Զավարյանի ոգու բանալիները*

by/հեղինակ[ներ] on 28/12/2013  •  In Խմբագրական

«Զոհաբերի՜ր, զոհաբերի՜ր անվերջ, առանց մնացորդի:
Զոհաբերիր ու տանջուիր բաւականութեան լուսափայլ ժպիտը երեսիդ…
Եւ դու կը մօտենաս Աստծուն, դու կը դառնաս մարդ Աստուած…»
Գարեգին Նժդեհ

ԶԱՎԱՐՅԱՆԻ ՈԳՈՒ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

Ազգի հավաքական կամքի թուլացման և արտագաղթի տրամադրությունների ուժեղացման ներկա բարդ ժամանակնեում Զավարյանի ոգին մեզանում պահանջված ու արդիական է ավելի՜, քան ինքներս ենք դա գիտակցում։
Եթե մտովի պատկերացնենք 100 տարի առաջ կյանքից հեռացած մեծ անհատականության բարոյական թռիչքի բարձրությունը, կարող ենք խորապես ըմբռնել դարերի խորքից եկող այն անանց արժեքները, որոնք նորոգվելով Զավարյանի կողմից՝ դարձել են ազգի կենսունակության խորքային կռվանները։ Դրանք այսօր խիստ անհրաժեշտ են արտաքին և ներքին մարտահրավերների սարդոստայնում ավելի ու ավելի խճճվող Հայաստանին ու հայությանը՝ վերականգնելու համար մեր ինքնությունը հաստատող կենարար եռանդը։

Զավարյանի անմահ ոգին Նոր ժամանակներում առանձին հայ անհատների և քաղաքական ուժերի մոտ արթնացած Հայոց ոգու ամբողջականության այն եզակի դրսևորումներից մեկն է, որը հայրենի եզերքի հանդեպ սահման չճանաչող սիրուց ու նվիրումից ծնված բարոյապես կատարյալ կամքի միջոցով մինչ օրս շարունակում է փոխհատուցելով՝ նվազեցնել հայ հանրույթի թուլություններն ու արատները։

Մեր ազգային հիշողության անբաժան մասը կազմող Զավարյանի գաղափարները, նպատակներն ու դավանած արժեքները այսօր էլ ապրում են ժամանակների ու սերունդների երկխոսության շղթայի անընդհատությունն ապահովող Հայոց ինտելեկտուալ պատմության մեջ։ Իսկ Զավարյանով կերպավորված Հայոց ոգու ամբողջականության մասին մեր կենդանի հիշողությունը ջնջելու անօգուտ փորձերը «բնական պրոցեսը, որում անցյալը մեռնում է՝ փոխարինվելով ներկայով» արհեստականորեն նույնացնում են պատմական պրոցեսի հետ, որում «անցյալը շարունակում է ապրել ներկայում այնքանով, որքանով այն պատմականորեն ճանաչելի է» ։ Եվ ինչպես անհնար է շրջանցել մարմնի անցողիկության ու ոգու հավերժության մասին աստվածաշնչյան ճշմարտությունները, այնպես էլ հնարավոր չէ անտեսել Հայոց ազգային ոգու անհասանելի թռիչքները որպես ազգային բարոյականության վառ դրսևորումներ։

Ուստի՝ ի հեճուկս Հայաստանի ներկա քաղաքական ու տնտեսական մենատիրության զուտ ֆիզիոլոգիական կենսակերպից բխող՝ հայոց ոգղեն անցյալը «մեռած» համարելու ցանկության, գիտնական-պատմագետների մեր սերունդը կանգնել է այն ներկայից սահմանազատելու և հանրային դիտանկյունին հասանելի դարձնելու խնդրի առջև։ Դա կարևոր է մանավանդ մեր երկրի վերջին ձախողումները շտկելու պարտավորության տակ հայտնվող՝ հաջորդ սերունդների համար: Նրանց անհրաժեշտ է Հայկական լեռնաշխարհի նման կտրտված «ռելիեֆ» ունեցող մեր պատմության մեջ արձանագրված ազգային ոգու թռիչքների «բարձրակետերի» խորքային ըմբռնումը։

Այս առումով առանձնահատուկ կարևորություն ունի ՀՅ Դաշնակցության հիմնադիր սերնդի առաքելության ուսումնասիրությունը ինտելեկտուալ պատմության արդի չափանիշներով, որոնք հիմնավորում են գիտականորեն ճանաչվող անցյալի մտքերի ու գաղափարների հավերժ ներկայության փաստը։ Նման չափանիշներով Սիմոն Զավարյանի մասին գիտական խոսք ասելու համարձակություն ունեցող յուրաքանչյուր պատմագետ իր ձեռքի տակ եղած փաստաթղթերի ու նյութերի ուսումնասիրությունից հետո, սեփական կամքից անկախ, հայտնվում է հետևյալ դժվարին մեթոդաբանական երկընտրանքի առջև.

առաջին՝ հնարավո՞ր է «սուզվել» Զավարյան քաղաքական գործչի ու մարդու վերաբերյալ ժամանակակիցների թողած փայլուն գնահատականների «հեղեղի» մեջ և «կուլ չգնալ» նրա կլանող հորձանուտին ու խուսափել նման պայծառ կերպարի իդեալականացման ուղուց,

երկրորդ՝ այդ որտեղի՞ց գտնել գիտական ուսումնասիրության այնպիսի ելակետ, որն առաջնորդվելով Զավարյանի ամբողջական կերպարը վերականգնելու ազնիվ մղումով` կարող է ստեղծել «սպիտակի» կողքին նաև «սևը» փնտրելու տեսական հնարավորություն։

Քանի որ Զավարյանից և նրա ժամանակակիցներից մնացած փաստաթղթերում ու հարուստ գրականության մեջ փաստորեն անհնար է հայտնաբերել նրա կերպարն արատավորող որևէ փաստ և անգամ ամենահամոզված գաղափարական հակառակորդների բերանով արտաբերված որևէ պարսավանք, ապա նման երկընտրանքի մեջ տարուբերվելով՝ պարզապես կարելի է մոլորվել միայն առաջին տարբերակի մասին վկայող փաստերի հորձանուտում։ Ուրեմն՝ ինչպե՞ս հավատարիմ մնալ գիտական ճշմարտությանը, ինչպիսի՞ նոր, «կախարդական» մեթոդ ընտրել, երբ.

ա) օբյեկտիվիստական պատմաճանաչողությունը պահանջում է հավատարմություն սկզբնաղբյուրում առկա տեղեկույթի բովանդակությանը, իսկ նման պայմաններում ուղղակի անհնար է չափավորել և ի վերջո՝ խեղդել ոչ թե սոսկ կուսակցական կամ հայրենակցական, այլ պարզապես մարդկային համակրանքը, որին անգամ սեփական ընդդիմախոսներն են արժանացրել Զավարյան-քաղաքական գործչին ու բյուրեղյա մարդուն,

բ) միգուցե առաջնորդվենք Յոհան Դրոյզենի սուբյեկտիվիստական պատմաճանաչողությանը բնորոշ սկզբնաղբյուրը իրականությունից կտրելու, դրանք մեկը մյուսին հակադրելու մեթոդաբանությամբ՝ պարզելու համար, թե «ի՞նչ հարաբերության մեջ է գտնվում պատմական նյութը, որը մենք պատրաստվում ենք օգտագործել, այն կամային գործողությունների հանդեպ, որոնց մասին նա վկայում է» : Բայց այդ պարագայում չպետք է մոռանալ, որ Զավարյանի մոտ խոսքն ու գործը երբեք չեն հակասել իրար։

Պատճառն ակնհայտ է. ամենազոր իստորիզմի անգամ ամենախիստ գիտական չափորոշիչները, որոնք, թվում է, թույլ են տալիս Զավարյանին գնահատել ի՜ր ժամանակին, ի՜ր դարաշրջանին բնորոշ իրողությունների համատեքստում և միմյանցից սահմանազատելով՝ հստակորեն պատկերացնել ազգի նախորդ ու ներկա կեցությունները միմյանցից բաժանող տարաժամանակյա հարթությունը, նմանօրինակ «հեռավորության ոսպնյակից» ոչ թե փոքրացնում, այլ ընդհակառակը՝ մեծացնում են նրա կերպարը։ Մեծացնում են այն պարզ պատճառով, որ «հեռավորության ոսպնյակի» միջոցով դիտարկումներ անող պատմագետը որքան էլ լռեցնի իր անձնական «Եսը», նրա հանրային «Եսը» կամ «պայմանական ընթերցողը» իրականացնելու է այսօր պետականորեն կազմակերպված ազգի ճակատագիրը տնօրինող քաղաքական թզուկների համեմատությունը Զավարյան-հսկայի հետ՝ առաջինների համար ոչնչացնող հետևություններով։ Ու քանի որ ճանաչողության հավերժական ելակետը ճշմարտության որոնումն է, մերօրյա պատմագետին շրջապատող միջավայրի՝ նրա մտածողության բնույթի ու կառուցվածքի վրա ազդեցության ապացուցված իրողությունից ծնունդ է առնելու ճշմարտության ու անկողմնակալության ակնհայտ տարբերության գիտակցումը և հենց հանուն ճշմարտության՝ Զավարյանի հանդեպ «կողմնակալ» լինելու անհրաժեշտությունը։

Այս առումով որևէ արդյունք չեն տա նաև մեր օրերի մտածողությանը այդքա՛ն բնորոշ՝ բարոյականությունն ու քաղաքականությունը միմյանցից տարանջատելու փորձերը, քանզի Կարլ Յասպերսի կողմից վաղուց արդեն ապացուցված է, որ մարդկային տեսակին բնորոշ բարոյական ըմբռնումների հիմնարար արժեչափերը իրենց ընդհանուր, տիպական գծերի մեջ նույնն են մնացել «առանցքային ժամանակից» մինչև մեր օրերը ։ Ավելին՝ եթե ասվածի համատեքստում մի պահ անտեսենք մեծ գերմանացու այս հիմնագաղափարը, ապա մեզ կարող է թվալ, թե 21-րդ դարում ոմանք վերադարձել են Քրիստոսից առաջ առաջին հազարամյակի սկզբները, իսկ մյուսները 19-րդ դարից տեղափոխվել են մեր օրերը…

Ուրեմն՝ «քաղաքակրթության պատմության մեջ բարոյականությունը ժամանակ չի ճանաչում» յասպերսյան հիմնագաղափարն է Զավարյանի ոգու բանալիները գտնելու մեթոդաբանական ելակետը, ինչից բխում է հետևյալ եզրակացությունը. յուրաքանչյուր ժողովրդի պատմության ընթացքում երբեմն հանդես են եկել այնպիսի վառ անհատականություններ, որոնք իրենց մեջ խտացնելով տվյալ հանրույթի էթնիկ հիշողությունը և էթնիկ գործելակերպի տիպական գծերը, վեր են բարձրացել ժամանակի և տարածության պարզունակ չափույթներից ու հայտնվել են վերժամանակային հարթության վրա՝ դառնալով ազգի սակրալ հիշողության բաղկացուցիչները։

Ինչպես մեր գրականագետ-գործընկերներն են այսօր դժվարանում իր մեջ Հայոց «ազգային ոգու ողջ իմաստաբանությունն ու իմաստասիրությունը» խտացրած Հովհ. Թումանյանի ստեղծագործությունը ռեալիզմի կամ ռոմանտիզմի կաղապարների մեջ ներառելու հարցում և հարկադրված են այն բնորոշել իբրև «արտաժամանակային բանաստեղծական տեսակ» , այնպես էլ մենք՝ պատմագետներս, խորանալով Զավարյանի՝ ժամանակ ու տարածություն չճանաչող գաղափարների ու գործի միասնության մեջ, հարկադրված ենք եզրակացնել, որ Սիմոն Զավարյան անհատականությունը պատկանում է ոչ միայն իր ապրած դարաշրջանին, այլև Հայոց պատմությանը՝ որպես մեկ ամբողջի։ Ասվածի ճշգրիտ հաստատումն է ՀՅԴ-ի հավերժ ընդդիմախոս կուսակցության տեսաբան Արշակ Չոպանյանի հետևյալ միտքը. «Կան տիպարներ, զորս գրականութիւնը կը ստեղծէ, եւ ժողովուրդները՝ հմայուած՝ այդ մտացածին տիպարները կ’իրականացնեն. այդպէս՝ Րաֆֆիի հերոսները. բայց կան ալ մարդիկ, որոնք իրենք իսկ՝ իրենց հոգիին բնիկ զօրութեամբ, իրենց կեանքին ինքնաբուխ գեղեցկութեամբ, տիպարի մը բարձրութեանը կը հասնին ու ներշնչարան կը դառնան գրագէտին. այդպէս՝ մեր հին Վարդանը, կամ մեր երէկուան Աղասին, որոնց մին ներշնչեց Եղիշէն ու միւսն՝ Աբովեանը։ Այս կարգի մարդոցմէն էր Զաւարեան…» ։

Ուրեմն ի՞նչ կարող են անել գիտականության դասական չափորոշիչները, երբ Զավարյան-անհատականությունը ժամանակ ու տարածություն կատեգորիաները մերժող ազգային բարոյականության ոսպնյակի միջով է դիտարկել ոչ միայն իր օրերում, այլև իրենից 1000 և անգամ 1500 տարի առաջ բարձրացված, բայց այսօր էլ օրախնդիր հիմնահարցերը և փորձել է դրանց պատասխանները գտնել ի՜ր ժամանակներում և ի՜ր ձեռքի տակ եղած գործիքակազմի միջոցով։

Այդ պատճառով գիտական անաչառությունն ու պատմագետի խիղճը Զավարյանի պարագայում պահանջում են արձանագրել, որ հայոց էթնիկ հիշողությունը ազնվականի տոհմիկ հիշողությանը գումարած այդ արքետիպային կերպարը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ իրականության մեջ մարմնավորում էր հենց այն որակները, որոնց սուր պահանջարկի համընդհանուր կարոտախտով էր համակվել հայ ազատամարտի բովում սեփական ուժերի տկարությունն արձանագրող հայությունը։ Ամբողջական հայրենիքին վերատիրանալու համար նրան հարկավոր էր նվիրում, ինքնազոհաբերում, ազնվություն, բարություն, քաջություն, ժուժկալություն, տոկունություն, անկաշառություն և վերջապես՝ հավաքական շահի խորը գիտակցում, և միմիայն դրանց վրա հիմնվող ամբողջական հայը կարող էր իրականություն դարձնել այդ առաջադրանքը։ Ուստի դարավոր ստրկության արդյունքում իր նախնական հատկանիշները կորցրած մեծամասնությանը նման որակներ ներարկող գաղափարական փոքրամասնության ամենատիպական ներկայացուցիչներից մեկն էր Սիմոն Զավարյանը։ Եվ պատահական չէ, որ ամբողջական հայի զավարյանական արքետիպի և դարավոր ստրկության արդյունքում այդ հատկանիշները կորցրած մեծամասնության «առերեսումից» ծնվեց Զավարյանի պաշտամունքը, որը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք վերականգնել մեր ոգու ամբողջականությունը։

Ոչ միայն չենք վերականգնել, այլև բարոյական գետնի վրա շոշափելի նահանջ ենք արձանագրել հենց վերջին 100-ամյակի ընթացքում, որովհետև Մեծ եղեռնից հետո պետություն հիմնելով՝ այդ գործընթացի սկիզբը դրած Զավարյանի աշակերտների՝ 70 տարով ընդհատված գործի շարունակությունը այսօր էլ իրականացվում է ժամանակին Զավարյանի կողմից իբրև «երեկուայ ստրուկի զաւակներ» բնորոշված տեսակի կողմից։ Եվ ներկա ընթացիկ խնդիրների պարզունակ հարաշարժի մեջ կողմնորոշվելու անկարողությունը չէ մեր այսօրվա, ողբերգական կացության խորքային պատճառը, այլ արդիականության պայմաններում շարունակվող հայոց ամբողջական ոգու հետագա տկարացումը։ Հենց այստե՜ղ և ոչ թե արտագաղթի, տնտեսական ճգնաժամի, կոռուպցիայի և այլ մակերեսային իրողությունների համատեքստում է թաքնված ներկա ազգային-պետական հոգեվարքի թունավոր արմատը։ Որովհետև եթե խաղաղ պայմաններում սկսում է քայքայվել ֆիզիկական Հայաստանը, ապա ակնհայտ է դառնում հավատի բացակայությամբ տառապող մեր ոգուց նրա մարմնի տարանջատման գործընթացը։ Քանի որ մեր գիտակցությամբ այսօր պակաս ազգասեր չենք, քան հայրենի լեռների քարանձավներում պատսպարված, բայց սեփական հողը չլքած Զավարյանի նախնիների ժամանակներում , ուրեմն նու՞յնն ենք արդյոք մեր ոգով և այն ամրապնդող հավատով։

Ստացվում է, որ բուն խնդիրը տնտեսական, սոցիալական ու քաղաքական պատճառներից և անգամ մեր գիտակցությունից է՜լ ավելի խորքային ոլորտում է՝ բարոյական հիմք ունեցող և հոգեբանական հարթության վրա դրսևորվող բնածին-իռացիոնալ հայրենասիրության՝ զավարյանական հայրենապաշտության տեղատվության մեջ։ Նրա «խորքային շարժիչը»՝ ինքնաբուխ և անկոտրում հավատը, անճանաչելի է ռացիոնալ մտածողության համար, ուստի իզուր ենք այսօր փորձում բանականորեն հասկանալ մի երևույթ, որն ըմբռնելու համար Զավարյանի նման մենք էլ պետք է հավատանք ինչ-որ տեսլականի և նրան հասնելու հնարավորության հիմնավորման միջոցով լավատեսություն ներշնչենք հուսահատության մեջ հայտնված հասարակությանը, որպեսզի նա արթնանա ու ցնցվի իր ներկա հոգեվարքի մեջ՝ նվիրումի, ինքնազոհաբերության, քաջության, ազնվության, բարության, ժուժկալության, տոկունության, անկաշառության և հավաքական շահի գիտակցման իր նախնական որակները վերականգնելու համար։
Ուրեմն՝ Զավարյանի ամբողջական ոգու ճանաչողությունը նպատակ ունի բացահայտելու ներկայումս մեզանում հետևողական նահանջ ապրող ամբողջական հայի՝ Զավարյանով խորհրդանշվող տեսակը և նրա «ոգու դռները» բացող գիտական բանալիները հանձնելու նոր սերնդի ձեռքը։ Իսկ դրանց գործնական կիրառումը ճանաչողական հիմնախնդիր չէ, այլ ճշմարտության գոյությունը սեփական կյանքով ու գործով ապացուցելու գոյաբանական առաջադրանք։ Մենք՝ պատմագետներս, որոշակի գիտելիքների միջոցով պարտավոր ենք օգնել նոր սերնդին՝ ներկա ճգնաժամի իրական պատճառները գիտակցելու, իր ներքին հավատը վերականգնելու և ազգային երազանք ունենալու գործում։ Բայց գիտելիքների ու հավատի միջոցով ամրապնդվող այդ երազանքի համար պայքարը կարող է հիմնվել միայն ու միայն նոր սերնդի կամավոր ընտրության՝ զավարյանական սկզբունքի վրա։

Ուստի՝ անցյալը ներկայի հետ կապող Զավարյան-արքետիպի գիտական ճանաչողությունը ներկան ապագայի հետ կամրջող նրա իդեալները անհատապես վերապրելու և ազգի ապագայի հանդեպ հավատը վերականգնելու առաջադրանք է։ Նման անկոտրում հավատով ամրապնդվող բյուրեղյա երազանքի միջոցով մեր ապագայի դռները բացելու առաջադրանքը Հայոց ազգային ոգու ամբողջականության վերականգնման գործի նոր առաջամարտիկների՝ Զավարյան-իդեալի ֆիզիկական նոր մարմնավորումների առաքելությունն է։
Խմբ.

ՎԷՄ, 2013թ. թիվ 4(44)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով