Առաջնահերթ կերպով անգլերենով հրատարակվելուց հետո հայերենով նույնպես լույս է տեսել Արմինե Տիգրանյանի «ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ պաշտպանության մեխանիզմները ժառանգության պահպանության միջազգային համակարգում» աշխատությունը՝ որպես «Վէմ» մատենաշարի 7-րդ հատոր։
Խմբագիրներն են հնագետ-մշակութաբան Համլետ Պետրոսյանը և «Վէմ» հանդեսի խմբագիր, պատմագետ Գևորգ Խուդինյանը։
Աշխատության մեջ քննվում են զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային համակարգի կիրառման հնարավորությունները՝ Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի հայկական մշակութային ժառանգության թիրախավորման դեպքերի լուսաբանման միջոցով: Ներկայացվում են զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային կանոնակարգերը, իրավական և հումանիտար գործիքները (միջազգային կոնվենցիաներ, հռչակագրեր, բանաձևեր, կանոնադրություններ, սովորութային նորմեր)։
Աշխատությունը նախատեսված է մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող մասնագետների, պետական կառույցների, գիտական հաստատւթյունների, ուսանողների և արցախահայության մշակութային ժառանգության պաշտպանությամբ ու պահպանությամբ մտահոգ ընթերցողների համար։
«Վէմ» հանդեսի խմբագրություն