Ղարաբաղյան շարժման 25-ամյակի հաշվեկշիռը*

by/հեղինակ[ներ] on 28/03/2013  •  In Խմբագրական

Տարվելով արագ ձեռք բերվող բարիքներով տենդագին հաճույք ստանալով՝ քաղաքա­ցի­ները հասարակական գործերի վարույթը հանձ­նում են պետությանը և շուտով կորցնում են այն բոլոր հատկանիշները, որոնք ստեղծել են նրանց երբեմնի մեծությունը։ Այդ ժամանակ հարևան բարբարոսներն ու կիսաբարբա­րոս­ները, ունենալով շատ փոքր պահանջմունքներ և շատ ինտենսիվ իդեալ, արշավանք են իրա­կա­նացնում չափից ավելի քաղաքակիրթ ժողո­վրդի դեմ, ոչնչացնում են նրան և փլուզված քաղաքակրթության ավերակների վրա ստեղ­ծում են նորը[1]։

 Գուստավ Լե Բոն (Gustave Le Bon)

 

           ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ*

1988 թ. փետրվարին սկսված Ղարաբաղյան շարժումը 1990-ականների սկզբներից փոխակերպվելով Հայաստանի երրորդ Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորման զուգահեռ գործ­ընթացների` իր գաղափարներն ու նպատակները փոխանցեց ազգերի մրցակցության ու համագործակցության համաշխարհային թատերաբեմում հայությանը ներկայացնող պետական կազմավորումներին։

Իսկ Շարժման  նման վերակերպավորմանը հաջորդած Ղարաբաղյան պատերազմը արձանագրեց ոչ միայն հայրենի տարածքների մի մասի ազատագրման, այլև Մեծ եղեռնից հետո հայությանը համակած զոհի բարդույթի հաղթահարման իրողությունները[2]։ Ուստի հետպատերազմյան տարիներին` Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պայմաններում, այս ձեռքբերումները պահպանելու և ամրապնդելու խնդիրն անխուսափելիորեն տեղափոխվեց Ադրբեջանի հետ ռազմա­վա­րական դիմակայության հարթություն։ Սկսվեց հայ-ադրբեջանական հե­ռա­կա մրցակցություն կյանքի բոլոր բնագավառներում` քաղաքակա­նությունից մինչև տնտեսություն, բանակաշինություն, մշակույթ և անգամ պատմության գիտական ուսումնասիրություն։

Նման պայմաններում ժամանակի գործոնի վճռորոշ դերակատարու­թյունը գիտակցելու առաջադրանքը շարունակաբար ստիպել և այսօր էլ ստիպում է մեզ խորությամբ ընկալելու և ինքներս մեզ համար վերաի­մաստավորելու ռազմարվեստի մեծագույն տեսաբան Կարլ ֆոն Կլա­ուզ­ևի­ցի «Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, սա­կայն այլ միջոցներով»[3] եզրահանգումը։  Քանզի անցած տասնամ­յակ­ներում այս  թևավոր ասույթի տրամաբանությունը մեզ համար շրջվել ու վերածվել է «Քաղաքականությունն էլ պատերազմի շարունակությունն է, սակայն այլ միջոցներով» բանաձևի։ Սրանից բխում է, որ Ղարաբաղյան շարժմանն ու պատերազմին հաջորդած տարիներին մեր հավատարմությունը Շարժման իդեալներին ու նահատակ-ազատամարտիկների հիշատակին ուղիղ համեմատական է հայկական երկու պետությունների ներուժ-կարո­ղականության մեծացման և հակադարձ համեմատական` Ադրբե­ջանի համեմատ նրանց հնարավորությունների նվազման միտումին։

Անշուշտ, գնահատման այս ճշգրիտ ու առարկայական չափանիշը վի­ճա­կագրական տվյալների համեմատական քննության դաշտ տեղափոխե­լու համար հարկ է որոշակի սրբագրումներ կատարել մեզանում ու մանավանդ` Ադրբեջանում հաճախ արհեստականորեն ուռճացվող պաշ­տոնական թվերի մեջ։ Սակայն դրանցում միանգամայն հնարավոր մաս­նակի անճշտությունները և անգամ պաշ­տոնական Բաքվին դեռևս խորհրդային շրջանից բնորոշ վի­ճա­կագ­րական աճպարա­րու­թյունները[4] որևէ կերպ չեն կարող քողարկել անցած տարի­ներին արձա­նագրված  այն հիմնական միտումները, որոնց հետ բախվում ենք ամեն քայլափոխի։

Ղարաբաղյան պատերազմի նախօրեին` 1980-1990-ականների սահմա­նա­գծին, Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ ավելի լայն` տարածաշրջանային առումով, հայերն ու ադրբեջանցիները ունեին համեմատելի տնտեսական և ժողովրդագրական ցուցանիշներ, որոնց առկա­յության պայմաններում առաջին պլան էր դուրս եկել մարդկային գործոնը` որակական հատ­կա­նիշների իր ողջ գունապնակով. միտք,  հմտություն, կազմակերպվածու­թյուն և հավատ։ Դա պայմանավորված էր նրանով, որ 1960-1980-ականնե­րին Խորհրդային Հայաստանը տպավորիչ հաջողու­թյուն­ներ էր արձա­նագրել երկրի արդյունաբերականացման և իր փոքր տարածքներում հայության համեմատաբար մեծ զանգ­վածներ կենտրո­նացնելու գործում։

Ավելին` 1980-ականների վերջերին մեր երկրի ունեցած մոտ 3.5 միլիոն ազգաբնակչությամբ և դրան գումարած` յուրաքանչյուրը 400-450 հազարի սահմանագծին տատանվող  ադրբեջանահայությամբ և վիրահայությամբ, տարածաշրջանի ողջ հայությունը մոտավոր հաշվարկներով կազմում էր Ադրբեջանի ոչ հայկական և Հարավային Կովկասի ադրբեջանական բնակչության ընդհանուր թվաքանակի կեսից ավելին. մոտ 4,4 միլիոն` 7,2 միլիոնի դիմաց, ինչը միանգամայն համեմատելի ցուցանիշ էր[5]։

Հաջորդ տասնամյակում, անգամ 1988 թ. երկրաշարժից ու Ղարաբաղյան պատերազմից հետո էլ, Հայաստանը սկզբունքորեն չէր զիջում Ադրբե­ջա­նին նաև իր տնտեսության հիմնական ցուցանիշներով։ Այսպես` պատե­րազ­մից ընդամենը 3 տարի անց` 1997-ին, ըստ «Տասիսի» 2000 թ. հրատա­րակած  Հարավկովկասյան տարածաշրջանի վիճակագրական տարեգրքի` Հայաստանի պետբյուջեի եկամտային մասը եղել է 350,1, իսկ Ադրբե­ջանինը` 599,2 միլիոն դոլար, այսինքն` մոտ 1,5 անգամով ավելի[6]։

Նման պայմաններում սկզբունքային նշանակություն չունեցավ նույն­իսկ ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած զինամթերքի քանակության առու­մով մարտական գործողությունների սկզբում Ադրբեջանի ձեռք բերած մեծ առավելությունը։ Փորձագիտական գնահատականներով` այն դի­տարկ­վում էր 22 անգամի սահմաններում, քանի որ մինչև 1991 թվականը Ադրբեջանում էին գտնվում ԽՍՀՄ-ի Անդրկովկասյան ռազմական օկրուգի  հիմնական` թիկունքային զինապահեստները, որոնք, բնականաբար,  թա­լանվեցին Ժողճակատի կողմից[7]։ Այս որոշ չափով ուռճացված ցու­ցանիշն  անգամ խոչընդոտ չդարձավ Ղարաբաղյան պատերազմում ձեռք բերված հաղթանակի համար, որովհետև հայկական կողմը նորան­կախ Ռու­սաստանի հանդեպ հաշվենկատ քաղաքականության և այլ միջոցնե­րով գտավ նման առավելությունը չեզոքացնելու հնարավորու­թյուններ։

Ավելին`  Ղարաբաղյան շարժումն ու դրան հաջորդած պատերազմը 1990-ական­ների առաջին կեսին զգալիորեն կրճատեցին մեր հակառակորդ Ադրբեջանի քանակական գերակշռությունը թե՜ տարածքների, թե՜ տնտե­սական ներուժի և թե՜ մարդուժի տեսանկյունից։ Արդյունքում` թեև պա­տե­րազմից հետո էլ Ադրբեջանն ուներ որոշ` զուտ թվաբանական առա­վելություններ, սակայն երկու երկրների[8] կարևորագույն ցուցանիշները ար­դեն ավելի քան համեմատելի, նույնիսկ հավասարազոր մեծու­թյուն­ներ էին։ Եվ իրականում` սա էր Ղարաբաղյան պատերազմի այն ռազմավարական  ձեռքբերումը, ինչը հետպատերազմյան  տասնամյակ­նե­րում թույլ էր տալիս վստահությամբ նայել մեր ապագային։

Սակայն սկսած 2000-ականների կեսերից` «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի կառուցումն ավարտելու և այլ էներգետիկ ծրագրերի գոր­ծարկման միջոցով Ադրբեջանը կարողացավ բեկում մտցնել Հայաստանի հետ հեռակա տնտեսական մրցակցության և դրա հետ կապված` բնակ­չության վերարտադրության ասպարեզներում, իսկ 2000-ական թվական­ների վերջերից  անցավ հիմնական ռազմատեխնիկական ցուցանիշներով ևս վճռական առավելության հասնելու քաղաքականության իրականաց­մանը, այսինքն` ռազմավարական գերակշռության ապահովմանը։

Այսպես` այս մտահոգիչ իրադարձություններից մոտ մեկ տասնամյակ անց` 2008-ին, մեր հակառակորդի 1997-ին ունեցած  1,5 անգամի առա­վե­լությունը տնտեսության հիմնական բնագավառներում արդեն հասել էր մոտ 4-5 անգամի[9]։ Իսկ 2011-ին, Հայաստանի Հանրապետության արձա­նագ­րած 17.941 միլիարդ դոլարի (մեկ շնչին` 5.384 դոլար) խիստ հա­մեստ համախառն ներքին արդյունքի դիմաց  Ադրբեջանն արդեն ուներ 94.318 միլիարդ դոլարի (մեկ շնչին` 10.340 դոլար) տպավորիչ արդյունք[10]։

2000-ականներին Հայաստանից առաջ պոկվելու և ուժերի հարաբերակ­ցությունը փոխելու մտահոգիչ գործընթացներ արձանագրվեցին նաև ժողովրդագրական հաշվեկշռի ասպարեզում։ Այսպես` շուրջ 10 տարի «տարօրինակ կերպով» անընդհատ 3 միլիոնի սահմանագծին տատանվող, իսկ իրականում նվազող Հայաստանի բնակչությունը 2011 թ. հոկտեմբերի 12-21-ի մարդահամարի տվյալներով կազմեց  3. 018. 854, որից հան­րա­պե­տությունում մշտապես բնակվող` 2 . 871. 771։ Ուստի որքան էլ անվիճելիո­րեն ուռճացված լինի մեկ տարի անց` 2012-ի մարդահամարով ստացված Ադրբեջանի  9. 493. 600, բոլոր դեպքերում,  այն մեր երկրում  առկա ռեալ ազգաբնակչությանն արդեն գերազանցում է 3 անգամով[11]։

Մի փոքր այլ դրություն  ստեղծվեց կողմերի հիմնական ռազմա­տեխ­նի­կական ցուցանիշների բնագավառում, որոնց մի մասը թեև գաղտնի էր պահվում, բայց փոփոխությունների ընդհանուր միտումն այստեղ էլ ակնհայտ էր անգամ անզեն աչքով։ Եվ որևէ գաղտնիք չենք բացի, եթե պնդենք, որ վերջին տարիներին ուժերի խարխլվող հարաբերակցությունը «դիմանում է» որակական որոշ ցուցանիշների և կողմերի միջև հա­վասարակշռության պահպանման նպատակ ունեցող Ռուսաստանի ռազ­մատեխնիկական աջակցության շնորհիվ։

Եզրակացությունը պարզ է. սկսած 1990-ականների վերջերից` Հա­յաս­տանը պարտություն է կրել Ադրբեջանից տնտեսական մրցակցության և դրա վրա հիմնվող` հակամարտող կողմերի ուժերի ու հնարավո­րությունների փոփոխության ասպարեզում։ Հարց է առաջանում. ի վերջո, տարածաշրջանի և ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ այդ ե՞րբ է եղել, որ հայը խաղաղ-տնտեսական մրցակցության ասպա­րեզում պարտություն կրի թուրքից, այն էլ` նրա հետամնաց-ադրբեջանցի տե­սակից։ Որովհետև անավարտ պատերազմի  պայմաններում ծավալվող  հեռակա մրցակցության  մեջ պարտվել հակառակորդին` նշանակում է բա­ցել նոր պատերազմի դուռը։ Ավելին` չպետք է մոռանալ, որ երբ հակամարտող կողմերի միջև առկա համեմատելի ցուցանիշներն աս­տի­ճանաբար անհամեմատելի են դառնում, ապա նոր դիմակայության մեջ դրությունը չեն կարող փրկել անգամ զանգվածային խիզախությունն ու ինքնազոհությունը։ Ուստի 1990-ականների վերջերին ու մանավանդ 2000-ականներին որքան ավելի առարկայացավ մեր հակառակորդի ուժերի ու հնարավորությունների աճի միտումը, այնքան Հայաստանի ղեկավարների մոտ ուժեղացավ այդ ամենը ոչ թե սեփական ջանքերով, այլ երրորդ կողմի, տվյալ պարագայում` Ռուսաստանի ռազմատեխնիկա­կան աջակցությամբ փոխհատուցելու ձգտումը։

Ո՞րն էր խաղաղ մրցակցության ասպարեզում մեր պարտության պատ­ճառը` սե­փական հնարավորությունների պակա՞սը, դրանք իրացնելու ցան­կության բացակայությու՞նը, թե՞ մեկ այլ` ավելի կարևոր գործոն։ Տար­բեր փորձա­գետ­ների ուսումնասիրությունները, այդ թվում` «Վէմ» հան­դեսում հրա­պարակված  նախորդ գնահատականները[12] առարկայական փաս­տերով ցույց են տվել, որ անցած տասնամյակներում ո՜չ հնարա­վորու­թյունների պակաս ենք ունեցել և ո՜չ էլ համապատասխան ցանկությունն է բա­ցա­կայել, գոնե հրապարակային քաղաքականության մակարդակում։ Ավելին` 1998-ի իշխանափոխության շրջանում տնտեսական մրցակցության մեջ հակառակորդին հաղթելու խնդիրը ձևակերպվել է անգամ որպես ռազ­մավարական առաջադրանք, որն այդպես էլ մնացել է ցանկությունների ոլորտում։ Ուստի երբ անցած տասնամյակներին ոմանք անզոր կերպով մեզ մատնացույց էին անում Ադրբեջանի նավթը կամ գազը, որոնք հա­մաշխարհային ասպարեզում վաղուց արդեն դադարել են լինել պե­տու­թյունների մրցունակությունը պայմանավորող վճռորոշ գործոններ, հայ հանրության մտածող մասի համար ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, որ մենք չունենք սեփական հնարավորությունների իրացման ցանկությունը  ռազմավարական քայլերի վերածելու վճռանակությամբ լցված ազգային-պետական ընտրախավ։ Ղարաբաղյան շարժման բովով անցած և նրա հաղթանակները սեփական դրոշը դարձրած Հայաստանի երրորդ Հան­րապետության նոր, բայց իրականում հին պետական վերնախավն ան­ցած տարիներին մեր հանրությանն ապացուցել է, որ ինքը ոչ միայն չի վերածվել ազգային-պետական ընտրախավի, այլև հետևողականորեն խոչընդոտել է դրա ձևավորման գործին։

Ժամանակը ցույց տվեց, որ Ղարաբաղյան շարժման գաղափարական ու բարոյական արժեքների իրական կրողներին ասպարեզից դուրս մղած, իսկ 1990-ականների կեսերից երկիրը ժողովրդավարության ու տնտե­սա­կան առաջադիմության հունից դեպի կլանային համակարգն ու մենաշնոր­հային տնտեսության բնորդն առաջնորդած անկախ Հայաստանի պետա­կան վերնախավը, խորհրդային համակարգից մնացած երկու նույնաբո­վան­դակ «աղբյուրների» միախառնման և ապա տարանջատման գործ­ըն­թացի ծնունդն էր. առաջինը` 1960-ականներին Հայաստանում ծավալված  ազգային-պահանջատիրական շարժման մեկուսացման[13] և կեղծ- ժո­ղո­վրդավարական այլախոհություն «աճեցնելու» շուրջ 20-ամյա գործ­ընթացի 1980-ականների «արտադրանքն» էր։ Երկրորդը` Խորհրդային Ադրբեջանի կուսակցական-պետական վերնախավից 1980-ական­ների վերջերին տարանջատված` նրա ղարաբաղյան հատվածի «երի­տա­սար­դական թևը»։ Ուստի բնական է, որ այդ վերնախավը սկզբում զգուշավոր կերպով, իսկ 1990-ականների վերջերից բացահայտորեն Հայաստանում սկսեց ներդրնել ԽՍՀՄ-ի կենտրոնացված տնտեսության «տխուր ժառան­գու­թյունը»` այն մենաշնորհային  համակարգը, որը շնորհիվ ահռելի բնական պաշարների, 1990-ականների վերջերից ժամանակավոր ծաղկում էր ապրում Ռու­սաս­տանում։ Ընդ որում, եթե Ռուսաստանում ու նաև Ադրբեջանում գոյություն ունեին նման համակարգի ձևավորման համար անհրաժեշտ բնական պաշարներ, ապա Հայաստանում դրանք բա­ցա­կայում էին։ Անցած 20 տարիներին մեր երկրին վերևից` պետության ղեկավարության կողմից, պարտադրվում էր «զարգացման» մի այնպիսի բնորդ, որի նպատակը ոչ թե անկախ կեցության հիմքերի  ամրապնդումն էր, այլ հետխորհրդային տարածքը «ընդհանուր արժեհամակարգի» շրջա­նակներում պահելու ցանկությունը։ Բնական է, որ նման քաղաքականության կիրառումը  նախատեսում էր Հայաստանի ինքնուրույն զարգացման միակ իրական պաշարի` 1970-1980-ականներին մեր երկրում ստեղծված և լուրջ հույսեր ներշնչող տեխնոլոգիական հնարավորությունների քայքայումը և մտավոր ներուժի զգալի մասի դուրսմղումը։ Ուստի նրանց զարգացման համար անհրաժեշտ դրամական միջոցներն ուղղվեցին 1990-ական­ների վերջերից մեզանում ծաղկում ապրած դղյակաշինության և զվարճանքի վայրերի ստեղծման բնագավառը, այսինքն` պարզապես «հողին հանձնվեցին»։

Մինչդեռ զարգացման որակական պաշարների հաշվարկված օգտա­գործ­ման շնորհիվ 1980-ականներին տեխնոլոգիական հնարավորու­թյուն­ների և մտավոր ներուժի առումով Խորհրդային Հայաստանի հետ նույն մակարդակի վրա գտնվող Մերձբալթիկայի հանրապետությունները իրենց անկախության ընթացքում թռիչքաձև զարգացում ապահովեցին, որի արդյունքում` այսօր մոտավորապես նույն` 3-3.2 մլն բնակչությունն ունեցող Լիտվայի և Լատվիայի բյուջեները բազմակի անգամ գերազանցում են Հայաստանի համապատասխան տվյալները[14]։

Անլուրջ է այս ամենի մեջ Ղարաբաղյան շարժմանը «մեղադրելը», որով­հետև նրանից ծնված ազգային եռանդը միայն ու միայն առաջընթա­ցին նպաստող գործոն էր։ Հաշվարկները ցույց են տալիս, որ որակական պաշարների` տեխնոլոգիական ու մտավոր հնարավորությունների գոր­ծարկման համար էական չէր նաև Հայաստանի մասնակի շրջափակման փաստը։ Միակ էական գործոնը անկախացած Հայաստանի նոր, բայց իրականում հին պետական վերնախավի անհամապատասխանությունն էր արդիական պետության ձևավորման հիմնախնդրին։ Ժամանակը ցույց տվեց նաև, որ նրա երկու թևերը իրենց «պարտվողական» ու «հաղ­թողական» կեցվածքների դիմակայության նմանակումներով ծառայում էին Ղարաբաղյան հիմնահարցի շահարկման միջոցով Հայաստանը աշ­խարհաքաղաքական պատանդի վերածելու խնդրի լուծմանը։ Նույն շին­ծու օրակարգի ծնունդն էր նաև  ազգը «հայաստանցիների» ու «ղա­րա­բաղ­ցիների» բաժանելու գործընթացը, ինչը թույլ տվեց է՛լ ավելի կա­ռավարելի դարձնել «պարտվողականների» և «հաղթողականների» դի­մակայությունը, որի վերջին`  2008-ի մարտիմեկյան արարից հետո երկիրն ընկղմվեց  լճացման ու կատարյալ պարապուրդի  գիրկը։

Իսկ 2008-ից հետո «վայելքների շրջանը» թևակոխած Հայաստանի նոր-հին վերնախավը անցած 5 տարիներին փաստորեն փող աշխատելուց բացի որևէ այլ նպատակ չուներ, ուստիև  փողապետության  վերածված երկիրը ներքաշեց հայ-թուրքական արձանագրությունների և այլ ձա­խողված գոր­ծարք­ների մեջ։ Ավելին, տնտեսական ճգնաժամի ու լճացման պայ­մաններում, այս շրջանում երկրի արտաքին պարտքի գրեթե եռա­պատկ­ման «համաշխարհային ռեկորդը» սահմանած Հայաստանից շա­րունակ­վող արտագաղթը վերածվեց զանգվածային փախուստի։ Եվ համ­ընդհա­նուր հուսալքության մթնոլորտում աննկատ կերպով մոտեցած Ղա­րա­բաղյան շարժ­ման 25-ամյակը, եզրափակելով մեր նորագույն պատ­մու­թյան 25-ամյա շրջա­փուլը, ակնհայտ դարձրեց Հայոց պետականության  հիմքերի քայքայման գործընթացը։

Ախտորոշումը պարզ է. Ղարաբաղյան շարժման և պատերազմի ար­դյունքում Հայաստանը մի կողմից`  դե-յուրե անկախացել է, իսկ  դե-ֆակտո նաև հայրենի տարածքներ է ազատագրել, բայց մյուս կողմից` Շարժման ընթացքում Հայաստանին ու Ղարաբաղին պարտադրված նոր-հին վերնախավի միջոցով աստիճանաբար սկսել է զրկվել սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից։

Իսկ ախտաճանաչումն ավելի բարդ է. մեզանում անկախության տա­րիներին ակնհայտ է դարձել երկրի զարգացման ներքին ազդակներն արթ­նացնող կենսական եռանդի թուլացման միտումը, ինչը հնարա­վո­րություն է տվել Հայաստանի պետական վերնախավին իրական խնդիր­ների լուծումը փոխարինելու ազգային արժեքների ու խորհրդա­նշան­նե­րի շուրջ թատե­րա­­կ­անացված նմանակումներով (իմիտացիաներով)։ Դեռևս 20-րդ դարի սկզբ­ներին  ամերիկացի նշանավոր գրող Էլջին Գրոս­ք­լոուսն էր նկատել, որ Հայաստանում «…խորհրդանշանները կազմում էին կյանքի էությունը»[15]։ Խորհրդանշաններն, իսկապես, սրբազան տա­րածք են մեզ նման հին ժողովուրդների համար, որովհետև իբրև հավա­քա­կա­նություն հաճախ գոյատևել ենք դրանք տաբուների վերածելու, այլ ո՜չ թե մեր հետագա զարգացման ազդակները դարձնելու միջո­ցով։ Անկա­խությունն ակնհայտ է դարձրել, որ մեզանում չի ձևավորվում ազգային արժեքների ու խորհրդանշանների էության կրեատիվ ընկալումը, ինչը  պե­տու­թյան համակեցական տեսլականը  հստակեցնելու վճռորոշ պայ­մանն է։  Մնալով հիշողության դաշտում` չենք կարողանում «ռացիոնա­լաց­­նել» արժեքներն ու խոր­հրդանշանները` որպես հին հնարավորու­թյուն­ները «բացելու» նոր պա­տու­հաններ։ Ուստի օգտվելով դրանից, Հա­յաստանը ղեկավարող նոր-հին վերնախավը մեր հավաքական նպա­տակ­ները շարունակաբար վերա­ծում է վեհ, բայց խիստ անորոշ կար­գախոսների և դրանք ծառայեցնում իր նպատակներին։

Այս համատեքստում վերջինիս հաջողվել է ստեղծել նաև Ղարաբաղյան շարժման իդեալներին  հավատարմության իր կեղծ հղացքը, որը հիմնված է ոչ միայն ժողովրդի հաղթանակի յուրացման, այլև ժողովրդին հաղթելու նպատակադրումի վրա։ Համաձայն այդ հղացքի` ազգային հպարտության խորհրդանշան Ղարաբաղը մի յուրահատուկ ինդուլ­գեն­ցիա է, որն ամեն անգամ ապահովում է Հայաստանի պետական վերնա­խավի մեղքերի թողությունը։ Մինչդեռ, իրականությունն այն է, որ նման սրբազնացված խորհրդանշանն ի չարս օգտագործելու միջոցով երկրի զարգացման ու հզորացման ընթացքի կասեցումը «հեռակա մահավճիռ» է հենց իր` կենդանի ու շնչող Ղարաբաղի համար։ Երբ հակառակորդն ուժեր է կուտակում,  հասարակությանը մո­լո­րեցնելու այդօրինակ գործելակերպը նրան շեղում է այն իրողության գի­տակցումից, որ 1994-ի մայիսից սկսած` Շարժման իդեալներին մեր հա­վա­տարմության աստիճանը չափվում է միայն ու միայն ներքաղաքական ու ներազգային օրակարգերի կոն­կ­րետությամբ ու հստակությամբ։

Նման պայմաններում այսօր` Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից 25 տարի անց, արթնացել է երկրի գահավիժող ըն­թաց­քից անհանգստացած Հայաստանի քաղաքացիների ինքնապահպանման բնազդը, որոնք «ընտրություններում» ձեռք բերվող «բարիքներով» պար­բերաբար հաճույք ստանալու փոխարեն հանգել են սեփական ճակա­տագրին տեր կանգնելու անհրաժեշտության գիտակցմանը: Այսինքն` ժողովուրդը բնազդաբար սկսել է ըմբռնել իր ռեալ բովան­դա­կու­թյունից` մարդուց դատարկվող ազգային արժեքների ու խորհրդանշանների իռացիոնալ պաշտա­մունքի շահարկումից բխող վտանգները։

Ուստի ստեղծված իրավիճակում մեծագույն կամք ու նաև զգուշու­թյուն է հարկավոր մի կողմից` քաղաքացիական գիտակցության վերելքի և ինքնակազմակերպման ճանապարհով ներքին բարեփոխումների հա­սու­նացած խնդիրը տեղից շարժելու, իսկ մյուս կողմից` արտաքին ճա­կատում «կտրուկ շարժումներից» խուսափելու համար։ Այս բարդագույն առա­ջադրանքն իրականացնելու գործում Հայաստանի ու հայության հիմ­նական դաշնակիցը  ժամանակն է, որն առայժմ բարեհաճ է մեր հանդեպ։

Ամփոփելով Ղարաբաղյան շարժման 25-ամյակի հաշվեկշիռը, պար­տա­վոր ենք կրկին ու կրկին խոստովանել դառն ու ամոթալի ճշմարտու­թյու­նը. պատերազմում ձեռք բերված փայլուն հաղ­թա­նակից հետո` խաղաղ մրցակցության մեջ, հազարամյակների պատմություն ունե­ցող քաղաքակրթությունը պարտվել է երկու-երեք սերունդ առաջ Մուղանի տափաստաններում ու հարակից լեռներում խաշնարածությամբ զբաղվող, իսկ այժմ նավթահորերում «սև ոսկի» արդյունահանող հարևան բարբա­րոսներից ու կիսաբարբարոսներից, որոնց պապերը  մի քանի տասնամյակ առաջ չգիտեին անգամ, թե ի՞նչ է դրամը, ուստիև սեփական հարստությունը չափում էին…ոչխարների գլխաքանակով։ Այդ պատճառով ակնհայտ է դառնում, որ եթե 1990-ականներին նրանց արշավանքը հետ ենք մղել հիմնականում մեր սեփական ներուժ-կարողականության շնորհիվ, ապա այդ թանկագին ձեռքբերումը ներկայումս պահպանվում է հիմնականում արտաքին ուժերի բարենպաստ դասավորության հե­տևանքով։ Իսկ դա նշանակում է, որ մեր առջև առայժմ բաց է ներքնապես մաքրվելու և ամրապնդվելու թերևս վերջին ժամանակային պատուհանը։

Ուրեմն` հավատարմությունը Ղարաբաղյան շարժման իդեալներին հրամայաբար պահանջում է 1988-ի օրինակով նորից սեփական կամքը պարտադրել Հայաստանի պե­տական վերնախավին` նրան դարձնելով ոչ թե արտաքին իրողություն­ների, այլ հայ ժողովրդի պատանդը։ Դա է 1988-ին սկսված Ղարաբաղյան շարժման այն անանց խորհուրդը, որը խիստ արդիական է մեր օրերում:

Հակառակ դեպքում Հայաստանի հա­մար բա­րենպաստ աշխարհաքա­ղաքական իրավիճակի փոփոխությունից հետո, Ղարաբաղյան շարժման ու պատերազմի արդյունքում առաջին ան­գամ  հիմնավորապես ձախողված մեր հարևան  բարբարոսներն ու կիսա­բար­բա­րոսները իրենց հերթական արշավանքը կձեռնարկեն մեր ժողո­վրդի դեմ, կոչնչացնեն կամ դուրս կմղեն նրան և ազգային արժեքների ու խորհրդա­նշանների «պատկե­րա­սրահից» այդպես էլ ռեալ իրականություն չտեղափոխված քաղաքա­կրթու­թյան ավերակների վրա կամրապնդեն իրենց ցեղասպան պետությունը, որի դեմ ուղղված բողոքի ցույցերի մեջ աստիճանաբար կմարի հերթական անգամ սեփական հողից կտրված հայոց կենսական եռանդի մնացած մասը։

 


[1]* Ընդունվել է տպագրության 10.03.2013։

Г. Лебон, Психология народов и масс, http։//lib.ru/POLITOLOG/LEBON/psihologia.txt

[2] Այս մասին ավելի մանրամասն տե՜ս Հարություն Տ. Մարությանի «Ցեղասպանության զոհի բարդույթի հաղթահարումը Ղարաբաղյան շարժման տարիներին» հրապարակումը «Վէմ»-ի ներկա համարում։

[3] Клаузевиц К. О войне.- М.։Госвоениздат, 1934. Часть первая. Глава первая. 24. http։//militera.lib.ru/science/clausewitz/01.html

[4] Ադրբեջանի առանձին բնակավայրերում գրանցվածների ու փաստացի կերպով բնակ­վող­ների ցուցակների և այլ տվյալների մեր համեմատական քննության արդյունքները ան­ցած տարիներին ցույց են տվել, որ հարևան երկրում իրականացվող ժողովրդագրական աճպարարությունները գտնվում են 30-33 տոկոսի սահմաններում։ Խմբ.։

[5] ՀՀ բնակչության թիվը 1989 թ. մարդահամարի տվյալներով կազմել է 3.448.600 մարդ։ Տե՛ս Վիճակագրական տարեգիրք, 2010 թ., էջ 26։ Ադրբեջանի բնակչությունը 7 միլիոն էր, որից պաշտոնական տվյալներով` 390.500 հայ։ Այս թիվն, անշուշտ, ամբողջական չէր, սակայն գոյություն ունեին նաև Վրաստանի (մոտ կես միլիոն) և Հայաստանի (150-160 հազար) ադրբեջանական համայնքները, որոնցից վերջինը տեղափոխվեց Ադրբեջան։ Տե՜ս Wikipedia.org-«Азербайджан» բառ-հոդվածը։

[6] Տե՜ս Статистический ежегодник южно-кавказских стран 2000. Армения, Азербайджан, Грузия. Тасис. с. 395-397.

[7] Հայտնի է, որ պատերազմի սկզբում Ադրբեջանին են անցել այդ երկրի տարածքում պահվող ԽՍՀՄ զինված ուժերի Անդրկովկասյան օկրուգի ռազմամթերքի հիմնական պաշարները, որոնց պահեստներից ռազմավարականը գտնվում էր Կիլյազի (Գիլյազի) (ադրբ.` Giləzi)  ավանում, օկրուգայինները` Աղդամում, Նասոսնիում, դիվիզիոնները` Գյուզդերեում, Գյան­ջա­յում, Լենքորանում և Նախիջևանում։ Դրանցում առկա սպառազինության ընդհանուր քա­նակը գնահատվում էր 11 հազար վագոն` Հայաստանին անցած 500 վագոնի դիմաց։ Տե՜ս  Wikipedia.org, «Карабахская война» բառ-հոդվածը։ .

[8] Տվյալ համեմատության մեջ ԼՂՀ տնտեսական ու ժողովրդագրական ցուցանիշներն այնքան փոքր են, որ դրանք առանձին հաշվարկելու փոխարեն ներառում ենք Հայաստանի ընդհանուր ներուժի մեջ։

[9] Տե՜ս ԱՊՀ երկրների տնտեսական ցուցանիշների վիճակագրությամբ զբաղվող www.cisstat.com-ի համապատասխան տվյալները։

[10] Տե՜ս  Wikipedia.org-«Армения»  և «Азербайджан» բառ-հոդվածները։ Վերջին երկու-երեք տա­րիների ընթացքում Ադրբեջանի նավթարդյունաբերության, ուրեմն և` ողջ տնտեսության աճը սկսել է դանդաղել, սակայն չպետք է մոռանալ, որ դա ահազանգ է ոչ միայն մեր հակառակորդի, այլև մեզ համար, քանի որ արդյունքում սկսում են խարխլվել Ալիևների կլանի իշխանության տնտեսական հիմքերը, և մեծանում է  հարևան երկրի ներսում առաջ եկող  դժգոհությունը ռազմական գործողությունների վերսկսումով խլացնելու գայթակղությունը…

[11] Տե՜ս The World Factbook http.www.cia. gov.

[12] Տե՜ս  Մերուժան Վ. Միքայելյան, Հայաստանն արդիականացման մարտահրավերի առջև.., «Վէմ», 2011, 3 (33), էջ 156-205։

[13] Տե՜ս «Վէմ» ի ներկա համարում տեղ գտած Նիկոլ Վ. Կարապետյանի «Իսկ գործնական օգնությու՞ն… Պատասխան ՀՅԴ պատմության խորհրդային կեղծարարներին» հրապարա­կումը։

[14]  Տե՜ս Wikipedia.org -«Литва» և «Латвия» բառ-հոդվածները։

 [15] Տե՜ս Է. Գրոսքլոուս, Արարատ, անգլերենից թարգմանեց Սվետլանա Թումանյանը, Եր., «Գրական Հայրենիք», 2005, էջ 399։ Այս արժեքավոր փիլիսոփայական վեպի գաղափարական բովանդակության քննությունը տե՜ս «Վէմ»-ի ներկա համարում հրապարակվող` Ալբերտ Ա. Մակարյանի և Սվետլանա Ռ. Թումանյանի «Էլջին Գրոսքլոուսը և իր «Արարատ» վեպը»… ծավալուն ուսումնասիրության մեջ։

 

Loading...

ՎԷՄ, 2013թ. թիվ 1(41)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով