Եղեռնի հիշողությունը գլոբալացող աշխարհում*

by/հեղինակ[ներ] on 01/05/2015  •  In Խմբագրական

«…գրավոր պատմության կողքին գոյություն ունի նաև կենդանի պատմությունը, որը տարիներ անց վերսկսվում է կամ շարունակվում, որովհետև նրանում կարելի է հայտնաբերել անցյալի բազում հոսքեր, որոնք նախկինում ցամաքած էին թվում ։
Մորիս Հալբվաքս

Եղեռնի հիշողությունը գլոբալացող աշխարհում*

Բանալի բառեր-Եղեռն, հիշողություն, գլոբալիզացիա, հայրենիքի գաղափար, հիշողության վայրեր, ընդհանուր ցավ, նահանջ, ընդհանուր տուն, փոքր քարտեզ, ծննդավայր, նախնիներ, թելեր։

Հայոց ցեղասպանության մասին մեր հավաքական հիշողության մեջ անցած 100-ամյակում տեղի ունեցած խորքային փոփոխությունների ուսումնասիրությունը խիստ անհրաժեշտ է գլոբալացող աշխարհում նրա ճանաչման, դատապարտման և հետևանքների հաղթահարման համար։
Թեև այդ ընթացքում մեզ հաջողվել է ապահովել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի անշրջելիությունը, բայց ազգի տրավմատիկ հիշողության պարբերական վերաթարմացումները Մեծ եղեռնի ընկալումը վերածել են մեր «ձեռքբերովի էությունների» երկար շղթայի ևս մեկ օղակի։ Ուստի միջնադարին ու Նոր ժամանակներին բնորոշ հայկականության դարաշրջանային կերպավորումների երկար շարքը համալրած՝ ցեղասպանվածի բարդույթը մի կողմից՝ նոր միջավայրին մեր ոչ ադեկվատ արձագանքի վկայությունն է, իսկ մյուս կողմից՝ գլոբալացող աշխարհին ինչ-որ կերպ ներկայանալու հնարավորությունը։ Անզորության և ուժի նման համադրությունը մեր «բուն էության» որոնման խնդիրը կրկին մղել է հետին պլան, որովհետև այդպես էլ չի փոխակերպվել ժամանակի մեջ սեփական ներկայությունն ապացուցող լիարժեք գոյության ։

Ավելին՝ Եղեռնը վերապրած սերնդի՝ կյանքից հեռանալու հետ միասին թուլացել է տեսողական հիշողության միջոցով պահպանվող՝ Հայրենիքի հետ անմիջական-զգայական կապը։ Մեր ընդհանրացված պատկերացումներում սկսել է ջնջվել նաև Հայրենիքի քաղաքական ու պատմական ընկալումների տարբերությունը՝ խանգարելով միջազգային-իրավական առումով մեզ պատկանող Վիլսոնյան Հայաստանի և Հարավային Կովկասի հայապատկան տարածքների միասնության ընկալմանը։ Անցած տասնամյակներում Սփյուռքում ծնված հայերի մոտ ծնունդ է առել նաև հակառակ ծայրահեղությունը՝ «երկու հայրենիքների» մասին պատկերացումը, ինչը երկատել է նրանց ինքնությունը։ Արդյունքում առաջ է եկել հարազատ հողից կտրված բույսի նման թառամող հայի մի նոր տեսակ, որին բնորոշ երկլեզվության փաստը հանգեցրել է որևէ օտար լեզվի և արևմտահայերենի զուգորդման իրողությանը։ Ուստի կորուսյալ հայրենիքի՝ գնալով ավելի ու ավելի խունացող պատկերին գամված մեր ազգային ժամանակը նոր սերունդների մոտ աստիճանաբար տրոհվել է Եղեռնի մասին հիշողության և ապրված կյանքի երկվությանը՝ ամբողջացնելով հետեղեռնյան Նահանջի ողջ համապատկերը ։

Նորագույն շրջանում այն ժամանակավորապես կասեցվել է անազատ, բայց հարազատ հողի վրա՝ Խորհրդային Հայաստանում, որտեղ 1960-ական թվականների կեսերից Եղեռնի վերհուշը հետևողականորեն խթանել է ազգային ինքնության որոնումները։ Արդյունքում՝ 1970-1980-ականներից Հայաստանում ու Սփյուռքում այն փոխակերպվել է ազգի զույգ հատվածների միասնական պահանջատիրական պայքարի։ Դրա հետևանքով դեռևս մինչև Հայաստանի անկախացումը Մեծ եղեռնի հիշողությունը դարձել է այն ընդհանուր ցավը, որը միավորում է Հայաստանում և օտար երկրներում բնակվող՝ իրենց ազգային ինքնագիտակցությունը պահպանած բոլոր հայերին։

Նորանկախ Հայաստանի պետական կեցության առաջին տասնամյակների փորձն արդեն ապացուցել է, որ այդ ցավից անհնար է ձերբազատվել՝ չունենալով նոր կորուստներ։ Դրա ամենահամոզիչ վկայությունը Եղեռնի վերհուշի դառն էջերը քաղցր հաղթանակների փոխակերպած Ղարաբաղյան պատերազմն էր։ Սակայն պատերազմին հաջորդած տասնամյակներին Հայաստանի ու Սփյուռքի կյանքում արձանագրված նոր տեղատվությունը այլևս կասկած չի թողնում, որ մինչ Հայոց ազգային ժամանակը 1915-ից հետո անվերջ պտույտներ է գործում պատմության շրջափուլային ընկալումների շրջագծում, մեր շուրջը ձևավորվել է մի նոր աշխարհ, որը նոր մարտահրավեր ու նաև՝ նոր հնարավորություն է Ազգի ու Հայրենիքի միասնության խնդրի լուծման ճանապարհին։

Այլևս ակնհայտ է, որ գլոբալացող աշխարհում անհնար է երկար ժամանակ պահպանել Եղեռնի հիշողությունը ազգ-պետությունների ձևավորման դարաշրջանին բնորոշ պատկերացումների միջոցով, որովհետև նրանում արձանագրվող տարածության սեղմման ու ժամանակի ընդարձակման իրողություններն աստիճանաբար ողջ Երկիր մոլորակը վերածում են մեկ ընդհանուր «Հայրենիքի»։ Ու թեև երկրորդի ազդեցությունն արդեն հանգեցրել է հայկական Սփյուռքի արագացված ձուլմանը, առաջինի կողմից ընձեռվող փրկարար հնարավորությունները դեռևս չեն գիտակցվում նախորդ դարաշրջանին բնորոշ պատկերացումներով առաջնորդվող մեր հանրույթի կողմից։ Որովհետև ներկայումս՝ գլոբալացող աշխարհում, սեփական անկյունն ունենալու ցանկությունը պայմանավորվում է մասնագիտության, զբաղմունքի, նախասիրության, ի վերջո՝ անհատական ընտրության գործոնով, ուստի հայ մարդը, ուզի թե չուզի, պետք է ներգրավվի մրցակցային նոր միջավայրի մեջ և ապացուցի սեփական մրցունակությունը, այսինքն՝ կենսունակությունը։ Մինչդեռ հայությանը միավորող քաղաքական նախագծերը հիմնված են ազգ-պետությունների ձևավորման շրջանի տրոհված, կտրտված և ազգային-պետական սահմաններում պարփակված քարտեզային իրողությունների բարդ խճանկարի վրա։ Եվ երբ այսօր արձանագրվում է Երկիր մոլորակի հետևողական փոխակերպումը մարդկության ընդհանուր տան, նրանում սեփական օջախն ունենալու ձգտումը ընդունում է ոչ այնքան աշխարհագրական, որքան արժեքային չափորոշիչների տեսք։ Որովհետև երբ ազգ-պետությունները սկսում են ինտեգրվել մեկը մյուսի հետ, գլոբալիզացիայի չափորոշիչներից տարանջատվելու և իրեն «մանուկ զգալու» համար մարդուն անհրաժեշտ հոգևոր պաշարը մնում է այնտեղ, որտեղ ձևավորվել է նրա ինքնությունը՝ որպես տրված իրողություն։

Նման պայմաններում թվում է, թե դեռևս որպես ազգ-պետություն չկայացած Հայաստանը դատարկող զանգվածային արտագաղթը դառնում է Հայրենիքի գաղափարի վախճանը: Մինչդեռ խորքային դիտարկումը ցույց է տալիս, որ հնարավոր է գտնել նոր իրողություններին ինտեգրվելու և սեփական նպատակներին ծառայեցնելու մեր ազգային հարացույցը՝ թոյնբիական «մարտահրավեր-պատասխան» բանաձևի լուծման հայկական ալգորիթմը։ Չմոռանանք, որ գլոբալացող աշխարհում արձանագրվող «նոր հայրենազրկումը» ծավալվում է մի կողմից՝ միջավայրի ու մարդու հակադրության խորացման, իսկ մյուս կողմից՝ հաղորդակցության միջոցների աննախադեպ զարգացման պայմաններում։ Այն այսօր արդեն թույլ է տալիս, իսկ ապագայում էլ ավելի է դյուրացնելու մեր ամենօրյա կենդանի-էլեկտրոնային տեսակապը Եվրոպայում կամ ԱՄՆ-ում բնակվող հարազատների հետ։ Իսկ մասնագիտական կամ արձակուրդային լայն շփումների հնարավորությունը ֆիզիկական առումով խիստ դյուրացնում է սեփական ինքնագիտակցությունը պահպանած անհատների ազատ ընտրությունը դեպի հարազատ միջավայրեր ուղղորդելու առաջադրանքի իրականացումը։
Ուրեմն՝ գլոբալացող աշխարհի ընձեռած շատ ավելի մեծ հնարավորությունների գիտակցումը մեզանից պահանջում է փնտրել և գտնել հայ անհատի հայաստանակենտրոն ընտրության մոտիվացիոն դաշտի պահպանման ու ընդարձակման բանալիները։ Առաջին առաջադրանքի լուծման ճանապարհին անմիջապես արձանագրում ենք, որ Եղեռնի հիշողությունը՝ որպես բոլոր հայերին միավորող բարոյական պարտականություն, աստիճանաբար, աննկատ կերպով վերածվել է գլոբալացող աշխարհում ազգի ու հայրենիքի միասնության գիտակցությունը պահպանող միանգամայն գործուն աշխատակարգի։

Իրավազրկված ազգերի համար տրավմատիկ հիշողությունը, ընդհանուր ցավի զգացողությունը նախկինում էլ միավորիչ ուժ են ունեցել։ Նման հիշողության քաղաքականացման միջոցով 2000 տարուց ավելի իրենց պատմական հայրենիքից զրկված հրեաները կարողացան վերատիրանալ նրան՝ 20-րդ դարին բնորոշ ֆիզիկական ուժի գերակայության անբարենպաստ պայմաններում։ Ուստի 21-րդ դարին բնորոշ՝ որակական ռեսուրսների առաջնության համատեքստում նույն գործընթացը ծավալելու մեր հնարավորությունները կախված են ինքնագիտակցության ու ինքնակազմակերպման նոր մակարդակի հասնելու ցանկությունից և ունակությունից։ Դա պահանջում է մի կողմ դնել ինչպես պետության շրջանակներում ողջ ազգի գերկենտրոնացման, այնպես էլ սփյուռքյան ապակենտրոն կեցությանը բնորոշ իզոլյացիոնիզմի զույգ ծայրահեղությունները։ Այս համատեքստում թեև բարոյապես հասկանալի է այսօր Սփյուռքում նկատվող՝«պետականությամբ հարբածներին» սթափեցնելու և Հայաստանի ներկա իշխանությունների որդեգրած Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների խորհրդային-արխաիկ բնորդը հաղթահարելու ցանկությունը, բայց սփյուռքյան ապակենտրոն կեցությանը վերադառնալու ձգտումը, իր հիմքում, նույնպես արխաիզմ է։

Ներկա պայմաններում Եղեռնի հիշողությունը՝ որպես բոլոր հայերին միավորող բարոյահոգեբանական գործոն, ունակ է դառնալու նման հակադիր ծայրահեղությունների հաղթահարման գործի առաջին հիմնաքարը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է կազմել և իբրև օգտակար ուղեցույց ունենալ երկու՝ մեծ և փոքր ազգային քարտեզներ։ Մեծ քարտեզը պետք է հնարավորինս ընդգրկի ողջ աշխարհում ապրող և հայկական ինքնագիտակցություն ունեցող հայերին՝ յուրաքանչյուրի ներկա ու նախկին բնակության վայրը, զբաղմունքը և նախասիրությունները թվարկող աղյուսակների միջոցով մեզ մատուցելով ազգի ամբողջական պատկերը։ Փոքր քարտեզը պետք է պատկերի Վիլսոնյան Հայաստանը և Հարավային Կովկասում մեզ պատկանող բոլոր բնակավայրերը՝ ոչ թե իբրև համահարթեցված ամբողջության արտահայտություն, այլ փոքր հայրենիքների՝ հայոց ոստանների խճանկար ։

Ներկա գլոբալացող աշխարհում այնքան էլ կարևոր չէ, թե բախտի քմահաճույքով որտե՞ղ է հայտնվել հայ մարդը։ Կարևորն այն է, որ նա, շնորհիվ իր ժողովրդի հանդեպ տեղի ունեցած անարդարության հետևանքները հաղթահարելու անկեղծ ձգտման, մինչ օրս իրեն հայ է համարում և որպես այդպիսին՝ որոնում է սեփական հիշողությունը նյութականացնող այն կոնկրետ վայրը, որտեղից սերում են իր նախնիները, որպեսզի առայժմ գոնե հոգեպես ազգային մեծ քարտեզից տեղափոխվի փոքրի վրա։
Եղեռնի հիշողությունը՝ որպես բոլոր հայերի հավաքական հիշողություն, այն հզոր բարոյահոգեբանական ազդակն է, որը Հայաստանի անկախացումից հետո հայ մարդու մոտ ուժեղացրել է Հայրենիքի հանդեպ հետաքրքրությունը՝ վերածվելով Հայաստանի Հանրապետության կամ Արցախի այս կամ այն բնակավայրի հետ կապվածության զգացողության, սակայն այդ գործընթացն ինքնահոսի է մատնվել, իսկ հաճախ էլ ձևախեղվել է՝ Մեծ ու Փոքր հայրենիքների պարզունակ նույնականացման կամ անհարկի հակադրման պատճառով։

Իրականում՝ առանց Փոքր Հայրենիքի զգացողության վերականգնման՝ գլոբալացող աշխարհում Մեծ Հայրենիքի գաղափարը այսուհետ ևս միավորելու է միայն ազգի ընտրյալ զավակներին։ Ուստի Եղեռնի հիշողության բարոյական հզոր ուժը գլոբալացող աշխարհում անհատների ազատ ընտրության խնդիրը դեպի հոգեհարազատ միջավայրեր ուղղորդող առաջին խթանն է, որը թույլ է տալիս բացել համահայկական կոմեմորացիայի ողջ գունապանկը։ Իսկ այդ առումով հայրենիքը պարզ-քարտեզային իրողություն չէ, այլ հայրենի հիշատակները մարմնավորող լեռ ու ձոր, ամրոց ու եկեղեցի, տուն ու այգի, որոնց պատկերները խտացնում են սերունդների կողմից ապրված կյանքի մասին կենդանի հիշողությունը։ Ուստի առանց վերջինիս տրավմատիկ երեսի նոստալժիկ վերաիմաստավորման՝ Եղեռնի հիշողության մեջ անթեղված Մեծ Հայրենիքի զգացողությունը լավագույն դեպքում կարող է առաջ բերել ապրիլ 24-ին բողոքի ցույցի դուրս գալու ցանկություն։ Գլոբալացող աշխարհում իրեն մենակ զգացող հայի համար միայն Փոքր Հայրենիքի՝ հայրական տան, սեփական օջախի և միաժամանակ՝ վերջնահանգրվանի գիտակցումը կարող է արթնացնել կարոտի զգացողությունն ու վերադարձի ցանկությունը, որովհետև հենց դա է հային բնորոշ վառ անհատականությանն ընձեռում միջավայրի համահարթեցնող միօրինակությունից տարանջատվելու հնարավորություն։ Քանզի նման պայմաններում առաջ են գալիս անհատի մակարդակով ընկալվող միավորիչ արժեքներ, որոնք ստեղծում են մարդկային մտքի ու սրտի հաշտեցման հնարավորություն, մանավանդ՝ երբ միաձուլվում են սրբազան հիշատակներից ամենանվիրականի՝ նախնիների շիրիմների առկայության գիտակցման հետ։

Ուստի նախկինում ցանկացած երկու հայի հանդիպման ժամանակ հնչող «որտեղացի՞ ես» ավանդական հարցումը՝ դիմացինի Փոքր Հայրենիքը՝ Վանի կամ Մուշի մոտ գտնվող կոնկրետ բնակավայրը պարզելու ցանկությունը, գլոբալացող աշխարհի պայմաններում դադարում է լինել հատվածականության դրսևորում և աստիճանաբար ձեռք է բերում ինքնության բաղադրիչի իմաստ ու նշանակություն։ Որովհետև նրանում Եղեռնի մասին ընդհանուր գիտելիքները խաղում են ոչ թե արխիվային, այլ ֆունկցիոնալ հիշողության դեր։ Քանզի հաջորդական սերունդների կյանքում տեղ գտած հիշողության վայրերը, որոնք «շրջապատված են խորհրդանշական աուրայով» , ձեռք են բերում ոչ թե սովորական տեղեկույթի, այլ կյանքի անընդհատության իմաստ ու բովանդակություն։

Պատճառն ակնհայտ է. որքան ընդհանրական բնույթ է ստանում աշխարհում մարդկանց միավորող արժեքների համակարգը, այնքան անհրաժեշտություն է առաջանում փնտրել ու գտնել նրանց միմյանցից տարանջատող այն միկրոմիջավայրերը, որտեղ ծնվել, մեծացել, սիրել ու հերոսացել են կոնկրետ անհատներն ու նրանց նախնիները։ Այս երևույթի առարկայացման գործընթացն անգամ ամենաառաջադեմ ազգերի մոտ արդեն տեղափոխվել է հիշողության վայրերի (lieux de memoire) փնտրտուքի և ուսումնասիրության (memory studies) հարթություն։ Սա քաղաքակրթության զարգացման որոշակի հանգրվանից բխող մարտահրավեր է, ուստի իր զբաղմունքի բերումով աշխարհի այս կամ այն կենտրոնում մասնագիտական գետնի վրա ինքնահաստատվելու հետ միասին՝ յուրաքանչյուր հայ անհատ իր գիտակից կյանքի ընթացքում պարտավոր է անպայման փնտրել, գտնել ու վերականգնել իր նախնիների տունը՝ կապվելով ներկա Հայաստանի Հանրապետության, Արցախի կամ Արևմտյան Հայաստանի որևէ գյուղի կամ քաղաքի հետ։ Արդյունքում մենք կունենանք գլոբալիզացիայի դարաշրջանի նոր իրողություններին միանգամայն հարիր ազգի երկմիասնական տեղաբաշխման քարտեզը, որը 21-րդ դարում կարող է ստեղծել ժողովրդագրական ամուր հենք հայկական պահանջատիրության համար։

Ազգ-պետությունների նեղ սահմաններն աստիճանաբար հաղթահարող գլոբալ աշխարհում Եղեռնի վերհուշն այն բարոյահոգեբանական ազդակն է, որը թույլ է տալիս բռնել հայերի հաջորդական սերունդների հիշողության թելերը և նրանց առաջնորդել դեպի այն նվիրական վայրերը, որոնք շրջապատված են իրենց անմիջական նախնիների կյանքի ու գործերի հիշատակներն ամփոփող խորհրդանշական աուրայով։ Մեր շուրջն ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ եկել է հայոց կենդանի պատմության մաշվող թելերը ազգային քաղաքականության ամուր կծիկի վերածելու ժամանակը, որովհետև մինչ օրս դրանց ամրությունը պահպանող՝ իրավազրկված լինելու գիտակցությունը վաղ թե ուշ նահանջելու է ցեղասպանության համար հատուցման խնդրի առաջադրմանն ու հանգուցալուծմանը զուգընթաց։
Խմբ.։

Loading...

ՎԷՄ, 2015թ. թիվ 1(49)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով