Եվրասիականության մեր ընկալումը*

by/հեղինակ[ներ] on 09/11/2016  •  In Խմբագրական

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ռուս ժողովրդի ողջ ապագան կախված է
նրանից, թե կհաջողվի՞ արդյոք նրա մեջ
հաղթահարել ոչ քրիստոնյա Արևելքը,
թաթարական տարերքը…։
Նիկոլայ Բերդյաև

ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԸՆԿԱԼՈՒՄԸ*

Բանալի բառեր — Եվրասիա, քաղաքական դոկտրին, Նիկոլայ Բերդյաև, «Պրավդա» գաղափար-սկզբունք, ասիականություն, Սուրբ Վլադիմիր, Սուրբ Աննա, Չինգիզ խան, ունիվերսալիստական դարաշրջան։

Ներկայումս հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ղեկավարությամբ ծավալվող ինտեգրացիոն գործընթացների «քաղաքակրթական հովանոցը» համարվող Եվրասիականության դոկտրինը հիմնվում է որոշակի արժեհամակարգի ու գաղափարախոսության վրա, որոնց ձևավորման և անցած ուղու քննությունը կարևոր է նաև Հայաստանի ու հայության համար։

Որպեսզի հստակ լինի մեր վերաբերմունքը այդ դոկտրինի հանդեպ, կարևոր է իմանալ, թե ինչ են այսօր հասկանում Ռուսաստանում «Եվրասիականություն» ասելով, որքանով են համապատասխանում նման պատկերացումները ռուս ժողովրդի քաղաքակրթական էությանը, և ինչու են դրանք մատուցվում հետխորհրդային տարածքի երկրներին։

«Եվրասիականություն» ասելով` անցած հարյուրամյակի ռուս քաղաքական միտքը հասկացել է 1920-ական թվականներին ռուս-վտարանդիական միջավայրում ձևավորված և զարգացման երեք հաջորդական հանգրվաններ անցած այն գաղափարախոսությունը, որն իշխան Ն. Տրուբեցկոյի ժամանակներից մինչև Ն.Գումելյով և Ա. Դուգին, աշխարհագրական հարևանության հիմքի վրա քաղաքակրթական ընդհանրություններ է փնտրում Ռուսաստանի և իր ասիական հարևանների` հիմնականում թյուրքական երկրների ու ժողովուրդների միջև։ Վերջիններիս հետ Ռուսաստանի ճակատագրի խաչաձևման իրողությունները և անծայրածիր տափաստաններին բնորոշ կենցաղի որոշ ընդհանրությունները դիտարկելով որպես ռուսների ու թյուրքական ժողովուրդների փոխադարձ ինտեգրման համար անհրաժեշտ հոգեհարազատության վկայություններ` Եվրասիականությունը համառորեն շրջանցել է իր ուրույն պատմությունն ունեցող ռուսական քաղաքակրթության հիմնային արժեքները՝ հետևյալ անվիճելի իրողությունները:

ա) Քրիստոնեության ընդունումից մինչև Մոսկովյան տերության ձևավորումը ռուսական մշակույթը զարգացել է ուղղափառ հավատի հիմքի վրա՝ ստեղծելով արևելաքրիստոնեական ժողովուրդներին բնորոշ համադրական արժեհամակարգ:

բ) Պետրոս Մեծի ու նրան հաջորդած հզոր տիրակալների շնորհիվ ստեղծագործաբար յուրացնելով պետականաշինության ու մշակույթի արևմտյան փորձը` Ռուսաստանը վերածվել է մի ուրույն քաղաքակրթության, որի ներսում Արևմուտքն ու Արևելքը ոչ թե հակադրվել, այլ լրացրել են միմյանց:

գ) Ճշմարտության իր դարավոր որոնումը արդարության գաղափարի հետ միասնության մեջ դիտակելու՝ «Պրավդա» գաղափար-սկզբունքի միջոցով հաստատելով բարոյական ու հոգևոր արժեքների գերակայությունը` 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի առաջին տասնամյակներին այդ ինքնատիպ քաղաքակրթությունը, ի դեմս դոստոևսկիների ու տոլստոյների, չայկովսկիների ու չեխովների, կանդինսկիների ու մալևիչների, առաջատար դիրքեր է գրավել համաեվրոպական մշակույթի անդաստանում։ Սա է Ռուսաստանն իբրև ուրույն մշակույթ ու քաղաքակրթություն, որը վաղուց հայտնի է մեզ ու նաև՝ համաշխարհային գիտությանը, և այս առումով հայտնագործություն անելու կարիք չկա։

Ու քանի որ մեզ՝ հայերիս, ի սկզբանե հոգեհարազատ է եղել Արևմուտքին ու Արևելքին բնորոշ հիմնարար արժեքների համադրության ու սինթեզի հիմնախնդիրը, 19-րդ դարից սկսած` մենք ոչ թե պարտադրանքով, այլ գիտակցաբար յուրացրել ենք ճշմարտության ու արդարության միասնության վրա հիմնված ռուսական գաղափարապաշտ ոգին՝ հիմք դնելով Հայաստանի քաղաքական վերածնունդը դարբնած հերոսական ու զոհառատ հայ ազատամարտին ու նրա ծնունդ Հայաստանի առաջին Հանրապետությանը։ Ուստի պատահական չէ, որ Հայոց պետականության ակունքներում կանգնած ուժի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հիմնադիր սերունդը նույնպես խորությամբ ընկալել էր արևելաքրիստոնեական, բյուզանդական արմատներ ունեցող այս արժեհամակարգը։

Կարևորելով ռուս մտածողների կողմից մարդկությանը փոխանցված նման արժեքները՝ մենք չենք կարող անտարբեր մնալ մեր դաշնակից երկրի քաղաքական վերնախավի մի մասի ներկա գաղափարաքաղաքական որոնումների հանդեպ, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո բուն ռուսական մշակութային մեծ ժառանգության շարունակականությունն ապահովելու և Արևմուտքի ու Արևելքի ձեռքբերումների նոր համադրությունն իրականացնելու փոխարեն աստիճանաբար դիմաշրջվել են Արևմուտքից, խրամատավորվել են սեփական պատյանի մեջ ու թեքվել դեպի Արևելք՝ որդեգրելով 20-րդ դարի 20-ական թվականներին ռուս վտարանդիական միջավայրում ձևավորված Եվրասիականության քաղաքական դոկտրինը և այն սպասարկող գաղափարախոսությունը։

Լինելով ոչ թե Ռուսաստանի քաղաքակրթական ընտրության արտահայտությունը, այլ ներկա հանգրվանում նրա աշխարհաքաղաքական դիմադրողականության ապահովման գործիքը, Եվրասիականությունը` որպես գաղափարախոսություն, այսօր էլ պահպանել է իր ձևի ու բովանդակության ակնհայտ հակասությունը։ Նրանում ինչպես 20-րդ դարի 20-ական թվականներին, այնպես էլ այսօր բացակայում է իր անվան զույգ բաղադրիչներից առաջինը՝ Եվրոպան։

Եվ դա պատահական շեղում չէ, այլ Եվրասիականության ձևավորման դարաշրջանից մնացած վերապրուկ, որը բխում է 1920-ական թվականներին ռուս-վտարանդիական մտքի կողմից որդեգրված՝ ներփակ պատմամշակութային տիպերի (Ն. Դանիլևսկի), մշակույթների (Օ. Շպենգլեր), իսկ հետագայում՝ քաղաքակրթությունների (Ա. Թոյնբի) մասին հայտնի տեսությունից։ Պատմության ամբողջականության համադրույթը կասկածի տակ դնելու նման փորձը դեռևս 1920-ականներին լուրջ հակահարվածի է արժանացել ժամանակի խոշորագույն ռուս մտածող Նիկոլայ Բերդյաևի կողմից։ «Եթե գոյություն չունի մարդկությունը՝ որպես հոգևոր միասնություն և իրականություն, ապա քրիստոնեությունն անհնար է և ամեն իմաստից զուրկ է աստվածակերպությունը և մեղքի թողությունը» ,- գրում էր Ն. Բերդյաևը 1925 թվականին։ Արևմուտքի հետ համաքրիստոնեական միասնության ժխտման վրա հիմնված, բոլշևիկաեվրասիական այս դիմաշրջման հիմքում ընկած ատելությունն արևմտյան քրիստոնյա աշխարհի հանդեպ ռուս քրիստոնյա Ն. Բերդյաևի կարծիքով «…. մեղք է ու մարդասպանություն, արևմտյան ժողովուրդների հոգու ժխտում, նրանց կյանքի և փրկության աղբյուրների մերժում»։ Ելնելով դրանից՝ նա եվրասիականներին մեղադրում էր ռուսական ազգային գաղափարը, ռուսական համամարդկայնությունն ու համաշխարհայնությունը՝ Դոստոևսկու ոգին, ժխտելու մեջ։

Երբ եվրասիականները մի կողմ էին նետում Վլ. Սոլովյովի ու Ֆ. Դոստոևսկու կողմից հստակորեն բանաձևված ռուսական ազգային գաղափարն ու զբաղվում ասիական հեթանոսության քարոզով, Ն. Բերդյաևի համար ակնհայտ էր դառնում, որ «… նրանց հոգեհարազատ է ոչ թե ռուսականը, այլ ասիականը, արևելյանը, թաթարականը, մոնղոլականը` ռուսերենով։ Ակներևաբար, Չինգիզ Խանին նրանք գերադասում են Սբ. Վլադիմիրից» (ընդգծումը մերն է- Գ. Խ.)։

1920-ական թվականներին Ն. Բերդյաևի կողմից ասվածը բավարար է հասկանալու համար, թե ինչ էր Եվրասիականությունը Ռուսաստանի համար նախկինում, որպեսզի դրա հիման վրա պարզենք, թե ինչ դերակատարություն է նրան վերապահված այսօր։ Քանի որ այն բխում է ոչ թե ռուսական ուրույն քաղաքակրթության էությունից, այլ ավելի զորեղ հակառակորդ Արևմուտքին դիմակայելու համար դաշնակիցներ փնտրելու ընթացիկ նպատակադրումից, ավելի քան ակնհայտ է, որ Եվրասիականությունը արդի Ռուսաստանի արժեքային ընտրությունը չէ, այլ արտաքին քաղաքական դոկտրինի գաղափարախոսական շղարշը։ Դրա վառ վկայությունն է այն իրողությունը, որ ռուսների մեծ մասը ներկայումս պատկերացում անգամ չունի իր համար օտար այս գաղափարների մասին։

Պարզապես Ռուսաստանի արդի քաղաքական վերնախավը համառորեն փորձում է վերականգնել նախկին կայսրությունը գոնե իր ասիական մասով, որտեղ հիմնականում բնակվում են թյուրքալեզու ժողովուրդներ։ Ուստի Եվրասիականության քաղաքական դոկտրինը, որը 1994 թվականից որդեգրել է նաև Ղազախստանի առաջնորդ Ն. Նազարբաևը, ծառայեցվում է այդ ընթացիկ-քաղաքական խնդրի լուծմանը։ Այսինքն՝ ռուսական ազգային տեսլականը, որի հիմնաքարերից մեկը բյուզանդական ավանդույթի շարունակականության վրա հիմնված «Երրորդ Հռոմի» գաղափարն է և այն սեփական զինանշանի վրա ամրագրած երկգլխանի արծիվը, գիտակցաբար դրվում է մի կողմ։ Այն ժամանակավորապես փոխարինելով Եվրասիականությանը բնորոշ պարզունակ ասիականությամբ` Ռուսաստանը խրամատավորվում է ավելի զորեղ հակառակորդի հանդիման՝ փորձելով վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն։

Ուստի սեղմվելով նման հակադիր խրամատների միջև` նրա դաշնակից Հայաստանն արժեքային առումով այսօր հայտնվել է փակուղային երկընտրանքի առջև, քանի որ ի դեմս Ռուսաստանի` գտնում է Եվրոպային հակադրվող ասիականությունը, իսկ ի դեմս Արևմուտքի՝ մշակույթները համահարթեցնող համաշխարհայնացումի ծավալման տեսքով դրսևորվող աշխարհիկության գրոհը։ Ակնհայտ է, որ նման պայմաններում կատարվելիք ցանկացած ընտրություն Հայաստանին ու հայությանը տանում են դեպի արժեքային փակուղի։ Սրանք հավասարապես մեր արժեքները չեն, և սրանցից հավասար հեռավորության պահպանումը ինքնության պահպանման խնդիր է։ Ռուսաստանում մենք այսօր չենք գտնում դոստոևսկիական ու չեխովյան հոգեհարազատությունը, իսկ Արևմուտքում աշխարհիկացմամբ համահարթեցվող քրիստոնեական քաղաքակրթությունը հազիվ է շնչում։ Նման կեղծ երկընտրանքների հայաստանյան ներքաղաքական թատերականացումները մեզ ավելի են շեղում մեր բուն նպատակից՝ սեփական երկրում սեփական քաղաքակրթական ավանդույթին հոգեհարազատ միջավայր ձևավորելու առաջադրանքից։

Բայց խորքային բնույթ ունեցող այն քաղաքական, տնտեսական ու հոգևոր-մշակութային գործընթացները, որոնք այսօր ծավալվում են ողջ Եվրասիա մայրցամաքում, հուշում են այն մասին, որ մեր արտաքին համարկման դաշտի ձևավորումն ընթացքի մեջ է։ Եվրոպայում, իսլամական թափանցման դեմ ուժեղացող պայքարում սկսում է բյուրեղանալ նոր՝ հոգևոր եվրոպականությունը, իսկ Ռուսաստանում ծավալվում են սեփական մշակույթի քրիստոնեական արմատներին վերադառնալու գործընթացներ։ Այսինքն՝ հոգևոր Եվրոպան ու հոգևոր Ռուսաստանը ներկայումս ձգտում են ձևավորել այն կորուսյալ համաքրիստոնեական ընդհանրության դաշտը, որն այսօր ձևախեղված է համաշխարհայնացմանը բնորոշ ծայրահեղ աշխարհիկությամբ և դրան հակադրվող Եվրասիականության քաղաքական դոկտրինի՝ մեզ համար խորթ ու օտար նպատակներով։

Դեռևս 20-րդ դարի 20-ական թվականներին կանխագուշակելով ներկայումս «գլոբալիզացիա» անվանումը ստացած ունիվերսալիստական դարաշրջանի ծնունդը` Ն. Բերդյաևն իրավացիորեն նկատել էր, որ դրանով նոր պայմաններ են ստեղծվում` հոգևոր ճգնաժամը հաղթահարելու և «… Ռուսաստանի՝ որպես համաշխարհային պատմության երկու հոսանքն իր մեջ միավորող Արևելք-Արևմուտքի մեծն աշխարհի համաշխարհային առաքելությունը…» շարունակելու համար։ Մենք այսօր գտնվում ենք այդ կանխագուշակման իրականացման առաջին հանգրվանում, երբ Եվրոպան փնտրում է իր քրիստոնեական արմատները, իսկ ատլանտիզմի գրոհին դիմակայելու համար Եվրասիականության (իրականում՝ ասիականության) պատյանի մեջ պարփակված Ռուսաստանը կեղծ ընդհանրություններ է որոնում Չինգիզ խանի ժառանգների միջավայրում։

Մենք նման «Արևմուտք» կամ նման «Արևելք» չենք ճանաչում։ Մեր Արևելքը քրիստոնյա Արևելքն է, որի համար միանգամայն հասկանալի է, թե ինչու է Ռուսաստանի նախագահն այցելում Աթոն կղզու հույն հոգևորականներին՝ բյուզանդական կայսրերի գահին նստելու համար։ Եվ նման քաղաքակրթական ընդհանրության տեսանկյունից միանգամայն օրինաչափ է, երբ տարիներ շարունակ Ադրբեջանին զենք վաճառելուց հետո, Ռուսաստանն այսօր վերհիշում է նաև իր պատմական առաքելությունը Արևելքի քրիստոնյա ժողովուրդների հանդեպ և է՜լ ավելի հզոր զինատեսակներ է մատակարարում Հայաստանին։ Քանզի մենք ոչ թե ղըրղըզների կամ ղազախների նման սոսկ «Եվրասիայի բնակիչներ» ենք, այլ Ռուսիայում քրիստոնեության ընդունման ժամանակներից՝ Սուրբ Վլադիմիրի և նրա հայազգի տիկնոջ՝ Սուրբ Աննայի պսակադրության պահից սկսած՝ քաղաքակրթական խորքային ընդհանրության վրա հիմնվող հարազատներ։

Եվրասիան մեզ համար պարզապես տարածք չէ՝ ոմանց նման անասունների հոտեր պահելու և դրանց հետ միասին բազմանալու համար։ Եվրասիան մեզ համար նաև միլիոններով հաշվվող բանակներ պահելու ու կայսերական սահմաններ ձևավորելու միջավայր չէ. մենք այդպիսի հնարավորություն չունենք։ Եվրասիան մեզ համար մշակութային անանց արժեքներ ստեղծելու և մեզանից ավելի հետամնաց ժողովուրդների մեջ տարածելու հնարավորություն է։

Չնայած անկախ պետականության բացակայությանը` որպես Արևելքում կուլտուրտրեգերական առաքելություն իրականացնող ժողովուրդ, մենք դարեր շարունակ մշակույթ ենք տարածել ասիական տափաստաններում՝ հյուսիս-արևելքում հասնելով մինչև քոչվորական ղըրղըզների վրանները՝ Իսիկկուլ լճի եզրին, իսկ Արևելքում ու հարավ-արևելքում՝ Չինաստանի ու Հնդկաչինի ափերը։ Խորհրդային ներփակ կենսակերպի պայմաններում անգամ մենք Կենտրոնական (Միջին) Ասիայի գրեթե բոլոր հանրապետությունների պետականության ու մշակույթի հիմքերն ենք դրել՝ նրանց պետական ինստիտուտների, դասական երաժշտության ու արդի ճարտապետության ձևավորման ակունքներում կանգնած տաղանդավոր հայորդիների միջոցով։

Ուրեմն Եվրասիականության մեր ընկալումը խորապես մշակութային բնույթ ունի և նրա հիմքը կազմող արժեքների հստակեցման ներկա հանգրվանում, երբ մեզ սխալմամբ առաջարկվում է «քաղաքակրթական ընտրություն» կատարել «ծովի» ու «ցամաքի» միջև, մենք պետք է խուսափենք այդ փարախներից մեկն ու մեկում պարփակվելու հեռանկարից։ Նման առաջարկները վաղաժամ են ու վտանգավոր, որովհետև դրանցով քողարկվում ու շրջանցվում է արժեքային ընտրության հիմնախնդիրը։

Երբ աշխարհաքաղաքական հաշվարկներով առաջնորդվող նորագույն հեթանոսության զույգ տարատեսակների՝ ատլանտիզմի ու Եվրասիականության դիմակայության մեջ տրորվում է հոգևորի սրբությունն ու նրա հանդեպ հավատը, մենք իրավունք ունենք պարփակվելու մեր հոգևոր պատյանում ու սպասելու մի կողմից՝ քրիստոնյա Արևմուտքի ու քրիստոնյա Արևելքի, իսկ մյուս կողմից՝ քրիստոնեության ու իսլամի նոր երկխոսությանը։
Խմբ.։

Loading...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով