Վտանգի զգացողությունը*

by/հեղինակ[ներ] on 11/05/2016  •  In Խմբագրական

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՎՏԱՆԳԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ*

Բանալի բառեր — աշխարհաքաղաքական տեղաշարժեր, Արևմուտքի ռազմավարություն, Ռուսաստան, Թուրքիա, մարտահրավերներ, բանակ, վտանգի զգացողության արթնացում, Ղարաբաղյան հիմնահարց։

Վէմ-ի ներկա Խմբագրականը ապրիլի 1-ի լույս 2-ին սկիզբ առած դրամատիկ իրադարձություններից առաջ և հետո մեզանից յուրաքանչյուրին բաժին ընկած ճակատագրի հարազատ հայելին է։ Նրա առաջին մասն էջադրվել է նախքան Ղարաբաղյան ճակատում սկիզբ առած ռազմական գործողությունները, իսկ երկրորդ մասը շարադրվել է դրանցից 10 օր անց։ Կարծում ենք, որ քառօրյա պատերազմից առաջ և հետո արձանագրված դատողությունների ու կանխատեսումների համեմատությունը թույլ կտա հասկանալ տեղի ունեցածը և ծրագրել ապագան։

Մաս առաջին։ Վտանգի զգացողության արթնացումը. 30.03.2016։

Առաջավոր Ասիայում փոթորկող աշխարհաքաղաքական տեղաշարժերի հզոր ալիքն արդեն սկսել է իր ազդեցությունը գործել մեր տարածաշրջանում դարեր շարունակ գոյության պայքար մղող ժողովուրդների վրա, ինչը նրանցից յուրաքանչյուրն այսօր դիտարկում է և՜ որպես պոտենցիալ սպառնալիք, և՜ սեփական խնդիրների լուծման նոր հնարավորություն։

Ներկայումս մեր շուրջը ծավալվող համաժամանակյա գործընթացներն ունեն իրենց գլոբալ, տարածաշրջանային և էթնոկրոնական բաղադրիչները, որոնցից յուրաքանչյուրը սերտորեն շաղկապված է մեկը մյուսին։
Գլոբալ քաղաքականության մեջ արձանագրվում է տարածաշրջանի նոր քարտեզի ձևավորմանն ուղղված Արևմուտքի ռազմավարության երկու՝ առաջավորասիական ու հարավկովկասյան ուղղությունների աստիճանական միաձուլման գործընթացը՝ Միջերկրականի ափերից (Սիրիա) մինչև Կասպիականի ափերը (Ադրբեջան) հասնող ողջ տարածաշրջանում։

Տարածաշրջանային հարթության վրա տեղի է ունենում երկու մայրցամաքային տերությունների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միմյանց հանդեպ «սիրո և ատելության» իռացիոնալ պոռթկումների վրա հիմնվող՝ ավանդական «մուրճի ու սալի» քաղաքականության արժեզրկման գործընթարցը։

Էթնոկրոնական հարաբերությունների ասպարեզում նկատվում է Հայոց ցեղասպանության ժամանակ արդեն իսկ փորձարկված՝ էթնիկ զտումների նոր ալիքի տարածումը սկզբում՝ Սիրիայի արաբների, ապա՝ եզդիների ու քրիստոնյաների, իսկ այժմ արդեն՝ քրդերի վրա։

Նման համաժամանակյա գործընթացները ԽՍՀՄ փլուզումից հետո մեր տարածաշրջանում բորբոքված էթնոկրոնական դիմակայությունների սառեցման ավանդական մեխանիզմների խարխլման հետևանքն են, ինչը տարաժամանակյա (դիաքրոնիկ) հարթության վրա ներկայումս հասել է այն վտանգավոր սահմանագծին, երբ դրանք շատ շուտով անհնար է լինելու կառավարել մեկ կետից։

Այսպես՝ առաջին հանգրվանում՝ 1990-ականներին, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում բռնկված բոլոր հակամարտությունների՝ Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի, իսկ մի փոքր անց՝ Չեչնիայի տարածքները ռազմավարական առումով այս կամ այն չափով վերահսկվում էին նախկին Կենտրոնի, և ապա՝ Ռուսաստանի Դաշնության բանակի և ուժային այլ կառույցների կողմից, այսինքն մենք գործ ունեինք դրանց միաբևեռ կառավարման ոչ միշտ տեսանելի համակարգի հետ։

Երկրորդ հանգրվանում՝ այդ իրադարձություններից մոտ 2 տասնամյակ անց բռնկված՝ Ղրիմի ու Արևելյան Ուկրաինայի համար պայքարում ակնհայտ է դարձել, որ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ունեցած ռազմա-քաղաքական գերակշռությունը դեռևս բավարար չէ վիճելի հարցերի լուծման համար, որովհետև այս հակամարտություններն արդեն վերածվել են Արևմուտք-Ռուսաստան երկբևեռ դիմակայության օջախների։

Ուստի այժմ՝ երրորդ հանգրվանում մեր տարածաշրջանին մոտեցող աշխարհաքաղաքական տեղաշարժերի հզոր ալիքը խոստանում է վերածվել ուժային մի քանի կենտրոնների շահերի բախման պայմաններում ծավալվող բազմաբևեռ դիմակայության գերբարդ համակարգի, որի ջրապտույտի մեջ ներքաշված փոքր երկրներին ու ժողովուրդներին հարկ է լինելու գործել և՜ գլոբալ, և՜ տարածաշրջանային մարտահրավերների միա ժամանակյա ազդեցության ու փոխադարձ չեզոքացման պայմաններում։

Արդյունքում՝ երբ հետխորհրդային շրջանում Հարավային Կովկասում ձևավորված աշխարհաքաղաքական նոր իրողությունները և Արևմտյան Հայաստանի ու նրա հարակից տարածաշրջանների համար սկիզբ առնող էթնոկրոնական դիմակայությունները հետևողականորեն ներքաշվում են մեկ ընդհանուր կաթսայի մեջ, տարածաշրջանի «փայատերեր» Ռուսաստանն ու Թուրքիան հայտնվում են գլոբալ քաղաքականության և՜ օբյեկտների, և՜ սուբյեկտների դերում։
Պատճառն ակնհայտ է. տնտեսական մամլիչի գործադրումով ձեռք բերվող քաղաքական առավելություններին ներկայումս գումարվել է նաև աշխարհաքաղաքականության ավանդական չափորոշիչների խարխլման գործընթացը, որը հազարամյակներ շարունակ հիմնվելով ծովային ու մայրցամաքային ազդակների դիմակայության բնորդի վրա, ծովերից ու օվկիանոսներից կտրված Հայկական լեռնաշխարհում սովորաբար ապահովել է երկրորդ ազդակի գերակայությունը։ Աստիճանաբար անցյալ են դառնում այն ժամանակները, երբ «բրիտանական նավերը չէին կարող բարձրանալ Արարատ լեռան վրա», քանզի ավանդական աշխարհաքաղաքականության զույգ տարերքների՝ ծովի ու ցամաքի դիմակայությանը խառնվել ու նրանց հանդեպ գերակայություն է ձեռք բերել երրորդ տարերքը՝ օդը կամ երկինքը և անգամ՝ տիեզերքը, որոնցում գործող զինատեսակները հանդես են գալիս իրենց գերժամանակակից փաթեթավորմամբ՝ ռազմատիեզերական ուժերի տեսքով։

Ուրեմն՝ առաջիկայում մեր շուրջն ուրվագծվող բազմաբևեռ դիմակայության համակարգի առանցքային բաղադրատարրերն են լինելու լայն առումով՝ տեխնոլոգիական գերակայությունը, նեղ առումով՝ երկինքը վերահսկելու ունակությունը։ Երկրորդ հարթության վրա մեր տարածաշրջանում առայժմ նախապատվելի դիրքեր ունեցող Ռուսաստանի գերակայությունը հիմնվում է Հյուսիսային Կովկասում ու Հայաստանում իր ունեցած հնարավորությունները ռազմատիեզերական ուժերի միջոցով համադրելու վրա, ինչը, միջուկային զենքի հետ միասին, հանդիսանում է ուժի այն իրական աղբյուրը, որը զսպող դեր է խաղում Ադրբեջանի վրա հենվելով՝ Հարավային Կովկասում գերակայություն հաստատելու Թուրքիայի անթաքույց նկրտումների հանդեպ։ Սակայն, հաշվի առնելով այն իրողությունը, որ արևմտյան հակաօդային պաշտպանության միջոցների առանձին բաղադրատարրերն արդեն ներդրվել են մեր հարևան Վրաստանում, իսկ առաջիկա աշնանը սպասվող Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո դրանք կարող են վերաբազավորվել Թուրքիայից մի փոքր ավելի հարավ, դժվար չէ եզրակացնել, որ շուտով Հայկական լեռնաշխարհի չքնաղ երկինքը ռազմատիեզերական առումով հայտնվելու է արտաքին ուժերի կրկնակի վերահսկողության տակ։ Նման պայմաններում իրադարձությունների զարգացման ընթացքը Հայկական լեռնաշխարհը կարող է վերածել Նոր Բալկանների, որի հարավում միմյանց կոկորդ են կրծելու թուրքերն ու քրդերը, իսկ հյուսիսում՝ պարբերաբար բռնկվող ռուս-թուրքական «սիրո և ատելության» իռացիոնալ պոռթկումների բեմականացման համար օգտագործվող հայերն ու ադրբեջանցիները։

Չցանկանալով լրացուցիչ դրամատիզմ հաղորդել մեր շուրջը ձևավորվող առանց այդ էլ բարդ կացության հնարավորինս համակողմանի քննությանը՝ միաժամանակ չենք կարող չեզրակացնել, որ որպես պետություն ու ժողովուրդ՝ մենք դեռևս պատրաստ չենք աշխարհաքաղաքական վերադասավորումների այս նոր՝ շատ ավելի բարձր ալիքին դիմակայելու գործին, քանի որ. առաջին՝ անցած 25 տարիների ընթացքում մեզ չի հաջողվել Հայաստանը վերածել կայացած ու կենսունակ պետության, երկրորդ՝ 2008-ից հետո փաստացի հայրենազրկման վերածված զանգվածային արտագաղթի պատճառով երկիրը կորցրել է իր բնակչության կարևոր մասին, երրորդ՝ Հայաստանում ներդրված նեոլիբերալիստական փողապետությանը բնորոշ արժեքները ներքաղաքական գետնի վրա մեր հանրությանը դարձրել են ավելի հարմարվողական ու անտարբեր։

Այս բոլոր ձախողումները հանգեցրել են նրան, որ անցած տասնամյակի ընթացքում մեր հարևանները սկսել են գերազանցել մեզ ոչ միայն իրենց տնտեսության ծավալներով, այլև պետականորեն ինքնակազմակերպվելու մյուս հիմնական չափորոշիչներով։ 1990-ականներին կործանման եզրին հայտնված Վրաստանն այսօր անհամեմատ առաջ է մեզանից իր զարգացման մակարդակով, իսկ Ադրբեջանը՝ բոլոր հիմնական քանակական ցուցանիշներով։ Արդյունքում՝ նրանցից յուրաքանչյուրը, ինչպես նաև Արևմտյան Հայաստանում ծավալվող քրդական շարժումը սկսել են մտածել տարածաշրջանի «թույլ օղակը» դարձած Հայաստանի ու հայության շահերի հաշվին իրենց խնդիրները լուծելու մասին։ Այս գայթակղությունից նրանց առայժմ հետ է պահում Հայոց բանակի մարտունակությունը։

Սակայն մեր տարածաշրջանը մի քանի ուժային կենտրոնների շահերի բախման բարդ ջրապտույտի մեջ ներքաշվելու պարագայում մեծանալու է այնտեղ «տղա բերելու» գայթակղությունը, ինչը հղի է ուժերի ներկա հարաբերակցության փոփոխության վտանգով։ Ուստի նման նկրտումների գումարային արդյունքը լուրջ կասկածի տակ է դնելու Հայաստանի՝ որպես պետության գոյությունը, քանզի Հայոց բանակն իրականում մենք ենք։ Իսկ այն ազգը, որն իր մոտ 10 միլիոն ներկայացուցիչներից հազիվ 2,5 միլիոնին է կարողանում (այն էլ՝ մեծ դժվարությամբ) պահել հայրենի հողի վրա, աշխարհաքաղաքական խոշոր կատակլիզմների պայմաններում չի կարող երկար ժամանակ դիմակայել մարդուժի և տնտեսական հնարավորությունների առումով բազմակի առավելություն ունեցող հարևանների ճնշմանը։ Ավելին՝ մեր տարածաշրջանը ուժային մի քանի կենտրոնների շահերի բախման բարդ ջրապտույտի մեջ ներքաշվելու պարագայում ոչ ոք չի կարող երաշխավորել որևէ արտաքին աջակցության տևականությունն ու հուսալիությունը։ Նման սցենարի հավանականությունը գնալով ավելի ու ավելի առարկայական է դառնում տնտեսական ճնշումների մամլիչի տակ թուլացող Ռուսաստանի ներքաղաքական զարգացումների անորոշության պայմաններում։

Ուրեմն՝ մոտ ապագայում Հայաստանի անվտանգության ապահովման համար պարտավոր ենք ունենալ ոչ միայն արտաքին այլընտրանքներ, այլև ներքին դիմադրողականության բոլորովին այլ մակարդակ, որովհետև 2008 թվականից հետո ամենքի համար ակնհայտ դարձած մեր թուլացման գործընթացի շարունակումն արդեն հաջորդ տասնամյակում հայ ժողովրդի համար միանգամայն առարկայական է դարձնելու Հայրենիքի կորստյան վտանգը։

Եզրակացությունը պարզ է. առաջիկայում մեզ սպասում է կենսունակության մի նոր և ավելի բարդ քննություն, քանզի հարկ է լինելու գոյատևել և՜ գլոբալ, և՜ տարածաշրջանային ազդակների միաժամանակյա ներգործության բազմաբևեռ համակարգի առկայության պայմաններում ինչը հղի է դրանց փոխադարձ չեզոքացման հեռանկարով։
Այս մռայլ խորապատկերի վրա նշմարվող միակ ուրախալի իրողությունն այն է, որ առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում սկսել ենք արձանագրել Հայաստանի անկախության ողջ քառորդդարյա ժամանակամիջոցում իրավազրկված, ստորացված ու քաղաքականությունից դուրս մղված հայ ժողովրդի ինքնապահպանման դարավոր բնազդի արթնացումը։ Նման երևույթը՝ որպես ազգային ինքնագիտակցության դրսևորում, սկզբում իր իռացիոնալ-զգացական, իսկ վերջին ամիսներին նաև՝ միանգամայն գիտակցված տեսքով, խորքային հեղաբեկումներ է արձանագրել մեր հասարակության տրամադրությունների մեջ։ Արթնացել է հպարտ հայ մարդը՝ իր դժբախտությունների պատճառը փնտրելով ոչ թե գնալով վտանգավոր դարձող արտաքին-աշխարհաքաղաքական գործընթացների միգամածություններում, այլ այն միջավայրի ու պայմանների մեջ, որում տեղի է ունենում նրա ուժերի ու հնարավորությունների փոշիացումն ու մսխումը։ Անտարբերությանը, անվստահությանն ու կասկածներին սկսել են փոխարինել մոտեցող վտանգների հստակ գիտակցումն ու ճշգրիտ հաշվառումը։

Վտանգի զգացողության արթնացումը՝ որպես ազգային ինքնագիտակցության սպեցիֆիկ-հայկական դրսևորում, այն հիմնական, առանցքային գործոնն է, որը ոչ միայն ունակ է վճռական պահին համախմբել հայ ժողովրդին, այլև արմատապես փոխել երկրի ներքաղաքական կացությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում։

Մաս երկրորդ։ Վտանգի գիտակցումը. 12.04.2016։

Ապրիլի 2-ի առավոտյան մեր գիտակցությունը մի պահ կանգ առավ այդ րոպեներին Մատաղիսում ծավալվող կատաղի կռիվների մասին հեռախոսով ստացվող տագնապալի լուրերի շրջագծում։ Հայերենի բառապաշարից վայրկենապես սղվելով՝ անհետացան այդ բնակավայրի անվան վերջին երկու տառերը՝ մեր միտքը կենտրոնացնելով ինքնութենական իմաստ ունեցող «մատաղ» հասկացության շուրջը։ Հայրենիքի զոհասեղանին մատաղ լինելու միջոցով 19-20-ամյա երիտասարդները մեզ թանկագին ժամանակ էին տալիս՝ տեղի ունեցածը գիտակցելու, սխալները սրբագրելու, իրավիճակը շտկելու և դավին կուլ չգնալու համար։

Ուստի այսուհետ նրանցով հպարտանալու պատիվ և արժանապատվություն կարող են ունենալ միայն նրանք, ովքեր կդրսևորեն զոհերի փոխարեն ապրելու և նրանց անավարտ գործը շարունակելու կամք ու վճռականություն։ Իսկ ներկա պահին՝ անմիջական վտանգի չեզոքացումից հետո, ամենակարևորը ուշքի գալու ունակությունն է, որովհետև ավելորդ ժամանակ մենք այլևս չունենք. Հայրենիքը վտանգի մեջ է։

Ակնհայտ է, որ տարիներ շարունակ Հայաստանի ու Սփյուռքի լավագույն ինտելեկտուալների կողմից թմբկահարված՝ մրցակցային նոր միջավայրին մեր երկրի անհամապատասխանության մասին նախազգուշացումները, որոնք մինչ օրս մնացել են իբրև «ձայն բարբառոյ յանապատի», ճշմարիտ էին, արդարացի ու տեղին։ Սակայն դրանց մասին տարբեր առիթներով, այդ թվում նաև մեր հանդեսի հրապարակումների տեսքով արված կանխատեսումների քննությունն այլևս ապագա պատմագետների գործն է։ Մենք այսօրվանից պետք է նայենք դեպի առաջ՝ անցյալից կորզելով իրավիճակը հիմնավորապես շրջելու համար անհրաժեշտ փորձն ու հմտությունը։

Իսկ իրավիճակի կամ «քաղաքական պահի» առանձնահատկությունն այն է, որ այսօր գործ ունենք ցեղասպանությունից փրկված և ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զույգ հանրապետությունների տեսքը ստացած՝ հայրենի հողի վրա մեր հետագա գոյատևման երկմիասնական խարիսխի կազմաքանդմանն ուղղված թուրք-ադրբեջանական միասնական դավի հետ։ Առանց Ղարաբաղի չի լինելու Հայաստանը, իսկ առանց Հայաստանի ներկա գլոբալացող աշխարհում շատ շուտով ձուլվելու և անհետանալու է նաև Սփյուռքը։ Ուրեմն խոսքը ոչ թե մեր Հայրենիքի մի մասի, այլ ցեղասպանությունից հետո փրկված ամբողջի վրա կախված սպառնալիքի մասին է։ Հայրենիքի կորստյան վտանգը նաև ազգի ստույգ կորստյան սպառնալիք է, այսինքն՝ գոյության խնդիր։ Իսկ դա նշանակում է, որ Ղարաբաղի փրկության հարցը ողջ ազգի հետագա գոյատևման պայմանն է ու միաժամանակ՝ բացարձակ առաջնահերթությունը։ Մնացած բոլոր մեծ ու փոքր խնդիրները ստորադաս են այս հրամայականին, որի լուծումը պահանջում է ուժերի գերագույն լարում և մեծագույն իմաստնություն։

Հաշվի առնելով այն իրողությունը, որ Ղարաբաղում մենք այսօր բախվում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլև նրա թիկունքին կանգնած մեր դարավոր ոսոխ Թուրքիայի ագրեսիայի հետ, ստեղծված պայմաններում սեփական ուժերին ապավինելու հրամայականն անվիճելի է։ Սակայն անվիճելի է նաև այն իրողությունը, որ նման հրամայականը պետք է ներդաշնակ կերպով հակադրվի մեր ավանդական արտաքին արևելումների՝ արտաքուստ միայն փոխբացասող վեկտորներին։ Հայկական արևելումը պետք է հիմնվի այն ելակերի վրա, համաձայն որի՝ մեր դիրքորոշումն այս կամ այն տերության նկատմամբ պայմանավորված է Ղարաբաղի հարցի հանդեպ նրա որդեգրած քաղաքականությամբ։ Այսօր դա ամենևին էլ չի հակասում սեփական ուժերին ապավինելու՝ ինքնին հասկանալի հրամայականին, որովհետև վճռականության ու միաս- նականության հետ միասին պահանջվում է նաև դիվանագիտական հմտություն ու փորձ։

Առ այդ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով մեր հանդեպ բյուրեղացած համաշխարհային հանրության դրական կարծիքի ոսպնյակը պետք է նպատակաուղղվի Ղարաբաղի հայությանը սպառնացող ցեղասպանության ու բռնագաղթի կանխարգելմանը։ Սա Հայոց ցեղասպանությունը շարունակելու և իր հայրենի հողերի վրա հայ ժողովրդի բնաջնջումն ու տեղահանությունն իր ավարտին հասցնելու Թուրքիայի քաղաքականության նոր դրսևորումն է՝ իր կողմից ստեղծված երկրորդ ցեղասպան պետության՝ Ադրբեջանի միջոցով։ Նման պայմաններում հարկ է գիտակցել, որ միջազգային հանրության կողմից առաջ քաշվող ոչ մի փոխզիջումային լուծում չի կասեցնելու թուրք-ադրբեջանական դավադրությունը, այլ միայն ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծելու նրա շարունակման համար։ Որովհետև Ադրբեջանի կողմից որևէ միջազգային պարտավորություն չհարգելու փաստը, հիմնված է ոչ թե սեփական կամքի, այլ հստակորեն Թուրքիայի կողմից ուղղորդվող ընդհանուր ռազմավարության վրա։

Առաջիկայում անհրաժեշտ է մեզանով շահագրգռել բոլոր այն արտաքին ուժերին, որոնք իրենք տարածաշրջանային քաղաքականությունը հիմնում են հայկական գործոնի հաշվառման ու պահպանման ելակետի վրա։ Իսկ դրանք, բարեբախտաբար, շատ ավելի զորեղ են, քան Թուրքիան ու Ադրբեջանը միասին վերցրած։ Այդ ուժերից երկուսի՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ներկայումս շարունակվող սուր մրցակցությունն է Թուրքիային ու նրա դաշնակից Ադրբեջանին ընձեռել նրանց շահերի արանքը խցկվելու հանդգնությունը, որը հիմք դարձավ վերջին ագրեսիայի համար։ Այդ նպատակադրումը չեզոքացնելու համար առաջիկայում որոշ ժամանակ հարկ է լինելու դիմանալ՝ լարելով համաշխարհային մեր ողջ ներուժ կարողականությունը։ Դիմանալ է պետք՝ որսալու հարմար այն բարենպաստ պահը, երբ տարածաշրջանում եղանակ ստեղծող տերությունները Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության ակտիվացումը չեզոքացնելու համար անհրաժեշտ կհամարեն «խուզել» նրա տարածաշրջանային «պոչը»։
Այդ պահն օգտագործելու համար մենք պետք է խորությամբ ըմբռնենք նաև Ռուսաստանի վերջին դիրքորոշումների նրբերանգները, որպեսզի խուսափենք նրա հանդեպ «սիրո տեսարանները»՝ ատելությամբ փոխարինելու գայթակղությունից, ինչը ներկա հանգրվանում ձեռնտու է հենց Ադրբեջանին: Թուրք-ադրբեջանական տանդեմը ներկայումս փորձելով տարածաշրջանային պատերազմի ծուղակի մեջ ներքաշել Ռուսաստանին, վաղն ինքն է ընկնելու համաշխարհային ուժերի կողմից լարված թակարդը: Հայաստանին անհրաժեշտ է ունենալ հավասարակշռված ու պրագմատիկ քաղաքականություն՝ վաղ թե ուշ անխուսափելի դարձող պատերազմական նոր սադրանքին դիմակայելու համար:

Ուրեմն՝ առաջիկա ամիսների ընթացքում պարտավոր ենք նախ և առաջ հաղթահարել վերջին ռազմաբախման հետևանքով ակնհայտ դարձած համազգային ամոթն ու խայտառակությունը՝ հազարամյակների քաղաքակրթու թյամբ հպարտացող մեր երկրի հանդեպ որոշ արդիական զինատեսակների մասով երեկվա քոչվորական թաթարի ձեռք բերած առավելությունը։
Երկրորդ՝ Հայաստանի ներքին կացությունն ակնհայտորեն չի համապատասխանում վտանգի զգացողությունից բխող մեր ոգեղեն ուժը հունավորելու առաջադրանքի լուծմանը։ Վճռական կռիվների պահին՝ լուսանկարվելու համար Ղարաբաղ վազող և իրենց ցուցամոլությամբ թշնամու համար լրացուցիչ թիրախներ ապահովող «հայրենասերների» միջոցով Հայաստանը չի կարող որսալ առաջիկայում պատմության կողմից մեզ ընձեռվելիք հարմար պահը և մեկընդմիշտ փակել Ղարաբաղի հարցը։ Նման պայմաններում ամենևին էլ չխաթարելով արտաքին թշնամու դեմ համախմբվելու կամքն ու վճռականությունը, մարտնչող երկրին անհրաժեշտ արդարության պահանջը առաջիկա ամիսներին հիմնավորապես փոխելու է Հայաստանի ներքաղաքական կացությունը։ Դրանում այլևս կարելի է չկասկածել։

Երրորդ՝ հիմնավոր զորաշարժի կարիք ունի նաև Սփյուռքը՝ շտապ դրամահավաքի իրականացման և ԼՂՀ ճանաչմանն ուղղված հրատապ քայլերի միջոցով։

Մայր Հայաստանը գաղափարաքաղաքական երկունքի մեջ է, որից շատ շուտով ծնվելու է ոչ միայն մեր անվտանգ գոյատևման ու անկաշկանդ զարգացման իմաստուն գաղափարը, այլև Հայ ժողովրդի ու Հայոց բանակի անխորտակելի միասնության վրա հիմնված հաղթական գործը։
Խմբ.։

Loading...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով