ՏԵՔՍՏ ԵՎ ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ – 2022-2

Ամփոփում

Փոխներթափանցման մետաֆիզիական Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններում (անգլերեն)

Նաիրա Վ. Համբարձումյան
Անտիկ և ժամանակակից հեղինակներըմշտապես ներդաշնակել և կանոնակարգել են նախագիտելիքը և փոխհարաբերությունները էոնների (դարաշրջանների) միջև՝ դիտարկելով դրանք անվերջորեն ձգվող, անավարտ և անընդհատական մի երկխոսության տիրույթում, որտեղ ոչ մի միտք չի մահանում, և տեքստի՝ որպես անսահմանության ընկալումը պայմանավորվում է Ասացմամբ ու առնչվում Արարումին: Եվ երբ Արարումը դառնում է ծանրության կենտրոն, ոչ միայն այդ միասնության արդյունքն ու պատկերը, այլև ուղղվածությունն ու ինքնորոշումը հեղինակին ուղղորդում են դեպի հոգևոր ազատագրումը՝ ապահովելով տեքստի գոյաբանական տիրույթն ու ստեղծելով հեղինակի կատարելատիպը:

Տեքստի հայտնագործման և իրացման այսօրինակ գործընթացը մշտապես իրականանում է մշակութաբանական մի որոշակի միջոլորտում, երբ բացվում են հավերժի դռները, և տեղի է ունենում նախագիտելիք + իմաստություն + մտահղացում + տեքստ + հեղինակ (փոխանցող) = էոն [հավերժություն] իդեալական հանդիպումը: Փոխներթափանցումների և հաղորդակցությունների նման կարգավորումն իրացվում է միմիայն տեքստի հիմքում և առնչվում է հավերժորեն ներկա, սակայն անհայտ ընթերցողին, որին դիմում է հեղինակը:

Ուսումնասիրության նպատակը տեքստում միմյանց հակադրվող երկու տարբեր ժամանակների՝ քրոնոսի (համահարաբերվող ներկաների շղթա պահեստարան, որի սահմանային պտույտը կամ արտաքին շերտը Աստված է) և էոնի (ենթադրում է անցյալ-ապագա տարածաժամանակային քրոնոտոպը)՝ որպես տեքստի ներժամանակային պահեստարանների և մետաֆիզիկական փոխներթափանցումների, ինչպես նաև տեքստի տարածաչափությանն առնչվող հիմնահարցերի (մետահնչյուն – մետաբառ – մետաիմաստ) քննությունն է:

Գաղափարը նյութապես առկայացնելու և վերը նշվածը բանաձևելու համար ուսումնասիրության մեջ դիտարկել ենք Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները

Տեքստի համեմատական և համադրական վերլուծությամբ առանձնացված գաղափարները համաժամանակյա և տարաժամանակյա մեթոդներով միավորել ենք մեկ ընդհանուր գաղափարի՝ քրոնոս-էոն տարածաժամանակային քրոնոտոպում՝ կիրառելով օբյեկտներ և երևույթներ, որոնք որոշակի են իրենց ընդհանրություններով և էությամբ, հետևաբար հասկացման տիրույթում համընկնում են բովանդակությամբ: Իմաստաբանական և  տիպաբանական առանձնահատկությունների բացահայտման համար կիրառել ենք նաև ֆենոմենոլոգիական մեթոդը՝ ընդգծելով նյութի գաղափարը, դերը, նշանակությունը, ազդեցության ոլորտները, հասկացման մեթոդաբանությունը:

Ուսումնասիրության միջոցով եզրահանգել ենք, որ ներկան ամփոփում է անցյալն ու ապագան, որոնք մշտապես ձգտում են իրենց երկու սկիզբներին, միավորվում և բաժանվում են ներկայի ներքին տիրույթում՝ մետաֆիզիկական և իմաստաբանական փոխներթափանցումներով փոխադարձաբար ազդելով մեկը մյուսի վրա: Իրացվում է նաև գաղափարը, թե որոշակիորեն ընդհանուր, միասնական և մեծ մի տարածաժամանակում տեքստը հեղինակի մեջ է, և հեղինակը՝ տեքստի, քանի որ միայն հեղինակը գիտի այն ներթափանցումների ու տեղաշարժերի մասին, որոնց միասնական ներքին տիրույթում ենթադրվում է տեքստի փոխներթափանցման մետաֆիզիկան: