Category Archives: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ ԶԱՔԱԹԱԼԱՅԻ ՕԿՐՈՒԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ
«Մեծ Ադրբեջան» ծրագրի համատեքստում (1918-1921 թթ.)

1918-1920 թթ. ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրադրության պայմաններում վրացիներն ու կովկասյան թաթարները ներկայացան մեկը մյուսի դեմ ուղղված տարածքային պահանջներով: Վրաստանի և Անդրկովկասում հայտնված արհեստածին «Ադրբեջան» կազմավորման միջև սահմանավեճերը համառ ու տևական բնույթ ստացան և ընդհուպ ռազմական բախումների վերածվեցին հատկապես Զաքաթալայի օկրուգի պատկանելության հարցում: Ադրբեջանի նկրտումները Զաքաթալայի օկրուգի նկատմամբ տեղավորվում էին «Մեծ Ադրբեջան» ծրագրի շրջանակում: Օգտվելով տարածաշրջանում Օսմանյան կայսրության բանակի առկայությունից` մուսավաթական կառավարությունը, չսպասելով սահմանավեճերի վերջնական կարգավորմանը, նպատակադրվեց դավադիր քայլերով բռնազավթել Զաքաթալայի օկրուգը:

Ադրբեջանում 1920 թ. ապրիլի 28-ին խորհրդային իշխանության հաստատումից հետո Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարությունը նույնպես պահպանեց մուսավաթականների ծավալապաշտության ռազմավարական ուղեգիծը և շարունակեց համակարգված քայլեր ձեռնարկել «Մեծ Ադրբեջան» ծրագիրն իրականացնելու համար: «Սոցիալիստական ինտերնացիոնալիզմի» քողի տակ գործող ՌԿ(բ)Կ ԿԿ Հյուսիս-Կովկասյան բյուրոն, հանձին նրա նախագահ Ս. Օրջոնիկիձեի, սատարեց այդ ծավալապաշտական քաղաքականությանը և Ադրբեջանական ԽՍՀ-ին բռնակցվեց Զաքաթալայի օկրուգը: Այսպիսով, եթե երիտթուրքերն ու մուսավաթականները համաթյուրքական օղուզական պետության հայեցակարգի շրջանակում ստեղծեցին արհեստածին «Ադրբեջան» կազմավորումը, ապա ՌՍԴԽՀ բարձրագույն ղեկավարությունը տարածաշրջանում թյուրքական գործոնի ամրապնդման միջոցով համաշխարհային հեղափոխության խթանման նպատակից ելնելով, ըստ էության, նույնպես նպաստեց «Մեծ Ադրբեջան» համաթյուրքական գաղափարի իրականացմանը:

ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (1988-1990)

Կանանց իրավունքների պաշտպանությունը լուրջ մարտահրավեր է առաջադեմ մարդկության համար, քանի որ կանայք հասարակության ամենախոցելի անդամներից են ու անհամաչափորեն թիրախավորվում են հակամարտությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակ: Վերջին տասնամյակներում կրկին ականատես ենք եղել մարդկության դեմ հանցագործությունների, որոնք հատկապես թիրախավորել են կանանց: Այս հոդվածի շրջանակներում քննարկվում է 1988-1990 թվականներին Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ) և Բաքու քաղաքներում հայերի կոտորածների ժամանակ կանանց նկատմամբ կիրառված սպանությունների, բռնության ու նվաստացումների հարցը: Այդ հանցագործությունները դեռևս բավարար չափով չեն ուսումնասիրվել, մասնավորապես՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն հանցագործությունների դասակարգման տեսանկյունից: Ավելին, զգալի բաց կա նաև Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած կոտորածների ժամանակ կանանց նկատմամբ բռնությունների ուսումնասիրության խնդրի շուրջ: Հոդվածի նպատակն է վերապրածների վկայությունների, իրավական փաստաթղթերի, զեկույցների վերլուծության միջոցով ներկայացնել ավելի խորը ուսումնասիրություն հայ կանանց նկատմամբ իրագործված բռնությունների վերաբերյալ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նշված կոտորածների ընթացքում հայ զոհերի գրեթե կեսը կանայք էին, որոնք ընդգրկում էին տարբեր տարիքային խմբեր՝ դեռահաս աղջիկներից մինչև 80-90 տարեկան տարեց կանայք: Հայ կանայք ոչ միայն սպանվել կամ վիրավորվել են, այլև շատերը ենթարկվել են սարսափելի բռնության, այդ թվում՝ խոշտանգումների, բռնաբարության, հրապարակային նվաստացման և այլ գործողությունների, որոնք նպատակ ունեին նսեմացնել նրանց արժանապատվությունը: Հոդվածի նպատակն է առկա փաստական նյութի հիման վրա որոշակիորեն դասակարգել հայ կանանց նկատմամբ իրագործված բռնությունները, դրանք դիտարկել էթնիկ հակամարտության համատեքստում որպես գենդերային բռնության ձև՝ նպաստելով պատմության այս ողբերգական էջի ավելի ամբողջական քննությանը:

ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

XII դարի վերջին տասնամյակում և XIII դարի առաջին տասնամյակում Հայաստանի փաստացի անկախությունը վերականգնած շահնշահ Զաքարե Երկրորդ Զաքարյանը իր հիմնած Հայաստան-Հայքի թագավորությունում իրականացրել է վարչատարածքային բարեփոխումներ և երկրի ներսում ստեղծված առանձին վարչական միավորներին տվել կողմնակալություն, դրանց ղեկավարներին՝ կողմնակալանունները՝ նրանց շնորհելով իշխանաց իշխանի աստիճան-կոչում: Այս վառչատարածքային միավորները, լինելով XIII դարի պատմաքաղաքական իրավիճակի արգասիք, ամբողջովին արտացոլում էին երկրի ղեկավարի պետություն կերտելու մոտեցումները: Թեև այդ ժամանակի հայկական իրականության մեջ դրանք նոր երևույթ էին, այնուամենայնիվ ունեին իրենց պատմական նախադեպերը:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ

Պարսկաստանում 1907 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից և Օսմանյան կայսրությունում 1908 թ. հուլիսյան հեղաշրջումից հետո նկատելիորեն ընդլայնվեց ՀՅ Դաշնակցության քաղաքական դերակատարությունը Իրանի ու Թուրքիայի ներքաղաքական գործընթացներում։

Այս սկզբունքորեն նոր կացության մեջ, երբ Կ. Պոլիսը հայտնվել էր հեղափոխական կարգախոսներով քողարկվող միջազգայնականության պրոֆանացիայի մթնոլորտում, պարսիկ սահմանադրականները մտածում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն իրական աջակցություն ցուցաբերելու մասին։ Նման իրավիճակում հենց Պարսկաստանն էր դառնում քաղաքական այն գործելադաշտը, որը նախընտրելի էր ինչպես Ռուսաստանից, այնպես էլ եվրոպական երկրներից ժամանող հեղափոխականների համար։ Անշուշտ, Թեհրանում հակահեղափոխականների ժամանակավոր հաղթանակից գրեթե մեկ տարի անց՝ 1908 թ. հուլիսին թուրքական «Հուրիեթի» առաջ բերած ոգևորությունը որոշակի ազդեցություն էր գործում հակաշահական դիմադրության նոր կենտրոնի վերածված Թավրիզի պաշտպանների վրա։ Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանց համար նույնպես «թուրք ընկերներից» լուրջ օգնություն ակնկալելն անիմաստ է և նույնիսկ վտանգավոր։ Պատճառն այն է, որ 1905-1907 թվականներին թուրքական զորքերը հասցրել էին ռազմակալել Պարսկաստանի սահմանամերձ գավառները, իսկ 1908-1909 թվականների ձմռանը հակահեղափոխականների կողմից պաշարված Թավրիզում թուրքական հյուպատոսը փորձում էր իր կողմը գրավել ապստամբների առաջնորդ Սաթթար խանին։ Բայց քանի որ դաշնակցական Եփրեմ Դավթյանի ոչ մեծ զորաջոկատի 1909 թվականի փետրվար-հունիսյան արշավանքի ծանրությունը հիմնականում ընկավ հայ մարտիկների ու մի խումբ կովկասցիների ուսերին, բռնակալ շահից ազատված Թեհրանը վերականգնեց իր առաջնությունը, իսկ Թավրիզը համաիրանյան պայքարից շեղելու փորձերը փակուղի մտան։ Առավել ևս, որ Թեհրանի մատույցներում Եփրեմ Դավթյանի զորաջոկատին միացավ նաև բախտիարների ցեղախմբի հակաշահական տրամադրություններ ունեցող հատվածը։ Ուստի ի տարբերություն Թուրքիայում բանակի միջոցով կազմակերպված պետական հեղաշրջման՝ Պարսկաստանում հեղափոխական կերպարանք ստացող պայքարը արժանացավ միջազգային հեղափոխական շրջանակների ավելի մեծ ուշադրությանն ու աջակցությանը։

Ներկայումս Իրանում ընթացող ներքաղաքական գործընթացների լույսի ներքո արդիական նշանակություն է ձեռք բերում ինչպես Սահմանադրական հեղափոխության հարուստ փորձի, այնպես էլ նրանում ակտիվ մասնակցություն ունեցած հայ հեղափոխականների գործունեության համակողմանի ուսումնասիրությունը։ Կարևոր է նաև Իրանի նման բազմազգ երկրի առաջընթացը ներքին միասնության ու տարածքային ամբողջականության պահպանման հետ զուգորդելու պարսկական նուրբ աշխատակարգերի քննությունը։ Խիստ ուսուցողական առաջադրանք է տարբեր ազգեր ներկայացնող հեղափոխականների՝ Իրանի պետականությանն ու ժողովրդին ցուցաբերած աջակցության պրոցեսում կողմերից յուրաքանչյուրի ունեցած ակնկալիքների բացահայտումը։ Քանզի ներկայումս ներքաղաքական լուրջ գործընթացների շեմին կանգնած Իրանում նկատվում են ինչպես Սահմանադրական հեղափոխության առաջին տարիները հիշեցնող սուր կատակլիզմներ, այնպես էլ ժամանակի պահանջներով թելադրվող՝ խաղաղ ու անցնցում բարեփոխումների հնարավորություններ։

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ – 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ – 2024-3

Մաս հինգերորդ։ ՀՅԴ առանցքային դերակատարությունը Իրանի 1905-1912 թթ. Սահմանադրական հեղափոխության եվրոպական արևելումի ապահովման գործում

Գևորգ Ս. Խուդինյան
Պատմ. գիտ. դոկտոր

Իրանի (Պարսկաստանի) (1905-1912 թթ.) Սահմանադրական հեղափոխության մեջ ՀՅ Դաշնակցության քաղաքական դերակատարության մասին անցած հարյուրամյակում հրապարակվել են բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, նամակների ժողովածուներ, ստեղծվել է պատկառելի գի- տական գրականություն։ Հասանելի է նաև ժամանակակիցների և իրադարձությունների մասնակիցների գրությունների ու հուշերի զգալի մասը։ Սակայն անգամ նման հարուստ աղբյուրագիտական հենքի վրա ստեղծված հոդվածներն ու ուսումնասիրությունները մինչ օրս գրեթե չեն բացահայտել Իրանի Սահմանադրական հեղափոխությանը մասնակից ու դերակատար ուժերի և գործիչների հետ ՀՅ Դաշնակցության կապերն ու հարաբերությունները, որոնց համատեքստում է միայն հնարավոր հասկանալ այդ հեղափոխությանը ՀՅԴ մասնակցության իրական պատճառները։

ԽՈՐԵՆԱՑԻԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԻ ԵՎ ՆՐԱ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՏԻՊԵՐԻ ՇՈՒՐՋ – 2024-3

Սարգիս Գ․Պետրոսյան (Գյումրի)
Պատմ․ գիտ․ դոկտոր

Մ․ թ․ ա․ III հազարամյակի երկրորդ կեսի առաջին դարերում Մեր- ձավոր Արևելքի քաղաքական կյանքում տեղի էին ունեցել աշխարհացունց իրադարձություններ. Միջագետքում ստեղծվել, ապա կործանվել էին առաջին աշխարհակալությունները։ Հայկական լեռնաշխարհի բնակիչները, լինելով միջագետքցիների հարևանները, կրել են դրանց բացասական հետևանքները թե՛ Սարգոն և թե՛ Նարամ-Սուեն բռնապետերի հետ ունեցած առճակատման տեսքով։Ժամանակաշրջանի էբլայական և աքադական արձանագրություններում որոշակի տեղեկություններ կան Արմի/Արմանում երկրի ու իր թագավորների՝ դրանցում ունեցած մասնակցության վերաբերյալ։ Դրանց հիշատակները պահպանված են եղել նաև խեթական և հայոց հին (նախամաշտոցյան) պատմագրություններում, որոնցից թափանցել են մի կողմից՝ հունական ինչ-որ աղբյուրի մեջ, իսկ մյուս կողմից՝ տեղ գտել Մովսես Խորենացու երկում։

1945 Թ․ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Նոր փուլ Էջմիածին-Անթիլիաս հարաբերություններում – 2024-2

Էդգար Գ․ Հովհաննիսյան

Կիլիկիայից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարագրությունից հետո Էջմիածին-Անթիլիաս հարաբերություններում տեղի ունեցան էական փոփոխություններ, ուստի 1920-1940-ական թվականներին երկու կաթողիկոսական աթոռների հարաբերությունները դրականորեն տարբերվում էին դրանից առաջ և հետո ընկած շրջաններից։ Այլևս չկար Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցու (Քերեստեճյան) և Կիլիկիո կաթողիկոս Մկրտիչ Ա․ Քեֆսիզյանի կաթողիկոսության շրջանի լարված և անառողջ մթնոլորտը։ 1920-1930-ական թթ․ Էջմիածին-Անթիլիաս հարաբերություններում ստեղծված բարվոք վիճակը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։

ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՆՍՏԱՎԱՅՐ – 2024-1

Վահրամ Ռ. Բալայան, Մելանյա Գ. Բալայան

2020 թ. սեպտեմբերին 27-ին սկսված ու 44 օր տևած ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան և 2023 թ. սեպտեմբերի 19-ին սանձազերծված պատերազմական գործողություններն ու արցախահայության բռնի տեղահանությունը կործանարար հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար: Չբավարարվելով այդ ամենով, Ադրբեջանը մշակութային արժեքները ոչնչացնելու լայնածավալ գործողություններ է ձեռնարկել՝ Արցախից հայկական հետքը վերացնելու համար: Թշնամու թիրախում առաջին հերթին հայտնվել են հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, մասնավորապես՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ Մայր տաճարը, որը 19-րդ դարի սկզբներից մինչև 2020 թ. ողբերգական դեպքերը մշտա- պես եղել է Արցախում ծավալված հոգևոր-մշակութային ու քաղաքական գործընթացների կիզակետում:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ – 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ – 2023-4

Մաս չորրորդ։ ՀՅԴ կապերն ու հարաբերությունները Ռուսաստանի հեղափոխական կուսակցությունների հետ Ռուսական առաջին հեղափոխության տարիներին (1905-1907 թթ.)

Գևորգ Ս. Խուդինյան

1904 թ. հունվարի 27-ին (փետրվարի 8-ին) Ճապոնիայի դեմ սկսված պատերազմում իրար հաջորդած ձախողումներն արդեն տարեվերջին ցարական ինքնակալությանը կանգներին ստորացուցիչ պարտության հեռանկարի առջև: Ուստի դրանից հետո Ռուսաստանում խորացող քաղաքական, տնտեսական ու ընկերային հակասությունները չէին կարող հաղթահարվել սովորական բարփոխումներով:

«ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՍԱՂՄԵՐԸ «ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2023-4

Սամվել Ա. Պողոսյան

Հայ քաղաքական, իրավական և փիլիսոփայական մտքի կարևոր հուշարձաններից է «Գիրք անուանեալ Որոգայթ փառաց» աշխատությունը, որը հրատարակվել է 18-րդ դարի վերջին Հնդկաստանի Մադրաս քաղաքում: