ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ ՀԱՅԱՆՊԱՍՏ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ Գերմանիայի Կ Պոլսի դեսպանատանը հանձնված Լիպարիտ Նազարյանցի և Խաչատուր Մալումյանի գաղտնի Տեղեկագիրը – 2024-1 Աշոտ Ն․ Հայրունի, Լուսինե Ս․ Սահակյան Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում հայ քաղաքական գործիչները մեծ ջանքեր են գործադրել Հայկական հարցի նկատմամբ Գերմանիայի որդեգրած քաղաքականության և հայ ժողովրդի նպատակների միջև ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է իրականացրել Գերմանա-հայկական ընկերությունը, որի նախագահ դր․ Յոհաննես Լեփսուսի ջանքերով և միջնորդությամբ ՀՅ Դաշնակցության երիտասարդ գործիչ Լիպարիտ Նազարյանցն ուղևորվում է Թուրքիա։ Այդ առաքելությունն արտաքուստ թելադրված էր գերմանական կառավարության հետ նախապես համաձայնեցված խնդիրներով, սակայն իրականում ուներ նաև այլ նպատակներ, որոնց կենսագործմանը դաշնակցական գործիչը լծվեց իր ողջ նվիրումով։ Դրանց բացահայտման համար ներկայացնում ենք ՀՅԴ նշանավոր գործիչ Խաչատուր Մալումյանի (Ակնունի) հետ միասին Լիպարիտ Նազարյանցի կազմած Տեղեկագիրն՝ ուղղված Կ. Պոլսում Գերմանիայի դեսպանությանը։ Այս արժեքավոր փաստաթղթում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվում նաև թուրք-հայկական և հայ-գերմանական հարաբերություններին՝ աբդուլհամիդյան շրջանից մինչև Մեծ եղեռնի նախընթաց օրերը։