Մայիս 28-ն իբրեւ փորձաքար*

by/հեղինակ[ներ] on 11/05/2018  •  In Խմբագրական

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԱՅԻՍ 28-Ն ԻԲՐԵՎ ՓՈՐՁԱՔԱՐ*

Հայաստանի Հանրապետության 100-ամյակի ոգեկոչման արարողությունները խոստանում են դառնալ այն յուրահատուկ «լակմուսի թուղթը», որն առարկայորեն ի ցույց է դնելու ոչ միայն պետականության գաղափարի հանդեպ յուրաքանչյուրիս հարգանքի աստիճանը, այլև մեր ներկա հանրապետության ինքնուրույնության և ինքնիշխանության չափը։

Թեև մեր երկրի 1991-ի վերանկախացումից հետո Հայաստանի Հանրապետության 1918-1920 թթ. պատմությունը դուրս է բերվել քաղաքական արգելանքի դաշտից, այնուամենայնիվ, նրա հանդեպ վերաբերմունքը այդպես էլ չի հասել ո՜չ ազգային-պետական մտածողության իմաստնությանը և ո՜չ էլ գիտության ժամանակակից պահանջների բարձրությանը։ Եվ այդ առումով, որքան էլ դա տարօրինակ է, մենք այսօր հետ ենք մնում մեր բոլոր հարևաներից: Ադրբեջանում 2018 թվականը հռչակվել է այսպես կոչված՝ «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության» տարի, իսկ Վրաստանում նույն իրադարձությունը նշվում է իբրև Անկախության օր: Մինչդեռ մեզանում Հայաստանի Հանրապետության 100-ամյակի ոգեկոչման գործընթացն ընթանալու է «Սարդարապատից՝ պետականության վերականգնում» պարզունակ ու հատվածական կարգախոսի ներքո։

Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. մեր տարածաշրջանում միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ դառնալու միակ հավակնորդն էր։ Ի տարբերություն այսպես կոչված «Ռուսական գործի» մասերը դիտվող Ադրբեջանի ու Վրաստանի, նա՝ որպես Արևմտյան Հայաստանի իրավատեր, համարվում էր քաղաքացիական կռիվների մեջ ներքաշված Ռուսաստանից դուրս տարածքներ ունեցող, ուրեմն և լիարժեք անկախացմանը պատրաստ երկիր։ Մինչդեռ առաջիկա տոնակատարությունների համար ընտրված՝ «Սարդարապատից՝ պետականության վերականգնում» կարգախոսը Հայոց պետականության վերականգնման 100-ամյակի քաղաքական իմաստը նույն հարթության վրա է դնում Երզնկայից մինչև Բաքու ձգված, իսկ այնտեղից էլ դեպի Արցախ շրջված՝ 1918 թվականի հերոսամարտերից ընդամենը մեկի հետ։ Այս իրողությունն առարկայորեն ցուցադրում է մի կողմից՝ անկախության գաղափարի հանդեպ բավարար հարգանքի, իսկ մյուս կողմից՝ պատմության վերաբերյալ հիմնարար գիտելիքների բացակայությունը։

«Սարդարապատ»-ի նման ընկալումը 1918 թ. Մայիսյան «համաժողովրդական պայքարի» վերաբերյալ խորհրդային շրջանում հորինված մտակաղապար է՝ 1960-ականների վերջերին թույլատրված սահմանափակ հանդիսությունների բովում ծնված խորհրդանիշ: Մինչդեռ, ինչպես հայտնի է, իրական Սարդարապատը ոչ թե կասեցրել, այլ սոսկ հետաձգել է Արևելյան Հայաստանի բռնազավթման թուրքական պլանի իրականացումը: Նոր ժամանակների մեր Ավարայրը (Ավետիս Ահարոնյան) եղել է

__________________________________
*Ընդունվել է տպագրության 20.03.2018։
1. ՀՀ երեք հաջորդական վարչակարգերի միջև ժառանգորդական կապ ստեղծելու նպատակով օգտագործվող «Երրորդ Հանրապետություն» հասկացությունը մեր կամքից անկախ լեգիտիմացնում է «Երկրորդ Հանրապետության» վերածվող Խորհրդային Հայաստանին պարտադրված Կարսի պայմանագիրը։ Ուստի Հայաստանի Հանրապետության տարածքների 1920-1921 թթ. խորհրդաթուրքական բռնազավթման փաստի գիտական գնահատականին վերադառնալու համար «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունն այսուհետև օգտագործելու ենք՝ առանց արհեստական «համարակալումների»։ Խմբ։

Ղարաքիլիսայի ճակատամարտը, որում կրած պարտությունն անգամ հաղթանակի իմաստ է ունեցել: Ավելին, դրանից հետո նույնպես Արևելյան Հայաստանի վրա կախված վտանգը պահպանվել է և եթե չլինեին 1918 թ. ամռան՝ Բաքվի և աշնան՝ Արցախի կռիվները, այն անխուսափելիորեն իրականություն կդառնար: Ուրեմն՝ Միացյալ Հայաստանի համար մեր ժողովրդի մղած կռիվների երկար շարքն է ապահովել նրա մի մասի փրկությունը՝ մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը թանկագին ժամանակ շահելու միջոցով: Ճիշտ այնպես, ինչպես Արցախի համար պայքարն է այսօր ապահովում Զանգեզուրի և Երևանի պաշտպանությունը: Հակառակ պարագայում ոչ մի ուժ չէր կարող կասեցնել Սարդարապատից հետո Բաթումում կնքված 1918 թ. հունիսի 4-ի պայմանագրով Նորագավիթում հայտնված թուրքական բանակի մուտքը Երևան:

Պատահական չէ նաև, որ ՀՀ պետական հանձնաժողովի կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված ուղերձ» վերտառությամբ 6 էջանոց փաստաթղթում առկա փաստական սխալներն անցնում են մեկ տասնյակը, ինչը մեզանում պատմագիտության ասպարեզում տիրող խայտառակ վիճակի հերթական ապացույցն է:

Վճռականորեն սահմանազատվելով Սարդարապատի հերոսամարտը փառաբանելու միջոցով Մայիս 28-ը «չապաևյան էպոպեայի» վերածելու բոլշևիկախառն փորձերից՝ միևնույն ժամանակ հանուն արդարության պետք է խոստովանենք, որ դրանցում անմեղսունակության աստիճանի հասնող անտեղյակությունը գերակա է քաղաքական նկրտումների հանդեպ, որովհետև հեռուն տանող նպատակներ հետապնդելու համար նույնպես պետք է գիտելիքներ ունենալ։ Հավակնելով հայ ազգի ինքնակազմակերպման բարձրագույն մակարդակին՝ ներկա Հայաստանը՝ որպես պետություն, պարզապես չի կարող անտեսել Մայիս 28-ի նման համազգային տոնը, ուրեմն դեռևս բավարար ժամանակ ունի իր կիսախորհրդային պատկերացումների պատմուճանից դուրս գալու համար։

Այդ պատճառով ստիպված ենք բացատրել, որ անկախ պետականության անանց արժեքը երբեք նույն նժարի վրա չի դրվում նրա ձեռքբերման համար պայքարի հանգրվաններից մեկի հետ, որքան էլ հերոսական լինի այն։ Այստեղ նպատակը միջոցից տարանջատելուն զուգահեռ կարևոր նշանակություն ունի նաև անցյալի ճշգրիտ գնահատականը սեփական ինքնագնահատականի ելակետ դարձնելու խնդիրը։ Ավելին, անցյալի հանդեպ վերաբերմունք ունենալու իրավունքը չպետք է շփոթել անցյալի «ընտրության իրավունքի» հետ։ Իրենց հարգող ազգերը սեփական անցյալը չեն ընտրում, որովհետև նա մեկն է բոլորի համար։

Հայաստանում Մայիս 28-ի հանդեպ առկա նման պարզունակ վերաբերմունքի պատճառը նաև այն է, որ անցած հարյուրամյակի ընթացքում մեզանում ստեղծված իբր թե գիտական գրականության մեջ Հայաստանի Հանրապետության պատմությունը այդպես էլ դուրս չի եկել փոխադարձաբար միմյանց բացասող քաղաքական գնահատականների ոսպնյակից և իր տեղը գրավել պատմության գիտական ընկալման տիրույթում՝ պատմագիտության մեջ. պարզապես 1991-ի վերանկախացումից հետո տեղի է ունեցել մասնակի փոխատեղում, այսինքն՝ եթե խորհրդային շրջանում «Դաշնակցական Հայաստան» որակված գիտական առումով անհասկանալի կազմավորումն էր արժանանում բացասական բնույթի քաղաքական գնահատականների, ապա 1991 թվականից հետո քննադատության թիրախում հայտնվեցին իրենց հակապետական գործունեության միջոցով նրա կործանմանը նպաստած հայ բոլշևիկները, իսկ վերջին շրջանում զգուշորեն, սողացող ձևով սկսեց մեղմվել նաև այդ քննադատությունը։

Ուրեմն բացասական գնահատականների մասնակի փոխարինումը դրականով փոխել է միայն պատմական փաստի գնահատման քաղաքական դիտանկյունը, մինչդեռ պատմագիտության համար ելակետային նշանակություն ունի ոչ թե այսօր գոյություն չունեցող իրականության փաստերի՝ քաղաքական կոնյունկտուրայից բխող
__________________________
2.Վասիլի Չապաև — Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի հայտնի զորահրամանատար, որի քաջագործությունների մեջ հերոսականն ու զավեշտականը միախառնված էին մեկը մյուսին։

վերաշարադրումը, այլ նախ և առաջ այն հարցի հստակեցումը, թե որքանով էր Հայաստանի Հանրապետության ձևավորումն ու զարգացումը դետերմինացված որպես պատմական անհրաժեշտություն մի կողմից՝ համաշխարհային պատմության ժամանակագրական ուղղահայացի, իսկ մյուս կողմից՝ 1917-ին փլուզված Ռուսաստանյան կայսրության այլ պետական կազմավորումների հետ համեմատության, այսինքն՝ իրադարձությունների զարգացման համաժամանակյա հարթության վրա։ Քանի դեռ մենք չունենք մեր անցյալի համաշխարհային-պատմական ընկալման զույգ հենասյուների վրա հիմնված որոշակի հայեցակարգ, Հայաստանի Հանրապետության պատմությունը սոսկ հաճելի կամ տհաճ փաստերի երկու կույտ է, որոնցից օգտվելու ներկա գործընթացն առաջնորդվում է ատելության հանդեպ սիրո չափաբաժնի գերակայությամբ։

Անշուշտ, «երախտապարտ» ենք, որ այժմ Հայաստանի Հանրապետության արժեհամակարգը կրողներին ավելի շատ «սիրում են», քան ատում, բայց որպես գիտնական պարտավոր ենք արձանագրել, որ դեռևս մեծն Տակիտոսի կողմից մերժված՝ ատելության կամ սիրո վրա հիմնվող մոտեցումները որևէ կապ չունեն ճշմարիտ գիտության հետ։ Գիտնական պատմաբանը՝ պատմագետը, առաջնորդվում է ոչ թե պատմական փաստերի մեխանիկական կրկնության միջոցով ներկայի անցյալացման մտասևեռումով, այլ անցյալի մարդուն հասկանալու և նրա կողմից սերունդների երկխոսության սեղանին դրված պատմության գաղափարն ըմբռնելու ցանկությամբ։

Ավելին, ներկայի անցյալացմանը զուգահեռ՝ մեզանում նկատվում է նաև Մայիս 28-ի նման առանցքային իրադարձության գնահատականը պետության ընթացիկ-քաղաքական «պահանջմունքներին» համապատասխանեցնելու միտումը։ Իսկ դրա համար սկզբունքորեն որևէ նշանակություն չունի այս կամ այն տոնակատարության իմաստն ու նշանակությունը։ Կարևորն այն է, որ լինեն հանդիսավոր նիստեր, բաժակաճառեր հիշեցնող ելույթներով ուղեկցվող «ակադեմիական գիտաժողովներ» և, իհարկե, առատության եղջյուրից թափվող մեդալներ։

Ստացվում է, որ մենք այսօր գործ ունենք «գիտական» արխաիզմի ու պաշտոնական «մոդեռնիզմի» զույգ ծայրահեղությունների տեսքով դրսևորվող մի բրոունյան շարժման հետ, որի փոխբացասող ազդակները Հայաստանի պետական հաստատությունների մեծածախս նախապատրաստությունները վերածում են կատարյալ քաոսի։ Որովհետև մի կողմից՝ իսկապես առկա է Մայիս 28-ին ընդառաջ ինչ-որ բան անելու ցանկություն, մյուս կողմից՝ բացակայում է տոնակատարության իմաստի ու նշանակության ըմբռնումը։

Դրան գումարվում է նաև այն իրողությունը, որ մեզանում այսօր էլ պահպանվում են մի կողմից՝ խորհրդային շրջանում, իսկ մյուս կողմից էլ՝ Սփյուռքում ձևավորված՝ տոնակատարությունների ստանդարտ օրակարգերը։ Մինչդեռ մենք արդեն քառորդ դար պետական օրակարգով ապրող ազգ ենք, որը պարտավոր է միաձուլել դրանք՝ իրենց պետական ձևի ու ազգային բովանդակության մեջ։ Առաջինը ենթադրում է, որ պետությունն ինքը պետք է բոլորիս հրավիրի իր 100-ամյակը նշելու հանդիսությանը, իսկ երկրորդը պահանջում է, որ առաջիկա տոնակատարությունների գաղափարական բովանդակությունը արտացոլի Մայիս 28-ի քաղաքական խորհրդին տեր կանգնելու հանձնառությունը։

Եվ այս զույգ անհրաժեշտությունների գիտակցման պարագայում բացահայտվում է այն տխուր իրողությունը, որ Մայիս 28-ին ընդառաջ կատարվող քայլերն արտացոլում են մեր ներկա պետական կեցության և ազգի պատմական հիշողության անհամապատասխանության փաստը։ Հայաստանում այսօր փաստորեն առկա են Մայիս 28-ի իմաստի ու նշանակության միանգամից մի քանի ընկալումներ, որոնք արտացոլում են պետական պաշտոնեության, դեպի ուժի արտաքին կենտրոնները կողմնորոշված քաղաքական խմբերի, ինչպես նաև այդ միջոցառումներն իբրև «ինտելեկտուալ տուրիզմով» զբաղվելու առիթ դիտարկող գիտնականների տրամադրությունները։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության 100-ամյակը հարմարագույն առիթ է՝ մեր անցյալի շուրջ ծավալվող բանավեճերն ու քննարկումները «Հազար ու մի գիշերվա» մղձավանջի վերածելու փոխարեն՝ մի պահ արժանապատվորեն կանգ առնելու և ստեղծված իրավիճակը հաղթահարելու մասին մտածելու համար։

Մայիս 28-ի շուրջ մեզանում բախվող ազդակների համադրումն ու հաղթահարումն ավելի բարդ գործ է, քան սեփական ընդդիմախոսի հանդեպ «փայլուն հաղթանակը», որովհետև պահանջում է հաղթել ոչ թե դիմացինին, այլ ինքն իրեն։ Իսկ դրա համար պարտավոր ենք առաջնորդվել այն հստակ համոզմունքով, որ հայ ազգի բոլոր զավակների համար, որտեղ էլ նրանք բնակվեն, 2018 թվականի Մայիս 28-ը Հայոց պետականության վերականգնման 100-ամյակն է, որը, ի տարբերություն նախորդ միապետությունների, իբրև հանրապետական վարչակարգ իրենով խորհրդանշում է ոչ միայն մեր անկախության, այլև ազատության օրը։ Ավելին, Մայիս 28-ը եղել ու մնում է ոչ միայն ազատ ու անկախ, այլև Միացյալ Հայաստանի առարկայական խորհրդանիշը։

Ուստի Հայաստանի Հանրապետության 100-ամյակն այն հանդիսավոր պահն է, երբ տարածաշրջանում արձանագրվող հիմնարար հեղաբեկումները հրամայաբար պահանջում են նրանով իմաստավորվող Հայոց պատմության գաղափարը փոխակերպել մեզ դեպի ապագա առաջնորդող ազգային գաղափարի։

Ուրեմն՝
I. 2018 թ. Մայիս 28-ին Հայաստանը որպես պետություն պարտավոր է ողջ աշխարհին հիշեցնել, որ ինքը, 1918 թվականին վերանկախանալով իբրև 1878 թվականից միջազգային դիվանագիտության օրակարգ մտած Հայկական հարցի իրավատեր, շարունակում է պահպանել նրա բուն առարկայի՝ Արևմտյան Հայաստանի հանդեպ իր իրավունքները։ Իսկ դրա համար 2018 թվականի մայիսի 28-ից մինչև 2019 մայիսի 28-ը հարկավոր է հռչակել Հայաստանի Հանրապետության միամյակ։

II. Այդ նպատակով ժամանակին խորհրդային շրջանում կամ Սփյուռքում կազմակերպված ստանդարտ տոնակատարությունները կրկնելու փոխարեն մենք պարտավոր ենք վերադառնալ մեր ակունքներին՝ Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակին որդեգրված, բայց խորհրդային ու սփյուռքյան իրողությունների պայմաններում մոռացված արարողակարգերին, մասնավորապես 1919 թվականի մայիսի 28-ին նշված ՀՀ առաջին տարեդարձի հանդիսությունների ազգային բովանդակությանը։

III. Համապատասխան տեղեկատվական դաշտի ձևավորման պարագայում դա հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետության 100-ամյակի ոգեկոչման արարողությունների քաղաքական բովանդակության ճշգրիտ ընկալումը միջազգային հանրության կողմից, որի առանցքում պետք է դրված լինի Սան — Ռեմո — Սևր — Վ. Վիլսոնի Իրավարար վճիռ շղթայում ամրագրված՝ Արևմտյան Հայաստանի իրավատիրոջ իրավունքների անժամանցելիության գաղափարը։

IV. Իսկ մեր երկրի ներսում պարտավոր ենք ցուցահանդեսների, հաղորդումների, դասախոսությունների և գիտաժողովների միջոցով Հայաստանի Հանրապետության Հիմնադիր հայրերի անանց գաղափարաքաղաքական ժառանգությունը դնել անկախության ներկա սերնդի առջև ու ապահովել հաջորդական սերունդների այնպիսի երկխոսություն, որում առաջինի ապրած կյանքի գրքային պատմությունը մեր աչքերի առջև նորից փոխակերպվի երկրորդի կենդանի հիշողության։

V. Դրա համար հարկավոր է սերունդների հիշողության շղթայի վերականգնման միջոցով գտնել արտաքուստ միայն նեղ-գիտական թվացող այն այժմեական և սուր հարցերի պատասխանները, որոնք վաղն անպայման նորից կանգնելու են ներկա անկախ Հայաստանի երիտասարդ քաղաքացիների առջև: Դրանց համառոտ թվարկումն անգամ անհրաժեշտ ու պարտադիր է դարձնում մի այնպիսի գիտաժողով-քննարկումի կազմակերպումը, որը, վերածվելով սերունդների երկխոսության հարթակի, ՀՀ ձևավորման, երկուսուկես տարվա գոյության և անկման պատճառների բացահայտումով ցույց կտա, որ դրանց հիմքում ընկած խորքային օրինաչափություններն ու մարտահրավերները ներկա են նաև մերօրյա Հայաստանում ու նրա շուրջը։

1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետության պատմությունն այն պարզ հայելին է, որի վրա մեկ առ մեկ երևում են մեր ներկա՝ թվով երկրորդ անկախ պետության առջև ծառացած բոլոր մեծ ու փոքր մարտահրավերները, որոնց հաղթահարման պարագայում միայն մենք կդառնանք համաշխարհային հանրության լիարժեք մասնիկը։ Ուրեմն մեզ համար 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետությունը ոչ թե անցյալ է, այլ մեզանից բռնությամբ խլված ապագա: 1991-ին մենք այդ ապագան վերածել ենք սոսկ տարտամ ու անորոշ ներկայի: Ուստի լիարժեքորեն անկախ Հայաստանի տեսլականի հանդեպ մեր պահանջատիրական կեցվածքը խոստանում է դառնալ ազգի ու պետության կենսունակության վկայությունը։

Պատմության, հիշողության ու արդիականության մշտանորոգ սահմանագծին գտնվող Հայաստանի Հանրապետության 100-ամյակը պատշաճ կերպով ոգեկոչելու առաջադրանքը ոչ միայն Հայոց պետականության հասունության փորձաքարն է, այլև ողջ հայ ազգի խաթարված քաղաքական ինքնագնահատականի վերականգնման մեկնակետը։

May 28 AS A TOUCHSTONE
Edit.

_______________________________
3.«Վէմ» հանդեսը ս. թ. մայիսի 31-ից հունիսի 1-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի «Ալեք և Մարի Մանուկյան» սրահում (Բաղրամյան 40/1) նախաձեռնում է «Հայաստանի Հանրապետության պատմության դասերը (1918-1920 թթ.)» գիտաժողով-քննարկումը` հրավիրելով մեր բոլոր լրջմիտ գիտնականներին ու մտահոգ հայրենակիցներին։ Գիտաժողովի համառոտ հայտագիրը հրապարակված է «Վէմ»-ի ներկա համարի դարձերեսին։

Խմբ.։

Loading...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով