Ո՞վ է հայը

by/հեղինակ[ներ] on 01/01/2018  •  In Խմբագրական

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Իրականացրո՜ւ երազանքներդ։ Այդ պահը եկել է ։
Գաբրիել Գարսիա Մարկես

Ո՞Վ Է ՀԱՅԸ
Բանալի բառեր – Հայաստան, ինքնություն, համակեցական տեսլական, ինքնութենական ճգնաժամ, արդարության սկզբունք, բուրժուականացում, ընկերային գաղափարախոսություն։

Երկրի զարգացման հետագա ընթացքը լուսավորող ընդհանուր համակեցական տեսլականի բացակայությունը հայաստանյան արդի հասարակության ներսում ինքնութենական ճգնաժամի պատճառ է դարձել։
Հայրենի հողի վրա հայութան նպատակների իրականացման համար Հայաստանը պետք է դառնա այն գրավիչ ընկերային միջավայրը, որտեղ մեր ազգային երազանքները համադրվում են առաջադիմության մասին մարդկութան պատկերացումները խտացնող՝ համամարդկային գաղափարների հետ։ Դրանց բացակայության պարագայում համախմբման ներազգային աշխատակարգերը կմնան սոսկ իբրև մեր պետական օրգանիզմի հետագա քայքայումը քողարկող գեղեցիկ կարգախոսներ։

Անցյալի ժառանգություն հանդիսացող՝ ընդհանուր ծագման գիտակցումն ու քրիստոնեական արժեհամակարգը գոյատևման միասնական կամքով են օժտում հայ հանրույթին այնքան ժամանակ, քանի դեռ ուրվագծվում է ընդհանուր արտաքին վտանգը և դրա դեմ համախմբվելու, բռունցքվելու անհրաժեշտությունը։ Ցավոք սրտի, հայոց դիմադրական ոգին, Սասունցի Դավթին օգնության հասնող Քեռի Թորոսի նման, արթնանում է միայն արտաքին վտանգի առարկայացման պահերին։ 2016 թվականի ապրիլյան կարճատև, բայց արյունահեղ պատերազմի օրերին մենք նորից դարձանք նման իրողության ականատեսը։ Սակայն անմիջական ռազմական սպառնալիքի չեզոքացումից հետո ստիպված էինք արձանագրել, որ հայաստանյան հասարակությունը նորից իր «մոր փորն ընկավ»՝ այդպես էլ չփորձելով խորանալ տեղի ունեցածի պատճառների մեջ։ Դա գալիս է հաստատելու, որ մեր հասարակությունը պետական կեցության ատրիբուտների առկայության պայմաններում անգամ պահպանել է պետականազուրկ ազգի ավանդական մտածելակերպն ու փիլիսոփայությունը։ Մինչդեռ ցանկացած հասարակություն կենսունակ է այնքանով, որքանով կարողանում է ապագայի որոշակի տեսլականի վրա հիմնված ամենօրյա նպատակային գործունեությամբ ամրապնդել իր ներքին ուժի քանակական ու որակական ցուցանիշները։

Հայաստանի անկախացումից հետո անցած ավելի քան քառորդդարյա ժամանակամիջոցում համակեցական ընդհանուր միջավայր ձևավորելու նպատակ ունեցող ներքին կամ ընկերային տեսլականի մասին այդպես էլ լրջորեն չենք մտածել։ Մինչդեռ, երբ որևէ հավաքականության մոտ բացակայում է իր համակեցական միջավայրի սեփական ընկալումը, նա կա՜մ դառնում է օտար միջավայրերից բխող արժեքների գերին, կա՜մ էլ հենց ինքն է ձգտում դեպի այդ միջավայրերն ու արտագաղթում է։ Այս պարզ իրողության ապացույցները հայաստանյան ամենօրյա կյանքում ու կենցաղում արձանագրվում են հայերի «նորացված», բայց օտար տեսակների բազմացման, այսինքն՝ հոգևոր-բարոյական «արտագաղթի» տեսքով։ Ավելին, նման շեղումների կրողը հանդիսացող խմբերն արդեն շատ արագ նկատում են մեկը մյուսին և զանազան տգեղ բնորոշումների միջոցով վարկաբեկում են իրար։ Դրանցից ամենատարածվածներն են ամբողջովին ամերիկյան վարվելակերպին տրված՝ «գրանտակերներ», եվրոպական կենցաղի հոռի կողմերն ընդօրինակած՝ «կապույտներ», ռուսական քրեաօլիգարխիայի գռեհիկ կենսակերպի երկրպագու՝ «ռուսուլմաններ» և այլ բնորոշումները։

Հիմնականում՝ արտաքին աղբյուրներից սնվող նման խմբերի՝ դրսից արագացվող «բուծման» պայմաններում մեզ՝ հայաստանցիներիս համար անհայտ է մնում, թե ով է այդ դեպքում ժամանակակից ըմբռնումով հայը։ Մինչդեռ արտաքին ներդրումների ու դրանցով պայմանավորված՝ գոյատևման աղբյուրների բազմազանեցման հետ կապված՝ մեր երկրի ներսում մեզանից օտարացող հայերի թիվը գնալով աճելու է՝ է՜լ ավելի պառակտելով Հայաստանի հասարակությունը։ Որովհետև եթե չես ցանկանում կամ չես կարողանում քո երկիրը դարձնել դրախտ, ապա ակամայից փնտրում ես օտար դրախտի բանալիները։ Ուստի օտար դրախտ որոնողների միջև պայքարի սրումն ահազանգ է՝ սեփական դրախտի մասին մտածելու համար։

Մինչդեռ Հայաստանում այսօր դրախտն ու դժոխքը կողք կողքի են, որովհետև նա դարձել է ծայրահեղորեն բուրժուական երկիր՝ իրեն բնորոշ ցցուն կոնտրաստներով, որտեղ աղքատը ցանկանում է օր առաջ հարստանալ, իսկ հարուստը՝ է՜լ ավելի բարգավաճել։ Եվ օրենքով սահմանված խաղի կանոնների փաստացի բացակայության պայմաններում Հայաստանում հիմնականում ցանկանում են մնալ նրանք, ովքեր այս կամ այն պատճառով դուրս են մնացել համընդհանուր բուրժուականացման գործընթացից։ Բայց ավանդույթին հավատարիմ նման պահպանողական շերտերի վրա հիմնվող հասարակությունը չի կարող ունենալ ընդհանուր համակեցական տեսլական, որի կրողները կարող են լինել միայն նրանք, ովքեր նոր հարաբերություններն ընկալում են նրանց դինամիզմ հաղորդող պրոգրեսիստական մեկնակետից։
Ավելին, եթե փորձենք ներկայացնել հայաստանյան արդի հասարակության ձգտումների խորքային կառուցվածքը, ապա կտեսնենք, որ բացի գյուղացիության ու մտավորականության որոշ շերտերից և զինվորական խավի մի մասից՝ այն փաստորեն ամբողջովին հեդոնիստական բնույթ ունի։ Կովկասյան թամադայությունները, քեֆերը և ավելի արդիական ու սանձարձակ զվարճանքները իբրև բարձրագույն արժեք ընկալող նման հասարակության կողմից դաստիարակվող երիտասարդ սերունդը նույնպես վարակվում է նույն ախտերով։ Եվ դրանում նա որևէ մեղք չունի, քանզի անցած քառորդ դարի ընթաքում փոխվել է մեր ժամանակի հերոսը։

Մինչդեռ մեր ազատության համար նահատակված հերոսները զոհվել են ոչ թե Հայաստանը վայելքների երկրի վերածելու, այլ Հայրենիքի լուսավոր ապագայի համար։ Արդյո՞ք սա է նրանց երազած Հայաստանը, երբ հայի հեդոնիստական նպատակները է՛լ ավելի անսանձ ձևով հնարավոր է իրականացնել Հայաստանից դուրս։ Բայց քանի որ մեր երկրում նույնպես սկսել է գործել Արիստոտելի ժամանակներից հայտնի օրինաչափությունը՝ ցանկացած հասարակության ներսում գերակայում են իշխող դասակարգին բնորոշ արժեքները, ապա ստեղծված կացության ախտորոշումը հստակ է՝ հայաստանյան համակեցական միջավայրի բարեփոխման խնդիրն այսօր բախվում է նորելուկ բուրժուազիայի դիմադրությանը:

Ուրեմն ինչպե՞ս դուրս գալ այս լաբիրինթոսից, երբ այլևս հնարավոր չէ հանդուրժել երկրի զարգացման համար բացվող մեծ հնարավորությունների և դրանց իրացմանը խոչընդոտող արգելքների զուգահեռ գոյակցությունը։ Հայաստանն առաջիկա տարիներին կարող է հիրավի թռիչքաձև զարգացում ապրել, եթե իրացվեն այդ հնարավորությունները, բայց կարող է նաև հայտնվել արտաքին պարտքերի ու անխուսափելի դեֆոլտի դիմաց իր վերջին հարստություններն ու անկախությունը վաճառելու վտանգի առջև։ Ուրեմն ո՞րն է այն հենման կետը, որն առաջիկայում թույլ կտա իրադարձությունների զարգացումը հունավորել առաջին ուղղությամբ։

Մեր կարծիքով՝ հայաստանյան արդի հասարակությանը համակած ինքնութենական ճգնաժամի հաղթահարման առաջին քայլը երկրի համընդհանուր բուրժուականացման հակաթույնը հանդիսացող աշխատավորական Հայաստանի ընկերային տեսլականի հստակեցումն է։ Որովհետև նորելուկ բուրժուազիայի կողմից իրավազուրկ սպասավորների, իսկ որոշ դեպքերում պարզապես ստրուկների վերածվող հայ աշխատավոր դասակարգի՝ որպես մեկ ամբողջության, իրավունքների պաշտպանության խնդրի տեղատվությունն է հայոց համակեցական միջավայրի ձևավորման առաջնային խոչընդոտը։ Հայաստանում հող մշակող, տուն կառուցող, երեխաներ կրթող կամ իր համակարգչի վրա տեղեկատվական հասարակության ձևավորմանն ուղղված առաջին քալերն անող գյուղացին, բանվորը, ուսուցիչը կամ գիտնականը՝ որպես աշխատավորներ, առաջին հերթին բախվում են արդարության բացակայության փաստին։ Նման արդարությունը պահանջում է հավասար հնարավորությունների վրա հիմնված ազատ մրցակցության դաշտի ապահովումը զուգորդել հավելյալ արդյունքի բաշխման այնպիսի մեխանիզմների հետ, որոնք, զսպելով աշխատատուի հեդոնիստական ձգտումները, դրանք ուղղորդում են դեպի բանական պահանջմունքների ոլորտ։

Աշխատավոր մարդու իրավունքների պաշտպանությունը հարկ է տարանջատել նաև բարեգործություն անելու՝ աշխատատուի բարի ցանկությունից։ Նման իրավունքները պետք է երաշխավորվեն պետության կողմից, որովհետև հասարակության ունևոր խավն այս կամ այն կերպ ապահովում է պրոգրեսը (մեր պարագայում՝ տնտեսության քանակական չափորոշիչների աճի տեսքով), բայց վերջինիս համընդհանրացման խնդիրը կարող է լուծվել նրա արդյունքների յուրացման շրջանակն ընդլայնող ներդաշնակ համակեցական միջավայրում։ Այս ներքին հոմեոստասիսի ձևավորման գործընթացում է առաջ գալու սեփական ինքնության նոր ընկալումը՝ երկրի տիրոջ զգացողությունը, որն ազգային հիշողությունը փոխակերպում է այժմեականության թրթռացող կենսառիթմերի։ Մենք կանգնած ենք հայրենասերից քաղաքացու վերածվելու գործընթացի ճիշտ մեջտեղում, ուստի Հայաստանի տնտեսության ու դրանից բխող հարստության աճի հետևանքով մեր երկիրը ոչ թե զարգանում է, այլ լճանում։ Ուրեմն հայաստանյան հասարակության բուրժուականացումն աստիճանաբար վերածվում է ազգային ինքնության ճգնաժամի, որովհետև նորացման գործընթացում բացակայում է պրոգրեսն «ազգայնացնողը», հայկականության իրական կրողը՝ աշխատավորը։

Դա է պատճառը, որ մեր աչքերի առջև դատարկվող երկրում ձևավորվել է մի գերհարուստ խավ, որն իր զվարճանքի վայրերում արջեր կամ առյուծներ պահելու փոխարեն շուտով թերևս անցնելու է փղերի բուծմանը: Եվ այդ աբսուրդի ականատես հայաստանյան հասարակությունը փոշիանալու է վերը նշված՝ ամերիկյան «գրանտակերների», եվրոպական «կապույտների», գռեհիկ «ռուսուլմանների», թուրքական մեղեդիների հայ երկրպագուների, իսկ շուտով հնարավոր է՝ չինացու տեսք ընդունող «յամենիների» բազմության մեջ։
Բայց հարկ է նաև խոստովանել, որ մեր գերհարուստ խավն այսօր ուրիշ անելիք էլ չունի, քանի որ նրա «հայրենիքը» փողն է։ Քանզի հողի իրական տերն այն մշակող աշխատավորն է, որը պետք է վերականգնի սեփական իրավունքները։

Խոսքն այստեղ մեկ առանձին երկրում պարփակված ներամփոփ «հայկական կոմունիզմ» կառուցելու, կամ էլ հայկականությունը օտար ազդեցություններից կատարելապես զտելու մասին չէ։ Ողջ հարցն այն է, որ քաղաքական մանվածապատ դեգերումների արդյունքում օտարվել ենք ինքնության հարցի հանրային դիսկուրսից և, հետևաբար, երազանքներ ձևակերպելու հմտությունից։ Ուրեմն ներկայումս հարկավոր է ոչ թե «քոչարի պարելու» ունակությամբ գնահատել դիմացինի հայ լինելու չափը, այլ որոշարկել մեր պետական համակեցության ընկերային պայմանները և ըստ այդմ՝ ուրվագծել այն ընդհանուր ապագայի տեսլականը, որում արդեն ձանձրալի դարձող «դհոլ-զուռնային» կփոխարինի մեր նոր Խաչատրյանների բարձրարժեք երաժշտությունը…

Ցայսօր հայ իրականության մեջ ինքնության հարցը հիմնականում դիտարկվել է մի տեսանկյունից միայն, այն է՝ հայկական ինքնությունը լոկ պարգև է: Թեև շատ ավելի կարևոր է այն գիտակցել իբրև առաջադրանք: Ինքնության՝ իբրև առաջադրանքի տեսլապաշտ հայեցակերպն է, որը մեզ հնարավորություն պիտի ընձեռի սրբագրել հայի՝ որպես սոսկ դիմադրողի կամ արձագանքողի ներկայիս կաղապարը, փորձելով ծնունդ տալ ներսից-դուրս գործունեություն ծավալող քաղաքացուն, որի պետական տեսլականը միավորելու է մեզ իբրև ազգ։ Բուրժուազիան նման տեսլական չունի, քանի որ իր խորքային էութամբ կոսմոպոլիտ է։ Ուստի երբ նրա այս կամ այն ներկայացուցիչին այսօր պատվում ենք «մեծ հայ» բնորոշմամբ, մոռանում ենք, որ համայնքից արդեն վերածվել ենք պետության, որի մեծությունը կախված է երկիրը կառուցողի ու պաշտպանողի պաշտպանվածությունից։ Պետականության պայմաններում մեծ հայը հայ ժողովուրդն է, որի աղքատ զավակները վերջերս ապացուցեցին այդ իրողությունը՝ հրաշքներ գործելով թշնամու հետ արյունոտ ռազմաբախումների ընթացքում։ Մեծ Հայքի երազանքն անաղարտ պահած ժողովրդի այս անկոտրում ոգին իրական ու առարկայական «Մենք»-ի վերածելու համար անհրաժեշտ ընկերային արդար միջավայրից է ծնվելու մեր ազգային ինքնության նոր ընկալումը։

Ուրեմն ներկա իրավիճակում Հայաստանում ընկերային արդարության պահանջն այլևս սովորական կարգախոս չէ, այլ համակեցական միջավայրի ձևավորման խնդիր, ինչը որպես ազգային-պետական առաջադրանք՝ մեր նոր ինքնության հստակեցման նախապայմանն է։

Ավելին, պատերազմի սպառնալիքի ներկա չեզոքացումը ժամանակային առումով երկարելու դեպքում հայոց ավանդական հերոսականությունը նույնպես աստիճանաբար պրոֆանացվելու է, եթե ազգի դիմադրական ոգուն բնորոշ կենսական եռանդը չփոխակերպվի ստեղծագործական վերելքի: Ուստի գիտակցելով, որ ներկա խաղաղ ընդմիջումն Աստծո պարգև է՝ իբրև բարենպաստ ժամանակ, հարկավոր է ռացիոնալ կերպով օգտագործել այդ հնարավորությունը՝ հայոց ընկերային կառույցի փիլիսոփայության մշակման և դրա հիման վրա հայաստանյան հասարակության ինքնութենական ճգնաժամի հաղթահարման համար։

Ռազմավարական հեռանկարի առումով՝ ժամանակի միջին տևողության ծիրում, սա նույնպես ազգային անվտանգության ապահովման հարց է, ինչպես սահմանների պաշտպանության՝ օրախնդիր առաջադրանքը։

Խմբ.:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով