Category Archives: ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ – 2021-1

Արդի միջազգային-իրավական համակարգում

Արմինե Հ. Տիգրանյան

Էթնոմշակութային և կրոնական խտրականությունը ժամանակակից պատերազմների առաջացրած հիմնական խնդիրներից է, որի գոյությամբ համայնքները խոցելի են դառնում ոչ միայն ֆիզիկապես, այլև մշակութային ինքնությամբ:

ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ «ՆԱԶԵԻ ՕՐՈՐԸ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԱՐՎԵՍՏՈՒՄ – 2020-4

Անի Ս. Հակոբյան
Հայտնի է, որ հայ ավանդական երաժշտությունն ունի երեք հիմնական ճյուղ՝ գեղջկական, քաղաքային ֆոլկլոր և գուսանական-աշուղական արվեստ: Նշված ճյուղերը, լինելով հայ ժողովրդի ստեղծագործության արգասիք, միևնույն ժամանակ միմյանցից տարբերվում են իրենց ավանդականության աստիճանով, մեղեդու ծավալման տրամաբանությամբ, ձայնակարգային հենքով, մտածողությամբ և այլ ցուցիչներով:

ՕՐԼԱՆԴՈ ՔԱԼՈՒՄԵՆՈՅԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՆՏԻՊ ՔԱՌԱՎԵՏԱՐԱՆԸ – 2020-3

Եվ դրա առնչությունները Հակոբ Ջուղայեցու արվեստի հետ

Ամփոփում

Էմմա Լ. Չուգասզյան
Օրլանդո Քարլո Քալումենոյի մասնավոր հավաքածուում ուշագրավ տեղ են զբաղեցնում հայկական միջնադարյան ձեռագրերը, որոնցից մեկին է նվիրված մեր ուսումնասիրությունը։ Քալումենոյին պատկանող` Ստամբուլի «Բիրզամանլար» մասնավոր թանգարանում պահվող այս ձեռագիրն առանձնանում է իր պարզունակ, սակայն շատ կարևոր նկարազարդումներով։ Ավետարանում պահպանված են չորս ավետարանիչների դիմանկարները և նրանց անվանաթերթերը, ինչպես նաև մի քանի սյուժետային լուսանցապատկերներ։ Մանրանկարներին բնորոշ է ժողովրդական արվեստի պարզությունը, դրանց արվեստը մոտ է Արցախ-Ուտիքի մանրանկարչական դպրոցի, ինչպես նաև որոշ տարրերով` Վասպուրականի և Սպահանի մանրանկարչական ավանդույթներին։ Ձեռագիրն ունի երկու հիշատակարան։ Հետաքրքրական է, որ Ավետարանը գրվել է Բալուի գավառի Օխու գյուղի երեք տարբեր եկեղեցիներում՝ Սբ Կիրակոս, Սբ Սարգիս և Սբ Գևորգ զորավար։ Բացի ձեռագրի վերջում զետեղված հիշատակարանից` կա ևս մեկ հիշատակարան Մարկոսի Ավետարանի վերջում, որում հիշատակվում են Ավետարանի պատվիրատու Բախտիարի և նրա ընտանիքի անդամների անունները։ Օ. Քալումենոյի հավաքածուում հայտնվելուց առաջ` մինչ 2015 թ., այս Ավետարանը որոշ ժամանակ եղել է պոլսաբնակ հանրահայտ գրավաճառկոլեկցիոներ, «Թուրքուազ» գրատան սեփականատեր Բյուզանդ Ագպաշի սեփականությունը։ Վերջինս էլ իր հերթին այս ձեռագիրը գնել էր այն փրկած և խնամքով պահած մի հայ ընտանիքից, որը ժառանգել էր այն իր նախնիներից։

Օրլանդո Քալումենոյի հավաքածուի ձեռագիրը ակնհայտորեն ընդօրինակված է Օխուի հանրահայտ հրաշագործ Ավետարանից (Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր թիվ 10908)։ Օխուի Ավետարանում ավետարանիչների դիմանկարները և անվանաթերթերը, ամենայն հավանականությամբ, Հակոբ Ջուղայեցու ձեռքի գործն են, իսկ տերունական նկարները՝ նրա աշակերտներից մեկի կամ նրա ազդեցությունը կրած և իր առջև նրա ձեռագրերից մեկն ունեցած մեկ այլ նկարչի։ Այս շքեղ ձեռագիրը, նկարազարդված լինելով մանրանկարչության մեծ վարպետ Հակոբ Ջուղայեցու կողմից, հիացմունքի առարկա է դարձել իր ստեղծման առաջին իսկ տարիներից սկսած։ Այդ մասին է փաստում նաև 1676 թ. Օխուի Ավետարանում Հովհաննես Ավանեցու կողմից ավելացված հիշատակարանը, որում նա հայտնում է իր կողմից արված ընդօրինակության մասին։ Ցավոք, Հովհաննես Ավանեցու կատարած ընդօրինակությունը մեզ չի հասել, սակայն պահպանվել է Օրլանդո Քալումենոյի հավաքածուում զետեղված 1680 թ. արված այս ընդօրինակությունը։

Այսպիսով` պատահական չէ, որ գրեթե կես դար անց ինքնուս նկարիչը փորձել է իր հնարավորությունների սահմաններում ստեղծել շքեղ ձեռագրին առավելագույնս մոտեցող ընդօրինակություն։

ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ԹԱԳՈՒՀԻ ԱՐԱՐԵԼՈՒ ԾԻՍԱՇԱՐԵՐԸ – 2020-2

Կոմիտասի և Միհրան Թումաճանի հավաքածուներում

Հռիփսիմե Վ. Պիկիչյան
Հայկական ավանդական հարսանիքը տիեզերաստեղծ առանցքին խարսխված ծիսաշարերի և արարողությունների մի շղթա է, որի հենքի վրա են ձևավորվում ու ամբողջանում ծիսական մնացյալ օղակները՝ թագավորի և թագուհու արարումն ու պտղաբերումը, նորապսակներին տիեզերքի հովանավոր ուժերին ու համայնքին ներկայացնելը։

ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ «ՏԱՃԱՐ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ – 2020-1

Նվիրված Լեոնարդո դա Վինչիի հիշատակին

Շուշանիկ Գ. Զոհրաբյան (Փարիզ)
Հայ դեկորատիվ-կիրառական արվեստում իրենց ուրույն տեղն ունեն ոսկերչությունն ու արծաթագործությունը, որոնց արմատները հասնում են մինչև խոր հնադար: Այդ մասին են հավաստում ազգագրական նյութերը, գրական աղբյուրները, հնագիտական պեղումների ժամանակ գտնված ոսկյա և արծաթյա իրերը:

Ջ. ՓՈԼ ԳԵԹԹԻԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ՝ ՄԵՍՐՈՊ ԽԻԶԱՆՑՈՒ ՆԿԱՐԱԶԱՐԴԱԾ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ԷՋԸ – 2019-4

Ամփոփում

Էմմա Լ. Չուգասզյան
Մեր ուսումնասիրությունը նվիրված է 1615 թ. Մեսրոպ Խիզանցու նկարազարդած ձեռագրերից մեկին, որին շատ դաժան ճակատագիր է բաժին հասել։ Խոսքը Լոս Անջելեսի Ժ. Փոլ Գեթթիի պատկերասրահում պահվող թիվ 83.MB.71 ձեռագրի մասին է, որն անվանում են նաև «Լյուդվիգ II 7» (պատկեր 1), քանի որ ձեռագիրը մինչ Փոլ Գեթթիի սեփականությունը դառնալը պատկանել է արվեստի հանրահայտ կոլեկցիոներ Փիթեր Լյուդվիգին։ 1615 թ. Ուստա Մարտիրոսի կողմից պատվիրված այս ձեռագիրը մինչ 1737 թվականը եղել է նրա ընտանիքի սեփականությունը, որից հետո այն հայտնվել է Սպահանում՝ մի մասնավոր հավաքածուում։ 1897 թ. ձեռագիրը ձեռք է բերում հանրահայտ կոլեկցիոներ և հնագետ Ժան Ժակ-Մարի դե Մորգանը։ Մորգանի մահից հետո այս ձեռագրի հետագա ճակատագիրը 30 տարուց ավել անհայտ է մնում, մինչ այն պահը, երբ ձեռագիրը կամ ավելի ճիշտ՝ այն, ինչ դրանից մնացել էր, հայտնվում է ֆրանսիացի դիվանագետ Ժան Ֆելիքս Պոցցիի հավաքածուում։  

Ավետարանի՝ Մորգանի մոտ լինելու տարիներին՝ 1913 թ., այն մանրամասն ուսումնասիրել և տպագրել է Ֆրեդերիկ Մակլերը, որի աշխատության շնորհիվ այսօր մեզ հասանելի են ձեռագրի բոլոր մանրանկարների սև ու սպիտակ լուսանկարները, և կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք է ունեցել ձեռագիրը մինչ մասնատվելը և Ժ. Ֆ. Պոցցիի հավաքածուում հայտնվելը։ Ըստ Մակլերի՝ Ավետարանն ուներ 275 թերթ: Այն սկսվում էր տերունական շարքի` իրար հաջորդող 16 մանրանկարներով, որոնք էին Ավետումը, Քրիստոսի ծնունդը, Էջքը դեպի դժոխք, Յուղաբեր կանայք Տիրոջ գերեզմանի մոտ, Այլակերպությունը, Տեառնընդառաջը, Մկրտությունը, Ղազարոսի հարությունը, Մուտքը Երուսաղեմ, Ոտնլվան, Քրիստոսի ձերբակալությունը, Խաչելությունը, Պայծառակերպությունը, Հոգեգալուստը, Քրիստոսը փառքի մեջ և Ահեղ Դատաստանը։ Բացի այդ՝ ձեռագրում ընդգրկված էին 4 Ավետարանիչների դիմանկարներն իրենց անվանաթերթերով, Եվսեբիոսի և Կարպիանոսի նամակները և 8 խորաններ, ընդհանուր՝ 34 մանրանկար։ 1971 թ., երբ Ժ. Ֆ. Պոցցին Փարիզի Դրուոյի աճուրդի տանը վաճառում է իրեն պատկանող ձեռագրից մնացած հատվածը, այն արդեն 246 թերթ էր, որից 18-ը մանրանկարներ էին՝ 4 Ավետարանիչներն իրենց անվանաթերթերով, Եվսեբիոսի և Կարպիանոսի նամակները և 8 խորանները։ Հենց այս տեսքով էլ ձեռագիրը 1974 թ. գնում է գրավաճառ Հանս Փիթեր Քրաուսը, որն այնուհետև՝ 1976 թ., այն վաճառում է գերմանացի կոլեկցիոներ Փիթեր Լյուդվիգին, որից էլ ձեռագիրը 1983 թ. անցնում է Գեթթիի թանգարանին։

Ստացվում է, որ 1913 թվականից հետո մի բարբարոս ձեռք կտրել է ձեռագրից 29 էջ, որոնցից 16-ը տերունական շարքի մանրանկարներն էին։ 1958 թ. մեր ձեռագրի տերունական մանրանկարներից երկուսն արդեն գտնվում էին Դուբլինի Չեսթեր Բիթթի գրադարանում: Դրանք են՝ «Յուղաբեր կանայք Տիրոջ գերեզմանի մոտ» և «Քրիստոսը փառքի մեջ» (պատկեր 2, 3)։ 1959 թ. Չեսթեր Բիթթիի գրադարանը ձեռք է բերում ձեռագրին պատկանող ևս մեկ տերունական մանրանկար՝ «Քրիստոսի ձերբակալությունը»։

Ձեռագրի տերունական մանրանկարներից մեկն էլ՝ «Մկրտությունը» (պատկեր 4), 1952 թ. հայտնվում է Փարիզի հանրահայտ Ռադտոն և Լադիեռ միջնադարյան արվեստի ցուցասրահի հավաքածուում։ Այս մանրանկարի՝ հետագա երեսուն տարիների ճակատագիրը դեռևս անհայտ է, սակայն, Գեթթիի թանգարանի տրամադրած տվյալների համաձայն, գիտենք, որ թանգարանն այս էջը ձեռք է բերել 1985 թ. Նյու Յորքի մասնավոր հավաքածուներից մեկից։

1972 թ. հունվարին, երբ ձեռագիրը նոր էր ձեռք բերվել Փիթեր Քրաուզի կողմից և գտնվում էր նրա գրավաճառատանը Նյու Յորքում, այն ուսումնասիրելու առիթ է ունենում Մատենադարանի փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանը, որին ուղեկցում էր հայ արվեստի կոլեկցիոներ և նրա մտերիմ բարեկամ Հարություն Հազարյանը։ Վերջինս մատյանն ուսումնասիրելու պահին գրպանից հանում է ձեռագրի մի թերթ, ցույց տալիս Բ. Չուգասզյանին և հայտնում, որ, իր կարծիքով, այն պատկանում է նույն Ավետարանին։ Հ. Հազարյանը ձեռագրի թերթը ձեռք էր բերել 1971 թ. Փարիզում, և երբ Քրաուզը ցույց էր տվել իր նոր գնած ձեռագրիը, Հազարյանն անմիջապես նկատել էր դրանց նմանությունը։ Կարելի է ենթադրել, որ Հ. Հազարյանի՝ Փարիզում ձեռք բերած էջը հենց Ռադտոն և Լադիեռ ցուցասրահում եղած «Մկրտության» տեսարանն էր, քանի որ նրա հավաքածուն իր մահից հետո՝ 1985 թ., վաճառվում է Նյու Յորքի Սոթբիսի աճուրդի տանը, և, ինչպես արդեն նշեցինք, Գեթթիի թանգարանը «Մկրտության» մանրանկարը ձեռք է բերել 1985 թ. Նյու Յորքի մասնավոր հավաքածուներից մեկից։

Մեզ հաջողվեց պարզել, որ 1986 թ. Փարիզում տեղի ունեցած «Հայ արվեստը մասնավոր հավաքածուներում» ցուցադրության ժամանակ ցուցադրվում է մեր ձեռագրին պատկանող և այժմ կորած համարվող մանրանկարներից ևս մեկը, որը ներկայացնում է Համբարձման տեսարանը (պատկեր 5)։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն ու փորձագետներն այն չեն վերագրել Մեսրոպ Խիզանցուն և գլխի չեն ընկել, որ էջը պատկանում է այս հանրահայտ վարպետի ձեռագրին։ Մանրանկարը ցուցադրության կատալոգում ներկայացված է որպես 17-րդ դարի Ավետարանի էջ, որում առկա լուսանկարի շնորհիվ այսօր մենք ունենք Համբարձման տեսարանի գունավոր պատկերը։ Այնուամենայնիվ, 1986 թ. ցուցադրությունից հետո այս մանրանկարի ճակատագիրն անհայտ է, քանի որ ցուցադրությանը մասնակցած կոլեկցիոներները ցանկացել են անանուն մնալ։

Մեր ուսումնասիրության ընթացքում պարզեցինք նաև, որ հավանաբար նույն անհատ կոլեկցիոներին պատկանող մեկ այլ մանրանկար, որը նույնպես մեր քննության ձեռագրից է և ներկայացնում է «Էջք դեպի դժոխք» տեսարանը (պատկեր 5), 2009 թ. նոյեմբերին վաճառվել է Փարիզի Դրուոյի աճուրդում՝ կրկին չվերագրվելով Մեսրոպ Խիզանցուն կամ մեր Ավետարանին։ Այս մանրանկարի գտնվելու վայրն այսօր նույնպես անհայտ է մնում։

Այսպիսով՝ առ այսօր հայտնի էր Մեսրոպ Խիզանցու 1615 թ. նկարազարդած Ավետարանի տերունական մանրանկարներից 4-ի գտնվելու վայրը, որոնց ավելացան ևս երկուսը, որոնք զետեղված են անանուն մասնավոր հավաքածուներում։ Սակայն բոլորովին վերջերս ֆրանսաբնակ կոլեկցիոներ Գիյոմ Արալը ձեռք է բերել մի մանրանկար, որը նույնպես պատկանում է մեր քննության առարկա ձեռագրին։ Մանրանկարում ներկայացված են Քրիստոսի ծնունդը և մոգերի երկրպագությունը (պատկեր 7)։

Մանրանկարն առաջին անգամ տեսնելուն պես մեզ համար պարզ դարձավ, որ այն Մեսրոպ Խիզանցու աշխատանքն է, սակայն ավելի մանրամասն ուսումնասիրությունից հետո կարողացանք պարզել, որ այն պատկանում է Գեթթի թանգարանում պահվող թիվ 83.MB.71 ձեռագրին։ Ավելի քան հարյուր տարի կորած համարվող մանրանկարն այս ամբողջ ընթացքում Փարիզում էր։

Միջազգային արվեստի բազմաթիվ ցուցադրությունների զարդը դարձած այս ձեռագիրը 20-րդ դարում անհետացած ամենակարևոր ձեռագրերից մեկն է, որի 11 տերունական մանրանկարները մինչ օրս կորած են համարվում, և դրանց հայտնաբերումն ու հանրայնացումը պիտի դառնան ժամանակակից արվեստաբանների առաջնահերթ խնդիրներից մեկը։

ԽՈՐԵՆ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅԱՆԻ ԲՐՈՆԶԵ ՔԱՆԴԱԿՆԵՐԸ – 2019-3

Արթուր Ա. Հովհաննիսյան
20-րդ դարի հայ անվանի արվեստագետ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործական ուղին սկզբնավորվել է Ջամայկա կղզում, զարգացում է ապրել Անգլիայում և Իտալիայում բնակություն հաստատելու տարիներին: Ավելի ուշ Խորեն Տեր-Հարությանը ստեղծագործել է նաև Հայաստանում, որտեղ առաջին անգամ կիրառել է վարդագույն տուֆը:

«ԹԱՏՐՈՆ. ԲԱՐԵԿԱՄ ՄԱՆԿԱՆՑ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՆԿԱՐՆԵՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՆՔԸ – 2019-2

Արման Ա. Մակարյան
19-րդ դարում նկարազարդումը դարձավ գրքերի եւ ամսագրերի անբաժանելի մասը: Լոնդոնը այս բնույթի հրատարակչության կենտրոն էր: Աշխարհի խոշոր քաղաքների գրախանութներում վաճառվում էին զանազան փորագրություններով, նկարներով, աշխարհագրական քարտեզներով մեծածավալ գրքեր:

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԸ ՀԱՅ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2019-1

Արթուր Տ. Վարդիկյան
Արտավազդ Փելեշյանի անդրանիկ ֆիլմերի հանդիսատեսը հավանաբար շատ զարմացած էր, քանի որ «վավերագրական կինո» եզրույթով այդ ժամանակ լրիվ այլ տեսակի կինո էին պատկերացնում: Ընդհանրապես «վավերագորղ» բառը պատահաբար է ասոցացվել Փելեշյանի հետ, քանի որ նա ոչինչ չի վավերագրում կամ փաստագրում:

ԱՂԹԱՄԱՐԻ ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՎՆԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ – 2018-3

Լիլիթ Շ. Միքայելյան
Սբ. Խաչ եկեղեցին (915-921) գտնվում է Վանա լճի Աղթամար կղզու վրա, պատմական Վասպուրական նահանգում, որն արդեն VIII դարի կեսից գերազանցապես Արծրունի իշխանների տիրույթն էր, իսկ 908-1021 թթ. այստեղ հաստատվել էր Արծրունյաց թագավորությունը: