Առերեսումների տարին*

by/հեղինակ[ներ] on 05/02/2015  •  In Խմբագրական

«Գողգոթայի խորհուրդը ոչ թե չարչարանքի աստվածացման, այլ չարչարանքի հանդեպ հաղթանակի մեջ է» ։
Նիկոլայ Բերդյաև

Առերեսումների տարին*

Թեև 2015 թվականը մեր քաղաքական օրակարգում ամրագրվել է որպես ազգային մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից, բայց մինչ օրս փաստորեն անորոշ են մնում անցյալի ու ներկայի այդ մեծ առերեսման սպասումներից բխող անելիքներն ու ակնկալիքները։

Ի՞նչ է մեզ խոստանում առաջիկա տարին իբրև 1915-ի դառը հիշողության և 2015-ի՝ բարդ իրողությունների հանդիպման պահ, և ինչպե՞ս է նոր աշխարհն ընկալելու մեր հին ողբերգությունը իր ներկա բարդ ու պայթյունավտանգ իրողությունների պայմաններում։ Այս երկմիասնական գլուխկոտրուկի պարզաբանումից հետո հարկ է պատասխանել նաև երրորդ հարցին. 2015-ից հետո մեզ համար պատմությու՞ն է դառնալու Հայոց ցեղասպանությունը, թե՞ հայերիս հաջորդ սերունդների հիշողության մեջ նույնպես շարունակելու է մնալ իբրև ապրված անցյալի հավերժ ներկայություն։

Մինչ օրս այդպես էլ անպատասխան մնացող այս առանցքային հարցերի վերաբերյալ մեր փորձագետների կանխատեսումներն արտացոլում են սոսկ լավատեսական կամ վատատեսական սպասումների տեսքով դրսևորվող ընթացիկ-քաղաքական ակնկալիքները։ Ոմանք պնդում են, թե 2015 թվականը դառնալու է Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման և դրա համար Թուրքիայի պատասխանատվության չափորոշիչների հստակեցման տարին. հակառակ կարծիքի կողմնակիցները չափազանց վատատես են՝ նկատի ունենալով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների բարդացման հետևանքով միջազգային ասպարեզում արձանագրվող նոր մարտահրավերները և դրանց դիմակայելու՝ Հայաստանի ու հայության հնարավորությունների նվազման իրողությունը։

Բայց, երբ այսօր փորձում ենք հաղթահարել այն իմացական փակուղիները, որոնց ներսում 2015 թվականի ապրիլի 24-ի նախօրեին տարուբերվում է հայ քաղաքական միտքը, չենք կարող ուրախությամբ չարձանագրել միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության փաստի ընկալման ու գնահատման ճանաչողական մակարդակի բարձրացումը և շահագրգիռ վերաբերմունքի ուժեղացումը։ Ոմանք սա բացատրում են Հայոց անկախ պետականության գոյության փաստով, որը 1990-ականների վերջերից միջազգային բեմերում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, մյուսները ուշադրություն են դարձնում Սփյուռքի կողմից կատարված աշխատանքի վրա։ Սակայն ավելի անկողմնակալ գնահատականը պահանջում է արձանագրել, որ վերջին տասնամյակներին այս երկու անհերքելի պատճառները, միախառնվելով աշխարհաքաղաքական որոշակի ազդակների հետ, փոխակերպվել են Հայոց ցեղասպանության փաստի՝ համաշխարհային ու տարածաշրջային քաղաքականության գործոնի վերածվելու իրողության։ Իր ճանաչման որոշակի հանգրվանում Հայոց ցեղասպանության ընկալումը «ոճրի ու պատժի» շուրջ թուրք-հայկական բանավեճի դաշտից տեղափոխվել է ավելի բարդ և բազմամակարդակ հարաբերությունների հարթություն։ Այսօր մեր խնդիրն ու մեր ցավը այլևս միայն մերը չէ, և նրա հետ առերեսումի անհրաժեշտությունը դարձել է ոչ այնքան մարդկության խղճի, որքան վերջինիս անունից գործող, բայց ոչ միշտ համարժեք վճիռներ կայացնող ուժի համաշխարհային կենտրոնների խնդիրը։ Սա նոր իրողություն է՝ միջազգային կյանքի ու նրա ամենակարևոր զարկերակի՝ միջազգային քաղաքականության գլոբալացման հետևանքներից մեկը, որն իր խորքում և՜ նոր հնարավորություններ, և՜ նոր մարտահրավերներ է պարունակում։ Դրանց մեծ մասը դեռևս գտնվում է լատենտ վիճակում, բայց 2015 թ. ապրիլին, երբ ոգեկոչվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այս իրողությունն անպայման զգացնել է տալու իրեն։

Իսկ սա նշանակում է, որ 2015 թվականը դառնալու է միանգամից երեք հարթությունների վրա Հայոց ցեղասպանության փաստին առերեսվելու հնարավորություն. առաջինն ու ամենաբարդը գտնվում է գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության շահերի ու հավակնությունների հատման տիրույթում, երկրորդը՝ Թուրքիայում և թուրք ժողովրդի ներսում, և երրորդը՝ Հայաստանի ու հայության ներազգային կյանքում։ Ընդ որում՝ այս երեք հարթությունները բազմաթիվ տեսանելի ու անտեսանելի թելերով այնպես են «կապված» մեկը մյուսին, որ խոստանում են 2015-ի ապրիլի 24-ը վերածել համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձության՝ անկախ նրանից, որ միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված Թուրքիայի հետևողական ջանքերը բազմապատիկ անգամ գերազանցում են Հայաստանի թույլ, իսկ հաճախ էլ՝ ձևական քայլերին։

Ստացվում է, որ թեև որպես ազգ անհրաժեշտ չափով չենք նախապատրաստվել մեր հիշողության ապասրբազնացման (դեսակրալիզացիայի) վտանգին դիմակայելու գործին, իսկ որպես պետություն՝ ոչ միայն պատրաստ չենք, այլև խուսափում ենք միջազգային-իրավական գետնի վրա առաջադրել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության խնդիրը, բայց առաջիկայում՝ տարածաշրջանում և աշխարհում ծավալվող առարկայական գործընթացների արդյունքում այդ կրկնակի բեռը դրվելու է մեր թույլ ուսերին։

Աշխարհն այսօր զգում է Հայոց ցեղասպանության փաստի հետ առերեսվելու կարիքը ոչ այնքան իր մարդասիրության և արդարության չափորոշիչների ամբողջացման և դրանցում պակասող՝ հայ ժողովրդի հանդեպ չհատուցված պարտքի գիտակցման, որքան 20-րդ դարի առաջին տասնամյակներին Հայոց ցեղասպանությամբ սկիզբ առած, Ռուսաստանի բոլշևիկյան հեղաշրջմամբ շարունակված և ի վերջո՝ Մոսկվա-Լոզան իրավապայմանագրային խախուտ հիմքն վրա հաստատված՝ տարածաշրջանային իրողությունների վերաքննության պահանջմունքի հասունացման հետևանքով։

Գլոբալ հարթության վրա վաղուց արդեն խարխլվել է ոչ միայն Առաջին աշխարհամարտի ընթացքում ծավալված խորքային դիմակայության երեք ազդակների՝ ծովային (Մեծ Բրիտանիա), մայրցամաքային (Ռուսաստան) և անկյունագծի (Գերմանիա) բախման արդյունքում Արևմտյան Հայաստանի ստատուս-քվոն պայմանավորած աշխարհաքաղաքական ենթահողը, այլև Երկրորդ աշխարհամարտին հետևած սառը պատերազմյան փակուղին։ 1915-1918 թթ. հայազրկված Արևմտյան Հայաստանի դառնաղետ ճակատագրի աշխարհաքաղաքական հիմնաքարը՝ Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք ձգվող տարածաշրջանում երեք հզոր ազդակների բախման «փակ եռանկյունին» և 1945-1953 թթ. Թուրքիայի նոր բաժանումը կանխած «սառը պատերազմի» երկանդամ դիմակայության բնորդը պատմության գիրկն են անցել։ Գերուժերի պայքարն այսօր ձեռք է բերել գլոբալ բնույթ, իսկ նրա նոր առանցքը (որտեղ արձանագրվելու են 21-րդ դարի ցեղասպանությունները), ուրվագծվում է ուժի համաշխարհային երկրորդ բևեռի ձևավորման գործընթացի իրական շարժիչը դարձած Չինաստանին արևմուտքից հարող տարածաշրջաններում։ Ուստի դեպի Չինաստանի սահմանները շտապող Արևմուտքի ճանապարհին ոչ միայն Թուրքիան, այլև Ռուսաստանը երբեմնի մեծապետականության այն հնաոճ «դղյակներն» են, որոնք արագացված տեմպերով ներքաշվում են «փլուզումների ու հողահարդարման» աշխատանքների մեջ։

Նման արագացումների առկայության պայմաններում ժամանակի միջին տևողության կամ տնտեսական ցիկլի ազդեցությամբ աստիճանաբար ուժասպառվող «նոր լենինների» Ռուսաստանը դառնալու է Արևմուտքի շարունակությունն Արևելքում։ Տեսանելի ապագայում մեր հայրենիքի մյուս հատվածի՝ Արևմտյան Հայաստանի ճակատագիրը ևս հայտնվելու է «նոր աթաթուրքերի» վերահսկողության դաշտից դուրս։ 20-րդ դարասկզբին իրենց «մուրճի ու սալի» արանքում մեր ազգային իդեալների իրականացման մեծագույն փորձը՝ Հայաստանի առաջին հանրապետությունը խորտակած Ռուսաստանի ու Թուրքիայի «շոշափուկներն» անպայմա՜ն հեռանալու են մեկը մյուսից և մեր Մայր երկիրն ու Հայաստանի Հանրապետությունը առերեսվելու են իրար։

Այս մեծ առերեսումն, անշուշտ, 2015-ին չի լինելու, սակայն նման կանխատեսումը ոչ թե բարի ցանկություն է, այլ գլոբալ դիմակայությունը դեպի Արևելք տեղափոխվելու գործընթացից բխող պատմական անհրաժեշտության գիտակցում։ Ուրեմն՝ Հայկական լեռնաշխարհն ընդգրկող պետություն ստեղծելու պատմական հնարավորությունը, որը բացակայում էր 20-րդ դարի առաջին կեսին, շուտով բախելու է մեր և ո՜չ միայն մեր դռները…

Ասվածի համատեքստում ակնհայտ է, որ Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը խոստանում է դառնալ հայկական ու նաև քրդական «ճակատներում» սպասվող դառն առերեսումների տարի։ Դրանցից խուսափելու համար մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը Անկարան որդեգրել է Ծիծեռնակաբերդը՝ Դարդանելի պատերազմով «փակելու» մարտավարությունը, ինչը 1915-1916 թթ. Հալիպոլիի ճակատամարտում իր արձանագրած «հաղթանակի» իրական խորհուրդն անտեսելու անհաջող փորձ է։ Օսմանյան կայսրությունը ոչ թե ռազմական հաղթանակ է տարել այդ գործողության արդյունքում, այլ պարզապես օգտվել է Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք ձգվող տարածաշրջանում երեք հզոր ազդակների բախման «փակ եռանկյունու» ներսում սրված անգլո-ռուսական հակասություններից, որոնք ստիպեցին անգլիացիներին հետ քաշվել Կ. Պոլսի մատույցներից։ Եվ եթե թուրքերը մինչ օրս չեն հասկացել այդ իրողությունը կամ փորձում են քողարկել այն, ապա շուտով ստիպված կլինեն բախվել շատ ավելի բարդ մարտահրավերների, որոնք կհարկադրեն նրանց դիմելու 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից ավելի արմատական նախաձեռնությունների՝ Արևմտյան Հայաստանի շուրջ հայ-քրդական հակասությունների խաղարկման իրենց «հին ճոճանակն» օր առաջ վերականգնելու համար։

2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում, Հայաստանի Հանրապետությանը սպասող այս նոր հնարավորությունների ու մարտահրավերների բարդ խճանկարը չի կարող իր անդրադարձը չունենալ Հայաստանի ու հայության ներազգային կյանքում։ Մի կողմից՝ արտաքին մարտահրավերների մեծացման, իսկ մյուս կողմից՝ երկրում առկա խորհրդային պետաքաղաքական համակարգի վերապրուկին համակած փտախտի խորացման արդյունքում 2015-ին հայաստանյան հասարակությունը կամա թե ակամա դուրս է գալու ազգային հիշողությունից զրկված ամբոխի կամ օխլոսի վիճակից։

Պատճառն ակնհայտ է. թեև ամբոխի՝ որպես «հեղինակություններով դատող մարդկանց» (Վ. Բելինսկի) աշխարհընկալումը ժամանակավորապես մթագնել է հայաստանցիների մեծամասնության հիշողությունը, բայց չի կարողացել յուրացնել ու սեփականել ազգային արժեքների համակարգը։ Իսկ ժողովուրդը ամբոխից տարբերվում է նրանով, որ որոշակի արժեքների կրող է, առանց որի անհնար է պատկերացնել նրա հետագա գոյությունը՝ որպես ամբողջություն։ Ուստի Հայաստանում վերահաստատված խորհրդային պետաքաղաքական համակարգի կողմից մեր ազգային արժեքները սեփականելու փորձերի «գագաթնակետը»՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը զգայացունց արարողությունների և իմաստազուրկ «գիտաշոուների» վերածելու մտադրությունը, ազգային հիշողության խորքում արժեքներ պահպանող հայ ժողովրդին նետված մեծագույն մարտահրավեր է։

Երբ Հայաստանում անթաքույց կերպով պատրաստվում են Եղեռնի զոհերի հիշատակը մի խումբ պաշտոնյաների, դիզայներների, շինարարների ու հրատարակիչների միջոցով վերածել ամենասովորական թատերականացման, 2015-ի ապրիլյան օրերին հայ ժողովրդի հայաստանյան հատվածը չի կարող չառերեսվել հարազատ երկրում իր գոյության նյութական պայմանների և հոգևոր միջավայրի հետևողական ոչնչացման ու քայքայման նախկին ու ներկա գործընթացների ժառանգորդականության փաստին։ Առաջիկայում անխուսափելի է մեր հանրության առերեսումը՝ Հայաստանում հայ ժողովրդի շարունակականությանը սպառնացող այդ մեծագույն վտանգի հետ։ Քանզի 2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրացող յուրաքանչյուր հայի գլխին դոմոկլյան սրի նման կախվելու է՝ «մի՞թե սրան է արժանի կորուսյալ հայրենիք ունեցող ժողովուրդը» ցավագին հարցը։ Որովհետև առարկայորեն լուսարձակվելու է անցած տարիներին Հայաստանից տեղի ունեցած կործանարար արտագաղթի և երկրի անկախության սահմանափակման գործընթացի խորքային կապը։

Հայոց չարչարանքները սկսվել են այն պահից, երբ կորցրել ենք հավատը անկախ ապրելու հնարավորության հանդեպ, որից էլ սկիզբ է առել հուսալքությունն ու արտագաղթը։ Ուրեմն մեր չարչարանքների համար իրավունք և արդարություն պահանջելու խնդրի սկզբունքային լուծումը հնարավոր է միայն չարչարանքի՝ որպես համամարդկային երևույթի հանդեպ հաղթանակ արձանագրելու պարագայում, քանզի սուգը հավերժ է, երբ չկա պայքար:
Առ այդ՝ երբ առարկայական գործընթացների թելադրանքով մեր աչքերի առջև սկսում են խարխլվել ռուս-թուրքական «մուրճ ու սալի» շոշափուկները, երբ անխուսափելի աշխարհաքաղաքական տեղաշարժերը տեսանելի են դարձնում մեր 100-ամյա կապանքների հաղթահարման «հուսո դռները», հայոց տառապյալ հոգին 2015-ին պետք է առերեսվի գլխավոր ճշմարտությանը։

Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացի ամուր հիմքերը կդրվեն այն պահին, երբ 2015 թվականը՝ առերեսումների տարին, հայ ժողովրդի համար կդառնա Մեծ եղեռնին հետևած բարոյաքաղաքական չարչարանքների հանդեպ հաղթանակի տարի։ Իսկ նման հաղթանակը հնարավոր է միայն մեկ առանցքային պայմանի իրացման պարագայում. մեկդարյա քաղաքական խարխափումների ընթացքում պտույտներ գործելով «արևմտահայության Եղեռն-Հայաստանի անկախություն-անկախության կորուստ-նոր ցեղասպանություն (Ադրբեջանում)- նոր անկախություն» փակ շրջանակի մեջ՝ վերջապես պարտավոր ենք կանգ առնել ու եզրակացնել. ներկա գլոբալացող աշխարհում, ի՜նչ էլ որ լինի, իրավունք չունենք սակարկության տակ դնելու համաշխարհային քաղաքականության լիարժեք սուբյեկտի՝ անկախ Հայաստանի միջազգային-իրավական կարգավիճակը: Դա ոչ միայն Հայաստանի Հանրապետության հետագա գոյության պահպանման, այլև Արևմտյան Հայաստանի վերադարձի հնարավորության իրացման միակ տարբերակն է։

Դա նաև 100 տարի առաջ անկախ Հայաստան երազելով նահատակության պսակն ընդունած սերնդի պատգամն է՝ անցյալի դառնաղետ հիշողության մեջ տառապող ներկա սերնդին: Ուրեմն 2015-ին՝ առերեսումների տարում մեզանից դուրս հրաշքներ սպասելուց առաջ և սպասելու համար պարտավոր ենք մեր հոգուց մեկընդմիշտ վտարել օտարին ապավինող կամազուրկ ամբոխի անլիարժեքության բարդույթը՝ սկիզբ դնելով Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրական գործընթացին:

Խմբ.։

[scribd-doc doc=”255416058″ key=”j8ibNKARTuV7Yg2FJXFM” mode=”slideshow” height=”700″]

ՎԷՄ, 2014թ. թիվ 4(48)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով