2015 թվականը շրջանցելու փորձեր

by/հեղինակ[ներ] on 15/06/2012  •  In Խմբագրական

Այն պատճառով, որ Նրան ամենազոր են անվանում, որովհետև կարող է անել այն ամենն, ինչ ցանկանում է, ամենևին էլ չի նշանակում, որ Նա կարող է տուժել ինքն իրենից, որովհետև եթե դա պատահեր, Նա ոչ մի դեպքում ամենա-զոր չէր լինի։ Ուստի Նա չի կարող անել որոշ բաներ հենց այն պատճառով, որ ամենազոր է։

Ավգուստինոս Երանելի[1]

 

Արդեն մեկ տարի է անցել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ նախագահի 2011 թ. ապրիլի 23-ի հրամանագրից և 2011 թ. մայիսի 30-ին կայացած առաջին նիստից, սակայն Մեծ եղեռնի 100 ամյակը նրա հետևանքների հաղթահարման իրավաքաղաքական գործընթացի սկիզբը դարձնելու առաջարկները մինչ օրս շարունակում են մնալ իբրև «ձայն բարբառոյ յանապատի»։

Մինչև 2015-ը նախատեսվող ծրագրերի վերաբերյալ հանձնաժողովի անմիջական պատասխանատուների վերջին հայտարարությունների և հարցազրույցների բովանդակությունը հիմնականում սահմանափակվում է պատմագիտական պրպտումների շարունակման, ցուցահանդեսների կազմակերպման գիտաքարոզչական առաջադրանքներով, որոնք շրջանցում են ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրը[2]։ Ուստի հիմնազուրկ չէ այն մտահոգությունը, որ նիստերի շուրջ մեկամյա դադարի մեջ գտնվող այս հանձնաժողովի պատասխանատուների որդեգրած «ակադեմիական կեցվածքների» հետնախորքում թաքնված է 2015-ին ընդառաջ ցեղասպան Թուրքիայի դեմ իրավաքաղաքական գործընթաց սկսելու առաջարկները կասեցնելու միտումը։

Ի վերջո, Հայոց ցեղասպանության պատմության շուրջ գիտական պրպտումները կարելի է իրականացնել և՛ մինչև 2015-ը, և՛ դրանից հետո, բայց եթե Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը Հայաստանի ու հայության համար չդառնա նրա հետևանքների հաղթահարմանն ուղղված համակարգված իրավաքաղաքական նախաձեռնությունների մեկնակետ, միջազգային հանրությունը այս իրադարձությունը ևս աստիճանաբար կարող է ներառել սոսկ «ակադեմիական ուշադրության» արժանի հիմնահարցերի շարքը, քանի որ՝

ա) եթե 1918-1920 թվականներին Հայաստանը՝ որպես անկախ պետություն, հետապնդել է Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման առաջադրանքը՝ ընդհուպ մինչև իր անկախության կորուստը, իսկ նրա 70-ամյա «խորհրդային լռությունը» եղել է քաղաքական պարտադրանքի հետևանք, ապա 1991-ին միջազգային քաղաքականության բեմահարթակ վերադարձած Հայաստանի երրորդ Հանրապետությունը նախքան 2015 թվականը բավարար ժամանակ է ունեցել և այսօր էլ դեռ ունի՝ այս հիմնահարցի վերաբերյալ սեփական պատկերացումները բանաձևելու և դրանք միջազգային հանրության սեփականությունը դարձնելու համար,

բ) անկախ առաջիկա տարիների միջազգային-քաղաքական կոնյունկտուրայից, Թուրքիան՝ որպես մարդկության դեմ հանցագործություն կատարած պետություն, երբեք չի բարելավի Հայաստանի հետ իր հարաբերությունները՝ չստանալով Հայոց ցեղասպանության փաստի պատմականացման, այսինքն՝ այն պատմաբանների հանձնաժողով տեղափոխելու և իրավաքաղաքական բովանդակությունից զրկելու երաշխիքներ, որոնց տեսանկյունից մնացած բոլոր հիմնախնդիրները, նույնիսկ Ղարաբաղի հարցը, թուրքական պետության համար եղել են ու կմնան որպես օժանդակ միջոցներ։

Ուրեմն՝ անկախ նրանից, թե 2015-ին Հայաստանի Հանրապետությունը կբացահայտի՞ արդյոք Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման միջազգային-իրավական գործընթաց սկսելու համայն հայության և Հայոց պետականության մտադրությունները, Թուրքիան Հայաստանի հանդեպ կիրառվող պարտվողական բացախոսության պարտադրանքը կշարունակի դիտարկել իբրև երկկողմ հարաբերությունների բարելավման հիմնական պայման։ Այսպիսով՝ որևէ «մարտավարական առաջնահերթություն», որևէ «իմաստուն փաստարկ» այսուհետ չի կարող հերքել Մեծ եղեռնի հետևանքների հաղթահարման քաղաքական հիմնան-պատակի հստակեցման այժմեականությունն ու հրատապությունը։ Հակառակ տեսակետի գերակայության պարագայում մինչև 2015 թվականը և դրանից հետո գործ կունենանք սոսկ մեր արդարացի ու միաժամանակ՝ ավելի քան ակնհայտ պահանջների ջայլամային քողարկման հետ։

Հարց է առաջանում՝ մի՞թե այս ամենը չի գիտակցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անմիջական պատասխանատուներին ցուցմունքներ տվող Հայաստանի ղեկավարությունը։ Անշուշտ, գիտակցում է, բայց թերևս հենց դա է նրան մղում 100-ամյակի միջոցառումները սոսկ հոբելյանական գիտաժողովների և ցուցահանդեսների վերածելու գործելակերպին։ Այդօրինակ քայլերը Հայաստանի իշխանություններին հնարավորություն են տալիս նրբորեն քողարկել Մեծ եղեռնի հետևանքների հաղթահարման հիմնանպատակին իրավաքաղաքական տեսք տալուց խուսափելու իրենց մտադրությունը, ինչը պայմանավորված է հիմնականում՝ երեք պատճառներով.

առաջին՝ իր պատմության երրորդ տասնամյակը բոլորած Հայաստանի երրորդ Հանրապետության քաղաքական ու տնտեսական ընտրանու հետևողական դեգրադացումը փաստորեն նրան վերածել է փողատերերի փակ կաստայի, որն առաջնորդվելով իշխանության, որ նույնն է թե՝ հարստության պահպանման գերխնդրով, ազգային հիմնահարցերի առկայությունն օգտագործում է սոսկ որպես երկրում ձևավորված փողապետության[3] պահպանման միջոցներ,

երկրորդ՝ սեփական հայրենիքում բնակվող հայության զգալի մասի օտարումը պետությունից և ընտանիքի ապագան օտար երկրներում փնտրելու կործանարար մտասևեռումի վերածումը մի նոր «ազգային գաղափարի», ինչը հետևողականորեն խարխլում է ոչ միայն Հայոց պահանջատիրության, այլև Հայաստանի Հանրապետության գոյության հիմքերը,

երրորդ՝ Հայաստանում տիրող անմխիթար իրավիճակին քաջատեղյակ հայկական Սփյուռքի աստիճանական խորթացումը Մայր Հայրենիքից, մասամբ նաև՝ հատվածական գաղափարների վրա խարսխվող փակուղային գործելակերպի արմատավորումը նրա ներսում։

Այսպիսով, ակնհայտ է, որ ժամանակին սկսելով հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունները որդեգրելու փակուղային գործնթացը, Հայաստանի իշխանությունները անցած տարիների ընթացքում չեն դավաճանել իրենց էությանը։

Իրենց էությանը չեն դավաճանել նաև Թուրքիայի իշխանությունները, որոնք այսօր ամեն ինչ անում են մինչև 2015-ը «երկխոսության» կեղծ նմանակումների բեմականացման ճանապարհով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու համար։ Դրա վկայությունն են ԱՄՆ-ի հայ համայնքի հետ «անկեղծ խոսակցություն ծավալելու»՝ Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի խորամանկ փորձերը։ Այս ամենի հեռահար նպատակը հայության առանձին խմբերի պահանջների մասնակի բավարարման միջոցով «կարգավորման» սեփական սցենարը պարտադրելն է։ Ուրեմն՝ եթե անգամ Հայաստանն ու հայությունը մինչև 2015 թվականը ոչինչ չձեռնարկեն Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավաքաղաքական գործընթաց սկսելու համար, միևնույն է, Թուրքիան ինքը, առանձին եկեղեցիների կամ կալվածքների վերադարձի և այլ «ընտրողական քայլերի» միջոցով փորձելու է առևտրայնացնելով՝ արժեզրկել հայերի օրինական ու արդարացի պահանջների իրավաքաղաքական բովանդակությունը։

Ուստի ՀՀ իշխանությունների ներկա կրավորական կեցվածքի պահպանման դեպքում մինչև 2015 թվականը մենք անխուսափելիորեն ներքաշվելու ենք Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման զանազան կեղծ սցենարների մեջ։ Որովհետև, երբ Հայաստանն ու Սփյուռքը իրենք իրենց համար չեն հստակեցնում Մեծ եղեռնի հետևանքների հաղթահարման հիմնանպատակի իրավաքաղաքական բովանդակությունը, նրանց փոխարեն դա անում են ուրիշները՝ առաջնորդվելով օտար կամ թշնամական օրակարգերով։

Նման վտանգի առկայության պայմաններում վերջին տարիներին փորձագիտական մակարդակով մեզանում լրջորեն քննարկվում է մինչև 2015 թվականը Թուրքիային ուղղված հայկական պահանջների որոշակի փաթեթ և Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հայեցակարգ մշակելու և դրանցով առաջնորդվելու՝ երկմիասնական առաջադրանքը։ Առաջինն անհրաժեշտ է, որպեսզի ճշգրտվեն մեր կորուստների չափերը, կասեցվեն առանձին խմբերի ու անհատների «ինքնագործունեությունն» օգտագործելու Թուրքիայի փորձերը և առանձնացվեն Հայոց պահանջատիրության այն սուբյեկտները, որոնք կարող են ներկայացնել Հայաստանի ու հայության շահերը։ Երկրորդն անհրաժեշտ է՝ հստակեցնելու համար այն մարտավարությունը, որը հարկ է լինելու կիրառել մինչև 2015 թվականը Հայոց ցեղասպանության ճանաչման ու նրա հետևանքների հաղթահարման առաջադրանքի համատեքստում։ Այս երկու անհրաժեշտությունների շուրջ հայ գիտատեսական միտքն արդեն բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարել՝ զգալիորեն առաջ անցնելով անորոշության մեջ տարուբերվող ազգային քաղաքականությունից[4]։

Մեր փորձագետների ձեռքի տակ եղած հիմնավորումների, փաստարկների ու հաշվարկների բազմաթիվ տարբերակները վկայում են, որ դրանք գտնվում են հասունացման այն հանգրվանում, երբ արդեն զգում են իրենց դրույթները որդեգրող և գործնական քաղաքականության մեջ տեղափոխող կոնկրետ սուբյեկտների կարիքը։ Ուստի երբ այսօր, «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման ընդունումից և նրա առջև սովորական, տարելիցային բնույթի խնդիրներ դնելուց զատ, պետական մակարդակով «2015-ին ընդառաջ» մեզանում փաստորեն ոչինչ չի արվում, կրկին ուրվագծվում է սովորական նմանակումների ու թատերականացումների այն ծանոթ սցենարը, ինչը բնորոշ է Հայաստանի իշխող վերնախավի գործունեության փաստորեն բոլոր ոլորտներին։

Այսինքն՝ սրանով մեզ առաջարկվում է մի կողմ դնել Թուրքիային ներկայացվելիք իրավաքաղաքական փաթեթի ստեղծման համար անհրաժեշտ՝ հիմնավորումների նախապատրաստումը, քննարկումն ու որդեգրումը և զբաղվել այնպիսի ձեռնարկներով, որոնք մեր հակառակորդները վաղուց արդեն բնորոշել են հայ ժողովրդի համար խիստ վիրավորական՝ «մազոխիզմ» բառով։ Նման գործելակեպը լիովին տեղավորվում է Արևմուտքում պարբերաբար «լեգիտիմություն» մուրացող, իսկ երկրի ներսում փող բաժանելով ինքնավերարտադրվող իշխանության պատկերացումների շրջագծում։ Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը աստղաբաշխական թվերի հասցրած, կախյալ և ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող օրինականություն պահանջել երկրից դուրս, ուստի 2015-ին ընդառաջ՝ զգայացունց, բայց դատարկ ձեռնարկների կազմակերպման միջոցով պատրաստվում է «փափուկ բարձ» դնել մեր հասարակայնության գլխի տակ։

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ հայ ժողովրդի համար ճակատագրական՝ 2015 թվականին ընդառաջ.

ա) միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման «վարդագույն հեռանկարների» մասին՝ անտեսելով Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրը,

բ) ցեղասպան Թուրքիան փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր՝ «երկխոսություն» է սկսում իր հանդեպ առավել հետևողական Սփյուռքի հայության առանձին հատվածների հետ,

գ) պիղատոսների երկերեսանության ու ցեղասպանի լկտիության երկկողմանի աքցանի մեջ հայտնված Հայաստանի իշխանությունները, տեղի տալով առաջինների «փողաբույր կամքին», փորձում են հիշատակի ու սգո արարողությունների կազմակերպման միջոցով շրջանցել միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանությանը քաղաքական և իրավական գնահատական տալու հասունացած առաջադրանքը։

Ուրեմն՝ «2015-ի» իրավաքաղաքական բովանդակությունը շրջանցելու հարցում, գոնե ներկա պահին, այս երեք սուբյեկտների միջև առկա է հստակ կոնսենսուս, ինչն անվիճելի իրողություն է։ Սակայն 2015-ին ընդառաջ՝ կողմերի «հնարավոր դերաբաշխումների» մասին դեռևս խիստ վաղ է խոսել, որովհետև ինչպես գլոբալ ու տարածաշրջանային, այնպես էլ դրանցից բխող՝ ներազգային ու ներպետական գործընթացների ընդհանուր ուղղվածությունն առաջիկա երեք տարիներին մեզ բոլորովին այլ հեռանկարներ է խոստանում։

Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրը Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների բարելավմանը զոհաբերելու արձանագրային ցանկությունը ներկայումս անլուծելի հակասության մեջ է հայտնվել գլոբալ և տարածաշրջանային մակարդակների վրա հստակորեն ուրվագծվող այն վտանգավոր զարգացումների հետ, որոնք ծավալվում են Հայաստանի անմիջական հարևանությամբ՝ Արևմուտք-Արևելք դիմակայության առավել սուր կետերում։

Սիրիայի ու Իրանի շուրջ սպասվող իրադարձությունների նախօրեին Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի դեմ ձեռնարկվող ադրբեջանա-թուրքական շանտաժը ցույց է տալիս, որ մեր հակառակորդները Ղարաբաղում ևս հայերի հետ հաշվեհարդար տեսնելու առաջադրանքը համարում են Հայկական հարցը փակելու վճռորոշ պայման։ Ու քանի որ հենց Ղարաբաղի միջոցով է Հայաստանի Հանրապետությունը շաղկապված ուժի այն կենտրոններին, որոնց ներկայությունից ազատվելու համար են ծավալվում մեր շուրջն ընթացող գործընթացները, ապա տարածաշրջանային ուժերի ընդհանուր հաշվեկշռի փոփոխությունը կարող է խարխլել այն խաբուսիկ ստատուս-քվոն, որը դարձել է Հայաստանի իշխանությունների պատրանքային սպասումների ենթահողը։ Մինչդեռ, տեկտոնիկ ճեղքվածքների վրա հայտնված երկրի համար որքան անհրաժեշտ ու պարտադիր է ուժի տարբեր կենտրոնների հետ ծավալվող միաժամանակյա խաղը, նույնքան էլ հակացուցված է «մեկը զիջելու, մյուսը շահելու» հատվածական հաշվարկը։

Ավելին՝ ներկայումս Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդրի մեջ պարփակվող Հայկական հարցն այն հզոր քաղաքական գործոններից մեկն է, որը միջազգային ասպարեզում ծառայում է իբրև լրջագույն խոչընդոտ Լեռնային Ղարաբաղի հանդեպ նոր ագրեսիայի ճանապարհին։ Ողջ մարդկության դեմ իրականացված հանցագործության՝ Հայոց ցեղասպանության կրկնության վտանգը, այն էլ՝ ցեղասպանության 100-ամյակի նախօրեին, խիստ ազդեցիկ բարոյաքաղաքական լծակ է, որից հրաժարումը չի կարող փոխհատուցվել Համաշխարհային բանկի կամ այլ կառույցների կողմից առաջարկվող հերթական վարկով, որը, բնականաբար, մսխվելու է՝ հերթական ընտրությունը կեղծելու նպատակով։

Ստեղծված իրավիճակում Հայոց ցեղասպանության դիմաց արդարացի հատուցման պահանջի առաջադրումն ու շաղկապումը՝ հայության ղարաբաղյան հատվածի դեմ նյութվող ցեղասպանական ծրագրերը կանխելու առաջադրանքի հետ, ազգային հիմնանպատակից անխուսափելիորեն վերածվելու է համամարդկային առաջադրանքի՝ մարդկության ու քաղաքակրթության դեմ նոր ոճիրը կանխելու կամքի ու վճռականության։

Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդրի առաջադրումով Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև ամբողջացնել Լեռնային Ղարաբաղի արդար դատը պաշտպանելու համահայկական հանձնառության դաշտը՝ իր շուրջը համախմբելով ողջ աշխարհի հայությանը։

Նույն հիմնախնդիրը ներպետական իրողությունների համատեքստում քննելու պարագայում հարկ է վերհիշել, որ հենց Հայոց ցեղասպանության դաժան վերհուշն էր այն հզորագույն ազդակը, որ 1988-ին ոտքի հանեց, իսկ քիչ անց՝ մարտի դաշտ տարավ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակած սերնդին։ Սխալվում են բոլոր նրանք, ովքեր Հայաստանի իշխանությունների կողմից մատակարարվող «բարիքներով» հաճույք ստացող մեր քաղաքացիների մի մասի ժամանակավոր ընդարմացումը գնահատում են իբրև բարքերի աղճատման վկայություն։ Հայ ժողովուրդն իր ճնշող մեծամասնությամբ որևէ կապ չունի իրեն պարտադրվող արգահատելի երևույթների հետ, որոնք նրա կամքը կոտրելու նպատակ են հետապնդում։ Հայության ազգային իդեալները այսօր էլ ավելի ուժեղ են ու կենսունակ, քան ցեղասպանական նպատակներ հետապնդող հարևանների՝ ռասիզմի ու ատելության վրա հիմնված նկրտումները։ Պարզապես՝ դրանց պոռթկալու համար զգացվում է ենթակայական գործոնի հասունացման կարիքը, ինչն ի հայտ է գալիս արտաքին վտանգների առարկայացմանը զուգընթաց։ Ուստի կասկած անգամ չպետք է ունենալ, որ առաջիկայում նույնպես հայ ազգը միայն պայքարի ճանապարհով է պաշտպանելու իր շահերը։

Իսկ ահա Հայաստանի իշխանությունները 2015-ին ընդառաջ նախատեսվող ձևական գիտաժողովներով ու ցուցահանդեսներով այլևս չեն կարող խաբել սեփական ժողովրդին և ապացուցել, թե իբր՝ տեր են կանգնում նրա ողբերգական պատմությանն ու անժամանցելի իրավունքներին։ Մեծ եղեռնի 100-ամյակի նախապատրաստությունները նմանակումների վերածելու նրանց բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Նոր սպառնալիքների առարկայացման պայմաններում ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդրի առաջադրումն է ժողովրդին կրկին համախմբելու և պայքարի առաջնորդելու վճռական պայմանը, որովհետև առաջիկա տարիներին հենց արտաքին վտանգը կանխելու հրամայականն է լինելու ներհայաստանյան քաղաքական դիսկուրսի առանցքային հիմնահարցն ու շարժիչ ուժը։

Իսկ դա նշանակում է, որ այսօր 2015-ը շրջանցելու անհաջող փորձեր անող Հայաստանի իշխանությունները առաջիկայում չեն կարողանալու շարունակել իրենց ներկա քաղաքականությունը։ Ավելին՝ նրանք հարկադրված են լինելու այս կամ այն կերպ ընթացք տալ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման առաջադրանքին՝ գիտակցելով ոչ միայն ազգին ու պետությանը, այլև իրենց իշխանությանը սպառնացող վտանգի մեծությունը։ Պատճառն այն է, որ անգամ «գրպանով մտածող» հայաստանյան փողապետության համար ի վերջո հասու է դառնալու ամենազորության պարադոքսի հայտնի տրամաբանությունը. «Խնդրեք Աստծուն, որպեսզի նա ստեղծի մի քար, որն ինքը չի կարող բարձրացնել։ Եթե ստացվի, նշանակում է նրա ամենազորությունը կորցրել է իր ուժը։ Իսկ եթե ոչ՝ ապա նա չի էլ եղել ամենազոր»[5]։

Այն քարը, որը 2015-ին ընդառաջ՝ փակելու է Հայաստանի իշխանությունների ճանապարհը, օրեցօր վտանգավոր դարձող արտաքին միջավայրից բխող սպառնալիքներին դիմակայելու հրամայականն է, որն, ինչպես գիտենք, հայաստանյան փողապետության «արժեհամակարգի» շրջագծում միայն մեկ լուծում ունի՝ արձանագրային անձնատվությունը։ Բայց քանի որ վտանգը Ղարաբաղի վրա կենտրոնանալու պարագայում քարը ստեղծելուց հրաժարվելը սպառնալու է իշխանության, իսկ բարձրացնելը՝ էության կորստյան վտանգով, ապա նման գլուխկոտրուկը հանգուցալուծվելու է «ճարահատյալ դավանափոխության» տարբերակով։ Ուրեմն՝ վտանգված երկրի իշխանությունների համար Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման առաջադրանքը ամենազորության պարադոքսի այն քարն է, որը որևէ կերպ հնարավոր չէ շրջանցել։ Եվ ներկայումս հայ հասարակայնությանը խաբելու անօգուտ փորձեր անողների ինքնապահպանման ձգտումը 2015-ին ընդառաջ՝ անխուսափելիորեն փոխակերպվելու է Մեծ եղեռնի հետևանքների հաղթահարման խնդիրն առաջադրելու և իրենք իրենց բացասելու գործընթացի։

Մինչև 2015 թվականը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրն առաջ քաշելու հրամայականը նոր ցեղասպանության բացառման, ներազգային համերաշխության վերականգնման և Հայաստանի Հանրապետության ներքին կյանքի առողջացման այն վճռորոշ պայմաններից է, որը չի կարող շրջանցել մեզանում գործող ո՛չ մի ուժ կամ անհատ։ Ելնելով նման հասունացած առաջադրանքը կյանքի կոչելու նպատակադրումից՝ «Վէմ» հանդեսը կարևորում է Հայոց ցեղասպանության իրականացման համար Թուրքիային պատասխանատվության կանչելու միջազգային-իրավական գործընթացին անհրաժեշտ՝ փորձագիտական մշակումների հրապարակումն ու քննարկումը։ Դրանցից առաջինը մեր աշխատակից Արմեն Ց. Մարուքյանի ամփոփիչ ուսումնասիրությունն է, որը տեղ է գտել հանդեսի ներկա համարում։

 Խմբ.։

 


[1] City of God. Book 5, Chapter 10.

[2] Հայոց ցեղասպանության հետևանքների գնահատման առումով մեզանում լայնորեն կիրառվող «հաղթահարում» հասկացությունից զատ, որոշ փորձագետների կողմից երբեմն օգտագործվում է նաև «վերացում» եզրույթը, որը, մեր կարծիքով՝ հիմնավորված չէ, քանի որ Հայոց ցեղասպանության հետևանքների մի մասը և առաջին հերթին՝ մարդկային կորուստները, անդառնալի են։ Խմբ.։

[3] Այս եզրույթը, որն առաջին անգամ օգտագործվել էր 2009 թ. հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ներքաղաքական շարժառիթների բացահայտման նպատակով հրապարակված մեր խմբագրականում («Վէմ», 2009, N 3, էջ 3-10), անցած տարիների ընթացքում պատշաճ ըմբռնման չէր արժանացել։ Բայց 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական «ընտրություններից» հետո, երբ մեր աչքերի առջև «գնվեց» Հայաստանի քաղաքացիների զգալի մասը, անգամ այն փորձագետները, որոնք մինչ այդ լուրջ վերապահումներ ունեին, իրենք ևս սկսեցին օգտագործել այս բանալի-բառը։ Խմբ.։

[4] Տե՛ս Արա Պապյան, Հայրենատիրություն։ Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր, հոդվածների ժողովածու, Եր., «Ասողիկ», 2012։ Տե՛ս նաև՝ «Վէմ»-ի ներկա համարում հրապարակվող՝ Արմեն Ց.Մարուքյանի «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրը» ամփոփիչ ուսումնասիրությունը։

[5] Savage, C. Wade. The Paradox of the Stone, “Philosophical Review”, Vol. 76, N 1 (Jan. 1967), pp. 74-79.

ՎԷՄ, 2012թ. թիվ 2(38)

Loading...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով