Category Archives: ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՌՏԻԱԼԻ ԲԱՐԲԱՌՈՒՄ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Բնագրային տեքստանմուշների վերլուծությամբ փաստարկվում է, որ թեև Առտիալի բարբառում հին հայերենի ե և ի խոնարհումները միաձուլվել են մեկ ընդհանուր խոնարհման մեջ, այդուհանդերձ երկու խոնարհումների սկզբնական հակադրությունը (մասնավորապես՝ -է և -ի վերջավորությունների տարբերակումը), հակառակ Հ․ Աճառյանի նկարագրության, պահպանվել է ըղձականի եզակի 3-րդ դեմքի ձևում (որը ծագմամբ ներկայացնում է հին հայերենի սահմանական ներկայի եզակի 3-րդ դեմքի ձևը)։

Սակայն թե՛ նախկին ե և թե՛ նախկին ի խոնարհումների բայերը հրամայականը կազմում են նույն կերպ՝ եզակիում ստանալով -է, իսկ հոգնակիում՝ -եցէք վերջավորություն։ Ինչ վերաբերում է եզակի հրամայականի -իըր (< -իր) վերջավորությանը, այն չի հանդիպում նախկին ի խոնարհման պարզ բայերի դեպքում (դարձյալ հակառակ Հ․ Աճառյանի նկարագրության)․ Առտիալի բարբառում միայն նախկին ե և ի խոնարհումների ածանցավոր բայերը, ինչպես նաև ա խոնարհման բայերն առհասարակ եզակի հրամայականում հանդես են բերում -իըր վերջավորություն։

ՀԻՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉԱԲԱՆԱԿԱՆ ՄԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ
(վ (v)-ի, ւ (ṷ)-ի և ու (oṷ)-ի հնչույթահնչյունաբանական առնչությունները)

Հին հայերենի վ (v), ւ (ṷ) և ու (oṷ) գրերով նշանակված լեզվական միավորների հնչաբանական բնութագրերի հարցը հայերենագիտության քննության նյութ է եղել դեռևս 19-րդ դ. վերջերից Հ. Հյուբշմանի աշխատություններում: Ըստ Հ. Հյուբշմանի՝ այդ երեք գրերով արտահայտվել է միևնույն հնչյունը (իմա՝ հնչույթը – Վ.Պ.), մի տարբերությամբ. եթե վ (v)-ն պարզ շփական բաղաձայն էր, ապա ւ (ṷ)-ն և ու (ou)-ն, պայմանավորված դիրքային կիրառությամբ, երկբնույթ էին՝ կարող էին հանդիպել ինչպես բաղաձայնական՝ [v], այնպես էլ ձայնավորական՝ [u] արժեքով: Հնչույթաբանական առումով դա նշանակում է, որ վ (v), ւ (ṷ), ու (ou) գրերով արտահայտվել են միևնույն հնչույթի երեք դիրքային տարբերակները՝ այլահնչակները: Հայերենագետների մեծ մասը, որոնք այս կամ այն կերպ անդրադարձել են խնդրին, հայեցակարգային առումով ընդունել է Հ. Հյուբշմանի հարացույցը (Ա. Մեյե, Ն. Մառ, Հ. Աճառյան, Ս. Ղազարյան, Է. Թումանյան, Հ. Մուրադյան)՝ դրանից շեղվելով միայն մասնավոր հարցերում: Ասվածը բնութագրական է հատկապես ու (oṷ)-ի դեպքում. վերոհիշյալ բոլոր հեղինակներն էլ հին հայերենի ու (oṷ)-ն համարել են երկու տառով նշանակված պարզ ձայնավոր՝ [u]: Այդ առումով բացառություն էր Հ. Պեդերսընը, ըստ որի՝ հին հայերենի ու (oṷ)-ն երկբարբառ էր: Ու (oṷ)-ի երկբարբառային բնույթի մասին ակնարկել են նաև Ս. Ղազարյանը, Ա. Աբրահամյանը, Է. Թումանյանը և Վ. Համբարձումյանը: Է. Աղայանն առաջին հայերենագետն էր, որը 20-րդ դ. 60-ական թթ. հին հայերենի հնչույթային համակարգը քննեց իրապես հնչույթաբանական մոտեցումով՝ հիմք ընդունելով Ն. Տրուբեցկոյի մշակած գործառական հնչույթաբանության սկզբունքները, այն է՝ տարբերակիչ հատկանիշների և երկանդամ հակադրության: Դրանով հանդերձ, նշված հնչական բաղադրիչների բնութագրերի հարցում Է. Աղայանը նույնպես ընդհանուր առմամբ պաշտպանեց Հ. Հյուբշմանի հայեցակարգը: Ըստ Է. Աղայանի՝ նշված երեք հնչյուններից բուն հնչույթը <Ու>-ն էր, որը ձայնորդ էր, իսկ ու (oṷ)-ն, վ (v)-ն և ւ (ṷ)-ը նրա դիրքային տարբերակները՝ ենթահնչույթներն էին: Սույն աշխատանքում, դարձյալ առաջնորդվելով գործառական հնչույթաբանության սկզբունքներով, ցույց է տրվում, որ՝ 1) վ (v)-ը և ւ (ṷ)-ը հին հայերենի հնչույթային համակարգի լիիրավ անդամներ էին, չնայած այն հանգամանքին, որ երկուսն էլ ունեին կիրառության մասնակի սահմանափակում. այն է` ւ (ṷ)-ով չէր կարող սկսվել բառը, իսկ բառավերջում վ (v) կարող էր լինել միայն ո (o) ձայնավորից հետո, եթե արտաբերվող հնչյունը ու (oṷ) երկբարբառակերպը չէր (հմմտ. բով «մետաղը հալելու հնոց», ի հակադրություն բու-ի «բու թռչունը»). այլապես ձայնավորահաջորդ դիրքում՝ բառամիջում, թե բառավերջում, սովորական էր ւ (ṷ)-ը, այլ ոչ թե` վ (v)-ը. 2) ու (oṷ)-ով նշանակվել է ոչ թե պարզ ձայնավոր, այլ երկբարբառային կազմություն, ավելի ստույգ՝ երկբարբառակերպ: Այդ տեսակետի ակներև փաստարկներից է այն, որ ւ (ṷ) կիսաձայնը, ինչպես և յ (i̭) կիսաձայնը, հանդիպում էր միայն երկբարբառակերպների կազմում և կարող էր ինքնուրույնաբար հերթագայվել ինչպես բաղաձայնների, այնպես էլ յ (i̭) կիսաձայնի հետ՝ ձևավորելով իմաստատարբերակիչ, այլ կերպ՝ հնչույթաբանական հակադրություններ (հմմտ. բաւ «սահման, ծայր» ∼ բան «խոսք, ասացված» ∼ բառ «բառ», գոյն «երանգ. ներկ» ∼ գուն-(ել) «գույն տալ» և այլն): Ընդ որում, հնչույթաբանական հակադրություններ գործել են նաև նույն երկբարբառակերպների ձայնավորական բաղադրիչների միջև (հմմտ. նաւ «նավ» ∼ նու «հարս», չու «երթ, ուղևորություն» ∼ չեւ «դեռ չեղած, տակավին ոչ» և այլն): Իսկ դա նշանակում է, որ երկբարբառակերպների ձայնավորական և կիսաձայնական բաղադրիչների կապը թույլ էր, և նրանք կարող էին գործառել նաև առանձնաբար:

ԳՆԱՀԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ*

Հոդվածում ուսումնասիրվում է գնահատողականությունը մեդիալեզվի տիրույթում: Գնահատողականությունն իր միջուկային էությամբ վերաբերմունքային-հասկացական կարգ է, որը մեդիատեքստում դառնում է հանրային կարծիքի արտահայտության գործիք։ Այն արտացոլում է հաղորդողի սուբյեկտիվ դիրքորոշումը իրադարձության կամ անձի նկատմամբ և ԶՀՄ-ում վերափոխվում է գաղափարական ու ներգործական ազդակի։ Հատկապես թվային միջավայրում, որտեղ բովանդակության տարածումը հաճախ հիմնված է վերաբերմունքի վրա, գնահատողականությունը դառնում է մեդիալեզվի առանցքային բաղադրիչ։

Լեզվաբանական ուսումնասիրություններում այն դիտարկվել է որպես համակարգ, որը ներառում է վերաբերմունքի, ներգրավվածության և աստիճանակարգության չափորոշիչներ։ Հայ գիտական դաշտում թեման դեռևս համարժեքորեն ուսումնասիրված չէ, չնայած առկա են առանձին դիտարկումներ մամուլի լեզվի, հանրային խոսքի ու գովազդի վերաբերյալ։ Հոդվածը նպատակ ունի համակողմանի ներկայացնելու գնահատողականության դերը ժամանակակից ԶՀՄ-ում՝ ուսումնասիրելով այն թե՛ լեզվական մակարդակով (բառ, նախադասություն), թե՛ խոսույթային ու համատեքստային հարթություններում՝ հաշվի առնելով հեղինակին, լսարանը, ժանրը, մեդիամիջավայրը և մշակութային-քաղաքական համատեքստը։

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՆՑԵՊՏԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԼԵԶՎՈՒՄ

Եվ ժամանակակից հայախոս հանրույթի լեզվական գիտակցության մեջ

Հոդվածում դիտարկվում է հույզերի ոլորտի լեզվամշակութային առանձնահատկությունը։

Զգացմունքային փորձառությունները ազդում են կյանքի բոլոր ոլորտների վրա և համարվում են օբյեկտիվ իրականության արտացոլման, ճանաչման և գնահատման ձևերից մեկը։ Տխրություն հույզը հիմնական էմոցիաներից է։ Հետազոտության առարկան տխրություն հուզական հայեցակարգն է և դրա ուսումնասիրությունը Վ. Տերյանի բանաստեղծություններում և ժամանակակից հայ հասարակության լեզվական գիտակցության մեջ։

Տխրության հայեցակարգը մարդկանց լեզվական գիտակցությունում վերլուծելու նպատակով մենք իրականացրել ենք ասոցիատիվ փորձ, որի նպատակն էր ուսումնասիրել այն ասոցիացիաները, որոնք առաջանում են տխրություն հույզի հետ կապված։ Ասոցիատիվ փորձին մասնակցել է ավելի քան 100 մարդ։ Նրանք պետք է ասոցիացիաներ տային տխրություն բառը լսելուց անմիջապես հետո։

 

 

https://vemjournal.org/wp-content/uploads/2025/07/06-Լեզվաբանություն-2025-1.pdf

ԵՐԿԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Լեզվաբանական գրականության մեջ երկբարբառի միասնական ըմբռնում չկա: Առաջադրված բնորոշումների մեծ մասի համար կարող է ընդհանուր համարվել, թերևս, երկբարբառը (մեկ վանկում արտաբերվող) երկու ձայնավորի կամ ձայնավորի և ձայնորդի հնչարտաբերական բարդ միասնություն է, որի բաղադրիչներից միայն մեկն ունի վանկարար գործառույթ տիպի ձևակերպումը: Իրականում երկբարբառին տրված բնորոշումները, մի կողմ թողնելով նրանցում առկա ոչ էական տարբերությունները, միմյանցից տարբերվում են մի շարք էական կողմերով:

ՔԵՐՈՎԲԵ ՊԱՏԿԱՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԵՆԻ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՈՒ ՀԱՅ ԲԱՐԲԱՌՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ – 2024-3

Վազգեն Գ. Համբարձումյան
Բանասիր. գիտ. դոկտոր

Հոդվածում քննության առարկա են XIX դ. ռուսական լեզվաբանական դպրոցի անվանի ներկայացուցիչ Քերովբե Պատկանյանի հիմնարար ներդրումը հայերենի հնդեվրոպական բնույթի և հայ բարբառների տեսության ուսումնասիրության հարցերում, որոնք արդի հայագիտության մեջ մնում են ստվերում:

«ՍԱԿՐԱԼԻԶԱՑԻԱ» ԵԶՐՈՒՅԹԻ ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լալիկ Մ. Խաչատրյան

Հոդվածում դիտարկվում է իմաստափոխության դրսևորումներից մեկը` սրբայնացման (սակրալիզացիայի) իրողությունը, երբ բառերը կամ կապակցությունները ձեռք են բերում «սրբազան, Աստծուն վերաբերող» իմաստներ, որոնք իրենց էությամբ նշանակում են «բարձրարժեք, հարգանքի և պաշտամունքի արժանի»։

ԶՈՒԳԱԲԱՅԱԿԱՆ ՀԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2024-2

Արեն Մ. Սանթոյան, Նազիկ Գ. Հովհաննիսյան

Հայերենի բայական հարադրությունները, այդ թվում և զուգաբայական հարադրությունները լեզվաբաններն ուսումնասիրել են հատկապես իմաստային տեսանկյունից։ Հարցին անդրադարձել են Ա. Այտընյանը, Հ. Աճառյանը, Ս. Ղազարյանը, Մ. Աբեղյանը, Ա. Աբրահամյանը, Հ. Բարսեղյանը, Է. Աղայանը, Ա. Մարգարյանը, Գ. Սևակը, Վ. Առաքելյանը։ Զուգաբայական հարադրությունները նախապես առանձին բայեր չեն համարվել. առաջին բաղադրիչը (հիմնականում կալ, նստել, անցնել, գալ, երթալ բայերը) դիտվել է ավելադրություն, որը սաստկացրել է («զորացրել») մյուս բայի իմաստը։ Մ. Աբեղյանից սկսած՝ զուգաբայերն արդեն առանձին բայեր են դիտվում («երկու կից բայերն ասվում են իբրև մեկ բայ»), որոնց բաղադրիչների միավորումը կատարվում է անհրաժեշտաբար և իմաստային-քերականական և արտասանական հանգամանքներում։

ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ (զրոն որպես թվական, մերոնք և ձերոնք բառերը որպես դերանուն) – 2024-1

Յուրի Ս. Ավետիսյան

Հայոց լեզվի տեսությունը տվել է ժամանակակից հայերենի քերակա- նության շատ վիճելի հարցերի պատասխանները։ Իհարկե, շատերի վերա- բերյալ էլ տակավին կան տարակարծություններ, որոնք ժամանակի ընթաց- քում կանցնեն քննարկումների ճանապարհ, կտրվեն պատասխաններ, կծնվեն նոր տարակարծություններ, և այսպես շարունակ։ Սա լեզվի տեսության զարգացման բնականոն ճանապարհն է։ Եվ լեզ- վի բոլոր մակարդակներում էլ կան հարցեր, որոնք առանձնապես ուշադ- րության չեն արժանացել կամ քննարկվել են ոչ բավարար չափով. միգուցե նաև այն պատճառով, որ համակարգային նշանակություն չեն ունեցել, կամ պարզապես դրանք հատուկ քննարկման առարկա դարձնելու առիթները չեն ներկայացել։ Ձևաբանական մակարդակում մենք առանձնացրել ենք դրանցից մի քանիսը՝ զրոն որպես թվական, մերոնք և ձերոնք բառերի խոսքիմասային պատկանելությունը։

ՈՉ ԵՐԿԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԲԱՐԲԱՌԱԿԵՐՊԵՐԸ ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ (տարաժամանակյա և ապաժամանակյա հայեցակերպեր) – 2024-1

Վարդան Զ. Պետրոսյան

Հին հայերենն ուներ տասնհինգ երկբարբառակերպ , որոնցից միայն վեցն էին սերում հ.-ե. երկբարբառային համակարգից (հմմտ. աւ (aṷ), եւ (eṷ), իւ (iṷ), ու (oṷ), այ (ai), ̭ոյ (oi)): Մյուսները կազմավորվել են հ.-ե. հիմք-լեզվից հայերենի առանձնանալուց հետո, որպես ինքնուրույն լեզու՝ նրա նախագրային շրջանի ավելի քան երկուհազարամյա պատմության հոլովույթում և իրենցից ներկայացնում են հնչյունափոխական (իմա՝ հնչույթափոխական) տարբեր գործընթացների արդյունք: