Ազգ-բանակ ձեւավորման ՀՅԴ փորձառությունը*

by/հեղինակ[ներ] on 01/02/2017  •  In Խմբագրական

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Եւ մի ազգ — եթէ ուզում է մնալ յարգւած,
եթէ չի՜ ուզում կորչել — պէտք է լինի զէնքի
ընդունակ, միշտ պէտք է լինի կազմ ու
պատրաստ ինքնապաշտպանութեան
համար, մանաւանդ քաղաքական
ցնցումների վայրկեաններում…
Նիկոլ Դուման1

ԱԶԳ-ԲԱՆԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀՅԴ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ*

Բանալի բառեր — ազգ-բանակ, Շվեյցարիա, ՀՅ Դաշնակցություն, Ռոստոմ, Մարտական կազմակերպություն, «Դատական մարմին», «Զինվորական խորհուրդ», Արամ Մանուկյան, Արցախյան գոյամարտ, Քարինտակ, Թալիշ։

Հայաստանում այսօր աշխուժորեն քննարկվող առանցքային գաղափարներից մեկը ազգ-բանակի տեսլականն է, որի վերաբերյալ հրապարակում առկա կարծիքների ու առաջարկների բազմազանությունը շուտով կարող է հավասարվել քննարկումների մասնակիցների թվին։

Ուստի սկիզբ առած դիսկուրսի մեջ ներքաշված անձանց կամքից անկախ՝ մեզանում տեղի է ունենում այդ գաղափարի պարզունակացումն ու գռեհկացումը, ինչն անթույլատրելի է բարդ գործընթացների մեջ ներքաշված տարածաշրջանում գտնվող երկրի ու ժողովրդի համար։ Պատճառն այն է, որ վկայաբերելով ազգ-բանակի ձևավորման համաշխարհային փորձը, ներկա քննարկման մասնակիցները մոռանում են, որ պատմության ընթացքում երբևէ գոյություն չի ունեցել և այսօր էլ գոյություն չունի ազգ-բանակի որևէ ընդհանրական բնորդ, որը կարելի է ընդօրինակել ու դարձնել հետագա աշխատանքների հիմք։ Պատմության դժվարին հանգրվաններում ազգ-բանակի վերածվելու կարիքը զգացվել է միայն այն ժողովուրդների մոտ, որոնք վտանգված են եղել որպես մեկ ամբողջություն։ Ուստի ազգ-բանակի ձևավորումը ոչ թե համընդհանուր անհրաժեշտություն է, այլ գոյատևման նվազագույն պայմանների ապահովման միջոց։ Այդ պատճառով իրենց գոյութան համար պայքարող ժողովուրդների համար ազգ-բանակի ստեղծման սեփական փորձն ավելի կարևոր, է քան համաշխարհային պրակտիկան։

Գաղտնիք չէ, որ ազգ-բանակները Նոր և Նորագույն ժամանակների ծնունդ են, քանզի մինչ այդ թերևս միայն տոհմացեղային հասարակությունում է գործել համաժողովրդական բանակի նախնական, պարզունակ տարբերակը՝ տոհմացեղային աշխարհազորը։ Նոր ժամանակներում առկա համաժողովրդական բանակի շատ թե քիչ տիպական օրինակը Շվեյցարիան էր, որի կուտակած հարուստ փորձի որոշ բաղադրատարրերը ընդօրինակման առարկա դարձան նաև հայ գործիչների համար։ Պատահական չէ, որ 19-րդ դարավերջին այդ երկրում հաստատված ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները կարևորեցին համաժողովրդական բանակի գաղափարը՝ 1894-1896 թթ. համիդյան ջարդերից հետո ուժեղացած պահպանողական մտայնության հաղթահարման փորձերի համատեքստում։

Պատճառն այն է, որ համիդյան ջարդերի արդյունքում առաջ եկած ազգովին վտանգվելու իրողությունը մեզանում վերականգնել էր «ճշմարտություններից առաջինը գոյությունն է» դեկարտյան տրամաբանությունը։ Մինչդեռ՝ ի տարբերություն անհատների պարզ-ֆիզիկական գոյատևան խնդրի, ազգ-պետությունների ձևավորման դարաշրջանում առանց ազատության ձգտման՝ հնարավոր չէր ապահովել ազգ-հավաքականության գոյությունը։ Ուստի՝ ՀՅԴ հիմնադիրներն իրենց ճանապարհին առկա արգելքների ու սպառնալիքների մեծությունն ընկալեցին որպես կուսակցության քաղաքական պահանջների չափավորման, բայց ո՜չ դրանցից հրաժարվելու անհրաժեշտություն։ Եվ 1890-ական թվականների ընթացքում ՀՅԴ-ն իրականացրեց սեփական նպատակների ու առաջադրանքների շարունակական ու հետևողական «օպտիմալացումը»՝ «ընդհանուր ապստամբության» տեսլականը փոխարինելով «ապստամբություն» հասկացությամբ, իսկ 1898-ից էլ սահմանափակելով նրա տարածքները՝ «ուժերի կենտրոնացման» վայրերով։

Դրան զուգահեռ որդեգրվեց ժողովրդին զինելու և ապագա գոյամարտերին նախապատրաստելու ինքնապաշտպանական մարտավարությունը, որն ազգ-բանակի վերածվելու հիմնական նախադրյալն էր պետականության բացակայության պայմաններում։ Միայն որոշակի տարածքներում հակառակորդի հանդեպ ռազմատեխնիկական գերակշռություն ձեռք բերելու միջոցով էր հնարավոր պահպանել սեփական գոյությունը՝ քաղաքակրթական առումով օտար միջավայրում։ Այդ պատճառով Արևմտյան Հայաստանում ՀՅԴ գործիչներ Հրայր-Դժոխքն ու Վազգեն Տերոյանը գործնական լուծումներ էին փնտրում նրա իրականացման ճանապարհին։ Իսկ նույն օրերին ճանաչված հոգևորական ու ՀՅԴ նվիրյալ Բագրատ վարդապետ Թավաքալյանը Ալեքսանդրապոլում քարոզում էր իր հոտին, որ մենք «…միայն Աստծուց պետք է աջակցություն խնդրենք և դրանից հետո՝ ինքներս աջակցենք մեկս մյուսին» ։

Ուժերի կենտրոնացման գաղափարի վրա հիմնված այս մարտավարության խափանման համար է, որ Օսմանյան կայսրությունը սադրանքների միջոցով արագացրեց ՀՅԴ-ի կողմից հետևողականորեն զինվող Սասունի հայության անհավասար գոյամարտի բռնկումը։ 1904-ի սկզբներին սկսված դիմադրության արդյունքում ՀՅԴ մարտական խմբերը, ծանր հարվածներ հասցնելով օսմանյան կանոնավոր բանակին, կարողացան ռազմական գործողությունների շրջանից դուրս բերել Սասունի ժողովրդին ու տեղավորելով Մշո դաշտի գյուղերում՝ կանխել նրա բնաջնջումը։

Արևմտյան Հայաստանում իբրև ազգ-բանակ գործելու առաջին փորձի ձախողումը փոխհատուցվեց ձեռք բերված մարտական հմտությունները Անդրկովկասի թաթարների խանաբեկական ջոկատների դեմ կիրառելու միջոցով։ Եվ այստեղ է, որ 1905-1906 թթ. ընթացքում ակնհայտ դարձավ ժողովրդի ծոցից ելած ՀՅԴ Մարտական կազմակերպության առավելությունը թաթարական ջոկատների հանդեպ։ Պետական կառույցների բացակայության պայմաններում ՀՅԴ-ն կարճ ժամանակամիջոցում շուրջ 15 հազար մարդու դրեց զենքի տակ, ստեղծեց ոչ միայն առանձին նահանգներում գործող ուժեր, այլև յուրաքանչյուր գյուղն ու գյուղախումբը վերահսկող քաղաքացիական ու զինվորական մարմիններ։ Դրանց կառուցվածքը՝ Ղարաբաղի ու Զանգեզուրի օրինակով, իր «Գաւառի կազմակերպությունը» գրության մեջ ներկայացրել է այդ շրջանում Արցախում գտնվող ՀՅԴ հիմնադիրներից՝ Ռոստոմը։

Յուրաքանչյուր գյուղ ընտրում էր «Դատական մարմին», որը վարում էր ոչ միայն դատական գործերը, այլև տվյալ գյուղին վերաբերող վարչական հարցերը, իսկ 4-6 գյուղերից բաղկացած շրջանակը ստեղծում էր Մայր դատական մարմին, որը խաղում էր նաև վերաքննիչ ատյանի դեր։ Որոշակի տարածքում առկա բոլոր գյուղերի ներկայացուցիչները ընտրում էին Շրջանի մարմին, որը ենթակոմիտեի կարգավիճակ ուներ և կապ ուներ գավառական կոմիտեի հետ, որոնցից կենտրոնականը Ապառաժի (Շուշիի) կոմիտեն էր, ուստի այն իրականացնում էր կենտրոնական կոմիտեի գործառույթներ։

Դրան զուգահեռ՝ յուրաքանչյուր գյուղ ուներ իր «Զինվորական խորհուրդը», որին միանում էին նրան հավասար թվով անդամներ՝ Դատական մարմնից։ Այս կիսառազմական-կիսաքաղաքացիական կառույցը իրականում ղեկավար շտաբի դեր էր խաղում, քանի որ բուն կռիվը վարելու համար գոյություն ուներ «Խմբապետների ժողովը»։ Իսկ խմբապետների կողմից ղեկավարվող զինվորական խմբերը մնացած ժողովրդից տարբերվում էին միայն զենք ունենալու հանգամանքով, ինչը, սակայն, նրանց մենաշնորհը չէր, քանի որ ամեն մի կռվող տասնյակի թիկունքին կանգնած էր պահեստի հնգյակը՝ «խանչալավորները», որոնք ամեն պահի պատրաստ էին զոհվածի կամ վիրավորի փոխարեն վերցնել զենքն ու շարունակել կռիվը։

Հայ-թաթարական կռիվների շրջանում Անդրկովկասի գավառներում կազմալուծված ցարական վարչակարգին փոխարինած ՀՅ Դաշնակցույթունը նման ինքնապաշտպանական կառույցի միջոցով փաստորեն հանդես էր գալիս ոչ թե որպես առանձին կուսակցություն, այլ մարտնչող ժողովրդի ինքնակազմակերպման քաղաքական հարթակ։ Այսինքն՝ տվյալ դարաշրջանում դե-ֆակտո պետական գործառույթներ իրականացնող ՀՅ Դաշնակցությունը դա կազմակերպված, զինված ու մարտնչող հայ ժողովուրդն էր՝ իր «Դատական մարմիններով» ու «Զինվորական խորհուրդներով»։ Եվ որպես զինվորների ու նրանց թիկունքն ապահովող գյուղացիների կազմակերպված ամբողջություն, հայությունը վերածվել էր ազգ-բանակի, ինչնից էլ ծնունդ էր առել հետագայում ոմանց զարմացրած՝ «ով դաշնակցական չէ, նա հայ չէ» կարգախոսը։
Պետականազուրկ ազգին մարտնչող ազգ-բանակի վերածելու այս առաջին համակարգված փորձը ապահովեց հայության հաղթանակը՝ 1905-1906 թթ. հայ-թաթարական կռիվներում, սակայն դա դեռևս բավարար չէր օսմանյան բանակի մի քանի հարյուր հազարանոց մարդուժն ու տեխնիկական միջոցները (թնդանոթներ և այլ ծանր զինատեսակներ) չեզոքացնելու համար։ Մեծ եղեռնը ցույց տվեց, որ առանց պետական կառույցների՝ ամենակատարյալ ինքնապաշտպանական համակարգն անգամ ի զորու չէ երկար ժամանակ դիմակայել տեխնիկական միջոցներով հագեցած կանոնավոր բանակին։ Ուստի 1915 թվականի Վանի ապրիլ-մայիսյան հերոսամարտը՝ որպես հայ ժողովրդի անկոտրում կամքի մարմնացում, մնաց իբրև բացառություն։ Եվ պատահական չէ, որ այն կերտած Արամ Մանուկյանն ու նրա կուսակցությունը դարձան 1918-ին արդեն Արևելյան Հայաստանին սպառնացող թուրքական կանոնավոր բանակի գրոհը կասեցնելու գործի կազմակերպիչները։ Բայց Սարդարապատում, Բաշ-Ապարանում ու Ղարաքիլիսայում այդ առաջադրանքի ռազմական մասի իրականացումն ընկավ ցարական բանակի, իսկ հետագայում Հայկական կորպուսի կազմում մարտական փորձ ձեռք բերած հայ սպայության միջին օղակի (գնդապետներ, մայորներ, կապիտաններ) և ՀՅԴ կազմակերպության ուսերին, որոնց շարքերից դուրս եկան Բեկ-Փիրումյանները, Զեմլյակներն ու Գուրգեն Տեր-Մովսիսյանները։

Իբրև ազգ-բանակ կռվելու առաջադրանքը ծառացավ նաև Հայաստանի առաջին հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության առջև, բայց խորթացումը, որը պահպանվում էր նախկին ցարական բանակի սպայության մի մասի և հայ ազատամարտի բովով անցած ՀՅԴ մարտական խմբերի միջև, միշտ չէ որ թույլ տվեց իրականություն դարձնել այդ խնդիրը։ Եվ այնտեղ, ուր հաջողվեց պրոֆեսիոնալ զինվորականների ուժերը միաձուլել զինված ժողովրդի ջանքերին, մենք հաջողության հասանք (հայ-վրացական պատերազմ, Զանգեզուրի գոյամարտ և վերջապես՝ Սուրմալուի ճակատամարտ), իսկ այնտեղ, ուր արձանագրվեց հակառակ միտումը, չկարողացանք տիրապետել իրավիճակին (1920 թ. գարնան կռիվները Ղարաբաղում, Կարսի անկումը 1920-ի հոկտեմբերի 30-ին և այլն)։ Դրանով իսկ հաստատվեց ազգ-բանակ ստեղծելու շվեյցարական փորձի հիման վրա Մ. Վարանդյանի կատարած այն խորիմաստ դիտարկումը, համաձայն որի՝ «Զօրքը չը պէտք է բաժանւած լինի ազգային մարմնից, որպէս մի կաստ. զօրք և ազգ, զօրք և պետութիւն, զօրք ու հայրենիք՝ պէտք է կազմեն մի ներդաշնակ ամբողջութիւն…» ։

Այդ ներդաշնակ ամբողջության վերականգնման ճանապարհին հայ զինվորին ու սպային վիճակված էր «ճաշակել» խորհրդային բռնապետության 70 տարիների դառնությունները։ Եվ միայն Հայաստանի անկախության արշալույսին սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը նոր առիթ ու հնարավորություն էր ազգ-բանակի տեսլականը կյանքի կոչելու համար։ Ուստի պատահական չէ, որ Հայրենիք վերադարձած ՀՅ Դաշնակցության առաջին գործը եղավ մարտական խմբերի ստեղծումն ու դրանց պարապմունքների կազմակերպումը Հայաստանի հեռավոր գյուղերում ու Արցախում։ Այս ճանապարհով հակառակորդի հանդեպ ձեռք բերված որակական առավելությունն էր այն վճռորոշ գործոնը, որը խորհրդային բանակի տարածաշրջանից հեռանալուց հետո հաղթանակներ պարգևեց մեզ։ Կարճ ժամանակամիջոցում ողջ Լեռնային Ղարաբաղը վերածվեց ազգ-բանակի, որը թեև քանակական բոլոր ցուցանիշներով զիջում էր հակառակորդին, բայց իբրև միասնական բռունցքի վերածված ժողովուրդ՝ անխորտակելի էր իր կամքով ու վճռականությամբ։ Արցախյան գոյամարտը ցույց տվեց նաև, որ կանոնավոր բանակ ունենալու հրամայական անհրաժեշտության պայմաններում ևս ազգ-բանակի գաղափարը պահպանում է իր կարևորությունը։ Փոխվում է միայն ազգի քաղաքական կամքի կենտրոնը՝ կուսակցությանը փոխարինում է պետությունը։ Բայց ամենևին էլ չի փոխվում հիմնական հրամայականը՝ ազգովին վտանգվելու հեռանկարը ազգովին կանխելու անհրաժեշտությունը։

Այդ պատճառով ներկա հանգրվանում ազգ-բանակի ձևավորման խնդիրը չպետք է շփոթել կանոնավոր բանակի որակական հատկանիշների կատարելագործման առաջադրանքի հետ, որը եղել ու մնում է ազգի գոյության ապահովման առաջին պայմանը։ Անշուշտ, ողջ ազգը չի կարող կռվել նման չափանիշներով, բայց հարկ եղած դեպքում նրա յուրաքանչյուր անդամը պարտավոր է պաշտպանել ինքն իրեն, իր ընտանիքը, թաղամասը կամ գյուղը։ Առաջին խնդիրը ներկայումս առաջ է բերել նաև է՜լ ավելի որակյալ ստորաբաժանումների՝ հատուկ պատրաստության գրոհային բրիգադների և գումարտակների կարիքը, բայց մեզ նման վտանգված ազգերի պարագայում դրանով նույնպես չի վերացել յուրաքանչյուր քաղաքացու՝ ինքնապաշտպանությանը պատրաստ լինելու առաջադրանքի կարևոր նշանակությունը։
Որովհետև ինչպես Արցախյան գոյամարտը, այնպես էլ 2016 թ. ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունները մեզ արդեն ապացուցել են, որ գործ ունենք ցեղասպանական մտասևեռումով առաջնորդվող հակառակորդի հետ, որը ոչ միայն տարածքներ գրավելու, այլև մարդկանց ոչնչացնելու նպատակ է հետապնդում։ Ուստի հակառակորդի նկրտումներին դիմագրավելու գործին պետք է պատրաստ լինի ոչ միայն կանոնավոր բանակը, այլև նվազագույնը՝ ռազմական գործողությունների հավանական թատերաբեմի ողջ բնակչությունը։

Այդ պատճառով, երբ ազգ-բանակի ձևավորման մասին ներկա դիսկուրսի մասնակիցները լայնորեն շրջանառության մեջ են դնում արևմտյան բանակների առաջավոր փորձի յուրացման, այդ թվում՝ գիտության ու բանակի միջև կապի ամրապնդման կարևոր խնդիրները, դրա հետ միասին չպետք է անտեսեն որպես զինված և կազմակերպված ժողովուրդ՝ ցեղասպանին դիմակայելու այն լավագույն մարտական ավանդույթները, որոնք իբրև ՀՅԴ կողմից ձեռք բերված հմտություններ ու փորձ՝ իրենց կենսունակությունն ապացուցել են նաև Արցախյան գոյամարտում։ Դրանց շնորհիվ է, որ 1992-ի հունվարին փրկվեց հերոսական Քարինտակի բնակչությունը, երբ տեղի դաշնակցական կառույցի ջանքերով զինված ժողովուրդը դիմադրեց ու դիմացավ՝ մինչև հիմնական ուժերի ժամանումը։ Իսկ կանոնավոր բանակի ձևավորումից հետո թերևս նման ինքնապաշտպանական համակարգի բացակայնությունն էր անցած ապրիլին Թալիշում արձանագրված վայրագությունները չկանխելու պատճառը…

Հայաստանի քաղաքացիները ու մանավանդ սահմանամերձ գյուղերի բնակչությունը պետք է ներքնապես կազմակերպված և գաղափարապես պատրաստ լինեն՝ հարկ եղած դեպքում առաջին հարվածն ընդունելու, իրենց գյուղը կամ թաղամասը պաշտպանելու, կանանց, ծերերին ու երեխաներին մարտական գործողությունների գոտուց դուրս բերելու, այսինքն՝ իբրև ազգ-բանակ կռվելու համար։ Եվ այս առումով լեռներում ծվարած ոչ մեծ բնակավայրերի պաշտպանության ընթացքում ՀՅԴ ձեռք բերած մարտական հմտությունների և գաղափարաբարոյական որակների անսպառ զինանոցը մեր երիտասարդ սերնդի համար կարող է դառնալ փորձի ու գիտելիքների փոխանցման, կամքի ու վճռականության դաստիարակման լավագույն դարբնոցը։
Խմբ.։

ОПЫТ АРФ ДАШНАКЦУТЮН ПО ФОРМИРОВАНИЮ НАЦИИ-АРМИИ
Редакционная статья

Ключевые слова — нация-армия, Швейцария, АРФ Дашнакцутюн, Ростом, Боевая организация, “Судебный орган”, “Военный совет”, Арам Манукян, Арцахская война, Каринтak,Талыш.

Loading...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով