ԲԱՌԱՐԱՆԱԳՐԱԿԱՆ ՄԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ – 2022-2

Փիլիսոփայական խնդրադաշտի համատեքստում

Գևորգ Գ. Հակոբյան
Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեն, Հայաստանի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքի համաձայն, մասնակցում է լեզվաքաղաքականության մշակմանն ու իրականացմանը, ինչը
«պետության կամ պետությունների միավորումների կամ էլ հասարակական ազդեցիկ հաստատությունների (երբեմն նաև հզոր անհատների) իրականացրած միջոցների համակարգն է, որի նպատակը այս կամ այն լեզվի կարգավիճակի և կառուցվածքի պահպանումն է (կամ փոփոխությունը)»։ Ուստի Լեզվի կոմիտեն, լինելով լեզվաքաղաքականության հիմնական գործորդը, զբաղվում է նաև լեզվաքարոզչությամբ և հաճախ մատնացույց անում լեզվական այն սխալները, որոնք տեղ են գտնում հանրային խոսույթում։