ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԷԹԻԿԵՏ

1-ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ

Հոդվածի բնագիրը՝ հեղինակի և բոլոր համահեղինակների մասին տեղեկատվությամբ, ներկայացվում է «ՎԷՄ» համահայկական հանդեսի խմբագրություն։ Հոդվածը պետք է հրատարակության ներկայացվի առաջին անգամ և նախկինում երբեք տպագրված չլինի։ Հետազոտությունը, որի հիման վրա գրված է հոդվածը, պետք է լինի բացառիկ և արդիական։ Արգելվում է ոչ հավաստի տվյալների կամ տեղեկատվության հրատարակումը, ինչպես նաև գրագողությունը (այսինքն՝ ուրիշի հրատարակումները կամ հրատարակումներից որոշ հատվածներ սեփական անվան ներքո առանց համապատասխան աղբյուրի հիշատակության ներկայացնելը)։

Հեղինակը հոդվածում կարող է երախտագիտություն հայտնել ուսումնասիրությանը որևէ կերպ աջակցածներին։

 

2-ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակը պարտավորվում է համագործակցել հանդեսի խմբագրակազմի հետ՝ կատարել անհրաժեշտ փոփոխություններ, խմբագրության խնդրանքով շտկել թերություններն ու սխալմունքները։ Եթե անձամբ հեղինակը նկատում է սեփական աշխատանքի մեջ թերություններ կամ սխալմունքներ, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել դրանք հնարավորինս արագ շտկելու ուղղությամբ (կապ հաստատել խմբագրության հետ)։

Հեղինակը երաշխավորում է հղումների և մեջբերումների հավաստիությունն ու ստույգությունը։

Հեղինակը պարտավոր է խմբագրության կանչով ներկայանալ խմբագրություն և ստորագրությամբ հաստատել, որ ծանոթ է խմբագրված և սրբագրված նյութի վերջնական տարբերակին։ Ստորագրությունից հետո լույս տեսած հոդվածում եղած անճշտությունների կամ վրիպակների համար խմբագրությունը պատասխխանատվություն չի կրում։

Խմբագրությունը կարող է կազմակերպել վերը նշված աշխատանքը նաև հեռահար կերպով։

 

3-ԳՐԱԽՈՍՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խմբագրությունն ընդունում է «ՎԷՄ» հանդեսի գիտական ուղղվածություններին համապատասխանող հոդվածներ և կազմակերպում ընդունված հոդվածների գրախոսությունը։

Գրախոսման կարգը

Ներկայացված հոդվածը դիտարկելուց հետո հեղինակից պահանջվում է ներկայացնել նաև գրախոսական։ Այնուհետև առավել անաչառ արդյունքի համար խմբագրությունը կազմակերպում է տվյալ նյութի  անանուն գրախոսությունը, որը ենթադրում է երկկողմանի «կույր» աշխատանք՝ գրախոսը չի կարող տեղեկություն ունենալ նյութի հեղինակի մասին, իսկ հեղինակը չի կարող տեղյակ լինել գրախոսողի մասին։ Գրախոսությունների արդյունքի հիման վրա խմբագրակազմը որոշում է կայացնում նյութը հրատարակելու վերաբերյալ։

Գրախոսը պարտավոր է նյութը գրախոսել զուտ գիտական մակարդակում՝ անկախ անձնական հետաքրքրություններից և տեսակետներից տվյալ թեմայի վերաբերյալ։ Գրախոսը պարտավոր է ներկայացնել հոդվածի գիտական արժեքը գիտական տվյալ բնագավառում, կարող է անդրադառնալ գիտական լեզվաոճական առանձնահատկություններին և այլն, միշտ հետևելով գիտական օբյեկտիվության և վարվելակարգի նորմերին։

Հեղինակն իրավունք չունի պահանջելու անանուն գրախոսի տվյալներն ու վիճարկելու բացասական արդյունքը՝ առանց հիմնարար փաստարկների։

 

4-ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խմբագրական անձնակազմը հետևում է պարբերականի հրատարակչական էթիկետին և երաշխավորում է հրատարակվող աշխատանքների գիտական բարձր մակարդակը։ Դիտարկման առնված նյութի մեջ նկատված սխալմունքները կամ թերությունները խմբագրության խնդրանքով հեռացվում են հեղինակի կողմից։

Խմբագրությունը իրավունք չունի հայտնելու գրախոսվողի և գրախոսողի անձնական տվյալները երկու կողմերին։

Խմբագրությունը, հաշվի առնելով գրախոսություններից ստացված արդյունքները և խմբագրակազմի կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ,  իրավունք ունի մերժելու կամ հաստատելու տվյալ հոդվածի տպագրությունը։