Ղարաբաղյան նոր ստատուս-քվոյի տեսլականը*

by/հեղինակ[ներ] on 05/08/2016  •  In Խմբագրական

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ջուրը քշել է ջրաղացը, իսկ մենք չախչախի հետեւից ենք ընկել։
Ժողովրդական իմաստություն

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՆՈՐ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ*

Բանալի բառեր — ստատուս-քվո, Ղարաբաղյան հակամարտություն, ռազմավարական սխալ, թուրքական պետություն, ինքնութենական գարշապար, մասնատում:

Թեև 2016 թ. ապրիլի սկզբներին տեղի ունեցած արյունալի կռիվներից հետո էլ միջազգային հանրությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները փնտրում է փոխզիջումների հարթության վրա, իսկ նոր պատերազմին նախապատրաստվող Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն զինվել, հայկական կողմը 1990-ական թվականներից գրեթե անխաթար մնացած ստատուս-քվոյի պահպանման հույսեր է փայփայում։

Այս երեք ցանկությունների համեմատական քննությունը թույլ է տալիս բացահայտել այն հիմնական՝ ռազմավարական սխալը, որը համառորեն չենք ցանկանում ուղղել անգամ ապրիլյան դասերից հետո։ Այսօրվանից սկսած՝ իբրեւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված նոր իրավիճակի գնահատման բանալի անհրաժեշտ է արձանագրել այն դառը ճշմարտությունը, որ Ադրբեջանը 2016 թ. ապրիլի սկզբներին հասել է մեծ տերությունների շահերի այնպիսի դասավորության, երբ միջազգային ասպարեզում առանցքային խաղացողները հավանություն են տվել ղարաբաղյան ստատուս-քվոյի փոփոխության անհրաժեշտությանը։

Անշուշտ, դա տեղի է ունեցել ոչ թե ավելի մեծ մարդկային և նյութական ռեսուրսներ ու զինատեսակներ ունենալու կամ ռազմա-քաղաքական շանտաժի շնորհիվ, այլ միջազգային-քաղաքական կոնյունկտուրայի փոփոխության պատճառով։ Բայց քանի որ տարածաշրջանային ստատուս-քվոյի փոփոխությունից բխող ղարաբաղյան ստատուս-քվոյի խարխլումն արդեն կատարված փաստ է, այսուհետ մեր քաղաքական նախաձեռնությունները պետք է բխեն հենց նման իրողության հստակ ու աներկբա հաշվառումից։

Տարածաշրջանային ստատուս-քվոյի փոփոխությունը, ուղղակիորեն բխելով Մերձավոր ու Միջին Արեւելքում ծավալվող զարգացումները Հարավային Կովկաս տեղափոխվելու իրողությունից, նախ՝ առաջ է բերել միջազգային մեկուսացման մեջ հայտնված Ռուսաստանի սուր անհանգստությունը Արևմուտքի ռազմական ենթակառուցվածքներն իր սահմաններին մոտենալու ու մանավանդ՝ ռուս-թուրքական ռազմաբախում հրահրելու սադրանքից։ Ուստի 2016 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ժամկետները համընկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունների անվան տակ Վրաստանում ամերիկյան տանկերի հայտնվելու փաստի հետ։ Սակայն տարածաշրջանային ստատուս-քվոյի փոփոխության վտանգին Լեռնային Ղարաբաղում իր ռազմական ներկայությամբ հակազդելու Ռուսաստանի ցանկությունը կասեցվել է ոչ թե Ադրբեջանի հատուկ ջոկատայինների ապրիլյան ձախողման, այլև Ղարաբաղյան լայնամասշտաբ պատերազմի հանդեպ մեծ տերությունների դրած ժամանակավոր արգելքի պատճառով։ Այս հարցում Վիեննայից մինչև Սանկտ Պետերբուրգ պահպանվող միջազգային կոնսենսուսը հետևանք է այն իրողության, որ Ռուսաստանը առայժմ չի կարողանում, իսկ Արևմուտքը դեռեւս չի շտապում անցնել ներքնապես արդեն փլուզված տարածաշրջանային ստատուս-քվոյի ապամոնտաժմանը։ Ուստի Ղարաբաղյան հին ստատուս-քվոյի հիման վրա փոխզիջման հասնելը ցանկությունը քաղցր խաբկանք է բոլոր նրանց համար, ովքեր չունեն նոր մարտահրավերների հաղթահարման ռազմավարություն եւ պարզապես ժամանակ են ձգում։

————————————
*Ընդունվել է տպագրության 20.06.2016։
Ղարաբաղյան ստատուս-քվոյի պահպանումը այլևս չի համապատասխանում գերտերությունների հեռահար-ռազմավարական նպատակներին։ Նրա երերուն հարթակի վրա հավասարակշռության հաստատման փորձերը շարունակելու պարագայում առաջիկայում բախվելու ենք նորանոր անակնկալների՝ անկախ նրանից, թե որքանով կառուցողական, իսկ իրականում՝ զիջողական կլինի Հայաստանի քաղաքականությունը։

Ապրիլի սկզբներից անցած շուրջ երեք ամիսների ընթացքում հայ հասարակության ներսում ու մանավանդ իշխանությունների գործելակերպի մեջ չի նկատվում մեր շուրջը ստեղծված նոր իրողությունների հաշվառումից բխող գործողությունների հետևողականություն։ Առաջինը ամբողջովին դեռ չի վերաիմաստավորել տեղի ունեցածը, իսկ երկրորդը ժամանակ է ձգում՝ խարխլված ստատուս-քվոյի պայմաններում իր վերարտադրության խնդիրը լուծելու համար։

Դա ցույց է տալիս, որ մինչ օրս խորությամբ չենք գիտակցել մեր հակառակորդի ապրիլյան հաջողությունների իրական՝ խորքային պատճառը։ Ադրբեջանի ռազմավարական նպատակները, դժբախտաբար, տարածաշրջանում ծավալվող գործընթացների հունի մեջ են, իսկ մենք, մնալով հին ստատուս-քվոյի մասին սեփական պատրանքների գերին, ապրիլյան իրադարձություններից հետո էլ համառորեն փորձում ենք թիավարել հոսանքին հակառակ ուղղությամբ։
Մեր հակառակորդին առավելություն է տալիս նաեւ այն իրողությունը, որ Ադրբեջանն ինքը մի փորձարարական տարածք է, որն իր ստեղծման պահից՝ 1918 թվականից, ծառայում է իբրև հարթակ տարածաշրջանային ստատուս-քվոյի փոփոխության տարբեր նախագծերի գործարկման համար։ Համաթուրանականության՝ երիտթուրքական, համաշխարհային հեղափոխության՝ բոլշևիկյան, և այսօր անմիջականորեն նրա շարունակությունը հանդիսացող՝ Եվրասիական նախագծերն իրենց բոլոր տարբերություններով հանդերձ՝ հատվում են «Ադրբեջան» ցատկահարթակի միջոցով Արեւելյան Այսրկովկասը որպես տարածք գրավելու նպատակադրումի տիրույթում։ Չմոռանանք, որ ըստ էության նույնն է նաեւ «Եվրասիայի շախմատային տախտակին» ժամանակին Զ. Բժեզինսկու կողմից Ադրբեջանին հատկացված դերը։
Ուրեմն տարածաշրջանային ստատուս-քվոյի խարխլման պայմաններում Լեռնային Ղարաբաղը և ողջ Հայաստանը մաշելու ու արյունաքամ անելու Ադրբեջանի ռազմավարությունը իրականում բավականին բարդ գլուխկոտրուկ է մեզ համար։ Որովհետեւ ամեն անգամ հակառակորդի հերթական ագրեսիային դիմակայելուն զուգընթաց ստիպված ենք լինելու որոշել, թե որտեղից է գալիս Ադրբեջանով միջնորդավորված հարվածը։ Եվ պատահական չէ, որ վերջին «քառօրյայից» հետո մեր քաղաքական միտքն իսկական «ճողվածք» է ստացել մեղավորներ փնտրելով մերթ՝ Թուրքիայում, մերթ՝ Ռուսաստանում, մերթ՝ Արեւմուտքում։
Ավելին, թեեւ ներկա հանգրվանում կողմերի միջեւ խախտված ռազմա-տեխնիկական հավասարակշռության վերականգնման խնդրի լուծումը կենաց-մահու հարց է Հայաստանի ու հայ ժողովրդի համար, բայց անգամ նման պարտադիր պայմանի իրականացումն առաջիկայում չի բերելու մեր երկրի ու ժողովրդի վրա կախված սպառնալիքի վերացմանը, իսկ ահա հնարավոր զիջումները միայն ընդլայնելու են թշնամու ռազմական ակտիվության դաշտը։

Ստացվում է, որ իբրեւ պետություն ու ժողովուրդ այսօր հայտնվել ենք կրկնակի փակուղու առջեւ

Ա) մարտավարական առումով այն դրսեւորվում է մեր հանդեպ ռազմատեխնիկական գերակշռություն ձեռք բերած հակառակորդի նոր ոտնձգությունների չեզոքացմանը պատրաստ լինելու խնդրի տեսքով,

Բ) ռազմավարական առումով այն դրսեւորվում է Ղարաբաղյան նոր ստատուս-քվոյի տեսլականի բացակայության, ուրեմն եւ նրան հասնելու ուղիների ու հնարավորությունների մասին համակարգված պատկերացումների չգոյության տեսքով։

Մինչդեռ, եթե տարածաշրջանային ստատուս-քվոյի փոփոխության անխուսափելիության գիտակցման հիման վրա չկարողանանք մշակել Ղարաբաղյան նոր ստատուս-քվոյի սեփական տեսլականը եւ ապա սկսել նրա իրականացման գործը, ռազմավարական հեռանկարում պարտվելու ենք՝ անկախ նրանից, թե քանի անգամ ենք հաղթելու հակառակորդին ռազմի դաշտում կամ դիվանագիտական բանակցությունների սեղանին։

Ուստի այսօրվանից՝ մեզ պարտադրվող պատերազմում հաղթելու հրամայականը պետք է դիտարկենք ոչ միայն իբրև նպատակ, այլև միջոց՝ տարածաշրջանային ստատուս-քվոյի անխուսափելի փոփոխության գործընթացի համատեքստում երկու խնդիր լուծելու համար:

Առաջին՝ ակնհայտ է, որ խարխլված ստատուս-քվոյի հիմքի վրա պարբերական ցնցումների դատապարտված տարածաշրջանում գոյության կռվի հրամայականի առջև կանգնած Հայաստանի ու հայության համար օլիգարխիկ վարչակարգի եւ արեւմտյան ժողովրդավարության երկընտրանքը խոր եւ անհաղթահարելի փակուղի է, մութ թունել, որից լույսը չի երեւում, ուստի առաջիկայում ազգ-բանակ դառնալու հրամայականով առաջնորդվող իշխանության ձեւավորումից բացի մենք այլ ճանապարհ չունենք:

Երկրորդ՝ քաղաքական ու ռազմատեխնիկական բնույթի առաջնահերթ խնդիրների լուծումից զատ հարկ է լինելու գտնել մեր առավելություններն ու հակառակորդի խոցելի կողմերը ներառող այն հիմնական մրցահարթակը, որտեղ ռազմավարական հեռանկարում հնարավոր է ոչ միայն պարտության մատնել Ադրբեջանին, այլև խոցել հակառակորդի իրական և ոչ թե թվացյալ գարշապարը եւ անզոր դարձնել նրան՝ Ղարաբաղի ճակատագիրը վիճարկելու իր հետագա նկրտումների մեջ։
Պատճառն ակնհայտ է. թշնամուն ռազմական նոր պարտության մատնելու և անգամ նրա տարածքները զգալիորեն կրճատելու դեպքում էլ մենք չենք կարողանալու կոտրել Ղարաբաղի ճակատագիրը վիճարկելու՝ Ադրբեջանի վճռականությունը, իսկ ահա «Բաքուն գրավելու» երազանքը ներկա պայմաններում մեզ ոչ ոք թույլ չի տա իրականություն դարձնել։ Որովհետեւ իր բնակչությամբ ու բնական հարստություններով մեզ գերազանցող Ադրբեջանի որդեգրած՝ Հայաստանը դանդաղորեն մաշելու և աշխարհի քարտեզից ջնջելու ծրագիրը իրականում սեփական «շարադրությունը» չէ։ Հայոց ազգային նպատակներն ու ձգտումները կաշկանդված պահելով մեր արևելյան սահմանների վրա՝ գործառնական առումով Ադրբեջանն իրականացնում է սոսկ Թուրքիային Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից զերծ պահելու եւ միաժամանակ Հայաստանի արևելյան մասում նույնը կրկնելու գործառույթը։ Իսկ սա նշանակում է, որ Ղարաբաղի հարցն այլեւս հայ ժողովրդի մի հատվածի ինքնորոշման ու անկաշկանդ զարգացման խնդիրը չէ, այլ հայրենի հողի վրա Հայոց պետականության հետագա գոյության խնդիր, որը կմնա որպես այդպիսին՝ այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի «Ադրբեջան» կոչվող թուրքական պետությունը։

Սրանից, անշուշտ, չի հետևում, թե մենք ժխտում ենք մեր հարևան երկրի ու նրա քաղաքացիների գոյության իրավունքը։ Քավ լիցի. ո՜չ ֆիզիկական և ո՜չ էլ մշակութային-քաղաքակրթական առումներով հայերը չեն հավակնում ներկայիս Ադրբեջանի ողջ տարածքին։ Իր ամբողջության մեջ դա մերը չէ, բայց միաժամանակ նաեւ թուրք-ադրբեջանցիներինը չէ։ Ավելին, Ադրբեջան կոչվող նորագոյացությունը Հայաստանից բացի տարածքային խնդիրներ ունի իր մյուս երեք հարևանների՝ Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և, իհարկե, Իրանի հետ։ Եվ այժմ վրա է հասել այն պահը, երբ այդ նորագոյացության ղեկավարությանը համոզել են, թե իբր Հայաստանն ու Արցախը այնքան թույլ են, որ աշխարհաքաղաքական տեղաշարժերի որոշակի հանգրվանում հնարավոր է իրականացնել Հարավային Կովկասից հայերին դուրս մղելու և տարածաշրջանին տիրանալու ծրագիրը։ Անշուշտ, առաջիկայում մեզ պարտադրվելիք նոր պատերազմը ժամանակավորապես ի դերև է հանելու այդ հույսերը։ Բայց որոշ ժամանակ անց դրանք նորից են ծագելու, քանի որ այդպիսին է «Ադրբեջան» նորագոյացության «ծրագրային կոդը»։ Իրականում այն հիմնված է ոչ թե առանձին՝ «ադրբեջանական» ազգային ինքնության, այլ այլոց հայրենիքները զավթելու ընդհանուր թուրքական նպատակադրումի վրա։ Քանզի որքան էլ ադրբեջանցիներն ասպատակեն տարածաշրջանի ու նրանում բնակվող բնիկ ժողովուրդների հարուստ պատմությունը, նրանք չեն կարող թաքցնել այն իրողությունը, որ իրենք՝ որպես ժողովուրդ, այսօր էլ փաստորեն զուրկ են առանձին ինքնությունից։ Քանզի նրանց զբաղեցրած տարածքներում վերջին հարյուրամյակի ընթացքում հաջորդաբար բեմականացված համաթուրանականությունը, բոլշևիզմը, սիոնիզմը կամ եվրասիականության կեղծ ռուսական համադրույթը սոսկ Արևելյան Այսրկովկասի ասպատակման միջոցներ են եւ ոչ ավելին։

Ուրեմն Հարավային Կովկասում Ադրբեջանը Հայաստանի «երկվորյակը» դարձնելու թուրքական ծրագիր-նախագիծը խոցելի է առաջին հերթին ինքնութենական հարթության վրա։ Նման ծավալապաշտական նկրտումները հակասում են նույնիսկ Ռուսաստանին համակած ժամանակավոր եվրասիական տրենդին, որում Ադրբեջանին վերապահված է ոչ թե համաթուրքական, այլ ռուս-իրանական կամուրջի դերը՝ դրանից բխող համապատասխան քաղաքակրթական դիմագծով։ Ուստի հաշվի առնելով այն իրողությունը, որ իրենց ինքնությանը հավատարիմ մնացած Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից լեզգիներն ու ավարները բաժանված են Ադրբեջանի ու Ռուսաստանի, իսկ թալիշներն ու թաթերը՝ Ադրբեջանի և Իրանի միջև՝ մենք պետք է ընդմիշտ մոռանանք մեզ մատուցվող «քիրվայական» կարծրատիպերը եւ գիտակցենք, որ քանի դեռ Ադրբեջանն ու ադրբեջանցիները պահպանում են 100 տարի շարունակ հետևողականորեն իրենց ներարկված թուրքական ինքնությունը, մեր միջեւ հաշտություն չի լինելու։

Մշտական հարցականի տակ պահելով Հայաստանի ու հայության անվտանգ գոյատևման եւ անկաշկանդ զարգացման հեռանկարը՝ Ադրբեջանը նոր պարտությունների դեպքում անգամ իրականացնելու է մեզ թուլացնելու և քայքայելու իր գործառույթը մինչեւ այն պահը, երբ ի վիճակի կլինենք խոցել նրա ինքնութենական գարշապարը, խնդիր, որը դեռեւս խորությամբ չի գիտակցվում հայ քաղաքական մտքի կողմից։ Մինչդեռ Ադրբեջանն իրենց հաղորդակցական համակարգերը միավորող անվտանգ տարածք դարձնելու ռուս-իրանական ծրագրերը՝ մի կողմից եւ տարածաշրջանի քարտեզը ֆրագմենտացնելու նպատակ ունեցող արեւմտյան ռազմավարությունը՝ մյուս կողմից, հատվում են մեկ կետում՝ խայտաբղետ էթնիկական ծագում ունեցող ներկա Ադրբեջանի միասնական-թուրքական ինքնության բացասման տիրույթում։ Հենց դրա վրա էլ պարտավոր ենք կառուցել ղարաբաղյան նոր ստատուս-քվոյի մեր ազգային տեսլականը՝ հայկական զորքերի առաջխաղացման ամենահարմար պահին բազմազգ Ադրբեջանը ներքնապես «պայթեցնելու» խնդիրը դիտարկելով որպես ռազմավարական նպատակ։

Նման առաջադրանքի իրականացումը առաջիկա տարիներին մեզանից պահանջելու է համառ ու տքնաջան աշխատանք, նախ՝ Հայաստանը դինամիկ կերպով զարգացող ու միաժամանակ իրեն պաշտպանելու ունակ պետության վերածելու եւ ապա՝ տարածաշրջանային ստատուս-քվոյի անխուսափելի փոփոխության գործընթացում Ադրբեջանի կոտորակումն ու մասնատումը իրականություն դարձնելու համար։
Խմբ.։

Loading...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով