[scribd id=182685834 key=key-uo4v6iiao3tgcv5f77p mode=scroll]
Loading...
[scribd id=182685834 key=key-uo4v6iiao3tgcv5f77p mode=scroll]
Loading...
ԳԱՐԵԳԻՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Երանաշնորհ հայրապետն ու մեծ գիտնականը
2017թ. լրացել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանի ծննդյան 150-ամյակն ու մահվան 65-րդ տարելիցը: Ի նշանավորումն այս հոբելյանների՝ «Վէմ» -ի 2018թ. համարներում լույս է տեսնելու երանաշնորհ հայրապետի հովվական, բարենորոգչական եւ գրական գործունեությանը նվիրված՝ Սարգիս Ռ. Մելքոնյանի հոդվածաշարը: Այն հրատարակվելու է 2018-ին՝ հաշվի առնելով Գարեգին Հովսեփյան կաթողիկոսի մասին բազմաթիվ նորահայտ վավերագրերի մանրամասն քննության անհրաժեշտությունը:
19-րդ դարի վերջն ու 20-րդ դարի առաջին կեսը հատկանշական էր Հայոց եկեղեցու բարենորոգությամբ մտահոգ անհատների գործունեությամբ, որոնց մեջ իր ուրույն տեղը զբաղեցրեց այն ժամանակ դեռեւս վարդապետ Գարեգին Հովսեփյանը՝ որպես «Արարատ» ամսագրի խմբագիր եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ: Նա ձեռնամուխ եղավ եկեղեցու եւ ազգի հանրային մտածողության բարեփոխմանը՝ իր ծրագրերում ընգրկելով սոցիալական գործից մինչեւ ծիսական եւ լեզվականից՝ մինչեւ կանոնաիրավական խնդիրները:
1900-ականների սկզբներին ցարական ճնշումների ժամանակ ղեկավարելով Վիրահայոց թեմը՝ Գարեգին Հովսեփյանը միավորեց Թիֆլիսի հայ մտավորականությանը. Հայոց ցեղասպանության տարիներին դարձավ կարոտյալ ժողովրդի մխիթարիչը, իսկ Հայաստանի առաջին հանրապետության երկունքի պահին Սարդարապատի ճակատամարտում առաջնորդեց մահապարտների գունդն ու արժանիորեն ստացավ «Նոր Ղեւոնդ Երեց» պատվանունը: Առաջնորդական պաշտոններ զբաղեցնելով Սփյուռքի թեմերում եւ, վերջապես , 1943-1952թթ. որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նա Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Զ. Չորեքչյանի հետ հիմք դրեց Հայոց եկեղեցու միասնականության գաղափարին:
Գարեգին Հովսեփյանը Հայրենիքին ու Եկեղեցուն իր ծառայությանը զուգահեռ հեղինակել է բազմահատոր մենագրություններ եւ գիտական հոդվածներ բանագիտության, արվեստաբանության, հնագրության, աստվածաբանության եւ այլ ոլորտներում՝ դառնալով նշյալ գիտակարգերից որոշների հիմնադիրը հայ իրականության մեջ: Հոդվածաշարում վերլուծության են ենթարկվում նաեւ Գարեգին Հովսեփյանի մեծարժեք աշխատությունները՝ ներկայացնելով գիտական այն ակնառու ձեռքբերումները, որ պատկանում են երանաշնորհ հայրապետին:
Խմբ.: