Նոր մարտահրավերների անատոմիան*

by/հեղինակ[ներ] on 15/04/2014  •  In Խմբագրական

«Որպեսզի հասկանանք՝ ու՞ր ենք գնում, հարկավոր է անցյալում գտնել ներկային համապատասխանող իրավիճակ և տեսնել, թե ի՞նչ է մեզ սպասում ապագայում» ։
Վադիմ Կոժինով

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՆԱՏՈՄԻԱՆ

Ուկրաինայի դեպքերով սկսված՝ խորհրդային ժառանգության համար ներկա անզիջում պայքարն արտաքուստ նմանվում է Հայոց պատմության ընթացքում պարբերաբար արձանագրված՝ կայսրությունների անկման, Հայաստանի վերանկախացման և ապա՝ պետականության կորստյան այն հաջորդական շրջափուլերին կամ ցիկլերին, որոնց դիմակայելու անկարողությունը մեզանում ի հայտ է եկել Սելևկյանների, Հռոմի, Բյուզանդիայի և վերջապես՝ Օսմանյան ու Ռուսաստանյան կայսրությունների անկման դարաշրջաններում։

Պատմաքաղաքական հետահայացի լայն ոսպնյակի մեջ դիտարկելու պարագայում, դժվար չէ արձանագրել, որ, իսկապես, նման շրջափուլերի սկզբնական հանգրվաններում ստեղծել, իսկ ավարտական փուլերում կորցրել ենք մեր հաջորդական պետությունները՝ Արտաշիսյան, Արշակունյաց, Բագրատունյաց հարստությունները և վերջապես՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը, որի անկման ռազմաքաղաքական նախադրյալների հասունացման գործում, ի դեպ, վճռորոշ է եղել հենց նույն՝ ուկրաինա-ռուսական անտագոնիզմի խաղարկումը:

Ասվածի համատեքստում ներկայումս պարտավոր ենք հիշել, որ Ռուսաստանում Քաղաքացիական պատերազմի (1917-1922/23 թթ.) վճռորոշ հանգրվանում՝ 1919 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, բոլշևիկների հանդեպ տպավորիչ հաղթանակներ արձանագրած և Մոսկվայի մատույցներում հայտնված Ռուսաստանի Հարավի (Ա. Դենիկինի) զինված ուժերը ի վերջո պարտվեցին ու կազմալուծվեցին ո՜չ առանց արտաքին «հուշարարության», նրանց թիկունքը ներխուժած Ուկրաինայի անարխիստների ակտիվ միջամտության շնորհիվ ։ Արդյունքում` 1919 թ. նոյեմբերից մինչև 1920 թ. փետրվարն ընկած ժամանակամիջոցում խորտակվեց Ա. Դենիկինի բանակի ռազմական ներուժը, և անկախ Հայաստանը կորցրեց իր ռազմավարական դաշնակցին ՝ քիչ անց հայտնվելով բոլշևիկյան «մուրճի» ու քեմալական «սալի» արանքում։ Ուստի երբ այսօր ոտքի կանգնելու փորձեր անող Ռուսաստանի դեմ նորից գործի է դրվում ուկրաինական անարխիայի «դանդաղ գործողության ռումբը», մենք չենք կարող չանհանգստանալ նույն գործընթացի կրկնության հավանականությունից։

Պատճառն ակնհայտ է. ներկայումս նույնպես Արևմուտքի անգլո-սաքսոնական «միջուկի» համար «ուկրաինական խնդիր», որպես այդպիսին, գոյություն չունի. խնդիրն Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի ներքաշումն է երկարատև և ուժասպառ անող դիմակայության մեջ։ Այդ պատճառով, ինչպես ժամանակին, այնպես էլ այսօր, ուկրաինա-անարխիստական քաոսի վերարթնացումով փորձ է արվում իրականություն դարձնել ազատ ռուսների միջոցով անազատներին կամ վերջիններիս բնորոշմամբ՝ «մոսկալներին» ազատագրելու, այսինքն՝ «երկվորյակների դիմակայություն» խաղարկելու տարբերակը։ Սա է Արևմուտքի իրական ռազմավարական նպատակը, ինչն արդեն «Ուկրաինայի պատմական առաքելություն» է հռչակել այդ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ ամենևին էլ չվախենալով իր հայրենիքի զոհաբերման հեռանկարից։

Այս պատմաքաղաքական արքետիպերի վերախաղարկման արդիական տեխնոլոգիաների հիմքը կազմող խորքային գործընթացների կրկնության հավանականությունը հաշվարկելու համար սկզբում հարկավոր է ճշտել ժամանակի ընկալման մեր դիտանկյունը։ Այսինքն՝ ժամանակային ինչպիսի՞ չափույթով ենք մենք գնահատում ներկայումս Հայաստանի շուրջը տեղի ունեցող փոփոխությունները՝ ավանդական հասարակություններին բնորոշ պատմության շրջափուլային կամ ցիկլային ընթացքի մասին պատկերացումներո՞վ, թե՞ Հիսուսի փրկչական առաքելության եզակիության ու անկրկնելիության աշխարհայացքային մեկնակետի հետագա գիտական ընկալումը բյուրեղացրած գծային պատմության միջոցով ։

Առ այդ՝ պարտավոր ենք արձանագրել, որ պատմության շրջափուլային ընթացքի միֆականացումը՝ «հավերժ վերադարձի առասպելը» , բնորոշ է անցյալի հիշողությունների մեջ ապրող հանրույթներին, իսկ ահա պատմության ռացիոնալ կամ գծային ընկալումը հիմնվելով ճիշտ հակառակ ելակետի՝ լատինական hic et nunc (այստեղ և հիմա) սկզբունքի վրա, թույլ է տալիս եզրակացնել, որ մեր շուրջը տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզումով սկսված՝ համաշխարհային պատմության գծային ընթացքի շրջափուլային տարածում-դիֆուզիան՝ նախկին կայսրության սահմանային երկրամասերում կամ «ուկրաինաներում» ։ Այսինքն՝ ոչ թե պատմական ամբողջն է «պտտվում» որոշակի առանցքի շուրջ, այլ վերջինիս մասերն են համաշխարհային պատմության գծային ընթացքը կերպավորում նրա ավազանը նետվելու հերթականության կոնկրետ շրջափուլերի տեսքով։

Մինչդեռ՝ պատմական ժամանակի ռացիոնալ կամ գծային ընկալումը բացառում է պատմության նախորդ շրջափուլերի մեխանիկական կրկնության հնարավորությունը՝ առաջին պլան մղելով անցյալի ու ներկայի նմանությունների ու տարբերությունների նոր հաշվեկշռի հստակեցման խնդիրը, ինչը հիմնվում է անցյալի յուրաքանչյուր իրադարձության, այսինքն՝ պատմական ակտի ինվարիանտության սկզբունքի վրա։

Ավելին՝ պատմական ամբողջը ներկայումս շարունակում է առաջադիմության իր անկասելի ընթացքը՝ չնայելով այն հանգամանքին, որ որքան Արևմուտքը որպես քաղաքակրթական բևեռ տեղաշարժվում է դեպի Արևելք, այնքան ուժեղանում է նրան ցուցաբերվող հակազդեցությունը։ Նման պայմաններում սահմանային իրավիճակում գտնվող երկրները, որոնք հայտնվել են պատմության խաչմերուկների կամ հանգույցների վրա, թևակոխում են իրենց գործառնական նշանակության փոփոխության հանգրվանը։ Նախկին ԽՍՀՄ-ի արևմտյան և հարավային մասերը հենց նման հետխորհրդային «բեկորների» խառնարան են, որոնց ինտեգրումն Արևմուտքի կողմից հանդիպելով լուրջ հակազդեցության՝ վերածվել է երկկողմանի կլանումների միջոցով պատմական ամբողջի նոր դերակատարների հստակեցման գործընթացի։ Այսպիսով՝ պատմության գծային ընթացքի ազդեցությունը սահմանային հանգույցների կամ խաչմերուկների վրա անխուսափելի է դարձնում վերջիններիս փուլ առ փուլ վերադասավորումը քաղաքակրթական ներկա և ապագա բևեռների շուրջ։

Հարց է առաջանում, իսկ որո՞նք են այսօր այդ բևեռները, երբ, ի տարբերություն Արևմուտքի, ներքին երկվությամբ տառապող Ռուսաստանը, նույնպես լինելով սահմանային քաղաքակրթություն (Ասիա՝ Եվրոպայի համար և Եվրոպա՝ Ասիայի համար), իր վրա է վերցրել նույնպիսի երկվությամբ տառապող Ուկրաինայից լեզվամշակութային առումով իրեն ավելի հոգեհարազատ մասերը տարանջատելու գործը, որի արդյունքում իրականում արձանագրվում է ոչ թե քաղաքակրթական նոր բևեռի ծնունդը, այլ ուժի տարածաշրջանային կենտրոն դառնալու հավակնություն ունեցող միջուկային գերտերության սահմանային հնարավորությունների հստակեցումը։ Ուրեմն՝ ողջ խնդիրն այն է, թե առաջիկայում ի վիճակի՞ է լինելու արդյոք Արևմուտքի ֆինանսատնտեսական ու մշակութային դաշտում զգալիորեն ինտեգրված Ռուսաստանը նրան հակադրվելու իր անվիճելի կամքին գումարել իր շուրջը համախմբվող տարածքն ընդհանուր արժեհամակարգի մեջ համադրելու դրական ունակությունը։

Որովհետև ի տարբերություն վերջին տասնամյակներում տնտեսական թռիչք արձանագրած Չինաստանի, առավելագույնը, որին կարող են այսօր հասնել Ռուսաստանը՝ հետխորհրդային տարածքում, Բրազիլիան՝ Լատինական Ամերիկայում կամ Իրանը՝ իսլամական աշխարհի մի հատվածում, ռազմական կամ տնտեսաքաղաքական ուժի տարածաշրջանային կենտրոնների ձևավորումն է։ Արևմուտքի բուն միջուկի՝ ԱՄՆ-ի համեմատական թուլացման պարագայում սա միանգամայն հնարավոր տարբերակ է, ինչը սակայն չի կանխորոշում սահմանային տարածքներում գտնվող երկրների ու ժողովուրդների ճակատագրերը՝ քաղաքակրթական ընտրության ծիրում։ Նման սցենարների գործադրման պարագայում նրանք հայտնվել ու հայտնվելու են Մայր կենգուրուի «պարկի» մեջ սպասելու կամ Վրաստանի և Ուկրաինայի պես «անհամբեր ձագուկների» նման դուրս թռչելու և վնասվելու երկընտրանքի առջև։

Ուրեմն համաշխարհային պատմության գծային ընթացքի անկասելիության փաստի փոխակերպումը հետխորհրդային տարածքի վրա ազդող ու հակազդող ուժերի բախման որոշակի շրջապտույտի (ցիկլի), հետաձգելով Հայաստանի քաղաքակրթական ընտրության պահը, ներկայումս առաջին պլան է մղել պարզ գոյատևման հրամայականը՝ գրեթե զրոյականացնելով Ուկրաինայից հետո հաջորդ թիրախներից մեկը չլինելու կամ, ինչպես Երևանում են սիրում բնորոշել՝ «պլստալու» հնարավորությունը։

Եվ որպեսզի Վրաստանի կամ՝ Ուկրաինայի նման պատմության զոհասեղանի վրա հաջորդը մենք չլինենք, այսօրվանից պետք է առաջնորդվենք աշխարհայացքային այն մեկնակետով, որ հաջորդը հենց մենք ենք հայտնվելու հետխորհրդային տարածքում գծային պատմության շրջափուլային ընթացքի ճանապարհին։ Նման ալիքը հնարավոր չէ շրջանցել, ավելին՝ նրա հորձանուտում չխորտակվելու համար այլևս բավարար չէ նաև ուժի բևեռների միջև խուսանավելու քաղաքականությունը: Պարզապես՝ Հայաստանի ներկա ընտրությունը դիտարկելով որպես միջավայրով պարտադրված ընթացիկ նպատակահարմարություն, հարկավոր է միմյանցից տարանջատել ուժի տարածաշրջանային կենտրոնների ձևավորման գործընթացը՝ մեր քաղաքակրթական ընտրության առաջադրանքից։

Վերջին ասպարեզում պահպանվող անորոշության պայմաններում համաշխարհային պատմության գծային ընթացքի շրջափուլային դրսևորումը ներկա Արևմուտք-Ռուսաստան և Ուկրաինա-Ռուսաստան դիմակայության փոխարեն՝ Հարավային Կովկասում խոստանում է կերպավորվել իր ավելի բարդ, եռանդամ բնորդի տեսքով՝ Արևմուտք-Ռուսաստան, Ռուսաստան-Թուրքիա-Իրան և Հայաստան-Ադրբեջան-Վրաստան։

Իսկ մինչ այդ հայտնվելով բազմաբևեռ աշխարհակարգի ուժի կենտրոններից մեկը դառնալու ռեալ հնարավորության և Եվրասիականության տեսությունը պրակտիկայի վերածելու անորոշ երազանքի միջև, իրական ընտրության առջև է կանգնում հենց ինքը՝ Ռուսաստանը։ Հուսադրող է այն իրողությունը, որ նրա համար Եվրասիականությունը` որպես սլավոնաթյուրքական «ընդհանրությունների» հիման վրա արևմտյան գլոբալ քաղաքակրթությանն արժեքային առումով հակադրվելու հնարավորություն, սկսում է բացահայտել իր անհեռանկարայնությունը։ Ողջ Ուկրաինայում և ապա Ղրիմում ու Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ապագա «եվրասիացիներն» ավելի են ատում ռուսներին, քան Ուկրաինայի միջոցով նրանց «ազատագրելու» ծրագրեր մշակող արևմտյան ռազմավարները։ Ղրիմի թաթարների և Ադրբեջանի՝ բացահայտ և իր ռուսախոս բնակչությունից անհանգստացող Ղազախստանի՝ քողարկված համակրանքն Ուկրաինայում իշխանության եկած ուժերի հանդեպ, Եվրասիականության տեսության ու պրակտիկայի անհամապատասխանության առաջին առարկայական ապացույցներն են։ Այս իրողությունը Հայաստանի ռազմավարական դաշնակցին կանգնեցրել է բազմաբևեռ աշխարհակարգում ուժի կենտրոնի փոխակերպվելու համար անհրաժեշտ՝ նախկին ԽՍՀՄ-ի համասեռ (հոմոգեն) բեկորները համախմբելու հրամայականի առջև։ Ի տարբերություն Եվրասիականության տեսության ու պրակտիկայի միջև արձանագրվող հակասության՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի կամ՝ Մերձդնեստրի համասեռ բնակչության համար Ռուսաստանն այսօր փարոսի դեր է խաղում։ Ուստի որքան մեծանում են նրա ղեկավարության հավակնությունները, այնքան ակնհայտ է դառնում Եվրասիական նախագծի անորոշ հեռանկարները մի կողմ դնելու և ռուս ազգի ու երբեմնի արևելաքրիստոնեական (բյուզանդական) քաղաքակրթության բեկորների համախմբումով զբաղվելու հրամայական անհրաժեշտությունը։ Այսինքն՝ երազելով սլավոնա-թյուրքական կամ՝ եվրասիական կայսրության մասին՝ Ռուսաստանը գործնականում աստիճանաբար որդեգրում է Բյուզանդական ժառանգությանը վերատիրանալու քաղաքականությունը։ Ուրեմն՝ նրա ներկա հակադրությունն Արևմուտքին ռազմավարական առումով անհեռանկարային է երկուսի համար էլ, բայց մարտավարական առումով անհրաժեշտ է՝ մշակութային տեսանկյունից իրեն հոգեհարազատ տարածքը կլանելու համար։

Ուստի մեծագույն միամտություն է ինչպես Ռուսաստանի մարտավարական հաջողություններից ոգևորվելը, այնպես էլ Արևմուտք-Ռուսաստան ռազմավարական առումով անհեռանկարային դիմակայության սուր դրսևորումներից խուճապի մատնվելը։ Դրանք երկուսն էլ իրենց սահմանն ունեն, որովհետև մշակութային առումով համասեռ բեկորների համախմբումով իրեն խորապես հոգեհարազատ միջավայրն ընդլայնող Ռուսաստանը գնալով ավելի ու ավելի է հեռանում Եվրասիականությունից դեպի «Երրորդ Հռոմի» իր ավանդական տեսլականը, իսկ նրան այդ ասպարեզում խանգարելու՝ Արևմուտքի անկարողությունն էլ ի հայտ է բերում Ռուսաստանը ներսից «պայթեցնելու» հետսառըպատերազմյան ծրագրերի անիրականանալիությունը՝ ժամանակի կարճ տևողության ծիրում։

Բայց քանի որ այսօր աշխարհում գոյություն ունի ընդամենը մեկ գլոբալ քաղաքակրթություն, ապա առաջիկայում այն իր մարտահրավերներն է առաջադրելու և՜ Ռուսաստանին և՜ սահմանային հանգույցների կամ՝ խաչմերուկների վրա հայտնված երկրներից յուրաքանչյուրին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին։ Ժամանակի կարճ տևողության ծիրում առաջինն ի վիճակի է դիմանալ իր դեմ խաղարկվող «երկվորյակների դիմակայության» սցենարին։ Տեսանելի ապագայում Արևմուտքն ու Ռուսաստանը չեն կարողանալու հաղթել մեկը մյուսին, բայց ահա մեզ նման սահմանային հանգույցների կամ խաչմերուկների վրա հայտնված երկրներին հարկ եղած դեպքում ճզմելու են, եթե վերջիններս միամտաբար կամ հարկադրաբար ուժի տարածաշրջանային կենտրոնների ձևավորման ներկա իրողությունը դիտարկեն որպես իրենց վերջնական՝ քաղաքակրթական ընտրության հնարավորություն։

Ուրեմն ներկա խորքային գործընթացների համատեքստում սեփական քայլերը ծրագրավորելու համար այսօրվանից հարկ է ճշտել երկու հարց.

առաջին՝ աշխարհում մեր զբաղեցրած որոշակի տեղի պատճառով այսուհետ ևս սովորական «տաշեղի» նման մեր շուրջը փոթորկող «ալիքի» մե՞ջ ենք տարուբերվելու, թե՞ որպես ազգ ու պետություն նրանում սեփական գիտակից ներկայությամբ պատմություն կերտողի դերին ենք հավակնելու,

երկրորդ՝ ո՞րն է մեր շուրջն ընթացող փոփոխությունների դինամիկան և ուղղվածությունը գնահատելու սեփական չափույթը՝ գծային պատմության ռացիոնալ ընկալումից բխող կեցության՝ որպես ժամանակի իմաստավորման մեր ազգային կերպը ։

Առանց աշխարհում Հայաստան պետության ներկա սահմանափակ սուբյեկտայնության չափի և նրանում հայ ազգի ներկայության ժամանակային չափորոշիչների հստակեցման՝ տեղի ունեցող գործընթացների մասին մեր բոլոր պատկերացումները կմնան որպես կյանքից ու ժամանակից կտրված տեսական մտավարժանքներ, եթե մեր ներսում արթնացող «պատմության հանդեպ վախը» չփոխակերպվի համաշխարհային պատմության գծային ընթացքի ներկա տարածում-դիֆուզիան խառը կամ՝ հիբրիդային ժամանակի միջոցով գնահատելու գործընթացի։

Նման չափույթը թույլ կտա գլոբալ զարգացումների ընթացքը դիտարկել գծային, իսկ տարածաշրջանայինը՝ ցիկլային ժամանակի միջոցով։ Առ այդ՝ թեև մենք չենք կարող ներազդել գլոբալ մակարդակի վրա ծավալվող զարգացումների ուղղվածության վրա, բայց պարտավոր ենք դրանց տարածաշրջանային անդրադարձերի ցանկացած տարբերակի դեպքում ունենալ միջավայրի փոփոխություններին հարմարվելու նվազագույն հնարավորություններ։ Ու քանի դեռ մեր շուրջն ընթացող և առաջիկայում սպասվող տեղաշարժերի անխուսափելիությունը հստակորեն չի ցուցանել միմյանց վրա ազդող ու հակազդող ահռելի ուժերի բախման վերջնարդյունքի թեկուզ ընդհանուր ուրվագիծը՝ տարածաշրջանի ապագան կանխորոշող զարգացման որևէ բնորդի պատմական ինվարիանտությունը, ծավալվող իրադարձություններում մեր սահմանափակ սուբյեկտայնության գիտակցումը հավասարազոր է լինելու դրանց ընկալման տարբերակվածությանը, այսինքն՝ վարիանտայնությանը։

Որովհետև գծային պատմության անկասելի ընթացքի տարածաշրջանային շրջապտույտի մեջ փլուզված կայսրությունների ժառանգությանը տիրանալու համար բռնկվող մեծ դիմակայությունները ժամանակի միջին տևողության, այսինքն՝ տնտեսական ցիկլերի համատեքստում, իրենց մեջ լուրջ վտանգներ են պարունակում և հղի են անկանխատեսելի և անգամ իռացիոնալ զարգացումների հեռանկարով։ Դրանց դառը պտուղները մենք արդեն քաղել ենք այս տարի իր հարյուրամյակը թևակոխող՝ Առաջին աշխարհամարտի վերջնամասում, երբ Լուսավորության դարաշրջանի հումանիստական նախագծի փլուզումը և մարդու վերածվելը գազանի Հին Բյուզանդիան կործանած սելջուկյան 1071-ը փոխակերպեց Նոր Բյուզանդիայի փլուզման բոլշևիկյան 1917-ի։
Ավելին՝ չպետք է մոռանալ, որ նախկինում գոյություն չուներ ներկա գլոբալ տնտեսությունը, որում խաղի կանոնները փոխելու համար պետք է հաշվարկել ու գործել առնվազն ժամանակի միջին տևողության չափորոշիչների հիման վրա։ Ու քանի որ մեր անվտանգության ապահովման խնդրի լուծումը կախվածության մեջ է հայտնվել սակրալ հիշողության հիման վրա կայսերական ավանդույթը 21-րդ դարում կերպավորելու իռացիոնալ փորձերի հաջողությունից, Հայաստանի սահմանափակ սուբյեկտայնության նվազագույն շեմի պահպանումը բացարձակ անհրաժեշտություն է։

Պատճառն ակնհայտ է. Եվրասիականության գաղափարախոսական շղարշի տակ Ռուսաստանի կողմից այսօր հետապնդվող «բյուզանդական նախագիծը» ռազմաքաղաքական գետնի վրա՝ ժամանակի կարճ տևողության շրջագծում, գրեթե անխոցելի է։ Սակայն ժամանակի միջին, առավել ևս երկար կամ քաղաքակրթական տևողության ծիրում նրա պատմական ինվարիանտությունն ուղղակի հնարավոր չէ երաշխավորել Ռուսաստանի համակեցական հստակ տեսլականի՝ կայսրությունը ներքնապես համախմբող կենարար գաղափարի բացակայության պատճառով։
Մեր կարծիքով, Եվրասիականությունը համակեցական հստակ բնորդի փոխարկվելու պարագայում հանգեցնելու է Ռուսաստանի բուն միջուկի անհաշտ դիմակայությանը այդ երկրում զգալիորեն ամրապնդված թյուրք-իսլամական գործոնի հետ: Այդ իրողությունը, գումարվելով տնտեսության արդիականացման հրամայականին, հարկադրելու է Ռուսաստանին մի կողմից՝ վերադառնալ իր ավանդական ուղղափառ-սլավոնաֆիլական արժեհամակարգին, իսկ մյուս կողմից՝ որպես բազմաբևեռ աշխարհակարգի ազդեցիկ դերակատար, դիմաշրջվել դեպի Բալկաններ և Առաջավոր Ասիա: Արդյունքում՝ Ռուսաստանը դառնալու է ոչ թե Արևմուտքի հակադրությունը, այլ նրա երկմիասնական-բյուզանդական շարունակությունն Արևելքում: Ուստի Հայաստանը, պահպանելով իր ներկա սահմանափակ սուբյեկտայնությունը, այսօրվանից պետք է նախապատրաստվի նման բարենպաստ հեռանկարին:
Խմբ.։

ՎԷՄ, 2014թ. թիվ 1(45)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով