Հոդվածում հիմնավորվում է, որ ավանդական հեքիաթի կանոնական կառուցվածքն ընդգրկում է քաոսի, խաղի և սիմուլյակրի տարրեր, որոնք անմիջականորեն արդիականանում են հետմոդեռնիստական խոսույթում: Հատուկ ուշադրություն է դարձվել հեքիաթային ժամանակատարածության (քրոնոտոպի) քննությանը, որի «անժամանակայնությունն» ու գծային ընթացքի խաթարումը դիտարկվում են հետմոդեռնիստական մասնատվածության (ֆրագմենտարության) և «հավերժական ներկայի» հայեցակարգի նախատիպեր:
Հետազոտության նպատակն է վերհանել այն կառուցվածքային և իմաստաբանական աղերսները, որոնք կապում են ավանդական ժանրը 17 Վէմ համահայկական հանդես, ԺԸ (ԻԴ) տարի, թիվ 1(93), հունվար-մարտ, 2026 ժամանակակից գրական խոսույթին: Առանձնացվում են որոշակի հասկացություններ (քաոս, սիմուլյակր, բազմամշակութայնություն, խաղ և այլն), որոնք դիտարկում են ժողովրդական հեքիաթի և հետմոդեռնիզմի միջև առկա տիպաբանական ընդհանրություններ:
Հոդվածում փորձ է արվել առաջին անգամ ուսումնասիրելու բանահյուսական ժանրերից հեքիաթի և ավանդաբար դրա հետ չկապվող «հետարդիականություն» երևույթի առնչությունները:
Հոդվածում առանձնակի ուշադրություն է դարձվում հերոսի կառուցալուծարման (դեկոնստրուկցիայի) խնդրին՝ ցույց տալով հեքիաթի արքետիպային կերպարի կերպարանափոխությունները հետմոդեռնիստական հատվածային (ֆրագմենտար) գիտակցության տիրույթում:
Հոդվածի արդիականությունը պայմանավորված է ուսումնասիրվող նյութի միջգիտակարգայնությամբ. այն վերլուծվել է գրականության տեսության, բանագիտության ու փիլիսոփայության միջև փոխադարձ կապերի և առնչությունների համատեքստում՝ համապատասխան մեթոդների կիրառությամբ:
Ուսումնասիրության փաստական հիմքը պատմական Հայաստանի տարբեր շրջաններից գրի առնված հայ ժողովրդական տպագիր հեքիաթներն են, որոնք ամփոփված են «Հայ ժողովրդական հեքիաթներ» ու «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարերում ու առանձին ժողովածուներում և հետմոդեռնիստական արձակի տիպաբանական պատկերը ներկայացնող հեղինակների ստեղծագործությունները:
Ուսումնասիրությունը կատարվել է մի քանի մեթոդների համադրությամբ: Կիրառվել են նկարագրական, համատեքստային, կառուցվածքաիմաստաբանական վերլուծության, պատմատիպաբանական, համադրական-վերլուծական և զուգադրական մեթոդները: