ՀՅ Դաշնակցությունը եւ Հայաստանի քաղաքակրթական առաքելությունը*

by/հեղինակ[ներ] on 11/02/2016  •  In Խմբագրական

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Եթե ձեր երազանքներն ավելի շատ են, քան ձեռքբերումները, նշանակում է՝ դուք դեռևս երիտասարդ եք :
Շիմոն Պերես

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ*

Բանալի բառեր — ՀՅ Դաշնակցություն, 125-ամյակ, պատմության գաղափար, քաղաքակրթական գործընթացներ, Արևմուտք, Արևելք, հայկական մեծ սինթեզ, «խնդիր-ծուղակ», առաքելություն։

ՀՅ Դաշնակցության 125-ամյակի հանդիսությունները ոչ միայն կուսակցության անցած դժվարին ու բարդ ճանապարհին արձանագրված ձեռքբերումների ամփոփման առիթ էին, այլև մինչ օրս դեռևս անկատար մնացած նպատակների նորովի իմաստավորման հնարավորություն։
Արագորեն փոփոխվող աշխարհում վերջին հանգամանքն ավելի կարևոր է, որովհետև մեզանից պահանջում է ոչ թե պարզապես վերհիշել անցյալը, այլ գտնել նրա հիմքը կազմող այն խորքային արժեքները, որոնք ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ է տեղափոխել ապագա։ Որովհետև պատմությունը չի կրկնվում իբրև իրադարձությունների պարզ հաջորդականություն, այլ որոշակի պարբերականությամբ բացահայտում է իր հիմքում առկա գաղափարների ու նպատակների ժառանգորդականությունը։ Ուստի քաղաքակիրթ ազգերը իրենց պատմության հաջորդական հանգրվաններում վերաիմաստավորում են նախնիների նպատակները՝ փորձելով գտնել դրանց լուծման նոր հնարավորություններ։ Նման երևույթը վկայում է նրանց քաղաքակրթական ավանդույթի կենսունակության մասին, որն իբրև պատմության գաղափար՝ պարբերաբար հիշեցնում է իր գոյության մասին։

Այսօր՝ կուսակցության հիմնադրումից շուրջ 125 տարի անց, վրա է հասել այն պահը, երբ ՀՅ Դաշնակցության պատմությունը կարող է լիարժեքորեն համարկվել Հայոց պատմության մեջ հենց նման լայն՝ քաղաքակրթական ընկալման միջոցով։ Որովհետև կուսակցության անցած երկար ու բարդ ճանապարհին ի հայտ են եկել այնպիսի օրինաչափություններ, որոնք ակնհայտորեն չեն տեղավորվում ժամանակի կարճ տևողության ծիրում։ Խնդիրն այստեղ հարուստ պատմություն ունենալու մեջ չէ, որի՝ Սփյուռքում անխաթար մնացած տարտամ անցյալականության բեռը Հայաստանում փորձ է արվում փոխարինել պարզունակ, անգամ գռեհիկ դետերմինիզմով։ Նման մոտեցումն այսօր փակել է հայրենի պատմագետների մտածողության հորիզոնը՝ անցյալը դարձնելով ներկայի գերին։ Մի կերպ պատասխանելով «ինչպե՞ս է եղել իրականում» հարցին, նրանք «ինչո՞ւ է եղել այդպես»-ը բացատրելու իրենց անկարողությունը քողարկում են ՀՅԴ-ի «ճիշտ» և «սխալ» քայլերի մասին պարզունակ սոփեստություններով՝ դրանով իսկ շրջափակելով կուսակցության պատմությունը հասկանալու իրենց առանց այդ էլ սահմանափակ հնարավորությունները։

Այս ամենը Նոր ժամանակների հայ քաղաքական կյանքի առանցքային դերակատարի գործունեությունը ժամանակի ընդլայն կամ քաղաքակրթական չափույթով դիտարկելու ինտելեկտուալ անկարողության վկայություն է։ Որովհետև «ինչո՞ւ է եղել այդպես»-ի պատասխանը փնտրելու գործընթացում մենք անմիջապես արձանագրում ենք, որ իր խորքային՝ քաղաքակրթական էության մեջ Հայոց պատմությունը հենց այդպես էլ եղել է ոչ միայն Նոր ժամանակներում, այլև Անտիկ աշխարհում ու Միջնադարում։ Ուրեմն կա՜մ ՀՅԴ-ի «ճիշտ» և «սխալ» քայլերի մասին սիրողական «խոսք ու զրույցը» հարկ է տեղափոխել նաև տիգրանների ու վարդանների ժամանակները, կա՜մ էլ նրա պատմությունը ժամանակի կարճ տևողության չափույթով դիտարկելու փոխարեն պետք է եզրակացնել, որ Նոր ժամանակներում ՀՅ Դաշնակցությունը հայ ժողովրդի ծոցից ելած միակ քաղաքական ուժն էր, որը կարողացավ ըմբռնել հայկականության արժեհամակարգը ոչ միայն իբրև անընդհատ հարստացող մշակույթ, այլև՝ պատմության գաղափար։

ՀՅԴ պատմությունը ներկայի արժեչափերով գնահատվող անցյալի սովորական դրվագ չէ, այլ անցյալը ներկայի միջով ապագային կապող որոշակի ու հստակ քաղաքակրթական գործընթացի քաղաքական կերպավորում, որի շնորհիվ անգամ Հայոց ցեղասպանության առաջ բերած կատարյալ անելանելիության և Ռուսական հեղափոխության հետևանք բացարձակ քաոսի պայմաններում 1918-ին հնարավոր եղավ հունավորել Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը։ Ուստի՝ որպեսզի հասկանանք հայ մշակույթի զարգացման անընդհատության վրա հիմնվող Հայոց պատմության գաղափարը, պարտավոր ենք նախ՝ արձանագրել, որ համաշխարհային-պատմական առումով Հայաստանի ու հայության վերելքի և անկման շրջափուլերը բավականին մեծ ճշգրտությամբ համապատասխանում են Անտիկ աշխարհում, Միջնադարում և Նոր ու Նորագույն ժամանակներում Հայաստանում ու նրա շուրջը ծավալված որոշակի քաղաքակրթական գործընթացների տրամաբանությանը։ Հայկականությունը՝ որպես արժեհամակարգ, և Հայաստանը՝ որպես ուրույն քաղաքակրթություն, ծաղկում են ապրել պատմության այն բեկումնային հանգրվաններում, երբ համաշխարհային բեմահարթակում ընթացող քաղաքակրթությունների դիմակայությանը հաջորդել է նրանց համադրության ու սինթեզի հանգրվանը։ Հայոց պատմության հենց այդ «աստեղային պահերին», երբ Արևմուտքը որպես ակտիվ բևեռ, բախել է Արևելքի դռները, զույգ քաղաքակրթական արժեհամակարգերի նախնական համադրություն Հայաստանն ու հայությունը հնարավորություն են ստացել իրականացնելու իրենց բուն գործառույթը, իրենց առաքելությունը՝ հայկական մեծ սինթեզը։ Նվազագույն պայմանների առկայության պարագայում քաղաքակրթական նախասկզբի նման «վերաթարմացումն» ընդունել է քաղաքական, այսինքն՝ պետական կերպարանք, իսկ բացակայության դեպքում՝ հոգևոր-մշակութային վերելքի տեսք։ Ուստի երիցս իրավացի էր հայ մեծ պատմագետ Նիկողայոս Ադոնցն իր այն պնդման մեջ, որ «Հայութեան արեւմտահայեաց հակումները քաղաքակրթական երեւոյթ են ամենից առաջ եւ նրանից ծնած է քաղաքականը։ Նա հայ պատմութեան խթան է, որի դէմ դժուար է աքացել»։

Հենց ՀՅ Դաշնակցությունն ինքը՝ որպես կուսակցություն, եվրոպական լուսավորականության գաղափարաբանության հենքի վրա հայ մշակույթի կողմից իրականացված այդ հին համադրության ու սինթեզի նոր բարձրակետն էր՝ Հայաստանի վերելքի նախորդ հանգրվաներում ևս դրսևորված հստակ օրինաչափության կրկնությունը։ 19-րդ դարում հայության վերելքը պայմանավորած եվրոպական լուսավորականությունն իբրև հզոր քաղաքակրթական ազդակ՝ անտիկ աշխարհում Մեծ Հայքի ծաղկումն ու հզորացումն ապահոված հելլենիզմի, իսկ վաղ միջնադարում՝ քրիստոնեական գաղափարաբանության օրգանական շարունակությունն էր։ Պարզապես՝ 19-րդ դարում, հայության կյանքի եվրոպականացման արդյունքում, մեզ վաղուց ծանոթ «հին գինին» սկսել էր «եռալ» Նոր ժամանակներին բնորոշ լուսավորականության «պատյանի» մեջ։ Նման գործընթացի քաղաքական կերպավորման բարձրակետը դարձած ՀՅ Դաշնակցության գործունեության շնորհիվ մենք վերհիշեցինք և նորովի վերաիմաստավորեցինք Հայոց պատմության գաղափարը ու կրկին դարձանք պետություն ու պատմություն կերտող ազգ։ Ուրեմն՝ նրանում արձանագրված «ճիշտն ու սխալը» ոչ թե պրագմատիզմի կամ իրատեսականության պակասի հետևանք էր, այլ քաղաքակրթական իդեալի և դաժան իրականության բախման արդյունք։ Շեղվել իդեալից՝ նշանակում էր հրաժարվել ինքն իրենից, դիմակայել իրականությանը՝ նշանակում էր ունենալ լուրջ կորուստներ։ ՀՅ Դաշնակցությունը չէր կարող լինել ասիական վայրագ իրականության պարտադրած պայմանների գերին, ուստիև նրա պարտություններն անգամ բացում էին իր գաղափարների հաղթանակի դուռը։

ՀՅ Դաշնակցության կողմից՝ Հայաստանի առաջին Հանրապետության տեսքով վերամարմնավորված հայոց քաղաքակրթական իդեալը վերապրեց անգամ խորհրդային ամբողջատիրության մթնոլորտում՝ անկախության բացակայության պայմաններում կրկին վերածվելով պատմության գաղափարի։ Պետական անկախության կորստից հետո հայկական զարթոնքի ալիքը մի կողմից հորդեց դեպի ազատ Սփյուռք, իսկ մյուս կողմից՝ ողողեց խորհրդային հսկայածավալ կայսրության տարածքը։ Հայ ժողովրդի զավակները նոր պայմաններում նույնպես շարունակեցին նույն գործառույթը՝ հայկական մեծ սինթեզը մարդկային գործունեության բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից ու տնտեսությունից մինչև մշակույթ ու գիտություն։ Այդ դժնդակ տարիներին նրանք՝
— արևմտյան տեխնոլոգիաներ ներմուծեցին կոլեկտիվացման հետևանքով սովի դատապարտված ԽՍՀՄ-ի տնտեսության մեջ և նրա գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը օժտեցին գոյատևելու և անգամ գերմանական հզոր ռազմամեքենան ջախջախելու ներքին հնարավորություններով,
— համադրեցին ու սինթեզեցին եվրոպական և ռուսական դասական երաժշտությունն ու գեղանկարչությունը Արևելքի անկրկնելի մեղեդիների ու վառ գույների հետ,
— եվրոպական տեսք տվեցին խորհրդային քաղաքներին՝ Արևմուտքի ճարտարապետական հմտությունները համադրելով Արևելքի մշակութային արժեքների հետ,
— ոչ միայն կարողացան խորհրդային սահմանափակ տեխնոլոգիական դաշտում կիրառել Արևմուտքի գիտական նվաճումները, իսկ երբեմն նույնիսկ գերազանցել դրանց։
Հայաստանի ավանդական քաղաքակրթական գործառույթի շարունակությունը դարձած Նորագույն ժամանակների մեր հզոր հոգևոր վերելքը նոր հայություն կերտած ՀՅ Դաշնակցության գործի շարունակությունն էր՝ այլ պայմանների ու կաղապարների մեջ, ինչը վաղ թե ուշ վերագտնելու էր նաև իր քաղաքական կերպավորումը։ Սակայն ԽՍՀՄ կառավարելի փլուզման արդյունք՝ Հայաստանի երրորդ Հանրապետության ականապատված քաղաքական իրողությունները ժամանակ և ահռելի ջանք էին պահանջում հարազատ հողի վրա հայոց իրական արժեքների բացազատման համար։ Համաշխարհում ծավալվող քաղաքակրթական գործընթացների մեջ ներդաշնակորեն համարկվելու փոխարեն՝ սեփական անվտանգության «խնդիր-ծուղակի» շուրջ մեկթևանի թռչունի նման անընդհատ նեղացող շրջանակներ գծող Հայաստանի 25-ամյա տեղապտույտը վկայում էր մեզ համառորեն կաշկանդող արևելյան-ասիական մթնոլորտի պահպանման մասին։ Բայց դա չէր կարող երկար տևել, որովհետև լույսն ի վերջո հաղթելու էր ստվերին, առաջադիմությունը՝ հետադիմությանը։

21-րդ դարի երկրորդ տասնամյակում Հայաստանի շուրջ ծավալվող, հիրավի, դարակազմիկ իրադարձություններն արդեն հստակորեն ապացուցում են, որ աշխարհաքաղաքական գործընթացների անկասելի ընթացքն աստիճանաբար արժեզրկելով Հայաստանը կաշկանդող «խնդիր-ծուղակի» նշանակությունը՝ մեզ հնարավորություն է տալիս վերականգնելու մեր հանրույթի քաղաքակրթական առաքելությունը։

Ուստի ՀՅ Դաշնակցության գործի մեծությունը գնահատելով ժամանակի ընդլայն ընկալման ծիրում՝ կարող ենք եզրակացնել, որ հայկական մշակույթի պարբերական վերելքներն ապահոված արտաշեսների ու տիգրանների, մեսրոպների ու վարդանների, րաֆֆիների ու քրիստափորների մեծ գործի քաղաքակրթական բովանդակությունը հետարդիականության պայմաններում իմաստավորելու առաքելությունն ընկած է մեր ուսերին։ Որովհետև քաղաքակրթական գործընթացների հզոր լուսարձակը սկսել է նոսրացնել վերջին 25-ամյակի անորոշությունների մառախուղը, և մեր զարմացած աչքերի առջև՝
— խարխլվելով լուրջ ճեղքեր են տալիս Հայաստանը շուրջ մեկ դար աքցանի մեջ պահող ռուս-թուրքական «մուրճն ու սալը»,
— Արևմուտքը՝ իբրև քաղաքակրթական բևեռ, կրկին Ալ. Մակեդոնացու հին ճանապարհն է բացում դեպի Իրան և կրկին՝ Հայաստանի վրայով,
— առարկայական տեսք ստանալով՝ իր գոյության մասին է հիշեցնում այդ ճանապարհի փականի՝ Թուրքիայի վերաբաժանման աշխարհաքաղաքական հին նախագիծը…
Այս ամենը գալիս է վկայելու, որ 125 տարի առաջ ՀՅ Դաշնակցության կողմից ձևակերպած քաղաքական նպատակները հիմնված են քաղաքակրթական խոր ենթահողի վրա, ինչը հնարավոր չէր ոչնչացնել անգամ ամենադաժան բռնությունների միջոցով։ Եվ մենք՝ որպես այդ հոգեհարազատ ենթահողի վերականգնման գործընթացի ականատեսներ՝ վստահաբար կարող ենք արձանագրել, որ այսօր էլ ՀՅԴ նպատակներն ավելի շատ են, քան նրա նախորդ տարիների տքնաջան աշխատանքի ու պայքարի ձեռքբերումները։ Իսկ դա նշանակում է, որ ՀՅ Դաշնակցությունը տակավին երիտասարդ է՝ որպես Հայոց քաղաքակրթական իդեալի առավել ամբողջական մարմնացումը հանդիսացող կուսակցություն։
Խմբ.։

Loading...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով