Թուրք-քրդական դիմակայությունը եւ Արեւմտյան Հայաստանի ճակատագիրը*

by/հեղինակ[ներ] on 05/11/2015  •  In Խմբագրական

Թուրք-քրդական դիմակայությունը եւ Արեւմտյան Հայաստանի ճակատագիրը*

Բանալի բառեր-քրդեր, թուրքեր, Արևմտյան Հայաստան, ժողովրդագրական աղետ, բումերանգ,Քրդական բանվորական կուսակցություն (ՔԲԿ), Ա. Օջալան, հարամ, հալալ։

Տարածաշրջանում անկասելիորեն առաջ ընթացող աշխարհաքաղաքական տեղաշարժերի ազդեցությամբ Թուրքիայում վերսկսված քրդական զինյալ պայքարը վկայում է, որ Հայոց ցեղասպանության իրականացման միջոցով բռնազավթված Արևմտյան Հայաստանի ճակատագիրը մինչ օրս չի վճռահատվել։

Մեր հայրենիքին տիրանալու համար քրդերի ու թուրքերի հետեղեռնյան արյունոտ դիմակայության նոր հանգրվանի հիմնական առանձնահատկությունը նրա անխզելի կապն է գլոբալ քաղաքականության մեջ նշմարվող՝ Մերձավոր ու Միջին Արևելքի արմատական վերակառուցման փորձերի հետ։ Դրանց հիմքում ընկած է մի շարք պետությունների փլուզման, իսկ մյուսներին նոր գործառույթներով օժտելու ռազմավարական հիմնանպատակը։ Ուստի նախապես «խանդի տեսարաններ» սարքելու փոխարեն հարկ է ավելի սառը հայացքով քննել Արևմտյան Հայաստանը էթնիկ ու աշխարհաքաղաքական հակամարտությունների արյունոտ կրկեսի վերածվելու ներկա իրողությունը՝ հստակեցնելու համար հնարավորությունների այն սահմանը, որը ստեղծված իրավիճակն ընձեռում է նրա անմիջական մասնակիցներին ու նախ և առաջ՝ «Մեծ Քուրդիստանի» երազանքով տարված քրդերի արմատական մասին։

Հայտնի է, որ դարեր շարունակ քրդական ցեղերը Օսմանյան կայսրության հլու-հնազանդ գործիքների դերում են եղել՝ դրանով ապահովելով իրենց առաջխաղացումը դեպի հյուսիս՝ Հայկական լեռնաշխարհի բարձրադիր արոտավայրերը։ Քրդերի զանգվածային թափանցումները Հայկական լեռնաշխարհ օսմանյան առաջին սուլթանները դիտարկում էին շիա Պարսկաստանի դեմ սուննիական պատնեշի, իսկ վերջին սուլթանները՝ Արևմտյան Հայաստանում հայերի համահավաք բնակությունը խաթարող էթնիկ հակակշռի համատեքստում։ Անշուշտ, պատմության առանձին շրջափուլերում քրդերը նույնպես փորձել են անկախանալ Թուրքիայից, սակայն չունենալով զարգացման համապատասխան մակարդակ՝ ընդհուպ Հայոց ցեղասպանությունը լուրջ վտանգ չեն ներկայացրել նրա համար։ Իրավիճակը փոխվեց Հայոց ցեղասպանությունից հետո, երբ թուրք փաշաներից մեկը, ճնշելով քրդերի հերթական ապստամբությունը, բազմանշանակ կերպով ակնարկեց. «Թուրքիայում մենք վերացրինք «ծո» ասողներին, հիմա պատրաստվում եմ արմատից մաքրել հայրենիքը «լո» ասողներից» (ընդգծումները մերն են-Գ.Խ.) ։

Պատճառն ակնհայտ է. Հայոց ցեղասպանության առաջ բերած ժողովրդագրական աղետի արդյունքում խախտվել էր հայ-թուրք-քրդական զուգահեռ գոյակցությունը, և թվում էր, թե քրդերի բնաջնջման խնդիրը նույնպես ժամանակի հարց է։ Բայց Աստծո կողմից ստեղծված համամասնությունների խախտումը բումերանգի նման հետ է վերադառնում՝ հարվածելով նրա հեղինակներին: Ուստի փոխադարձ կոտորածներով ուղեկցված քրդական ապստամբությունների (Շեյխ Սայիդի՝ 1925, Արարատի՝ 1926-1930, Դերսիմի՝ 1937-1938) դաժան ճնշումները սկզբունքորեն չփոխեցին երկրամասի ժողովրդագրական պատկերը։ Պարզապես դրանց հետևած տեղահանությունների արդյունքում քրդերի մի մասը հայտնվեց Արևմտյան Հայաստանից և Քուրդիստանից դուրս ու հասցրեց ինտեգրվել իրեն հավատակից թուրքական հասարակությանը։ Թուրքիայի շուրջ աշխարհաքաղաքական դիմակայության 1920-1930-ական թվականների հանգրվանի իրական արդյունքը Մոսուլի նահանգի հանդեպ թուրքական հավակնությունների չեզոքացումն էր Մեծ Բրիտանիայի կողմից, ինչը հետագայում՝ Իրաքի ներսում, քրդերի համար դարձավ հենակետ ինքնավարության և ազգահավաքի օջախ ձևավորելու համար:

Իսկ ահա ԽՍՀՄ-ի ու Արևմուտքի սառըպատերազմյան դիմակայության շրջափուլում ձևավորված խորհրդամետ-մարքսիստական Քուրդիստանի բանվորական կուսակցության շուրջ 30-ամյա պայքարում Թուրքիայի քրդերն այլևս միասնական չէին։ Նրանց մի մասը գործակցում էր թուրքական իշխանությունների հետ՝ հաճախ նրանց մատնելով իր հայրենակիցներին։ Դա է պատճառը, որ հետխորհրդային շրջանում, երբ Աբդուլլա Օջալանի «հանձնման» պրիմակովյան գործարքով ավարտվեց թուրք-քրդական դիմակայության «խորհրդային հանգրվանը», քրդերի շրջանում անկախական գաղափարներին սկսեցին փոխարինել ինքնավարության ձգտումները։ Ուստի Թուրքիայում համաօսմանյան տեսլականով հանդես եկած չափավոր իսլամականները հնարավորություն ստացան Ա. Օջալանի պատանդառումն օգտագործել «մտրակի ու կարկանդակի» քաղաքականություն վարելու համար։

Այժմ, երբ արդեն անվիճելի իրողություն է ինքնավար Քուրդիստանի ձևավորումը Հյուսիսային Իրաքում, իսկ Թուրքիայում չափավոր իսլամականների քաղաքականությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, քրդական շարժումն այստեղ հանդես է գալիս դիմադրության ավելի բարդ ու բազմաշերտ համակարգի տեսքով։ Նա սկսել է հաշվի առնել և յուրացնել քաղաքակիրթ Եվրոպայում իռլանդացիների ու բասկերի կիրառած քաղաքական աշխատակարգերը՝ հաջողությամբ զուգորդելով պայքարի բռնի-հեղափոխական և խաղաղ-պառլամենտական մեթոդները։ Ուստի ներկայումս ՔԲԿ-ի ռազմական թևը մարտնչում է լեռներում, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» թուրքական խորհրդարանում միանգամայն քաղաքակիրթ պայքար է մղում ոչ միայն քրդերի, այլև մյուս ազգությունների իրավունքների պաշտպանության համար։ Ավելին՝ Դիարբեքիրի, Բիթլիսի կամ Վանի տեղական ինքնավարության մարմինները և բազմաթիվ քրդական մշակութային կազմակերպություններ ոչ միայն շարունակում են ազատորեն գործել, այլև Արևմտյան Հայաստանից «բարեկամական այցեր» կատարել Հայաստանի Հանրապետություն։ Արդյունքում՝ թուրքական պետությանը զրկելով իրենց որպես մեկ ամբողջություն թիրախավորելու հնարավորությունից, քրդերը նույն խնդիրը փորձում են լուծել նաև հայերի հետ հարաբերություններում։

Դա է պատճառը, որ վերջին ամիսներին օգտագործելով «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակը՝ Թուրքիան ինքը նախահարձակ գործողությունների դիմեց քրդերի դեմ՝ փորձելով սադրել ՔԲԿ-ի պատասխան քայլերը։ ՔԲԿ-ն իր հերթին օգտվեց այդ հնարավորությունից՝ երկրի տնտեսական ու քաղաքական վիճակը ապակայունացնելու համար։ Նման փակուղային դիմակայությունը՝ անկախ նրանից, թե ո՛ր քաղաքական ուժը հաղթանակ կարձանագրի Թուրքիայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում, հետընտրական շրջանում ևս հանգեցնելու է արյունալի բախումների, որոնք ի վերջո ուժասպառության են հասցնելու երկու կողմերին։

Այսպիսով՝ Հայոց ցեղասպանության հետևանքով տեղի ունեցած ժողովրդագրական աղետի արդյունքում Արևմտյան Հայաստանում խախտված ներքին համամասնությունները 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբներին տարածաշրջանի շուրջ արձանագրված աշխարհաքաղաքական դիմակայությունների յուրաքանչյուր շրջափուլում քրդերին ու թուրքերին պարբերաբար ներքաշել ու շարունակում են ներքաշել փոխադարձ ոչնչացման մսաղացի մեջ։ Այդպես եղավ 1920-1930-ական թվականներին, այդպես եղավ նաև 1980-1990-ականներին, այդպես է լինելու նաև առաջիկայում, երբ քրդական շարժումը օբյեկտիվորեն ծառայելու է Թուրքիայի Հանրապետության թուլացման ու ներքին ապակենտրոնացման խնդրի լուծմանը։

Ուրեմն՝ թուրք-քրդական դիմակայության բոլոր նշանակալի հանգրվանները, ճշգրիտ կերպով համապատասխանելով Թուրքիայի ու մանավանդ՝ նրա զավթած Արևմտյան Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական կացության փոփոխության հաջորդական շրջափուլերին, ողջ 20-րդ դարում հստակորեն ի ցույց են դրել իրենց փակուղայնությունը։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր նրանում չեն լինելու ո՜չ հաղթողներ և ո՜չ էլ պարտվողներ՝ երկու հիմնական պատճառներով։ Առաջին՝ քրդերն ի վիճակի չեն կոտրելու Թուրքիայի պետական մեքենայի ու նրա առանցքը կազմող բանակի դիմադրությունը և իրենց ուժերը կենտրոնացնելով Արևմտյան Հայաստանի տարածքներում՝ այն դարձնելու սեփական անկախության հիմնաքարը։ Երկրորդ՝ թուրքերն իրենց հերթին արյունալի բախումներ հրահրելու ճանապարհով անգամ ի վիճակի չեն արմատախիլ անելու պայքարի «խառը մարտավարությամբ» առաջնորդվող քրդական շարժումը։

Ուստի հստակորեն գիտակցելով Արևմտյան Հայաստանում շարունակվող թուրք-քրդական դիմակայության փակուղայնությունը՝ մենք պարտավոր ենք ամեն գնով կանխել ներկայումս այնտեղ գլուխ բարձրացնող և իր ինքնության մասին բարձրաձայնող իսլամացած հայությանն այդ աննպատակ մսաղացի մեջ ներքաշելու փորձերը, որում շահագրգռություն են դրսևորում և՜ քրդական շարժումը, և՜ այն թիրախավորելու նպատակով նրան «հայկական պիտակ» փակցնող թուրքական ռասիզմը։

Թուրք-քրդական դիմակայության անհաղթահարելի փակուղին մեր իսլամ հարևաններին ապացուցում է շարիաթի օրենքներով ամրագրված այն ճշմարտությունը, որ իրենց չպատկանող տարածքների ու հարստության համար ծավալվող դիմակայությունը հարամ է և՜ քրդերի, և՜ թուրքերի համար։ Հարամ է, որովհետև ինչպես ժամանակին երիտթուրքերի կողմից առաջադրված «Մեծ Թուրանի» զառանցանքը, այնպես էլ «Մեծ Քուրդիստանի» ներկա երազանքը Հայոց ցեղասպանությունից ու նրա հետևանքներից օգտվելու նպատակ ունեցող ագրեսիվ ծավալապաշտության դրսևորումներ են։ Դրանք որևէ կապ չունեն 20-րդ դարասկզբի զույգ տասնամյակներում բյուրեղացած «Միացյալ և անկախ Հայաստանի» տեսլականի հետ, որը հիմնվում է Հայոց պետականության պատմական տարածքներում հետագայում հաստատված թուրքերին ու քրդերին գիտակցաբար արված բանական զիջումների վրա (Սվազի, Դիարբեքիրի ու Խարբերդի վիլայեթներ, Էրզրումի վիլայեթի արևմտյան և Վանի ու Բիթլիսի վիլայեթների հարավային մասեր և այլն), որոնք հաշվի են առնում մինչ Հայոց ցեղասպանությունն առկա ժողովրդագրական իրողությունները։ Հենց այդ բանական փոխզիջումն է Սևրում ամրագրել միջազգային հանրությունը և հանձնել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարարությանը։

Ու քանի որ մեր հարավային հարևանների «քոչատեղերը» հատվել են Հայկական լեռնաշխարհում, հարամի համար թուրք-քրդական պայքարը բումերանգի նման հետ է վերադարձել՝ ողջ 20-րդ դարի ընթացքում ծանր հարվածներ հասցնելով և՜ թուրքերին, և՜ քրդերին։ Այսինքն՝ Հայոց ցեղասպանության առաջ բերած ժողովրդագրական աղետը փոխակերպվել է զոհից խլված ավարը կիսելու գործընթացի։ Երկու ժողովուրդների համար էլ ծուղակ դարձած փոխադարձ ոչնչացման այս արյունոտ կրկեսը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ քրդերն ու թուրքերը խորապես չեն գիտակցել Իսլամի մեջ հստակորեն ամրագրված «հարամ» և «հալալ» հիմնագաղափարները և չեն ընդունել այն իրողությունը, որ իրենց կրոնի հիմնադիր-մարգարեները ժամանակին ճանաչել են հայերի անժամանցելի իրավունքները ՝ դրանով խոստովանելով, որ յուրաքանչյուր ժողովրդի հող-հայրենին հալալ է միայն իր համար։

Ուրեմն՝ Հայոց ցեղասպանության իրականացման միջոցով բռնազավթված Արևմտյան Հայաստանի ճակատագիրը մինչ օրս ոչ միայն չի վճռահատվել, այլև անեծքի նման կախվել է արդեն շուրջ 100 տարի նրա համար արյուն թափող թուրքերի ու քրդերի հաջորդական սերունդների գլխին։ Թե նրանք ե՞րբ կգիտակցեն իրենց բաժին ընկած խայտառակությունը՝ դժվար է ասել: Բայց մենք՝ հայերս, դառնալով նման տխուր ու արգահատելի իրողության ականատեսը, չպետք է հրճվանք ապրենք և բավարարվենք միջազգային ասպարեզում սեփական իրավունքների անժամանցելիության փաստի հաստատագրումով: Մենք պետք է մեր հաջորդական սերունդների մոտ վառ պահենք այսօր էլ արտասուքի հովիտների վերածված Արևմտյան Հայաստանի մասին հիշողությունը։ Սակայն, մեր Հայրենիքին վերատիրանալու առաջադրանքի հանգրվանային լուծումն այսօր նախ և առաջ գտնվում է կենսունակ պետություն և զարգացող երկիր ունենալու և նրա շուրջ ողջ հայությանը համախմբելու խնդրի տիրույթում։

Արևմտյան Հայաստանի ճակատագիրն անորոշ մնալու ակնհայտ իրողությունը պետք է լուսավորի հայերիս ներկա սերնդի ժամանակավորապես մթագնած հավաքական գիտակցությունը, ամրապնդի ազգային կամքը՝ մեր առջև կանգնած առաջնահերթ խնդիրների լուծումն արագացնելու համար։ Որպեսզի հերթական անգամ ձեռքից բաց չթողնենք անկասելիորեն առաջ ընթացող աշխարհաքաղաքական տեղաշարժերի երկաթյա տրամաբանությամբ վաղ թե ուշ Հայաստանին ու հայ ժողովրդին ընձեռվելիք նոր հնարավորությունը։

Խմբ.

Loading...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով