ԱՆՏԻԿ ԵՎ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ – 2021-2

Հելլենիզմի դարաշրջանի հրեա փիլիսոփաների երկերում

Շահե Ծ. վրդ. Անանյան

Անտիկ և հելլենիստական փիլիսոփայության պատմության ուսումնասիրության ոլորտը, Նոր ժամանակներից սկսած, ունեցել է բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ թե՛ անտիկ դասական փիլիսոփաների երկերի գիտաքննական հրատարակությունների և թե՛ դրանցում արձանագրված ուսմունքների վերլուծության առումով։ Ընդ որում, պատմագիտական, հնագիտական, ազգագրական և այլ գիտոլորտների զարգացմանը զուգահեռ հստակեցվել ու սահմանվել են հելլենիստական փիլիսոփայությանը և ընդհանրապես տվյալ դարաշրջանին վերաբերող բազմաթիվ կարևոր հասկացություններ ու երևույթներ։ «Հուդայահելլենիզմ» հասկացությունը մեկն է այդ կարևոր ֆենոմեններից, որի հետազոտության ակունքները սերտորեն կապվում են հելլենիստագիտության զարգացման հետ որպես նախևառաջ պատմամշակութային և ապա նաև կրոնափիլիսոփայական հետաքրքիր իրողություն։ Իր կրոնափիլիսոփայական տարողությամբ հուդայահելլենիզմը հիմնականում ուսումնասիրվել է կա՛մ հելլենիստական փիլիսոփայության, կա՛մ էլ վաղ քրիստոնեական փիլիսոփայության և աստվածաբանության շրջանակներում: Սակայն հնագիտական ու պատմական սկզբնաղբյուրների առկա տվյալներն այսօր արդեն առիթ են տալիս անդրադառնալու հուդայահելլենիզմի կրոնափիլիսոփայական ասպեկտին՝ որպես հելլենիստական ժամանակաշրջանի ուրույն և որոշ դեպքերում նաև ինքնուրույն հասկացության։