Ժամանակը եւ իր հերոսները*

by/հեղինակ[ներ] on 27/09/2013  •  In Խմբագրական

«Բայց ու՞ր է նա-այդ պանթէօնը, ու՞ր հայկական աստւածատաճարը, մեր սրբերի հանգրւանը, սերունդների ուխտավայրը…

Դա մեր ամբողջ վատաբախտ հայրենիքն է-
ծայրէ ծայր սերմանւած, պարարտացած հերոսների նշխարներով…»[1]։

Միքայէլ Վարանդեան

ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ*

Յուրաքանչյուր սերունդ նախապատրաստում է իրեն բնորոշ հերոսների ծնունդը և գիտակցում ու արժևորում է նրանց գործողությունների այն հանրագումարը, որոնք դիտվում են իբրև հերոսության և հերոսականության դրսևորումներ։

Հակառակ համաշխարհայնացման համահարթեցնող գործառույթի մասին միակողմանի պատկերացումներին՝ մեր օրերում ևս իրական հերոսները չեն տարրալուծվում ու անհետանում։ Ավելին՝ երբ արտաքին ու ներքին մարտահրավերների մեծացմանը զուգընթաց նվազում է դրանց դիմակայելու հավաքական կամքը, ազգերն իրենք են զգում վառ անհատականությունների ու հերոսների կարիքը։

Անշուշտ, սա չի նշանակում, որ լինելով դարաշրջանի հայելին՝ ժամանակի հետ միասին հերոսները չեն փոխում իրենց գործառույթների բնույթն ու ուղղվածությունը, նպատակն ու տարողությունը։ Ավելի քան ակնհայտ է, որ պատմությունը որպես մեծ մարդկանց ու նրանց մեծ գործերի շարան դիտարկող Թոմաս Կարլայլի՝ 19-րդ դարին բնորոշ դասական հերոսապաշտության մտակաղապարները[2] մեխանիկորեն չեն կարող տեղափոխվել մեր օրերի բարոյաքաղաքական ըմբռնումների դաշտ։

Դեռևս ֆաշիզմի ու խորհրդային ամբողջատիրության ժամանակներից այս համոզմունքն իր արտացոլումն է գտել Բերտրան Ռասելի[3], նաև մեր հայրենակից Մանուել Սարգսյանցի աշխատություններում[4], որոնք, ցնցված լինելով ֆաշիզմի բերած արհավիրքներից, զբաղվում էին Թոմաս Կարլայլից «մինչև Նիցշե ու Հիտլեր» ձգվող արտաքին-ձևական զուգահեռների ստեղծմամբ։ Բայց դա, ինչպես ասում են, «պահի արձագանքն» էր, որովհետև այսօր ֆաշիզմն ու խորհրդային ամբողջատիրությունը պատմության գիրկն են անցել, իսկ հերոսների կարիքը մեր օրերում էլ է զգացվում։ Սակայն չպետք է մոռանալ, որ ժամանակի ընթացքում ռազմապատմական դեմքերի պաշտամունքի կողքին մարդկությունը ստեղծել է նաև աստվածատուր հատկանիշներով օժտված հերոս-մարգարեների, հերոս-արվեստագետների, հերոս-օրենսդիրների և այլ օրինակելի կերպարներ։

Մինչդեռ, արքետիպային հերոսների դերակատարության ամբիվալենտության (տարարժեքության) գիտակցումից դեռևս հեռու գտնվող հայ հանրույթի ներսում մինչև վերջերս իշխում էր այն պատկերացումը, համաձայն որի՝ ազգի հերոսը հայրենիքի սահմանների պաշտպանության, դրանց ամբողջացման ու ոտնահարված արդարության վերականգնման համար պայքարող անհատականությունն է, ով պատրաստ է այդ նպատակների համար զոհաբերել մարդու համար ամենաթանկը՝ կյանքը։

Բայց վերջին 20 տարիներին՝ անկախ պետականության պայմաններում, երբ Հայաստանի յուրաքանչյուր նոր իշխանություն ստեղծեց հերոսների իր «պանթեոնը», մեզանում ձևախեղվեց նաև այդ պատկերացումը: Ակնհայտ դարձավ, որ մեր նորագույն «հերոսների» իրական գործառույթը հարստություն կորզելն է՝ Ղարաբաղյան պատերազմի վերհուշի շահարկման միջոցով։ Նման քվազի-հերոսների հաղթարշավը անկախ Հայաստանում հերոսապաշտությունը նպատակից վերածեց միջոցի: Ուստի մարտի դաշտում իրենց փառքով պսակած իրական հերոսները լռեցին, քանի որ անելիք չունեին սեփականության վերաբաշխման համար «պատերազմում»։

Այս պայմաններում հերոսության ու հերոսականության մասին հանրային պատկերացումների հոլովույթը մեզանում ևս սկսեց արագացված տեմպերով հաղթահարել արևմտյան մշակույթի՝ 19-20-րդ դարերում անցած ուղին։ Դրան մեծապես նպաստեցին նաև «արյան մաքրության» և հարևանների հանդեպ գերակայության մասին անգրագետ պատկերացումներով առաջնորդվող կեղծ-նժդեհական «տեսությունները»։ Մեր նորագույն «նիցշեները», հաճախ իրենք էլ դա չգիտակցելով, անցած երկու տասնամյակում արեցին այն, ինչի վրա որոշ երկրներ միլիարդներ են ծախսել՝ սեփական քաղքենուն համոզելու համար, թե իբր հերոսների պաշտամունքը «սովորական ֆաշիզմ» է։

Ղարաբաղյան պատերազմի վերհուշը շահարկողների՝ սեփական հայրենակիցներին շահագործելու փաստը մեր հասարակության ներսում նկատելիորեն ձևախեղել է հայ հերոսի ավանդական կերպարը, իսկ Հայոց բանակում որպես «ազգային գաղափարախոսություն» քարոզվող բիրտ ուժի պաշտամունքի վրա հիմնված կեղծ-նժդեհականությունը նույն ավերներն է գործել երիտասարդ սպաների ու զինվորների հոգիներում։

Բայց մի՞թե մենք հասել ենք ազգային ու սոցիալական խնդիրների լուծման այն հանգրվանին, երբ կարող ենք ապրել ու գոյատևել նման քվազի-հերոսների պաշտպանության ներքո։ Մի՞թե մեր հայրենքն ազատագրված է արդեն՝ այդ երկմիասնական խնդրի լուծման արտաքին ու ներքին կշռույթներով, թե՞ պարզապես մեր «հիշողության հարթակները» խճողվել են այնպիսի կերպարներով, որոնք ընկալելի են միայն մեր դարաշրջանի ձևախեղված պատկերացումների համատեքստում։

Հարցի պատասխանը գտնելու համար հարկ է գիտակցել, որ հերոսականության գաղափարը Երրորդ Հանրապետության օրոք անցել է երկու հաջորդական հանգրվաններ. 1990-ականներին, հիմնականում Ղարաբաղյան պատերազմի բովում, ծավալվել էր հայոց աշխարհընկալման համար ավանդական՝ քաջ Վարդանի ու խոհեմ Վասակի բանավեճը, որն արտացոլում էր տվյալ դարաշրջանում երկրի քաղաքական կյանքի առանցքային դերակատարների՝ ՀՅԴ-ի և ՀՀՇ-ի դիսկուրսը։ Սակայն 2000-ականներին՝ քաղաքական ու գաղափարական իրողությունների մենաշնորհայնացման արդյունքում, այս օրինաչափ բանավեճը ձևախեղվեց ու արժեզրկվեց եկվոր «վիկինգների» ու նրանց «պրագմատիկ» հետևորդների կողմից։ Վերջիններիս թվում էր, թե իրենք կարող են համադրել Վարդանի հերոսականությունը Վասակի խոհեմության հետ, մինչդեռ իրականում նրանք ո՛չ Վարդանի քաջությունն ունեին և ո՛չ էլ Վասակի հեռատեսությունը։ Պարզապես բրեժնևյան «Մալայա զեմլյա»[5] հորինվածքին բնորոշ մտակաղապարներով սեփականաշորհելով պատերազմի հաղթանակները՝ վերջիններս հիմնավորապես ձևախեղեցին վտանգված ժողովուրդների համար տիպական՝ Վարդան-Վասակ բանավեճը՝ այն ծառայեցնելով սոսկ անձնական կարիերայի խնդիրներին։ Հերոսականության գաղափարի նման արժեզրկումը ճանապարհ բացեց այն ճարպիկ-անսկզբունք տեսակի համար, որը հետաքրքրված է ոչ թե որևէ նպատակով ու տեսլականով, այլ վերջիններիս շահարկման միջոցով հասարակությանն իր անձի շուրջը համախմբելու հնարավորությամբ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2000-ականներին Հայաստանում գերիշխող դիրքեր գրաված նման քվազի-հերոսը վաղուց հայտնի է հայկական մշակույթին։ Հերոսական կեցվածքների պատրանքն ու պրագմատիզմի իմաստնությունը անձնական խնդիրների լուծմանը ծառայեցնող այս տեսակը հարազատորեն ժառանգել է հանրահայտ Քաջ Նազարի կերպարի ռացիոնալ ընկալումից բխող քաջնազարության[6] իրական գծերը։ Թումանյանի հանճարեղ գրչի տակ անմահացած այդ կերպարի գիտական քննությունը վկայում է, որ Քաջ Նազարն այնքան էլ վախկոտ ու հիմար չէր, որքան պատկերացնում էին մեր նախորդ սերունդները։ Դա ավանդական հասարակությանը բնորոշ գյուղական ճարպիկ-հաջողակն էր, ով անխուսափելիորեն պետք է «վերակենդանանար» երկրի քաղաքական կյանքի գավառականացման հետ միասին։ Նման միջավայրերում քաջնազարներին բաժին ընկնող հաջողության գաղտնիքն արտացոլում է գոյության կռվի այն օրինաչափությունը, համաձայն որի՝ «Ընտրութիւնը կատարեալների, բարձր տիպերի կողմը չէ, այլ միայն ավելի յարմարւողների կողմը»[7]։

Մեր նորագույն քաջնազարների կենսագրականներն այնքան նման են իրար, որ գրեթե պատճենում են մեկը մյուսին։ Ուստի անձերին «խնայելու» համար պարզապես թվարկենք վերջիններիս անցած ճանապարհի ուղենշային իրադարձությունները. 1980-ականներին նրանք «ներառվել» են խորհրդային-ամբողջատիրական, 1990-ականներին՝ հետխորհրդային-քրեական համակարգերում, 1990-2000-ականների սահմանագլխին ձեռք են գցել ստվերային կապիտալ, իսկ ներկայումս զբաղվում են սեփական կերպարների «եվրավերանորոգմամբ»։ Ստացվում է, որ այսօր մեր «կյանքի տերը» դարձած քվազի-հերոսը իրականում որևէ հերոսություն չի գործել, բայց Քաջ Նազարին բնորոշ հոտառութամբ միշտ «որսացել է» պահը և «հեծնելով» երկրում արձանագրվող դժվարությունների ու ձևախեղումների վրա՝ ապահովել է սեփական կարիերան։ 1980-ականներին, երբ հայ պատանեկության ընտրանին ազգային-գաղափարական ոգորումների մեջ էր, այս տեսակն իրեն «առաջարկում էր» վարկաբեկված խորհրդային համակարգին, 1990-ականներին, երբ հայ երիտասարդության ընտրանին նահատակվում էր Ղարաբաղում, այս տեսակն իր ունեցած խորհրդային լծակներին գումարում էր հետխորհրդային կրիմինալ բիզնեսի հնարավորությունները և վերջապես՝ երբ պատերազմից նոր դուրս եկած Հայաստանը փորձում էր ոտքի կանգնել, վերջինս ծառայամիտ հոտառությամբ արդեն լուրջ դերակատարություն էր ստանձնել երկիրը նոր գաղութատիրության փոսի մեջ գլորելու գործում։

Հարց է առաջանում՝ ու՞ր է այստեղ հերոսությունը, երբ ակնհայտ է ազգային նպատակը կամ տեսլականը սոսկ անձնական կարիերային ծառայեցնելու և հայրենակիցների ու հայրենիքի հանդեպ «փայլուն հաղթանակներ» արձանագրելու ձգտումը։ Չէ՞ որ հերոսությունը հավաքական նպատակին անհատականը ստորադասելու կամավոր բարոյական ընտրությունն է, որը գնահատվում է ոչ թե հերոսի, այլ պատմության կողմից։

Սակայն պատմությունը և նրա գիտական ընկալումը՝ պատմագիտությունը, ռացիոնալ կատեգորիա է այնքանով, որքանով ի վիճակի է հասկանալու ոչ միայն ռացիոնալը, այլև իռացիոնալը և անգամ պարադոքսայինը։ Որովհետև իրենք՝ արքետիպային հերոսներն ի վիճակի են դա անելու միայն այն պարագայում, երբ «…կլինի պատմության ավարտը, երբ վերջում կլինի հարությունը, երբ համաշխարհային պատմության գերեզմանոցից կհառնեն մեռելները և իրենց ողջ էությամբ կըմբռնեն, թե ինչու՞ են իրենք մոխիր դարձել, ինչու՞ են տանջվել կյանքի ընթացքում և ինչու՞ են արժանի հավերժության…»[8]։

Ու քանի դեռ մեր սերունդը չի կանգնել պատմության և Աստծո առջև, մեզանում հերոսի գործառույթները զավթել են անզուսպ կերպով «քեֆ անող» ու աշխարհի վրա ծիծաղող քաջնազարները։ Որովհետև հերոսականությունը պատմության իմաստի հետահայաց ընկալումն է՝ նրա տերերի կողմից։ Պատմությանը տեր կանգնելու հանգրվաններում է, որ կոփվում ու հասունանում են այն անհատականությունները, որոնք իրենց հերոսությամբ փորձում են ներկայում կանխել անցյալի կրկնությունը[9]։ Ուրեմն՝ քանի դեռ մեր կյանքի ասպարեզը չեն գրավել հավաքական նպատակին անհատականը ենթարկելու բարոյակամային որակների կրողները, իրական հերոսների հարության մասին խոսելն ավելորդ է։ Ավելին՝ նրանք իրենց գերեզմաններից այսօր կշտամբում են մեր սերնդին՝ Հայոց պատմությանը տեր կանգնելու քաջություն չունենալու համար: Եվ այդ կշտամբանքը լուրջ հիմքեր ունի, որովհետև մեզ շրջապատող առօրեականության միապաղաղ ընթացքը ժամանակավորապես բթացրել է հասարակության ինքնապաշտպանական բնազդը։

Սակայն հուսահատվելու կարիք չկա, որովհետև վերջին տարիներին Հայաստանին բաժին ընկնող ներքին ու արտաքին ձախողումները՝ մի կողմից, «քեֆ անելով» տարված քաջնազարների՝ երկրի ճակատագրի հանդեպ անտարբերությունը՝ երկրորդ կողմից և արտաքին մարտահրավերների կուտակումը՝ երրորդ կողմից, գալիս են վկայելու, որ մերօրյա քվազի-հերոսների՝ հայրենիքի ու պատմության վրա ծիծաղելու ժամանակը նույնպես մոտենում է իր ավարտին։ Իր ավարտին է մոտենում նաև հասարակությանը համակած անտարբերությունն ու ապատիան: Ուրեմն խնդիրն այն է, որ թույլ չտանք նման ավարտը վերածելու ազգային նոր ձախողման և նոր սուգի։ Քաջնազարները կծիծաղեն աշխարհի վրա այնքան ժամանակ, քանի դեռ 21-րդ դարում անգամ կունենանք ավանդական-պատերնալիստական արժեչափերով առաջնորդվող հասարակություն, որը կամավոր կերպով ասպարեզը հանձնել է իրեն միանգամայն համարժեք «հերոսներին»:

Ուստի իրադարձություններից առաջ ընկնելու փոխարեն հոգու մեջ խեղդելով ամոթի զգացողությունը՝ հարկավոր է գիտակցել, որ մեզանում իրական՝ արքետիպային հերոսի վերածնունդը համապատասխան պայմանների հասունացման կարիք է զգում։ Առարկայական գետնի վրա այս գործընթացն այսօր առաջ է գնում երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերների մեծացմանը զուգընթաց։ Իսկ ենթակայական առումով ներկայումս նախևառաջ զգացվում է անցյալի ձախողումների կրկնությունը բացառելու ահազանգը հնչեցնող և սերունդներին դեպի հերոսացման ուղին մղող հերոս-մարգարեների կարիքը։ Նրանք են ձևակերպում ազգի իրական հերոսների նպատակներն ու խնդիրները և սերունդների առջև վառում հաջողության հնարավորության լույսը, որն ի վիճակի է ճեղքելու ամենաթանձր խավարը։

Հայաստանում ու նրա շուրջը ծավալվող գործընթացները համառորեն հուշում են, որ հայ հանրույթը ընդհուպ մոտեցել է իր զարգացման այն հանգրվանին, երբ նրա հոգեմտավոր դաշտում հաստատված աղջամուղջի ժամանակավոր թանձրացումը ակնհայտ է դարձնում լուսաբացի անխուսափելիությունը։ Նման պայմաններում իրական հերոսների ծնունդն արագացնելու ուղին մարդկային գիտակցությանը բնորոշ՝ ժամանակից առաջ անցնելու աստվածատուր հնարավորության օգտագործումն է։

Հերոսականությունը Հայաստանում խոր արմատներ ունի. նրանով են ներծծված մեր հողը, լեռները, լեզուն ու մշակույթը, ուստի հերոսների նշխարներով պարարտացած նման միջավայրը «մշակող» սերմնացանների աշխատանքն առաջիկայում հարուստ բերք է խոստանում: Իսկ դրա համար նրանց հարկավոր են ազգի բարոյակամային որակները խտացնող այնպիսի տիպական կերպարներ, որոնք մեր ժամանակի քվազի-հերոսների բացարձակ հակադրությունն են կազմում:

«Վէմ»-ի ներկա և հաջորդ համարում ձեռնարկվող արմատական այլընտրանքի լուսարձակման նման մի փորձ է մեր Նոր պատմությանը հայտնի հերոս-մարգարեներից մեկի՝ Սիմոն Զավարյան անհատականության ու զավարյանականության՝ որպես երևութի բացահայտմանը նվիրված ուսումնասիրությունների հրապարակումը։

 


*Ընդունվել է տպագրության 11.09.2013։

[1]Միքայէլ Վարանդեան, Վերածնւող հայրենիքը եւ մեր դերը, Ժընեւ, Հրատ. Հ.Յ. Դաշնակցութեան, 1910, էջ 39։

 

[2]Տե՜ս On Heroes, Hero-Worship, and The Heroic in History.The Project Gutenberg EBook of Heroes and Hero Worship, by Thomas Carlyle. Gutenberg.org/catalog/world/readfile?fk_files=3342021.

[3] Տե՜ս Рассел Б. История западной философии. В 3 кн.: 3-е изд., испр. / Подгот. текста В. В. Целищева. — Новосибирск: Изд-во Новосиб. ун-та, 2001. hhtp։//www.krotov.info/lib_sec/17_r/rass-00.html

[4] Տե՜ս Мануэль Саркисянц Мерида.Томас Карлейль и «божественные фельдфебели-инструкторы по строю» для беднейших англичан. В кн. «Английские корни немецкого фашизма». hhtp։//www.scepsis.net/library/id-2069.html

 

[5] Սա պատերազմի պատմությունը գործող իշխանության ու նրա առաջին դեմքի նպատակներին ծառայեցնելու դասական օրինակներից մեկն է, երբ Լ. Բրեժնևի՝ հետին թվով հերոսանալու զառամախտային ցանկությունը բավարարելու նպատակով սևծովյան ափամերձ մի փոքրիկ հողակտորի համար պայքարի տարեգրությանը ԽՍՀՄ-ում տրվեց գրեթե Ստալինգրադի ճակատամարտի նշանակություն։ Խմբ.։

 

[6] Այս հիմնահարցը քննության է ենթարկվում «Վէմ»-ի ներկա համարում հրապարակվող Սերգեյ Ա. Աղաջանյանի «Մեզ անծանոթ Քաջ Նազարը։ Ըստ Հովհ. Թումանյանի համանուն հեքիաթի» ուսումնասիրության մեջ։

[7] Ֆրանգեան Ե., Ն.Կ. Միխայլովսկին որպէս փիլիսոփա-սօցիօլօգ, Եր. , տպ. «Լոյս», 1911, էջ 173։

 

[8] Տե՜ս Бердяев Н. А. Философия свободы. Смысл творчества.-М. 1989. с. 127.

[9] Օրինակ՝ Սումգայիթով արթնացած ցեղասպանության վերհուշը ծնունդ տվեց անցյալի կրկնությունը բացառող՝ Ղարաբաղյան պատերազմի հերոսներին։

  

[scribd id-doc doc=183324617 key=key-1vqpnzyvko8slz27uidd mode=scroll]

ՎԷՄ, 2013թ. թիվ 3(43)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով