Եվրասիական քաոսի նախանշանները *

by/հեղինակ[ներ] on 22/11/2014  •  In Խմբագրական

«Որպեսզի չոչնչացնենք այս աշխարհը, պարտավոր ենք ներկան ղեկավարել ապագայից »։
Կ. Բուրիխտեր

Եվրասիական քաոսի նախանշանները*

Եվրասիական միության ձևավորման փորձերին սպասող լուրջ մարտահրավերների մասին անցած գարնանը մեր հանդեսի առաջադրած հստակ կանխատեսումները վերջին կես տարվա ընթացքում լիուլի ապացուցեցին իրենց իրատեսականությունը։

Այդ կարճ ժամանակամիջոցում հարցականի տակ դրվեց ոչ միայն միասնական պետաքաղաքական ուղղահայացի ձևավորման հնարավորությունը, այլև անգամ հորիզոնական կապերով ամրագրված Եվրասիական տնտեսական միության կենսունակության հեռանկարը։ Ավելին՝ արդեն տեսանելի ապագայում հետխորհրդային տարածքին սպառնացող նոր մարտահրավերները կարող են վերջնականապես խարխլել Ռուսաստանի եվրասիական նախագծի հիմքերը, որի հետ 2014 թ. հոկտեմբերի 10-ից իր ճակատագիրն է կապել նաև մեր երկիրը։

Եվրասիական քաոսը գերտերությունների շահերի բախման հանգուցային կետերում պատերազմական բեմահարթակների վերածվող երկրների երկար շղթայի հետևողական ընդարձակման իրողությունն է՝ միջկրոնական ու միջհամայնքային սուր հակամարտությունների, էթնիկ զտումների, տնտեսության քայքայման ու բնակչության զանգվածային արտագաղթի տեսքով ։

Այս երևույթը, տարածվելով Սիրիայում Իրաքում ու Աֆղանստանում, միաժամանակ, Ուկրաինայի հարավ-արևելքում ձեռք է բերել է իր երկրորդ կերպարանքը։ Ուստի մայդանական ժողովրդավարությունը ռուս-ուկրաինական ռազմաբախումի վերածվելու իրողությունը և իսլամական երկրների «ժողովրդավարացման գործընթացի» փոխարկումը «խալիֆաթացման», հստակորեն ապացուցում են, որ մարդկության մեծագույն մտածողների ստեղծած գաղափարներն ու արժեքները, վերածվելով քաղաքական խնդիրների լուծման գործիքների, հանգեցրել են քրիստոնեական միջավայրում՝ ազատության գաղափարի, իսկ իսլամական աշխարհում՝ ավանդապաշտական արժեհամակարգի երկատմանը (բիֆուրկացիային)։ Արդյունքում՝ Ուկրաինայի ազատությանը ձգտող ժողովրդավարները սկսել են ժխտել այլոց ազատ ապրելու իրավունքը, իսկ Իրաքում ու Սիրիայում «խալիֆաթի» հիմքերը դնող իսլամական ավանդապաշտները՝ քրդերի, եզդիների ու քրիստոնյաների ավանդույթները։ Դրա հետևանքով արձանագրվում է չարենցյան «խելագար ամբոխների» մի նոր տարատեսակի ծնունդը, որի «հեղափոխականության» իրական իմաստն ըմբռնելու համար հարկ է մի կողմ դնել ինչպես արդի Ռուսաստանը «դեմոնացնող» արևմտյան մտակաղապարները, այնպես էլ Ռուսաստանի ղեկավարության հակափաստարկներին բնորոշ՝ դավադրությունների տեսությունը չարաշահելու միտումը։
Իրականությունն այն է, որ աշխարհաքաղաքական վերաձևումների փորձադաշտի վերածված Ուկրաինայում միմյանց դեմ խաղարկվող երկու կառավարելի սցենարների բախումը ուկրաինական թնջուկը գլոբալ մակարդակում վերածել է Ռուսաստանի հանդեպ տնտեսական սանկցիաների կիրառման «օպերացիոն դաշտի»՝ հստակորեն ապացուցելով, որ բուն խնդիրն այստեղ «… Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի ներքաշումն է երկարատև և ուժասպառ անող դիմակայության մեջ» ։ Ուրեմն հետխորհրդային տարածքում գործի է դրված մի կողմից՝ ռուսական մեծապետականության կարոտախտը Ուկրաինայով «բավարարելու», իսկ մյուս կողմից՝ այն սանկցիաներով «թունավորելու» դանդաղ գործողության ռումբը։ Արդյունքում՝ որքան առաջ են շարժվում ռուսները, այնքան մեծանում են արևմտյան սանկցիաները՝ առաջ բերելով էներգակիրների գների նվազման, ռուբլու թուլացման, իսկ հետագայում նաև՝ ներռուսաստանյան քաղաքական ցնցումների հասունացման հեռանկարները։

Զուգահեռաբար՝ ամեն գնով, նույնիսկ «անթույլատրելի հնարքներով» կանխվում են Մոսկվայի աշխարհաքաղաքական ախորժակների չափավորման և ռուս-եվրոպական կոնսենսուսի ձևավորման փորձերը՝ միանգամայն գիտակցված կերպով Ռուսաստանին մղելով դեպի «կմեռնենք, բայց չենք հանձնվի» ավանդական-ստալինգրադյան գործելակերպը։
Եվ ահա նման մամլիչի կիրառմանը զուգահեռ՝ Եվրասիայի հարավում պայթեցվում է նաև արագ գործողության ռումբը՝ ի դեմս իսլամական արմատականության, որովհետև նախկինում «Ալ-Քաիդային» կամ «Թալիբանին» բնորոշ չափավոր լուծումների փոխարեն «Իսլամական պետությունը» «քաղաքական հայտ» է ներկայացրել Ռուսաստանի հարավը ներառող ու մինչև Չինաստանի հյուսիս-արևմուտքը ձգվող տարածաշրջանների հանդեպ։ Իր կառավարելիության հանգրվանը հաղթահարած սուննի-իսլամական «խալիֆաթը» շատ ավելի վտանգավոր ու անկանխատեսելի է, քան «Ալ-Քաիդան» կամ «Թալիբանը»։ Պատճառն ակնհայտ է. համաշխարհային քաղաքակրթության քանակական ու որակական չափորոշիչների խորացող անհամապատասխանության պայմաններում իսլամական արմատականությունը փոխակերպվել է որակապես նոր երևույթի, որի էությունը հնարավոր է բացահայտել ոչ միայն և ոչ այնքան՝ պատմագիտական հետահայացի, որքան մարդկության ձեռք բերած գիտելիքներն ու փորձն ամփոփող համագիտական առաջահայացի միջոցով։

Շնորհիվ ճշգրիտ գիտությունների, առաջին հերթին՝ ֆիզիկայի, 20-րդ դարում մարդկային միտքը դետերմինիզմի պարզունակ ձևերի ֆետիշացումից անցում է կատարել դեպի բազմաչափ աշխարհի ընկալումն իբրև բարդ ու դինամիկ համակարգերի ամբողջություն, որի կառավարելիության ապահովման փորձերը, խախտելով ներքին համամասնությունները, մեծացնում են ողջ գործընթացի ընդհանուր անկառավարելիությունը ։ Ու քանի որ բարդ ու դինամիկ համակարգերում գործառող այս օրինաչափությունը ներկայումս դրսևորվում է նաև համաշխարհային քաղաքականության ասպարեզում, մենք՝ հասարակագետներս, պարտավոր ենք հրաժարվել իր վերջնարդյունքում դավադրությունների տեսությանը հանգեցնող դետերմինիզմի նախկին բովանդակությունը չարչրկելուց և մեր իմացական տարածք ներբերել բնական գիտությունների ճանաչողական ելակետերն ու հասկացութային համակարգը հասարակության վրա տարածող սիներգետիկայի հիմնադրույթները։ Վերջիններս սովորեցնում են, որ մեզ շրջապատող բարդ ու դինամիկ համակարգերի տատանումներն իրենց բիֆուրկացիոն կետին հասնելու արդյունքում կարգաբերված պրոցեսի էներգիայի մի մասը փոխակերպում են անկանոն ու անկառավարելի գործընթացների եռանդուժի։ Նման վտանգավոր դիսիպացիաները ոչ միայն գերտերությունների հատուկ ծառայությունների և միջազգային ֆինանսական շրջանակների փոխբացասող քայլերի հետևանքն են, այլև քաղաքակրթական առումով տարբերվող միջավայրերում դրանց հանդեպ առաջ եկող ինքնաբուխ հակազդեցությունների հետ բախման ու միախառնվելու գումարային արդյունքը։
Այսինքն՝ աշխարհը գնալով ավելի ու ավելի անկառավարելի է դառնում քաղաքակրթական առումով օտար միջավայրերում ազդող ու հակազդող ուժերի պայքարի դասական բնորդին բաժին ընկնող դիմադրության ալիքները յուրահատուկ «ջրապտույտի» վերածվելու արդյունքում։ Ուստի բնական է, որ նրա առանձին դերակատարները, պոկելով իրենց կառավարման «սանձերը», վերածվում են ինքնուրույն ու ինքնաբավ գործոնների։ Ուրեմն իսլամական աշխարհում ներկայումս ծավալվող գործընթացները մարդկությանը սպառնում են հին հույների կողմից իբրև քաոս (հունարեն՝ χάος, դատարկություն, անդունդ, խորխորատ) բնորոշված երևույթի կրկնությամբ։

Պատճառն ակնհայտ է. ավանդապաշտական միջավայրում արձանագրվող շարունակական բիֆուրկացիաները հանգեցրել են վեհ գաղափարների և անանց արժեքների գաղափարախոսականացմանը՝ դրանք վերածելով քաղաքական նպատակների իրականացման գործիքների։ Իսկ դեմոգրաֆիական պայթյունի արդյունքում կուտակված եռանդուժի ավելցուկը իսլամական աշխարհի «եռման կաթսայում» արդեն առաջ է բերել հզոր ու անկառավարելի դիսիպացիաներ։ Ուստի 1,6 միլիարդանոց խայտաբղետ ումմայի ներսում արձանագրվող շարունակական տատանումներից ծնունդ առնող մի քանի տասնյակ միլիոնի անկանոն արտանետումները «նորմայի շրջանակում» են լինելու։

Անշուշտ, նման հզոր ցնցումների անկառավարելիության իրողությունը դեռևս չի նշանակում, որ դրանց միանգամայն կանխատեսելի վերջնարդյունքն ինչ-որ մեկին ձեռնտու չէ։ Որովհետև հետխորհրդային տարածքում ուկրաինական դանդաղ գործողության ռումբի գործարկման միջոցով Ռուսաստանին «թակարդի մեջ գցելու» ներկա իրողությունը դեռևս չի երաշխավորում եվրաատլանտյան ռազմավարության ընդհանուր հաջողությունը, մանավանդ՝ օրեցօր հզորացող Չինաստանին տնտեսապես վնասելու փորձերի ձախողման պատճառով։ Ուստի ամեն պահի իր անելիքը ճշգրտելով՝ նպատակային գիծը պահպանող այդ ռազմավարությունը ներկայումս խորապես շահագրգռված է Եվրասիայում «երկու ձեռքով խաղալու» մարտավարության կիրառման մեջ։ Իսլամական արմատականության անկառավարելիության փաստն օգտագործելու հարցում վերջինիս շահագրգռվածության վկայությունը սուննի-իսլամական «խալիֆաթի» հանդեպ որդեգրված՝ ոչ թե ոչնչացնելու, այլ «հալածելու» քաղաքականությունն է, քանզի հալածումը հղի է տարածումի հեռանկարով։ Հետևանքը՝ ներկայումս սիրիա-իրաքյան տարածքներում բնավորված «խալիֆաթին» միացող 30-ից ավելի արմատական կազմակերպությունների ու շարժումների «հայտնությունն» է՝ կիսալուսնի նման Նիգերիայից մինչև հեռավոր Ինդոնեզիա ձգվող երկրներում։
Սրանից դժվար չէ եզրակացնել, որ արդեն իսկ Ռուսաստանի հյուսիսկովկասյան ինքնավարություններում, Ուզբեկստանում ու Աֆղանստանում իր խարիսխները ձգած «խալիֆաթը» աստիճանաբար տեղաշարժվելու է դեպի հետխորհրդային տարածք և բախելով մեր տարածաշրջանի դռները՝ պաշարելու է Հայաստանը։ Ավելին՝ նրա սիրիա-իրաքյան «միջուկի» պայթեցման արդյունքում այսօր արդեն «Իսլամական պետության» հետ բախվելու «հերթի են դրված» Թուրքիան, Ադրբեջանը, ռուսական Հյուսիսային Կովկասը, Ղազախստանն ու Կենտրոնական Ասիայի նորանկախ պետությունները։

Մեր շուրջն ահագնացող Եվրասիական քաոսը Հայաստանի նման փոքր երկրներից պահանջում է սերտել բարդ ու դինամիկ համակարգերում վերապրելու համար պարտադիր՝ սիներգետիկայի նվազագույն պահանջները։ Դրա համար այսօրվանից անհրաժեշտ է ունենալ «… միմյանց հետ գործակցող բավարար քանակության տարրեր, կապի որոշակի սահմանային (կրիտիկական) չափորոշիչներ և նրանց ֆլուկտուացիաների հավանականությունների հարաբերականորեն բարձր նշանակություններ »։
Մինչդեռ՝ իր ներքին քայքայման որոշակի շրջափուլից հետո Հայաստանն այսօր սկսել է կորցնել անգամ արտաքին հավասարակշռությունը։ Դինամիկ միջավայրում գործառելու ունակությունից զուրկ նրա կառավարման համակարգը դրսից թափանցող չափից ավելի մեծ ծավալի եռանդուժի ազդեցությամբ շուտով կորցնելու է նաև իր ներքին հավասարակշռությունը։ Ուստի մեզ շրջապատող միջավայրից բխող լրջագույն վտանգների չեզոքացման խնդրի տեսանկյունից Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը առաջին հայացքից փրկության միակ տարբերակն է թվում։ Իսկապես, սկզբնական շրջանում դա կարող է հին համակարգը ժամանակավորապես վերակենդանացնող, կամ գոնե առույգացնող դեղամիջոցի ազդեցություն ունենալ, որի չարաշահումը, մեծացնելով «կախվածության վտանգը», առաջ է բերելու նոր բուժման կարիք։

Սակայն չպետք է մոռանալ, որ մեր շուրջն ահագնացող Եվրասիական քաոսը ծավալվում է Ռուսաստանին տնտեսական պատժամիջոցների «թակարդի մեջ գցելու» իրողությանը զուգահեռ։ Ավելին՝ «երկու ձեռքով խաղալու» մարտավարության առաջին հաջողություններին զուգահեռ՝ Արևմուտքի կողմից աստիճանաբար կասկածի տակ են դրվում նախկին ԽՍՀՄ-ի հարավում Ռուսաստանի ռազմական մենաշնորհը ճանաչելու՝ հետխորհրդային չգրված պարտավորությունները։ Եվ ահա Ուկրաինայում ու Վրաստանում սկիզբ առած նման գործընթացի ազդեցությամբ ադրբեջանական փորձագետներն արդեն սկսել են համոզված կերպով եզրակացնել, որ «…անվտանգության Յալթայի համակարգի ձախողումը ստեղծում ու դեռևս ստեղծելու է անհրաժեշտ նախադրյալներ՝ ղարաբաղյան ռևանշի համար» ։

Անշուշտ, եվրոպական հեղինակավոր մասնագետների հաշվարկներով՝ տնտեսական պատժամիջոցների թակարդում հայտնված Ռուսաստանը դեռևս այնքան ֆինանսական պաշարներ ունի, որ կարող է առնվազն ևս 4 տարի շարունակել «կմեռնենք, բայց չենք հանձնվի» գործելակերպը։ Բայց այդ պարագայում ի՞նչ է սպասում մեզ՝ պատժամիջոցների թակարդում հայտնված Ռուսաստանից անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստանալու հետևանքով կրկնակի թակարդի մեջ հայտնված Հայաստանին։ Քանզի հարավում ահագնանում է Եվրասիական քաոսը, իսկ հյուսիսում ակնհայտ է դառնում Եվրասիական տնտեսական միության «շարժիչի» թուլացման անխուսափելիությունը։

Այս կրկնակի փակուղում լուծումներ փնտրելու տրամաբանական գլուխկոտրուկը Հայաստան պետությանն ու հայ քաղաքական մտքին կանգնեցրել է ներկան՝ ապագայի բարձրությունից դիտարկելու և ազգի ու պետության ինքնակազմակերպման որակապես նոր մակարդակ ապահովելու կրկնակի հրամայականների առջև:
Խմբ.։

Loading...

ՎԷՄ, 2014թ. թիվ 3(47)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով