը

CONTENT

СОДЕРЖАНИЕ

Մենք եւ մեր հարեւանները*

Կիրակի, Հուլիսի 16th, 2017

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

Բանալի բառեր — Հարավային Կովկաս, Արմենիա, Կովկաս, միջուկ, թաղանթ, high culture, ռազմավարական մեկնակետ, քաղաքակրթական դիմագիծ:

Հարավային Կովկասում ու նրա շուրջն առկա փխրուն իրողությունների փլուզման հեռանկարը՝ որպես պատմական անհրաժեշտութուն համառորեն բախում է տարածաշրջանի դարպասները՝ պահանջելով հունավորել ապագայի սաղմնավորման ու հասունացման տարերային ընթացքը։

Որովհետև ցարական Ռուսաստանի կազմում Անդրկովկասի, իսկ մեզ համար Այսրկովկասի վերածված և ապա «Հարավային Կովկաս» անունը ստացած մեր տարածաշրջանի ժողովուրդների պատմական հիշողությունը մինչ օրս չունի ապագային միտված որևէ ընդհանուր տեսլական, իսկ նրանցից յուրաքանչյուրի քաղաքական ձգտումները արմատապես հակասում են երեք հարևան տերություններից գոնե մեկի շահերին։ Հարավային Կովկասը դարերի ընթացքում մայրցամաքային կայսրությունների առաջխաղացման հետևանքով սեղմված այն միջուկն է, որի բաղկացուցիչներից յուրաքանչյուրը խնդիրներ ունի ոչ միայն ներսի, այլև դրսի հետ. Հայաստանի պարագայում՝ Հայկական պահանջատիրությունը, Վրաստանի պարագայում՝ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների էթնոկրոնական համերաշխությունը Ռուսաստանի դեմ ուղղելու ցանկությունը, իսկ Ադրբեջանի պարագայում՝ Իրանի թյուրքախոս ազարիներին համաթուրանական ծրագրերի մեջ ներառելու ձգտումը։

Նման եռանդամ միջուկի եւ նրա շուրջը պատմականորեն ձեւավորված նույնպես եռանդամ թաղանթի համաշխարհային իրողություններին համարկվելու հնարավորությունը գտնվում է քաղաքակրթական հոգեհարազատության հենքի վրա ավելի խոշոր ընդհանրությունների ձևավորման համատեքստում։ Այդ պատճառով ներկայումս վճռորոշ նշանակություն է ձեռք բերել տարածաշրջանի քաղաքակրթական դիմագծի հստակեցման հրամայականը, ուստի նախ հարկ է պարզել, թե պատմականորեն ինչպիսի քաղաքակրթական տարածք է եղել Հարավային Կովկասը։

Ակնհայտ է, որ Անտիկ շրջանից մեզ հասած հունահռոմեական աղբյուրների ու դրանք ամրագրած համապատասխան քարտեզների մեջ Կովկասյան լեռնաշղթայից մինչև Եփրատ գետն ընկած ընդարձակ երկիրը կրել է ընդամենը մեկ անվանում՝ Արմենիա։ Ավելի ուշ՝ Վրաց Բագրատունիների թագավորության հզորացման շրջանում, ձևավորված վրացական ավանդույթը հիմնվել է ներկայիս Հյուսիսային ու Հարավային Կովկասները որպես մեկ ամբողջության ընկալող «Կովկաս» հասկացության վրա։ Համաձայն վրաց պատմահայր Լեոնտի Մրովելիի՝ նրա ժողովուրդների նախահայրերը եղել են հարազատ եղբայրներ, որոնցից ավագը՝ Գաոսը (Հայկը), որի «նմանը ո՜չ մարմնով, ո՜չ հզորությամբ ու քաջությամբ չի եղել ո՜չ ջրհեղեղից առաջ եւ ո՜չ էլ դրանից հետո» տարածքների կեսը պահել է իրեն, իսկ մյուսները բաժանել է իր յոթ եղբայրներին՝ ավագությամբ երկրորդ Քարթլոսին և այլոց։ Ուրեմն անգամ Վրաստանի հզորացման դարաշրջանի (11-12 դդ.) վրաց պատմական ավանդույթը սկզբունքորեն չի հակասում հայկականին, այլ սեփական կովկասյան պրիզմայով է դիտարկում նույն իրողությունը։ Միայն ավելի ուշ՝ ստալինյան շրջանի վրաց պատմաշինարարությունը և դրան գումարված նորակազմ ադրբեջանական ժողովրդի սելջուկյան հավակնություններն են աղճատել տարածաշրջանի ժողովուրդների պատմական հիշողությունը։

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի մինչև 20-րդ դարի սկզբները մեր հարևանները չէին հասցրել անգամ ձևավորվել որպես միասնական ժողովուրդներ, ուստիև Ռուսաստանից ժամանակավորապես առանձնացած Հարավային Կովկասում 1918-1920-ական թվականներին ապրում էր ընդամենը մեկ ժողովուրդ, որի բոլոր ներկայացուցիչներն իրենց բնորոշում էին միևնույն էնդոէթնոնիմի ու միևնույն էքզոէթնոնիմի միջոցով։ Հայոց ցեղասպանության արդյունքում նեղլիկ Անդրկովկասում պատսպարված հայերն էին միայն, որ ունեին սեփական ինքնության հստակ ընկալումը, մինչդեռ մեր զույգ հարևանների էթնիկ դիմագիծը դեռևս ամբողջացման ու կայացման հանգրվանում էր։

Ուրեմն պետականորեն ինքնակազմակերպվելու դարաշրջանում անգամ մեր հարևանների տարածքային հավակնությունները զուտ հիպոթետիկ բնույթ ունեին, քանի որ դեռևս պարզ չէր, թե ովքեր են իրենք՝ որպես մեկ ամբողջություն։ Վրացիների հավակնությունները հիմնվում էին նախկին Վրացական թագավորության սահմաններում ապրող քարթվելների շուրջը ցեղակից իմերեթցիներին, սվաններին, մեգրելներին, աբխազներին և հավատակից հույներին, հայերին և այլ էթնիկ խմբերին միաձուլելու նպատակադրումի վրա։ Իսկ Ադրբեջանի պարագայում բացակայում էր անգամ էթնիկ ընդհանրության ընկալումը, և առկա էր սոսկ իսլամական ընդհանուր հավատի հիմքի վրա թյուրքական ու տեղաբնիկ շիա և սուննի դավանանքի մահմեդական ժողովուրդներին ու ցեղերին համախմբելու և միասնական ազգի վերածելու ձգտումը։
Այս երկու նախագծերը իրականություն դարձան 1920-1930-ական թվականներին խորհրդային վարչակարգի կողմից խրախուսված զանգվածային ձուլումների միջոցով համապատասխան ժողովրդագրական քարտեզի ու էթնիկ ինքնագիտակցության ձևավորմամբ։ Դա էր պատճառը, որ 1926 թվականի խորհրդային մարդահամարով արձանագրվեց «դեմոգրաֆիա» գիտության պատմության մեջ չտեսնված մի երևույթ՝ բարձր ծնելիությամբ ամենևին էլ աչքի չընկնող վրացական էթնոսի կրկնապատկումը 10 տարվա ընթացքում՝ 1916 թվականի 821 720-ը ՝ 1926 թվականին 1 միլիոն 788 186-ի վերածվելու միջոցով ։ Նույն կերպ և գրեթե նույն համամասնություններով ստալին-բերիայական վարչակարգը 1930-ականներին ձևավորեց նաև ադրբեջանցի ժողովրդին, որը, կլանելով իր սահմաններում ապրող մահմեդականների մեծ մասին, ազգակազմավորման վերջնական փուլը մտավ միայն 1970-ական թվականներին՝ Հեյդար Ալիևի իշխանության օրոք։

Ուստի պատահական չէ, որ հենց ստալին-բերիայական վարչակարգն էլ հենց 1930-ականներին կազմակերպեց վրաց ազգին ու «ադրբեջանցի» անվամբ կնքված ժողովրդին իրենց էթնիկ հիշողության հետ որեւէ կապ չունեցող՝ իրանական մշակութային կոթողներով «պարգևատրելու արարողությունները»։ Անձամբ Ստալինի ցուցումով վերջնականապես վրացականացվեց հնդկական «Ռամայանայի» սյուժետային կրկնություն պարսկական «Վագրենավորը» հերոսական ասքը, որը ժամանակին սոսկ թարգմանվել էր վրացերենի, իսկ Ատրպատականի առասպելական հերոս Բաբեկի մասին պատումներն ու պարսիկ բանաստեղծ Նիզամիի ստեղծագործությունը նվիրվեցին մյուս «եղբայրական ժողովրդին»։ Դա հնարավորութուն տվեց հնդեվրոպացիների (արիացիների) հնագույն հավատալիքների ու միթրայական ծիսակարգի խտացում հայկական «Սասնա ծռեր» էպոսի գաղափարական բովանակութունը իջեցնել հարևանների մշակութագողությունների ժամանակային սանդղակին՝ այն մատուցելով սոսկ իբրև արաբական լծի դեմ պայքարի արտահայտութուն։
Պատճառն ակնհայտ է. հետագայում միայն «Հարավային Կովկաս» անունը ստացած տարածաշրջանում ո՜չ անտիկ շրջանում եւ ո՜չ էլ միջնադարում հայկականից բացի՝ մշակույթի քաղաքակրթական ձևերին հասնող այլ բարձրարժեք կոթողներ չէին ստեղծվել։ Նույնն էր վիճակը նաեւ ճարտարապետության բնագավառում, որտեղ միակ բացառությունը վրացական եկեղեցաշինությունն էր հայկական և քաղկեդոնական ոճի ընդօրինակումներով ։

Սակայն՝ քաղաքակրթական ձևերի մեջ ամփոփված high culture-ը՝ իբրև տվյալ տարածքը որոշակի հանրույթին պատկանելու ապացույց, մեր հարևանների կողմից փաստորեն չի ստեղծվել անգամ Նոր ու Նորագույն ժամանակներում։ Վրացական բարձրարժեք էթնիկ երաժշտությունը կամ ադրբեջանաթուրքական մուղամը դեռևս չեն վկայում high culture-ի գոյության մասին։ Դրանք քաղաքակրթական բարձր ձևերի մեջ են ամփոփվել փայլուն երաժիշտների մի ամբողջ փաղանգի կողմից, որոնց վրացական հատվածը՝ հայկական, իսկ ադրբեջանական հատվածը՝ հյուսիսկովկասյան, իրանական ու մասամբ էլ հրեական արմատներ ունի։ Ռուսականացած և ապա վրացիների մեջ ձուլված Վրաստանի հայերի՝ Պալյան-Պալիև-Պալիաշվիլիի, Մարջանյան-Մարջանով-Մարջանիշվիլիի, Սարաջյան-Սարաջև-Սարաջիշվիլիի, Մուրադյան-Մուրադով-Մուրադելիի, ինչպես նաև՝ ռուսականացած և ապա հետագայում արհեստականորեն «ադրբեջանականացված» դաղստանցի Ուզեիր Հաջիբեկովի (այժմ՝ Հաջիբեյլի), ապշերոնյան թաթ-իրանցի Կարա Կարաևի կամ էլ լեզգու և հրեայի խառնուրդ, տաղանդավոր երգիչ Մուսլիմ Մագոմաևի և բազմաթիվ այլ օտարազգիների բարձր արվեստը նույնքան է վրացական կամ ադրբեջանական, որքան հայկական, իրանական, հյուսիսկովկասյան կամ հրեական։

Մեր հարևանների համար է՜լ ավելի տխուր պատկեր է ներկայացնում նոր ու նորագույն շրջանի նրանց «ճարտարապետությունը», որն ավելի շուտ ոչ թե վրացիների կամ ադրբեջանցիների, այլ Վրաստանի ու Ադրբեջանի ներկա տարածքներում ապրած հայերի, ռուսների, հույների, գերմանացիների ու հրեաների մշակութային ժառանգությունն է։

Նույնպիսի փաստեր կարելի է բերել բարձր արվեստի այլ բնագավառների մասին՝ հասկանալու համար մեր հարևանների մոտ հայկական հնագույն ու միջնադարյան քաղաքակրթության հանդեպ պատմականորեն ձևավորված անլիարժեքության բարդույթի պատճառները։ Ինտերնացիոնալիզմ քարոզող ԽՍՀՄ-ի գոյության պայմաններում անգամ նման երևույթը վրացիների ու ադրբեջանցիների մշակութային ինքնության անբաժանելի մասն էր դարձել։ Պարզապես Ադրբեջանում այն համընդհանուր (տոտալ) բնույթ ուներ, իսկ Վրաստանում դրսևորվում էր հայկական մշակութային ժառանգության յուրացման տեսքով։

Նման իրողությունների առկայության պայմաններում տեղի ունեցած ԽՍՀՄ փլուզումը համընկավ մեր հարևան «փոքր կայսրությունների» իրականացրած ազգային փոքրամասնությունների զանգվածային ձուլման ու դուրսմղման քաղաքականության եզրափակիչ հանգրվանին, ինչը վերջիններիս «մնացորդացին» կանգնեցրեց կյանքի ու մահվան երկընտրանքի առջև։ Արդյունքում՝ ինքնորոշվելու հնարավորություն ստացան աբխազները, օսերն ու Արցախի հայությունը, բայց Արևմուտք-Ռուսաստան դիմակայության պատճառով նրանց վերապահվեց սոսկ դե-ֆակտո անկախություն՝ անորոշ ժամանակով հետաձգելով վերջնական կարգավիճակի հարցը։

Այսպես շարունակվեց մինչև 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, որի արդյունքում Աբխազիայի ու Հարավային Օսիայի ինքնորոշման գործընթացը փոխակերպվեց Ռուսաստանի կողմից փաստացի կլանման։ Ու քանի որ դրանից հետո Արցախը մնաց տարածաշրջանի շուրջ շարունակվող մրցակցության թիրախում, հենց 2008 թվականից էլ ռուսական քաղաքականության մեջ առարկայացավ այս անգամ Հայաստանը թուլացնելով՝ Ադրբեջանին աստիճանաբար իր կողմը գրավելու ռազմավարությունը։ Դրա քողարկված արտահայտությունն էր մոտ 300 հազար «հայ հայրենակիցներ» ընդունելու ձեռնարկը եւ նրանց պոտենցիալ վերաբնակեցման գոտին՝ Արցախի ազատագրված 5 շրջանները Ադրբեջանին հանձնելու Կազանյան փորձը։ Հայկական գործոնի այս «համաձայնեցված թուլացման» և Ադրբեջանին զինելու քաղաքականության բարձրակետը 2016 թվականի ապրիլն էր, որը պետք է ապահովեր Ռուսաստանի երկրորդ թռիչքը դեպի հարավ՝ Լեռնային Ղարաբաղ և նրա շուրջը։ Մեր զինվորականության ինքնաբուխ դիմադրությունը չէ միայն, որ կասեցրեց այդ ծրագրի իրականացումը, այլև Իրանի՝ ուղղակի ու ԱՄՆ-ի՝ միջնորդավորված հակազեցությունը։

Դա է պատճառը, որ այդ պատերազմից հետո Ռուսաստանն այդպես էլ չի կարողանում ընտրություն կատարել «հնազանդ» Հայաստանի ու «անհնազանդ» Ադրբեջանի միջեւ, իսկ միաժամանակ երկուսին էլ վերահսկելու համար անհրաժեշտ է այնքան թուլացնել նրանց, որ չեզոքացվեն անկախ կեցության բոլոր հնարավորությունները։ Պատճառն այն է, որ խորհրդային շրջանից ժառանգություն մնացած մոսկովյան հնամաշ «կայսերական ճոճանակի» տատանումները բախվել են հետխորհրդային իրողություններին բնորոշ գլոբալ ու տարածաշրջանային արգելապատնեշներին։

Ուստի պատահական չէ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից ընդամենը մի քանի ամիս անց՝ Հայաստանին հզոր հրթիռային համալիրների տրամադրման փաստի 2016 թ. սեպտեմբեր 21-յան լուսարձակումով, Մոսկվան ժամանակավորապես կասեցրեց մեծ պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի փորձերը։ Արդյունքում՝ փխրուն ռազմական հակակշիռների վրա հիմնված՝ հայ-ադրբեջանական «փոխադարձ պատանդառման» հետխորհրդային համակարգը սկսեց ի հայտ բերել վերջին քառորդ դարի ընթացքում մեր տարածաշրջանում Ռուսաստանի իրականացրած ուժային քաղաքականության ճգնաժամը, ինչն է՜լ ավելի խորացավ Եվրասիականության դոկտրինի անհեռանկարայնության գիտակցման և ներկա 2017 թվականին հենց իր՝ Ռուսաստանի քաղաքակրթական խորը փակուղում հայտնվելու փաստի լուսարձակման արդյունքում։

Ներկա տարեսկզբից Ռուսաստանն ինքն է քայլեր ձեռնարկում Արևմուտքի հետ համարկման նոր ուղիներ փնտրելու ուղղությամբ, իսկ վերջինս նրա առջև արդեն հասցրել է բացել իր «Համբուրգյան նավահանգիստը»։ Ուստի վաղ թե ուշ Մոսկվան նույնպես պետք է մտածի մեր երկրամասը այն ընդհանուր քաղաքակրթական տարածության մասը դարձնելու մասին, որին նաև ինքն է ձգտում։ Քանզի Ռուսաստանի ներկայիս արևմտյան տրենդը, թեև հարկադիր, բայց միանգամայն գիտակցված ընտրություն է՝ Պետրոս Մեծի ժամանակներից այդ երկրին բնորոշ արևմտականացման հերթական պարբերաշրջանի սկիզբ։

Ուրեմն ներկա պատմական պահը ուշագրավ ռազմավարական մեկնակետ է մեր տարածաշրջանում ժամանակին ձեւավորված միակ քաղաքակրթության՝ Հայաստանի ու նրա շարունակությունը հանդիսացող հայկական Սփյուռքի համար։ Որովհետև՝ ընդհանուր արժեքային ընտրության վրա հիմնված՝ գլոբալ երկխոսության սկզբնավորման հեռանկարը մեր տարածաշրջանի քաղաքակրթական դիմագծի հստակեցման իր առաջին իսկ փորձերի համատեքստում ոչ միայն չի կարող շրջանցել Հայաստանը, այլև հենց նրան է դիտարկելու որպես հենման կետ։

Պատճառն ակնհայտ է. միայն Վրաստանով հնարավոր չէ արևմտյան դիմագիծ հաղորդել Հարավային Կովկասին, իսկ միայն Ադրբեջանով՝ դարձնել իսլամական աշխարհի մի մասը, բայց միայն Հայաստանով է հնարավոր այն համարկել Արևմուտք-Ռուսաստան ընդհանուր ռազմավարական շահերի և ավելի հեռանկարային՝ քաղաքակրթական ձգտումների համատեքստում։ Ուստի կասկած չունենք, որ ռուս-ամերիկյան գլոբալ երկխոսության սկզբնավորման մասին վկայող առաջին իսկ ազդանշանները լուրջ անհանգստություն և խոր տագնապ են առաջացնելու (եթե արդեն չեն առաջացրել) մեր հարևանների շրջանում։ Վրաստանի համար դա նշանակում է Արևմուտքի հետ երկարատև տնտեսաքաղաքական դիմակայության արդյունքում Ռուսաստանի փլուզման մասին իր երազանքի խորտակում, իսկ Ադրբեջանի համար՝ Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարներին նոր Լենինի ու նոր Աթաթուրքի դերերը վերապահելու խաբկանքի լուսարձակում։

Այդ պատճառով առաջիկա ամիսների ընթացքում՝ մինչև 2018 թվականի մարտին Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրությունները և դրանց արդյունքներով պայմանավորված՝ նրա քաղաքակրթական ընտրության վերջնական հստակեցումը, մեր հարևաններն ու նրանց արտասահմանյան հովանավորները փորձելու են «ձուկ որսալ» արդեն իսկ եռացող՝ «Հարավային Կովկաս» կոչվող կաթսայում։ Ու քանի որ Հայաստանն ինքը որպես պետություն դեռևս տարուբերվում է օլիգարխիկ համակարգի ապամոնտաժման և ազգ-բանակ գաղափարի վրա հիմնված՝ պետականության նոր բնորդի ձևավորման ցանկության ու հնարավորության սահմանագծին, 2017-ի երկրորդ կեսին և 2018-ի սկզբներին մեր ֆիզիկական գոյությունը պաշտպանելու միջոցով ազգային ինքնությունը վերագտնելու առաջադրանքի լուծումը նորից հայտնվելու է 19-20 տարեկան հայ զինվորի վտիտ ուսերին…

Հազարամյակների մեր քաղաքակրթության, նրա անցյալի ու ներկայի բազում գանձերի, մեր հույսերի ու երազանքների իրականացման և անգամ մեր լինելիության գրավականը դեռևս ռազմաքաղաքական դաշտում գտնվող դաժան մրցակցության մեջ հաղթելու խնդիրն է։ Դա տարածաշրջանի քաղաքակրթական դիմագծի հստակեցման նախնական հանգրվանին բնորոշ՝ մակընթացությունների ու տեղատվությունների հակամետ ալիքներին դիմակայելու և հուսատու նավահանգիստ դուրս գալու միակ ուղին է։ Տարածաշրջանի քաղաքակրթական դիմագծի հստակեցման անխուսափելիությունն այն թույլ ու տարտամ լույսի շողն է, որը մեզ այսօր ավետում է Հայաստանի նոր վերելքի իրական հնարավորության առկայության մասին՝ ամրապնդելով մոտալուտ փորձություններին դիմակայելու մեր հավաքական կամքը։
Խմբ.

WE AND OUR NEIGHBORS

Key words — South Caucasus, Armenia, Caucasus, core, membrane, high culture, strategic point, civilizational image.

Editorial

МЫ И НАШИ СОСЕДИ

Ключевые слова — Южный Кавказ, Армения, Кавказ, ядро, мембрана, высокая культура, стратегическая точка, цивилизационный облик.
Редакторская статья

Բովանդակություն (Թիվ 2017-1)

Հինգշաբթի, Մայիսի 11th, 2017

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
1917 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Սերգեյ Ն. Սարինյան
ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ռուբեն Լ. Մանասերյան
ԱՐՏԱՇԵՍ I-Ը ԵՎ ՀՌՈՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ ԱՍԻԱՅՈՒՄ (Մ. Թ. Ա. 189-179 ԹԹ.)

Սմբատ Խ. Հովհաննիսյան
ՀԱՅ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԻԲՐԵՎ «ԱՇԽԱՐՀ-ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»
Եվ արդյունաբերական դարաշրջանի մարտահրավերները

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Թոմաս Ս. Էլիոթ
ՊՈՅԻՑ ՎԱԼԵՐԻ
Թարգմանությունը և առաջաբանը՝
Գևորգ Ա. Ճաղարյանի

Արա Հ. Երնջակյան
ՇԵՔՍՊԻՐԻ ՀՈՐԱՑԻՈՅԻ ԵՎ ՀՌՈՄԵԱՑԻ ՊՈԵՏ ՀՈՐԱՑԻՈՒՍԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ռուզաննա Ռ. Ոսկանյան
ՊԱՏԻ ՍԻՄՎՈԼԻ ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ժ.-Պ. Սարտրի, Կ. Աբեի, Լ. Խեչոյանի և
Գ. Խանջյանի ստեղծագործություններում

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Վարդան Զ. Պետրոսյան
ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԵԱՅ ԵՎ ԵԱՒ ԵՌԱԲԱՐԲԱՌԱԿԵՐՊԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
Տարաժամանակյա քննության փորձ

Յուրի Ս. Ավետիսյան
ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՎԱԾ ԵՎ ԱՆՀՆՉՅՈՒՆԱՓՈԽ ԲԱՂԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՒՄ

ՄՇԱԿՈՒՅԹ
Սլավի-Ավիկ Մ. Հարությունյան (Մոսկվա)
ԺԱՆՐ
Տարընթեցումն ու սահմանման բարդությունը

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Արտավազդ Գ. Դարբինյան
«ՓԻՐՄԱԼԱՔԻ ԳՈՐԾԸ» (1941-1942 ԹԹ.)
Մի դրվագ ստալինյան բռնաճնշումներից

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Վարդան Ա. Գալստյան
ԹՅՈՒՐՔԱԽՈՍՆԵՐԻ ԷԹՆԻԿ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՂ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ
19-րդ դարավերջի Արևելյան Այսրկովկասի թյուրքալեզու և ռուսալեզու մամուլում

ԼՐԱՏՈՒ
Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅԵԼԻՆ
«Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» արխիվային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհանդեսը

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. Հ. — Գևորգ Ս. Ստեփանյան, Համազասպ Սրվանձտյանց

ԱՐԽԻՎ
Երուանդ Գ. Փամպուքեան (Պէյրութ)
ԱՎ. ԻՍԱՀԱԿԵԱՆԻ «ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՏԱՍՆԱՄԵԱԿԻՆ» ՊՈԷՄԻՆ ՇՈՒՐՋ

Արարատ Մ. Հակոբյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
Մաս երկրորդ։ Ստալինյան բռնաճնշումներից մինչև արդարացում (փաստաթղթեր)

ՀԱՎԵԼՎԱԾ
ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ
ՄՈՏԵՑՈՒՄ

Սիրանուշ Ա. Բեգլարյան
ՍԻՐԱՐՓԻ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴԸ

CONTENT
СОДЕРЖАНИЕ

1917 թվականի ուրվականը*

Հինգշաբթի, Մայիսի 11th, 2017

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Եղիցին աշխարհք քրիստոնէից, որպես զդրախտն և բնաջինջ լինի ազգն նետողաց յերեսաց յերկրէ յարիական ազգէն հռոմայեցոց։ Խաղաղանա երկիր ի բարի գնացս, կանգնին հաւատացեալք և վկայարանք սրբոցն, անկցի աշխարհ անօրինաց ընդ լծով ծառայութեան հայոց» ։
Հատված Սուրբ Ներսեսի տեսիլքից

1917 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ*

Բանալի բառեր — ուրվական, տեսիլք, ջրբաժան, բյուզանդական քաղաքականություն, Ներսես Մեծ, հայկական մեսիանիզմ, խաչապաշտ թագավորներ, նոր խաչակիրներ, Ռուսաստան, հեղափոխություն, Արցախյան հիմնահարց։

Երբ 2017 թվականին Եվրոպայում արձանագրվում է ավանդական-քրիստոնեական արժեքների վերածնունդն ու աջ ուժերի հաղթարշավը, Ռուսաստանում պատրաստվում են նշել նույն արժեքներից 1917 թվականին կատարված արմատական շրջադարձի՝ Հոկտեմբերյան հեղաշրջման 100-ամյակը։

Պատրաստվում են, սակայն այդ պատմական իրադարձությունից մեկ դար անց էլ շարունակում են վիճել Ռուսաստանի ու նախկին ԽՍՀՄ-ի ժողովուրդների ճակատագրում «1917 թվականի» ունեցած քաղաքական դերակատարության շուրջ։ Իսկ դրան զուգահեռ ընթացող գիտական քննարկումներում ներգրավված Ռուսաստանի առաջատար պատմաբանները մինչ օրս չեն հստակեցրել անգամ, թե ինչպես պետք է բնորոշել 1917-ի հոկտեմբերը՝ հեղափոխությու՞ն, հեղաշրջու՞մ, իսկ միգուցե աղե՞տ։ Ավելին, Ռուսաստանի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի կարգադրությամբ ստեղծված կազմկոմիտեում այնպիսի բուռն բանավեճեր են ծավալվել, որ թվում է, թե այդ երկիրը հայտնվել է նոր 1917 թվականի նախօրեին։

Քանի որ Ռուսաստանը՝ իբրև ցարական ու խորհրդային կայսրություն, 20-րդ դարի ընթացքում երկու անգամ (1917 և 1991 թթ.) հասցրել էր փլուզվել, 2005-ից սկսած՝ այս իրադարձությունը Ռուսաստանում նշվում էր որպես «ժողովրդական միասնության օր»՝ նոյեմբերի 7-ից (հոկտեմբերի 25) առաջաձգելով նոյեմբերի 4-ը։ Բայց քիչ անց՝ 2013 թ., Ուկրաինայում ճիշտ նոյեմբեր ամսին սկսված «գունավոր հեղափոխությունը» է՜լ ավելի մեծացրեց սեփական պատմության հանդեպ վախը։

Պատճառն ակնհայտ է. 1991 թվականին տեղի ունեցած ԽՍՀՄ փլուզումից ավելի քան քառորդ դար է անցել, սակայն մինչ օրս Ռուսաստանը չի կատարել իր քաղաքակրթական ընտրութունը և դրա հիման վրա չի հստակեցրել հետագա զարգացման ուղին։ Իսկ նրա քաղաքական վերնախավի համար սրտամոտ Մեծ Ռուսաստանի տեսլականը Մեծ ցնցումների գաղափարին հակադրող ստոլիպինյան բանաձևի որդեգրումն ապահովել է սոսկ հզոր տերություն՝ դերժավա մնալու անխախտ համոզմունքի գերակայութունը։ Բայց քանի որ դեռ պարզ չէ այդ տերության «ներքին բովանդակությունը», պատմական իրադարձության՝ 1917 թվականի գնահատման շուրջ Ռուսաստանում ծավալվող դիսկուրսը ձեռք է բերում ներքաղաքական պայքարի տեսք։

Եվրասիականության քաղաքական դոկտրինը նույնպես չի տալիս հարցի պատասխանը, որովհետև Ռուսաստանի հակաարևմտյան դիմադրողականության ամրապնդման համար քրիստոնեական ընդհանուր քաղաքակրթության հետ ունեցած տարբերությունները հակադրում է շատ ավելի հիմնարար ընդհանրություններին։ Ուստի ռուս քաղաքական միտքը տարուբերվում է մի կողմից՝ Եվրասիականության շղարշի տակ մատուցվող նեոբոլշևիկյան պարզունակ կարգախոսների, իսկ մյուս կողմից՝ Նիկոլայ 2-րդ «ցար-մարտիրոսի» մասին հիշողությունը արևմտյան արժեքների հետ հաշտեցնելու անօգուտ փորձերի շրջագծում։ Ու քանի որ 1917-ի գնահատման շուրջ ծավալվող բանավեճի առանցքում հայտնված Լենինի հուղարկավորման հարցն անգամ բուռն քննարկումների առիթ է դառնում, առաջ եկող խառնաշփոթը հաղթահարելու համար Ռուսաստանին նոր միացած Ղրիմի ղեկավարությունն առաջարկում է վերականգնել միապետությունը։ Նման իրադրության մեջ երկրի իշխանություններն իրենք էլ չգիտեն՝ ինչպես վարվել գնալով ավելի ու ավելի առարկայական սպառնալիքի վերածվող 1917 թվականի ուրվականի հետ։ Սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը դեռևս չի հաղթահարել իր համար չափից ավելի երկարող 20-րդ դարը։

Ստեղծված պայմաններում բնական է ու օրինաչափ, որ 2017 թվականին սեփական պատմության հանդեպ վախի համախտանիշը համակել է նաև Հոկտեմբերյան հեղաշրջման արդյունքում կորուստներ ունեցած հետխորհրդային երկրներին, որոնցից յուրաքանչյուրը բոլշևիկների հանցագործությունների իր «ազգային թղթածրարն» ունի։ Մեզ՝ հայերիս համար 1917 թվականը խորհրդանշում է Ռուսաստանյան կայսրության փլուզման հետևանքներից մեկը՝ մինչ օրս այդպես էլ չհաղթահարված Լենին-Աթաթուք գործարքը, որը 1915-ի հայրենազրկումի կեղծ-իրավական ամրագրման հոմանիշն է։

Ռուսաստանի հակաարևմտյան դիմաշրջումը 1917 թվականին ծանր հարված է հասցրել մեր ազգային իղձերի ու երազանքների իրականացման գործին։ Բայց անգամ այդ մեծագույն աղետը չի կոտրել մեր ժողովրդի կամքը, և վերջին հարյուրամյակում նա համբերությամբ սպասել է այն օրվան, երբ կփոխվի Հայաստանը շրջապատող քաղաքակրթական միջավայրը ու պատմության գիրկը կանցնի իրեն աքցանի մեջ վերցրած ռուս-թուրքական դաշինքը։ Որովհետև մինչև 1917 թվականը հայոց արևմտյան և ռուսական կողմնորոշումները խորքում հիմնվել են նույն քաղաքակրթական ենթահողի վրա, ուստիև ռազմավարական հեռանկարի առումով չեն հակասել մեկը մյուսին։ Երկու պարագայում էլ մեր նախնիները ոչ թե մեխանիկորեն կողմնորոշվել են դեպի Արևմուտք կամ Ռուսաստան, այլ փորձել են ստանալ, իրենց իսկ խոսքերով՝ խաչապաշտ թագավորների աջակցությունն ու հովանավորությունը։

Ուստի 2017 թվականի սկզբներից Հայաստանը շրջապատող քաղաքակրթական միջավայրի փոփոխության մասին վկայող նոր խաչակրության ակտիվացումն Արևմուտքում նոր մարտահրավեր է դարձել ոչ միայն նոր սելջուկների (Թուրքիա և Ադրբեջան), այլև նոր Բյուզանդիայի (Ռուսաստան) համար, իսկ մեզ՝ հայերիս մոտ որոշակի հույսեր ու սպասումներ է արթնացրել։

Արևմտյան քաղաքակրթական տարածքի «ողողումը» իսլամական երկրներից ժամանող ներգաղթյալներով հանգեցրել է նրան, որ Եվրոպան հայտնվել է սեփական քրիստոնեական ինքնությունը պահպանելու հրամայականի առաջ։ Ուստի եվրոպացիներն ավելի ու ավելի խորությամբ են ընկալում իսլամական ու թուրանական թափանցումների տեսքով հանդես եկող քաղաքակրթական մարտահրավերը։ Անգամ ավանդաբար Ռուսաստանի հակառակորդը համարվող Լեհաստանում են այսօր հնչում ձայներ ժամանակին Եվրոպան թուրքական ներխուժումից փրկած Յան III Սոբեսկի արքայի փառավոր ավանդներին վերադառնալու մասին։ Իսկ վերջինիս հուսարների ու նրանց միացած լեհահայերի աջակցության շնորհիվ 1683-ին թուրքական ներխուժմանը դիմակայած Վիեննան, Բեռլինի հետ միասին սուր բանավեճի մեջ է մտել Թուրքիայի հետ։ Դրան գումարվել են նաև Ռ. Էրդողանի «սուլթանական հանրաքվեի» քարոզարշավը Եվրոպա փոխադրելու փորձերը, որոնք վերջնականապես հունից հանել են եվրոպացիներին։

Նման պայմաններում աննկատ կերպով տեղի է ունենում 1917 թվականի հետևանքը հանդիսացող, բայց այսօր Եվրասիականության դոկտրինի միջոցով հիմնավորվող, ռուս-թուրքական գործակցության դաշտի դանդաղ, բայց հետևողական քայքայումը։ Թուրքիայի ղեկավարությունն իսլամական աշխահի լիդերը դառնալու ծրագրեր է մշակում, իսկ Եվրասիականության համադրույթի կենսագործման փորձերից ավելի ու ավելի հուսախաբվող Ռուսաստանը նորից հայացքն ուղղում է դեպի իր ավանդական ազդեցության գոտիներ։ Ու մի պահ թվում է, թե այս գործընթացները մոտակա ժամանակներում խոստանում են մեր խնդիրները դարձնել քրիստոնյա Արևմուտքի ու Ռուսաստանի միասնական հոգածության առարկան։ Բայց ողջ խնդիրն այն է, որ աստիճանաբար ժողովրդավարություն-ավտորիտարիզմ հակաթեզի տեղը զբաղեցնող քաղաքակրթական ընտրության բանաձևը շուտով կարող է դառնալ գերուժերի մարտավարական գործարքների զոհը։

Քաղաքակրթական խոր ճգնաժամի մեջ տարբերվող Ռուսաստանին անհրաժեշտ է գտնել ռուս-ամերիկյան համագործակցության նոր հարթակ, որի համար Արցախյան հիմնահարցի համատեղ լուծման ծրագիրն ամենահարմար փորձադաշտն է։ Ուստի հենց նրա քողարկված աջակցությամբ Հայաստանում պարտվողականության մրցավազքի վերածված վերջին խորհրդարանական ընտրություններից հետո դիմադրողականության ռեսուրսից մասամբ զրկված մեր երկրի առջև դրվելու է (եթե արդեն չի դրվել) Արցախյան հիմնահարցի կարգավորման մի ծրագիր, որին քողարկված համաձանություն է տալու նաև Թուրքիան։

Պատճառն այն է, որ տեսանելի ապագայում մեր տարածաշրջանի սահմաններին ուրվագծվող հիմնական ռազմավարական մարտահրավերը ոչ թե Ռուսաստանի նեոկայսերական ամբիցիաներն են, այլ քաղաքակրթական նոր սպառնալիքի վերածվող սուննի արմատականությունը։ Առաջիկայում հետխորհրդային տարածքում ամերիկաիսրայելական ռազմավարներն «Իսլամական պետության» փոխարեն իրենց ռազմավարական գրավը կարող են տեղափոխել մեծ թափով սուննիացող Ադրբեջանի միջոցով միասնականացման ձգտող Թուրքիայի, Ղազախստանի և այլոց հեռահար նկրտումների վրա։ Ուստի ներկա հանգրվանում Թուրքիայի ղեկավարությանը ձեռնտու է թուլացող Ռուսաստանի առաջնությունը Արցախյան հակամարտության կարգավորման գործում։

Ավելի քան երկու տասնամյակ Հայաստանն ու Արցախը շրջափակած և Ադրբեջանի հարձակումների ու սեփական իշխանավորների կարճատեսության շնորհիվ նրան արյունաքամ արած Թուրքիան ձգտում է տարածաշրջանային կոնսենսուս ապահովել Արցախյան հիմնախնդրի «փոխզիջումային կարգավորման» շուրջ։ Դրա հետևանքով նա կվերադառնա 2009-ի հայ-թուրքական արձանագրություններին, իսկ Ռուսաստանը կստանա տարածաշրջանի կոմունիկացիաները վերագործարկելու հնարավորություն՝ ստանձնելով հիմնականում, նախկին ԼՂԻՄ-ի սահմաններին բերված ու Հայաստանին միացված Արցախի անվտանգության երաշխավորի դերը։ Սա հնարավորություն կտա հայ հասարակությանը համոզելու, թե իբր լուծվում է Արցախի հարցը, իսկ Ռուսաստանի մոտ էլ այն տպավորությունը կստեղծվի, թե ինքը վերջնականապես հաստատվում է Հարավային Կովկասում որպես հայերի անվտանգության երաշխավոր։ Ադրբեջանն էլ երկարատև «չեմուչումից», իսկ հնարավոր է նաև ևս մեկ պարտությունից հետո կբավարարվի ազատագրված տարածքների վերադարձի հետևանքով կրճատված հայկական հողերը օղակելու գործառույթով։

Սա ներկայումս մեր տարածաշրջանում ուժերի նոր դասավորության ամենաձեռնտու տարբերակն է Թուրքիայի համար, որն արդեն սկսել է Հայաստանի ու Իրանի հետ իր սահմանների ականազերծման գործը։ Որովհետև նրան այսօր անհրաժեշտ է Արցախյան հակամարտության շուտափույթ կարգավորման գործընթացում ապահովել անորոշության մեջ գտնվող Ռուսաստանի գերակայությունը՝ վերջինիս բյուզանդական քաղաքականությունից օգտվելու համար։ Սուննի իսլամականության 5-րդ շարասյուների՝ Ղրիմի ու Կազանի թաթարական, բաշկիրական, հյուսիսկովկասյան և այլ գործոնների համատեղ ջանքերով առաջիկա տասնամյակներում ռուսական բանակը կանգնելու է իսլամացման փաստի առջև։ Ժողովրդագրական խոցելիությունը նրան դարձնելու է 1071-ին Մանազկերտի ճակատամարտում պարտված բյուզանդական զորքի կրկնօրինակը։ Ուստի ներկա պաշտպանական բնագծերից նահանջելու պարագայում հայկական ուժերին 1-2 տասնամյակ հետո հարկ է լինելու անցնել օղակաձև պաշտպանության՝ «արտաքին թուրքերի» և «ներքին թուրքերով» համալրված «նոր Բյուզանդիայի»՝ Հայաստանում տեղակայված զորքերի արանքում։ Իսկ եթե դրան գումարենք նաև Ռուսաստանում մինչ այդ ուրվագծվող քաղաքական ցնցումների և անգամ հեղափոխության հեռանկարը, ապա պարզ կդառնա, թե ի՜նչ կործանարար հետևանքներ են մեզ խոստանում Արցախի հարցը հայ-թուրքական արձանագրությունների «ռեանիմացիայի» խնդրի հետ միասին «մեկ փաթեթով» կարգավորվելու ծրագրերը։

Որովհետև ինչպես նշեցինք, մինչ Թուրքիայի կողմից Արցախի հարցում քարտ-բլանշ է տրվում Ռուսաստանին, ամերիկյան քաղաքականության վրա հզոր ազդեցություն ունեցող իսրայելական ռազմավարներն իրենց հերթին Ադրբեջանը փորձում են դարձնել թյուրքական միջուկ ունեցող ապագա սուննի-իսլամական կայսրության առաջնագիծը։ Հենց դրա համար է ներկայումս Ադրբեջանում սկսվել շիաների զանգվածային սուննիացումը, իսկ Թուրքիային զուգահեռ նույն ռազմավարական խնդիրը լուծող Ղազախստանի նախագահն այցելել է Բաքու՝ նրա կրտսեր գործընկերոջ հետ «անհրաժեշտ աշխատանքներ» տանելու համար։

Ռազմավարական առումով այս սպառնալիքները կարող են չեզոքացվել միայն այն դեպքում,

եթե 2017 թվականի սկզբից Եվրոպայում արձանագրվող ավանդական-քրիստոնեական արժեքների վերածննդի բարեհույս քամիներն իրենց լուրջ ազդեցությունը գործեն դեռևս զարգացման երկու հավանական ուղիների ճամփաբաժանին կանգնած Ռուսաստանի վրա,

եթե ներկայումս Եվրասիականության տեսքով հանդես եկող «Լենինի մոնղոլական դիմագծեր» -ից ակնածելով՝ դեպի հետ, դեպի նոր 1917 թվական սահելու փոխարեն Ռուսաստանը վերադառնա արևելքի քրիստոնյաների պաշտպանի իր առաքելության իրականացմանը՝ դառնալով նոր խաչակիրների միասնական ճամբարի առաջնագիծը,

եվ եթե մինչ այդ մեզ հաջողվի դիմանալ ու մաքառել այն լուսավոր տեսիլքը դիմավորելու համար, որում մեկ հազարամյակը գերազանցող հեռավորությունից գուշակված է արևելքից եկած «նետողաց ազգի» կործանումն ու Հայաստանի վերածնունդը՝ որպես համաքրիստոնեական դրախտավայր։

Չմոռանանք, որ 5-րդ դարի կաթողիկոս Ներսես Մեծին վերագրվող , բայց իրականում Կիլիկյան Հայաստանի քաղաքական սպասումներն արտացոլող տեսիլքի միջոցով հայկական մեսիանիզմը Հայաստանի փրկության ու վերածննդի հեռանկարները կապել է ժամանակին Եվրոպայի ողջ արևմուտքը միավորած Ֆրանկների կայսրության՝ «ազգն հռովմայեցոց, որ անուանին փռանկք» աջակցության հետ։ Իսկ հետագայում այն լրացրած, բայց ո՜չ շրջափոխած ռուսական կողմնորոշման ուղեգիծը ընդհուպ մինչև չարաբաստիկ 1917 թվականը իր հիմքում նույնպես քաղաքակրթական բովանդակություն է ունեցել որպես «Մոսկովյան օգոստոսափառ տնից» սերող մի տիրակալի առաքելություն, որը «պիտի իր ձեռքը վերցնի Հայաստանի թագավորությունը և վերականգնի քրիստոնյաների ազատությունը» ։

Ուրեմն քանի դեռ Արևմուտքը մեր տարածաշրջանում անհրաժեշտ չափով չի ակտիվացել որպես նոր խաչակրություն, իսկ Ռուսաստանը չի կատարել իր քաղաքակրթական ընտրությունը, չի վերադարձել իր իրական արմատներին, չի դարձել քրիստոնեական մեծ քաղաքակրթության մի մասը, ճակատագրական սխալ կարող է լինել Արցախի հարցում որևէ «փոխզիջումային» տարբերակի որդեգրումը: Մենք հավատում ենք, որ պատմության երկաթյա տրամաբանությամբ՝ Ռուսաստանն ի վերջո կվերադառնա իր արմատներին, և ռուս մեծ ժողովրդին կհաջողվի հետ մղել ներկայումս իր երկրին նորից սպառնացող 1917 թվականի ուրվականը։ Բայց դրա համար Ռուսաստանում անխուսափելի կլինեն նաև նոր ցնցումներն ու հեղաբեկումները։ Նման պայմաններում չի բացառվում անգամ 1918-ի նման տարածաշրջանում մեր մենակ մնալու սցենարի կրկնությունը, որին պատրաստ չլինելու պարագայում Արևմտյան Հայաստանի նման այս անգամ էլ Արցախը կարող ենք զոհաբերել Ռուսական հեղափոխության հերթական հանգրվանին։

Իսկ եթե մեզ հաջողվի դիմանալ առաջիկայում մեզ սպասող «խաղաղության գայթակղությանը», ապա Արևմուտքում ամրապնդվող նոր խաչակրության առաջխաղացումից ու Ռուսաստանի քաղաքակրթական ընտրութան հստակեցումից հետո, Արցախի հարցն ընդամենը մի փոքրիկ թղթի կտոր կդառնա հայ ժողովրդի հանդեպ երիտթուրքերի, քեմալականների ու բոլշևիկների կատարած հանցագործությունների մեծ թղթածրարում, որի հայանպաստ վճռահատումը այլևս ոչ մեկի մոտ կասկած անգամ չի հարուցի։ Ուրեմն մեր տարածաշրջանում խաղաղության ու բարիդրացիության հաստատման համար անհրաժեշտ պայմանները դեռևս չեն հասունացել և գերուժերի ներկա «Արցախյան զորաշարժը» ոչ թե ընդհանուր-արժեքային ընտրության դաշտում է, այլ Մերձավոր-Միջին Արևելքում սկիզբ առած՝ մարտավարական առևտրի տիրույթում։

Ու քանի որ Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրապայքարի ժամանակ նրանց հաջողվել է Արցախի հարցն աննկատ կերպով ներբերել երկրի ներքաղաքական օրակարգ՝ չարժանանալով իշխանությունների համիմաստ հակազդեցությանը, ապա առաջիկա ամիսներին մենք պետք է պատրաստ լինենք նաև նրա լուծման պատրանք ստեղծող որոշակի ծրագրի առաջադրմանը՝ մեր փոխարեն «ընդունված» որոշման տեսքով։

Այս անգամ, այն էլ Արցախի հարցում, սխալվելու իրավունք չունենք, որովհետև Հայաստանը շրջապատող քաղաքակրթական միջավայրի փոփոխությանը բնորոշ հիմնական՝ առանցքային միտումը մեր օգտին է։ Պարզապես վերջինիս հասունացման համար դեռևս ժամանակ է հարկավոր, մինչև որ մեր տարածաշրջանում գերտերությունների ունեցած աշխարհաքաղաքական նախապատվությունները կվերադասավորվեն նրանց ընդհանուր արժեքային ընտրության հարթության վրա։

Խմբ.։

THE GHOST OF 1917

Key words — ghost, vision, watershed, Byzantine politics, Nerses I Great, Armenian messianism, Christian kings, new crusaders, Russia, revolution, Artsakh issue.

ПРИЗРАК 1917-ГО ГОДА

Ключевые слова — призрак, видение, водораздел, византийская политика, Нерсес Великий, армянский мессианизм, христианские короли, новые крестоносцы, Россия, революция, Арцахский вопрос.

Loading...

Գրականագիտական մեթոդներ*

Հինգշաբթի, Մայիսի 11th, 2017

Loading...

Արտաշես I-ը եւ Հռոմի քաղաքականությունը Փոքր Ասիայում (մ.թ.ա. 189-179 թթ.)*

Հինգշաբթի, Մայիսի 11th, 2017

Loading...

Հայ առեւտրական կապիտալն իբրեւ «Աշխարհ-տնտեսություն»

Հինգշաբթի, Մայիսի 11th, 2017

Loading...

Պոյից Վալերի*

Հինգշաբթի, Մայիսի 11th, 2017

Loading...

Թոմաս Ս. Էլիոթ

Շեքսպիրի Հորացիոյի եւ հռոմեացի պոետ Հորացիուսի կենսագրական ու բնութագրական համապատասխանությունները

Հինգշաբթի, Մայիսի 11th, 2017

Loading...

Պատի սիմվոլի էքզիստենցիալիստական մեկնությունները

Հինգշաբթի, Մայիսի 11th, 2017

Loading...