Category Archives: ՀԱՎԵԼՎԱԾ

ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Մոտ 31.000 միավոր հայերեն ձեռագրեր են պահվում Հայաստանի Հանրապետության և աշխարհի տարբեր երկրների պետական, եկեղեցական, անհատական հավաքածուներում։ Սակայն մինչ օրս կան անհայտ մնացած կամ չցուցացակագրված ձեռագրական միավորներ, որոնց թվին են պատկանում Բաքվի հայերեն ձեռագրերը։

Հայերեն ձեռագրերը հավաքագրվել են Բաքվում 19-րդ դարի երկրորդ կեսից։ 1940-1970-ական թթ․ մի շարք հայ ուսումնասիրողներ հետազոտել են Սովետական Ադրբեջանի մայրաքաղաքի հավաքածուներում պահվող այդ ձեռագրերը։ Մասնավորապես՝ 1940-ականների վերջին Վազգեն Հակոբյանը ուսումնասիրել է Բաքվի Լենինի անվան կենտրոնական գրադարանում և Նիզամիի անվան պետական պատմական թանգարանում պահվող հայերեն ձեռագրերը։ Նրանից հետո Լևոն Խաչիկյանը, Ադրբեջանական ՍՍՌ ԳԱ ռեսպուբլիկական ձեռագրական ֆոնդում և Բաքվի Լենինի անվան կենտրոնական գրադարանում իրականացրած իր հետազոտության արդյունքները ամփոփել է մի տետրակում, որն այժմ պահվում է Մատենադարանում՝ նրա անունը կրող արխիվային ֆոնդում։

Հայ հետազոտողների հայտնաբերած ձեռագրական տվյալները լրացվում են Մատենադարանում և Կորնելի Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնում պահվող ձեռագրերի մանրաժապավեններով, արխիվային նյութերով ու դրանց վերաբերյալ հիշատակատություններով։ Նշած աղբյուրների ու դրանց վերաբերող գրականության մեջ Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի պետական հաստատություններում արձանագրված են 12 hայերեն և երկու վրացերեն ձեռագրեր և հայերեն ձեռագրի մի արժաթյա կազմ։ Ադրբեջանական հավաքածուին մաս կազմող ձեռագրերի հիշատակարանային տվյալների, դրանց պահվելու վայրերի ու անցած ճանապարհի մասիւն տեղեկությունների համադրությունը հնարավորություն է տալիս համապարփակ պատկերացում կազմելու Բաքվում պահվող հայերեն ձեռագրերի պատմության վերաբերյալ։

ՊԱՏՄԱԿԱՆ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ (16-19-ՐԴ ԴԴ․)

Այս հոդվածում ներկայացվում է օսմանյան տիրապետության շրջանում՝ 16-19-րդ դարերում, Պատմական Սիրիայի (Բիլադ ալ-Շամ, Ասորիք) հայերի իրավական կարգավիճակը՝ որպես զիմմի և հայկական միլլեթի բաղկացուցիչ մաս,ինչպես նաև նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակը՝ որպես ռայա։

Նշված ժամանակաշրջանում Բիլադ ալ-Շամի հայերի իրավական և սոցիալ-տնտեսական կարգավիճակը հիմնված էր զիմմի ավանդության, հայկական միլլեթի շրջանակում սահմանված նորմերի վրա և պայմանավորված էր տեղական վարչակառավարման առանձնահատկություններով։

Այս շրջանում Բարձր Դուռը ժողովրդին դասակարգում էր ոչ թե ըստ էթնոլեզվական, այլ կրոնական պատկանելության, ըստ այդմ՝ կայսրության ոչ մուսուլման բնակչությունը, որն ըստ «Աշխարհագիր մատյաններ» (Tahrir Defteri) փաստաթղթերի, մոտավորապես 16-րդ դարի կեսերին կազմում էր բնակչության 40%-ը, բաժանված էր դավանական երեք համայնքների՝ միլլեթների՝ հույն-ուղղափառ, հայ-առաքելական և հրեական։

ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ

Ղազարոս Աղայանի «Երկու քույր» վեպում եվ բանահյուսական մշակումներում

Այս վերլուծությունը նպատակ ունի կանխասացության փիլիսոփայության ընկալումների համատեքստում քննել երազի տեսական հարցադրումները հայ անվանի հեղինակ Ղազարոս Աղայանի «Երկու քույր» վեպում և բանահյուսական մշակումներում: Դրանք անմիջականորեն կապված են նաև մարդու տարբեր հոգեբանական գործառույթների հետ: Տրվել են նաև կանխասացության ծիսակարգային դրսևորումները, երազ-հնարք, միջնորդ ձայն, հեռազգայական կապ, երազ-ներազդեցություն-հեղինակ-արարում հասկացությունների սահմանումները: Ուսումնասիրության մեջ ընդգրկված «Երկու քույր» վեպի և բանահյուսական մշակումների վերլուծության ընթացքում երազը դիտարկվել է որպես փիլիսոփայական մեկնակետ: Կիրառվել են կառուցվածքային, հերմենևտիկական, միֆաքննադատական, պատմահամեմատական մեթոդները։ Ուսումնասիրությունը միջգիտակարգային է: Նյութը վերլուծվել է փիլիսոփայության, գրականագիտության և հոգեբանության միջև փոխադարձ կապերի և առնչությունների համատեքստում: Ուսումնասիրությունը չունի նախադեպ:

Աղայանի ստեղծագործության ընտրությունը պատահական չէ, քանի որ նրա ժառանգությունը առանձնանում է հեղինակային և գեղարվեստական հնարքներով, իրապատում և հրաշապատում այլաբանական պատկերներով: Աղայանը հաճախ իր երկերը հագեցնում է տարատեսակ երազային այլաբանություններով և հնարքներով՝ այդպիսով՝ մի կողմից սրելով ընթերցողի հետաքրքրությունը, դիպաշարին հաղորդելով խորհրդավորություն և տալով ապագա զարգացումների մասին տեղեկություններ, մյուս կողմից՝ բացելով երազային աշխարհի դռները: Այդ հնարքը հնարավորություն է տալիս հերոսներին առանց կաշկանդումների շարժվել տարածաժամանակային սահմաններից դուրս մի աշխարհում, որտեղ կյանքը չի հետևում որևէ սահմանված օրենքի։

Երազների աշխարհը բազմաշերտ համակարգ է, որը միաժամանակ տեղեկատվության անսպառ աղբյուր է երազը տեսնողի մասին, հետևաբար լիարժեք քննության և մեկնաբանության դեպքում hնարավոր է բացահայտել և ամբողջացնել դրա ոչ միայն փիլիսոփայական ընկալումները, այլև հոգեբանական նկարագիրը:

Աղայանի գեղարվեստական երկերը թույլ են տալիս խորքային պատկերացում կազմել նաև գեղարվեստական տեքստի շրջանակում իրականի և երևակայականի սահմանների դրսևորումների վերաբերյալ։

Քննելով երազատեսության փիլիսոփայական և հոգեբանական ընկալումները և դրսևորումները Ղազարոս Աղայանի «Երկու քույր» վեպում և բանահյուսական մշակումներում՝ հանգում ենք այն եզրակացության, որ թե՛ երկում, և թե՛ հեքիաթների սյուժեներում գլխավոր կերպարների գործողությունները հաճախ ուղեկցվում են կանխասացական և ապագան գուշակող իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ հաղորդող երազներով: Դրանք հերոսներին օգնում են կողմնորոշվել իրական կյանքում, ընդունել ճիշտ և նպատակահարմար որոշումներ, ձեռք բերել որևէ հրաշագործ կենդանի կամ իր, նախապես իմանալ երազում հայտնված հարսնացուի կամ փեսացուի անունը և նրա գտնվելու վայրը, օգնում են հերոսին նաև մի իրականությունից անցնել մեկ այլ իրականություն և կապ հաստատել այլաշխարհային խորհրդատուների հետ։ Վերոհիշյալ երկերի քննությունը ցույց տվեց նաև, որ երազը ոչ միշտ է ունենում կանխասացական-կանխագուշակող, հեռազգայական կամ հանդերձյալ աշխարհի հետ կապ հաստատող բնույթ․ այն պատկերների և մտքերի տեսքով կարող է արտացոլել հերոսների անգիտակցականում թաքնված մտքերը, գաղափարները և հույզերը:

Աղայանի գեղարվեստական «Երկու քույր» վեպի և բանահյուսական մշակումների քննությունը ցույց է տալիս նաև, որ երազը, լինելով իրական և երևակայական աշխարհների միջանցիկ սահման, սոսկ ֆիզիոլոգիական վիճակ չէ, որում մարդը հայտնվում է ամեն գիշեր: Այն միևնույն ժամանակ դիպաշարային կանխասացական հնարք է, որը որպես գեղարվեստական արտահայտչամիջոց, երկի սյուժեն պատում է խորհրդավորությամբ՝ նախապատրաստելով ընթերցողին երկի սյուժետային հետագա զարգացումներին:

Երազի հնարքը հնարավորություն է ընձեռում նաև ընթերցող-հետազոտողին խորապես պատկերացնելու կերպարների անհատականությունները և ներաշխարհները, ինչպես նաև՝ նորովի մեկնաբանելու երազի արտացոլումները ժողովրդական պատկերացումներում և հայկական մշակույթում:

ԻԲՆ ԹԱՅՄԻԱՅԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՀՀԱԲԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ – 2024-3

Աստվածաբանական որոշ հայեցակետերի համեմատություն

Սեդա Տ․ Տիգրանյան

Ամփոփում

Բանալի բառեր – իսլամ, նորարարություններ, «Քիթաբաթ-թաուհիդ», «Քիթաբ Ալ-Ջավաբ», Մուհամմադ իբն Աբդ Ալ-Վահհաբ, Իբն Թայմիա, միաստվածություն, բազմաստվածություն, Ղուրան, Սուննա։

Հանբալիական կրոնաիրավական դպրոցի ականավոր ներկայացուցիչ Իբն Թայմիայի հայացքները հսկայական ազդեցություն են թողել ոչ միայն իր ժամանակակիցների, այլև հաջորդ սերունդների գիտակցության վրա։ Ասվածի վառ օրինակ է Մուհամմադ իբն Աբդ Ալ-Վահհաբը, ով, զարգացնելով Իբն Թայմիայի գաղափարները, դրանք դարձրեց Արաբական թերակղզում հիմնադրված կրոնական նոր շարժման՝ վահհաբականության հիմք։

Իբն Աբդ Ալ-Վահհաբի քարոզչության նպատակը արաբների շրջանում իր տեսանկյունից անաղարտ իսլամի վերականգնումն էր, կրոնի մաքրումը նորարարություններից և կռապաշտության մնացորդներից։ Կրոնական համոզմունքների տեսանկյունից Մուհամմադ իբն Աբդ Ալ-Վահհաբն ընդհանուր առմամբ դուրս չի գալիս Իբն Թայմիայի ուսմունքների շրջանակներից։ Նորարարությունների, սրբերի, մարգարեների պաշտամունքի դեմ անզիջում պայքարը, սուֆիականության, թակլիդի վերաբերյալ դիրքորոշումը, իսլամի հետ կապված փաստարկների, դրույթների համակարգը վահհաբիները փոխառել են Իբն Թայմիայից, թեև խորամուխ չէին լինում կրոնափիլիսոփայական բարդ խնդիրների լուծման մեջ, ինչպես դա անում էր Իբն Թայմիան։ Սակայն հարկ է նշել, որ լինելով հանբալիական մազհաբի հետևորդներ՝ վահհաբիները, այդուհանդերձ, զերծ էին մնում այդ մազհաբի նշանավոր գործիչներին, այդ թվում՝ Իբն Թայմիային ուղղակիորեն նմանակելուց, թեպետ իրենց աշխատություններում բերվող փաստարկները համոզիչ դարձնելու նպատակով հաճախ են մեջբերում վերջինիս մտքերը։

Իբն Թայմիայի գաղափարները արդիական էին Մուհամմադ իբն Աբդ Ալ-Վահհաբի ժամանակաշրջանի համար, քանի որ դրանք ձևավորվել էին մուսուլմանական հասարակության համար ճգնաժամային պայմաններում, և այդ պայմաններում ծառացած խնդիրները գոյություն ունեին նաև իբն Աբդ Ալ-Վահհաբի գործունեության ժամանակաշրջանում։ Ըստ էության, այս հանգամանքով է պայմանավորված նրա ուսմունքի՝ վահհաբականության գաղափարաբանության ձևավորման համար անկյունաքարային դեր ունենալը։ Այդ ազդեցությունը պայմանավորված էր նաև Իբն Թայմիայի գաղափարների պարզությամբ ու հստակությամբ, ինչը դրանք դարձնում էր դյուրըմբռնելի և հնարավորություն էր տալիս ադապտացնելու ժամանակի իրողություններին։

ՄՏԱՇԱՀԱՐԿՄԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական դիսկուրսում (անգլերեն) – 2024-2

Ամփոփում

Սեդա Ք. Գասպարյան (Բանասիր. գիտ. դոկտոր), Նարե Ա. Շալունց

Բանալի բառեր – մտաշահարկում, մտաշահարկային ռազմավարություն, մտաշահարկային մարտավարություն, քաղաքական դիսկուրս, դիսկուրսի քննական վերլուծություն, պետականորեն որդեգրված հակահայկական քարոզչություն:

Սույն հոդվածը նպատակ ունի վերլուծելու և մեկնաբանելու քաղաքական դիսկուրսում կիրառվող մտաշահարկային ռազմավարություններն ու մարտավարությունները: Հաստատվել է, որ թեև մտաշահարկումը խոսքի լայնորեն տարածված մեխանիզմներից է կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, սակայն հատկապես քաղաքական դիսկուրսն է (ներառյալ քաղաքական հարցազրույցները), որ պարարտ հող է ստեղծում մտաշահարկման տարբեր հնարքների ներդրման և իրականացման համար, որոնց օգնությամբ փորձում են համոզել ունկնդրին հավատալ մի բանի, որը հեռու է իրական լինելուց: Հատկանշական է, որ մտաշահարկային ռազմավարության լեզվական պատկերը դրսևորվում է տարբեր մակարդակներում՝ իմաստաբանական, ոճագիտական, գործաբանական: Քաղաքական դիսկուրսի մտաշահարկային արտահայտությունը լեզվական հատույթն է: Այնուամենայնիվ, մտաշահարկման վերլուծությունը ենթադրում է նաև լեզվական պատկերին զուգահեռ արտալեզվական իրականության ուսումնասիրություն, որն էլ ապահովում է խնդրի առավել համակողմանի քննություն:

Այս ուսումնասիրությունը միտված է բացահայտելու քաղաքական դիսկուրսի մտաշահարկային բնույթը՝ ըստ 2020 թվականին Արցախում (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթների, որոնցում հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունքն առարկայանում է պետականորեն որդեգրված հակահայկական քարոզչության և ատելության խոսքի միջոցով։ Սույն հետազոտությունն իրականացվել է իմաստային, շարահյուսական, գործաբանական և քննադատական դիսկուրսի վերլուծության դիտանկյուններից՝ հղում կատարելով Ալիևի՝ միջազգային լրատվամիջոցներին (BBC, France 24, CNN, Al Jazeera, ARD TV Channel) տված հինգ հարցազրույցներին:

Փաստական լեզվանյութի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ քաղաքական հարցազրույցներում մտաշահարկային ժխտման, վերաձևակերպման, ասույթների կրկնության միջոցով փորձ է արվում խեղաթյուրել փաստերը՝ այդպիսով միջազգային հանրության շրջանում ձևավորելով հակահայ դիրքորոշում:

ՍՊԱՍՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՊԻԵՌ ԼՈԹԻԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ԵՐԿԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ – 2024-1

Ամփոփում

Հայկանուշ Ա․ Շարուրյան
Բանաս․ գիտ․ թեկնածու

Ռուզան Ռ․ Ղազարյան
Բանաս․ գիտ․ թեկնածու

Սույն հոդվածը՝ «Սպասման հիմնախնդիրը Պիեռ Լոթիի և Գրիգոր Զոհրապի երկերի համատեքստում», նվիրված է գեղարվեստական գրականության մեջ կնոջ սպասման և հավատարմության թեմայի քննությանը։

Սպասման թեման հավերժական հիմնախնդիր է, որը բազմիցս արծարծվել է համաշխարհային գրականության մեջ։ Այն ունի հոգեբանական խոր արմատներ, ինչն էլ այս ուսումնասիրության խնդրո առարկան է։ Սպասումն առաջ է բերում բազմաբնույթ հուզումների խառնարան, ինչպես, օրինակ, կարոտ, համբերություն, տոկունություն, հուզական ցնցումներ և այլն։ Այս ամենն էլ ցայտունորեն արտահայտված են թե՛ ֆրանսիացի գրող Պիեռ Լոթիի և թե՛ արևմտահայ «նորավեպի իշխանի» կամ «հայ Մոպասանի»՝ Գրիգոր Զոհրապի երկերում։

Քննության առնելով մասնավորապես Պիեռ Լոթիի «Իսլանդացի ձկնորսը» խորագրով վեպն ու Գրիգոր Զոհրապի «Այրին» նովելը՝ հոդվածագիրները փորձել են պատկերել երկու բացարձակապես տարբեր միջավայրում գտնվող կանանց մտատանջող միևնույն խնդիրը, այն է՝ ընտանիքը լքած ամուսնուն սպասելու ծանր ու հոգեմաշ պարտականությունը։

Վերոնշյալ երկերի մանրամասն ուսումնասիրությունն ու համեմատությունը բացահայտում են գրական երկու հերոսուհիների թե՛ ակնհայտ նմանությունները և թե՛ տարբերությունները։ Դրանք, անշուշտ, պայմանավորված են մշակութային՝ միմյանցից խորապես զանազանվող միջավայրերով։ Երկու գրողներն էլ առավելագույնս ընդգծել են կնոջ հավատարմության և անսահման համբերատարության թեման։ Եթե Լոթիի հերոսուհին, հստակ գիտակցելով հանդերձ, որ թեև ձկնորս ամուսինը կուլ է գնացել մրրկածուփ ծովի ալիքներին, այնուամենայնիվ, շարունակում է սպասել, որովհետև սիրում է նրան ու չի ցանկանում ընդունել ակնհայտը, ապա Զոհրապի «այրին» որոշակիորեն վստահ է, որ լքված է ամուսնու կողմից։ Նա, սակայն, «տարօրինակ» կերպով շարունակում է սպասել՝ ըստ էության դառնալով «սպասման հիվանդ»։ Հայ ընտանիքի չգրված օրենքով՝ հայուհին զոհաբերում է անձնականը՝ հանուն շրջապատի, ավելի որոշակի՝ ամուսնու ծնողների բարեկեցության։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1․ Արփիարյան Ա., Արևմտահայ հայոց արդի գրականությունը, Երկեր, Եր․, 1987, «Սովետական գրող» հրատ․, 640 էջ։
2․ Զոհրապ Գ., Երկերի ժողովածու, հատ․ Ա, Եր․, 2001։
3․ Gosse, Edmund W., “Loti, Pierre.” In Encyclopædia Britannica, vol. 17, 11th edition, 1911.
4․ Loti, Pierre. “Pêcheur d’Islande”. Bouquineux.com. (Accessed 22.10.2023) http://www.bouquineux.com/index.php?telecharger=777&Loti-P%C3%AAcheur_d_Islande
5․Loti P., “An Iceland Fisherman”. Bookyards.com. (Accessed 15.08.2023) https://www.bookyards.com/en/author/page/1096/Loti-Pierre

ՌՈՒՍԵՐԵՆԻՑ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԵՐԵՆԻՆ ԱՆՑԱԾ ՀԱՏԿԱԿԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ – 2023-4

Սիլվա Վ. Պապիկյան

Ինչպես հայտնի է, կա բառապաշարի հարստացման երկու ճանապարհ ներքին և արտաքին: Ներքին ճանապարհով բառապաշարը հարստանում է տվյալ լեզվի հնարավորություններով նոր բառեր կազմելու և բառիմաստի փոփոխության միջոցով:

ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ՀԱՅԵՐԵՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ (անգլերեն) – 2023-4

Աննա Է. Հակոբյան

Սույն հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ բարձրագույն իրավական մտքի մարմնավորում
համարվող տեքստի լեզվական որոշ առանձնահատկությունների
քննությանը և դրանց համարժեքության խնդրին հայերենում և անգլերենում:

Հոդվածում առանցքային ուշադրություն է դարձվում Սահմանադրության տեքստի հիմքում ընկած այն լեզվական առանձնահատկությունների վերհանմանը, որոնք իրավամտածողության տեսանկյունից տիպական և չափանշային արժեք ունեցող նշույթավորված լեզվական միավորներ են, որոնց շնորհիվ Սահմանադրությունը լեզվական տեսանկյունից ընկալվում է ոչ թե որպես լոկ տեքստ, այլ հատուկ նպատակաուղղվածություն ունեցող և արժեքային մի ամբողջական համակարգ ներկայացնող փաստաթուղթ։

Հոդվածում փորձ է արվում վեր հանելու և պարզաբանելու օրենսդրական տեքստերին հատուկ եզրույթները, լատինական փոխառությունները, եղանակավորող բայերի հաճախակի կիրառությունը, որոնք ուսումնասիրվել են իմաստային համարժեքության տեսանկյունից հայերեն և անգլերեն համարժեք տեքստերում։ Ստացված արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ հայերեն և անգլերեն օրենսդրական տեքստերը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստն ունեն բազմաթիվ լեզվական համընդհանրություններ և պայմանականություններ, ինչից կարելի է հետևություն անել, որ օրենսդրական տեքստեր թարգմանելիս պետք է մասնավորապես ուշադրություն դարձնել իմաստային ամբողջականությանը և տեղեկության ճշգրիտ փոխանցմանը, որոնք պայմանավորված են հատկապես նշույթավորված լեզվական միավորների հստակ և նպատակաուղղված կիրառմամբ թե՛ հայերենում և թե՛ անգլերենում:

 

ՀԱԿՈԲ ՋՈՒՂԱՅԵՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՎԱՆԱՆԴԵՑԻՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ – 2023-3

Զինա Ա. Ավետիսյան

Գողթան գավառից սերած և 17-րդ դարի վերջին Ամստերդամում հաստատված Վանանդեցիների ընտանիքին էր վերապահված հայկական տպագրությունը և հայկական ինքնությունը նոր մակարդակի բարձրացնելու կարևոր դերը, քանզի Վանանդեցիներն իրենց բազմամյա անխոնջ գործունեությամբ նոր էջ բացեցին հայկական տպագրության պատմության մեջ՝ բարձր վարպետության հասցնելով նաև հայկական տպագրական արվեստը։

ՀԱԿՈԲ ՋՈՒՂԱՅԵՑՈՒ ԿԱԼՎԱԾԱԳԻՐԸ – 2023-3

Կնիքների քննությամբ և Նախեդուռ գյուղի առնչությամբ

Սիրանուշ Մ. Ֆահրադյան

Ներկա հրապարակման մեջ ներկայացվող Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու (1655-1680) մագաղթյա կալվածագիրը, որը պահվում է Մաշտոցյան Մատենադարանի (ՄՄ) արխիվի բաժնի«Կաթողիկոսական դիվան» (ԿԴ) ֆոնդում, հետաքրքիր է ինչպես Սբ. Էջմիածնի հողային-կալվածական տիրույթները Արևելյան Վրաստանում ընդարձակելու նպատակով Հակոբ Ջուղայեցու ծավալած գործունեության քննությամբ, այնպես էլ իբրև եկեղեցական պատմաիրավական փաստաթուղթ՝ իր բազմաթիվ կնքադրոշմներով, որոնք ընդգծում են հարցի կարևորությունը: