Category Archives: ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՅՈՒՆԻՔԻ ԳՈՅԱՄԱՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱՑՈՒՄԸ

Սյունիքի 1917–1921 թթ. զինված ինքնապաշտպանության և քաղաքական գոյապայքարի իրադարձությունները զբաղեցնում են առանցքային տեղ հայոց նորագույն պատմության մեջ, սակայն դրանց պատմագրական լուսաբանումը երկար ժամանակ մնացել է մասնակի, անհամաչափ և աղբյուրագիտական առումով սահմանափակ։

Այս ժամանակաշրջանը հաճախ մեկնաբանվել է ընդհանրական քաղաքական սխեմաների շրջանակում՝ անտեսելով տեղական առանձնահատկությունները, տարածաշրջանային դերակատարներին, ինչպես նաև զինված դիմադրության, պետականաշինական փորձերի ներքին շարունակականությունը (Հարությունյան 1984, 318, 325-330, Խուդավերդյան 1988, 64-71, 115-124, 146-157, Գրիգորյան 1989, 73-88, Աբրահամյան 2003, 209-252, Սիմոնյան 2004, 19-32)։ Այս համատեքստում Աշոտ Սիմոնյանի «Սյունիքի 1917–1921 թթ. գոյապայքարի հուշամատյանը» հանդես է գալիս որպես նշանակալի աղբյուրագիտական և պատմագրական ձեռքբերում։

Գրախոսվող աշխատությունը դասական իմաստով մենագրություն չէ։ Այն փաստավավերագրական-պատմական ընդարձակ մատյան է, որը համադրում է տպագիր և անտիպ նյութեր։ «Հուշամատյան» ժանրային սահմանումն արդարացված է, քանի որ հեղինակը խուսափել է տեսական ընդհանրացումներից և առաջնահերթություն է տվել փաստական նյութը հաջորդական, ժամանակագրականորեն ճշգրիտ ներկայացնելուն։ Աշխատության հիմնական մասը կազմված է 48 գլուխներից, որոնք միավորված են յոթ թեմատիկ բաժիններում, իսկ դրանց հաջորդում են 12 գլուխներից բաղկացած հավելվածներ, որոնք էապես ընդլայնում են ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը։

Աշխատության գլխավոր արժանիքը նրա լայնածավալ և մանրակրկիտ հավաքված աղբյուրագիտական շտեմարանն է։ Հեղինակը օգտագործել է Հայաստանի ազգային արխիվի նյութերը, այդ թվում՝ բռնադատվածների քննչական գործերը, Բեյրութի և Բոստոնի հայկական արխիվները, ինչպես նաև հազվագյուտ դատավարական փաստաթղթեր, մասնավորապես Թավրիզում տեղի ունեցած երկու՝ Լեռնահայաստանի անկման և 1920թ. մարտ-ապրիլին Արցախի ինքնապաշտպանության ձախողման հետ կապված դատավարությունները:

Առանձնահատուկ կարևորություն ունի ՀԱՀ (Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով՝ ՉէԿա–ՊՔՎ (պետական քաղաքական վարչություն)– ՆԳԺԿ (ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) համակարգի բռնադատման ՀԱԱ № 1191 ֆոնդի տասնյակ գործերի մեծաքանակ նյութերի հետևողական ներգրավումը, որոնք գաղափարական ու քաղաքական միակողմանիությամբ հանդերձ պարունակում են արժեքավոր կենսագրական տեղեկություններ, ականատես վկաների ցուցմունքներ և պաշտոնական գնահատականներ Սյունիքի գոյապայքարի մասնակիցների վերաբերյալ։ Հասկանալի պատճառներ ունեցող այդ նյութերի զգուշավոր օգտագործումը հնարավորություն է տալիս բացահայտելու ոչ միայն Լեռնահայաստանի քաղաքական գոյապայքարի ներքին տրամաբանությունը, այլև խորհրդային վաղ բռնաճնշումների մեխանիզմները։

Ուշագրավ տեղեկություններ են պարունակում տեղացի մասնակից-ականատեսների հուշագրությունները, անտիպ հիշողությունները և տարածաշրջանային (Երևան, Բաքու, Շուշի, Գորիս), ինչպես նաև սփյուռքյան կենտրոնների պարբերական մամուլի հրապարակումները, որոնց շնորհիվ վերականգնվում են Սյունիքի ռազմական, քաղաքական և հասարակական գործիչների, հոգևորականության ու քաղաքացիական բնակչության առանձին ճակատագրերը։ Տողատակի ծանոթագրությունների ընդարձակ համակարգը, որ ներառում է կենսագրական տվյալներ և զուգահեռ վկայություններ, աշխատությանը հաղորդում է նաև տեղեկատու բնույթ և զգալիորեն բարձրացնում նրա գիտական արժեքը։

Պատմագրական տեսանկյունից աշխատությունը կարևոր ներդրում է Սյունիքի 1917–1921 թթ. իրադարձությունների նոր մեկնաբանության գործում։ Ցույց է տրվում, որ 1920–1921 թթ. զինված դիմադրությունը ինքնաբուխ կամ պատահական երևույթ չէր, այլ նախորդ տարիներին սկիզբ առած ինքնակազմակերպման և ինքնապաշտպանության գործընթացների տրամաբանական շարունակությունը՝ պայմանավորված թուրքական, ադրբեջանական, ապա նաև խորհրդային ագրեսիայով։ Լեռնահայաստանի գոյամարտը և Գարեգին Նժդեհի քաղաքական ու ռազմական գործունեությունը ներկայացվում են պատմականության (իստորիզմի) սկզբունքով և պետականակերտման տրամաբանության մեջ տեղավորվող պատումներով՝ խուսափելով որոշ հայազգի հեղինակների (Ռուբէն 1982, Գէորգեան 1991, 25-48, 85-86, 123-125, Աբրահամյան 1991, 3-14, Նժդեհ 1999 ) հաճախ նկատվող հուզական զեղումներից։

Առանձնահատուկ նշանակություն ունի խորհրդային բռնադատումների մեկնաբանությունը՝ որպես այլ միջոցներով գոյապայքարի շարունակություն։ Սյունիքի ռազմական-քաղաքական վերնախավի, ՀՀ խորհրդարանի անդամների, տեղական ինքնակառավարման մարմին ների և հոգևորականության նկատմամբ իրականացված զանգվածային հետապնդումները ներկայացվում են ոչ թե որպես տարերային գործընթաց, այլ՝ նպատակային քաղաքականություն, որը միտված էր Սյունիքում ձևավորված հայկական պետականության ինստիտուցիոնալ հենասյուների քայքայմանը և վերացմանը։

Հավելվածներում զետեղված փաստաթղթերը և կենսագրական դոսյեները էապես ընդլայնում են նախորդ շրջանի ուսումնասիրութուններին բնորոշ աղբյուրագիտական սահմանափակ հենքը։

Թեև գրքում նկատվում է առանձին գավառակների (Մեղրի, Սիսիան) իրադարձությունների լուսաբանման անհամաչափություն, ընդգծվում են նյութի ընդգրկման լայնությունը և մատնանշում հետագա մասնագիտական ուսումնասիրությունների հեռանկարները: Գրքում նշմարվում են նաև գիտական ապարատի ձևավորման որոշ տեխնիկական անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հղումների, մատենագիտական գրանցումների և ձևաչափային միակերպության հարցերում, որոնք առանձին դեպքերում չեն բխում ներկայիս ակադեմիական չափորոշիչներից: Այդուհանդերձ, նկատված թերությունները չեն նվազեցնում աշխատության ընդհանուր արժեքը։ Ընդհակառակը, դրանք ընդգծում են ձեռագրի հետագա կատարելագործման և գիտական շրջանառության մեջ ավելի արդյունավետ ներգրավման հնարավորությունը՝ հատկապես հաշվի առնելով ներկայացված փաստական բազայի բացառիկ տարածքն ու օգտագործված սկզբնաղբյուրների յուրահատկությունը։ Աշխատությունը, իր փաստական նյութի ընդգրկմամբ և տարածաշրջանային իրադարձությունների վերակառուցման փորձով, կարող է իբրև ելակետային հիմք ծառայել հետագա մասնագիտական հետազոտությունների, թեմատիկ ընդլայնումների և նոր արխիվային տվյալների ներգրավմամբ կատարվող խորացված վերլուծությունների համար։

Ընդհանուր առմամբ Աշոտ Սիմոնյանի «Սյունիքի 1917–1921 թթ. գոյապայքարի հուշամատյանը» կարևոր ներդրում է հայ պատմագրության մեջ։ Արխիվային փաստաթղթերի, հուշագրությունների, մամուլի նյութերի և դատավարական աղբյուրների համադրությամբ այն լրացնում է Սյունիքի պատմության ուսումնասիրության բացերը և միաժամանակ հանդես է գալիս որպես մեր հանրությանն այսօր խիստ անհրաժեշտ պատմական հիշողության վերականգնման ու պահպանման նշանակալի քայլ։

ՊԱՏՄԱԲԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Կարեն Հայրապետյանի երկհատորյակի քննական տեսություն

2020 թվականի համավարակի զոհ դարձած պատմաբան Կարեն Պավելի Հայրապետյանի մենագրության ու հոդվածների ժողովածուի ձևաչափով հրատարակված երկհատորյակը մեկտեղում և ամբողջացնում է հեղինակի գիտական ժառանգության առավել բնութագրական հատվածը։ Ընկերների ու զավակների ջանադրությամբ խմբագրված և հրատարակված երկու արժեքավոր հատորները ներառում են Հայաստանի առաջին հանրապետության պատմության թերի ուսումնասիրված հիմնահարցերը, որոնք կազմելու էին հեղինակի կողմից պատրաստված, բայց այդպես էլ պաշտպանության չներկայացված դոկտորական ատենախոսության բովանդակությունը։

Երկհատորյակը բացահայտում է արևմտահայ գաղթականության ծանրակշիռ գործոնի ազդեցությունը նորանկախ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա և այդ համատեքստում երկրում առաջ եկած հատվածականության հիմնախնդիրը։ Այս փոխկապակցված հիմնահարցերը ներկայացվում են ազգային անվտանգության ապահովման և բարդ սոցիալ-քաղաքական գործընթացների կառավարման համատեքստում։ Հենվելով հարուստ փաստաթղթային ու վիճակագրական աղբյուրների վրա՝ հեղինակը ցույց է տալիս, որ արևմտահայ գաղթականության մեծ զանգվածի առկայությունը ոչ միայն հումանիտար ճգնաժամ էր և ներքին հակասությունների սրմանը նպաստող գործոն, այլև ազգային պետականության հզորացման կենսական հնարավորություն։

Հաշվի առնելով այդ իրողութունները՝ հեղինակը կարողացել է համադրել պետական կառավարման համակարգը կենտրոնացնելու մարտահրավերները և հասարակական հարաբերությունների բարդ զարգացումը՝ ընդգծելով, որ տվյալ պատմաշրջանում արևմտահայ և արևելահայ հատվածների միջև անվստահությունն ու օտարվածությունը դարձել էին ներքին քաղաքական անկայունության հիմնական աղբյուրները։ Նա ցույց է տալիս, թե ինչպես էր գաղթականության խնդիրը ճիշտ կամ սխալ կառավարելը ուղղակիորեն ազդում բանակաշինության ու տնտեսական միջոցների բաշխման վրա։ Մանրակրկիտ վերլուծվել է նաև Արևմտահայերի 1-ին համագումարի գործունեությունը՝ որպես հատվածական մոտեցումների բացահայտման առաջին հրապարակային հարթակ։

Աշխատությունը լրացնում է հայ պատմագրութան մեջ առկա բացերը, որոնք վերաբերում են Հայաստանում և Անդրկովկասում առկա հայ փախստականների թվաքանակը ճշգրտելու և տեղավորելու ռազմավարությանը և օգնության պետական քաղաքականությունը համակարգելուն։ Հայրապետյանի հավաքած փաստերը կարևոր են նաև ներկայում մեր երկրում իրականացվող քաղաքականության հետ համեմատության ու քննադատական վերաիմաստավորման համար։ Հեղինակի գիտական ոճն առանձնանում է գիտապատմական փաստերի հանդեպ բարեխիղճ վերաբերմունքով և եզրակացությունների հստակությամբ. հմուտ պատմաբանը երբեք չի ձգտում վերջնական ճշմարտության՝ մտածելու տարածք թողնելով ընթերցողի համար։

Երկհատորյակը արժեքավոր ուղենիշ է հետազոտողների համար. այն բացում է նոր հորիզոններ՝ համադրելու ազգային հիշողության փորձը, պետական կենսունակության աղբուրները և համայնքային համախմբման առաջնահերթությունները։ Վաղամեռիկ պատմաբանը այս աշխատությամբ դեռ մասնակցում է ներկա գիտական երկխոսությանը։ Նրա գաղափարը վերածվում է գիտակրթական և ճանաչողական գործելակերպի՝ ապացուցելով, որ ազգային պատմությունը պետք է դիտարկել ոչ միայն անցյալի գնահատման, այլև ապագայի կողմնորոշիչները հստակեցնելու հարթությունում։

Սրանով Կարեն Հայրապետյանի երկհատորյակը դառնում է գիտական բարեխղճության և հայագիտությանը անմնացորդ նվիրվածության հուշարձան։ Այն վկայում է, որ պատմությունը հնարավոր է գրել ոչ թե գաղափարախոսության միջոցով, այլ պատասխանատվության զգացումով, երբ յուրաքանչյուր փաստ վերածվում է իմաստային խտության։ Այս հատորներն ընթերցողին առաջարկում են ոչ միայն անաչառ ու ճշգրիտ պատմական գիտելիքներ, այլև գիտական մտածողության մշակույթ, որտեղ ակադեմիականությունը և ազգի ապագայի հանդեպ պատասխանատվութունը բարեխղճորեն ներդաշնակվում են միմյանց։

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Արդի հայագիտությունը 2024 թվականին արգասավորվեց գերմանալեզու մի արժեքավոր աշխատությամբ, որի համահեղինակներն են վաստակաշատ հայագետներ գերմանացի պրոֆ․ Թեսսա Հոֆմանը և նորվեգացի դր․ Վինֆրիդ Կ․ Դալմանը։ «Հայաստանի աշխարհաքաղաքական ճակատագիրը․ անցյալ և ներկա» վերնագրով ստվարածավալ աշխատությունն ինքնատիպ և խիստ արժեքավոր է մի շարք տեսանկյուններից։ Նախ՝ դրանում ներկայացված է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը ակունքներից մինչև մեր օրերը, ընդ որում՝ գիտական լուսաբանում են ստանում տարբեր դարաշրջանների վերաբերող այն հարցերը, որոնց շուրջ օտար ուսումնասիրողների տեսակետները միշտ չէ, որ անկողմնակալ են եղել։ Երկրորդ՝ աշխատությունը բաղկացած է երկու բաժիններից և 18 գլուխներից. առաջին բաժնի տասը գլուխներում ներկայացված է հայոց հազարամյակների պատմությունը ընդհուպ մինչև Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումը, իսկ երկրորդում ութ գլուխներով լուսաբանվում են դրան հաջորդած մոտ երեսունհինգ տարվա իրադարձությունները։ Դա ինքնին փաստում է, թե հեղինակների համար որպիսի կարևոր առաջնահերթություն է եղել հաղթանակներով և պարտություններով, նաև չլուծված խնդիրների առատությամբ բնորոշվող նորագույն շրջանի հետազոտությունը, որի առանցքը կազմում են Արցախյան հակամարտությունն ու դրա համատեքստում ծավալվող իրադարձությունները։ Գրքի կարևոր արժանիքն է նաև այն հանգամանքը, որ շարադրանքը ծայրից ծայր «քարտեզագրված» է։ Այլ կերպ ասած՝ տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանը ներկայացնելիս պատկերված են նաև համապատասխան քարտեզներ, որոնցով նյութի մատուցումն ավելի առարկայական, իսկ հեղինակային եզրակացութուններն ու ընդհանրացումներն՝ անառարկելի են դառնում։

Աշխատությունը, որում բազմակողմանիորեն լուսաբանվում են ոչ միայն Հայաստանի և արցախյան հակամարտության, այլև հայկական սփյուռքի պատմությունը, մի յուրօրինակ հանրագիտարան է կամ դասագիրք նրանց համար, ովքեր կցանկանան խոր և ամբողջական գիտելիքներ ձեռք բերել ինչպես այդ հարցերի, այնպես էլ դրանց համատեքստում տեղի ունեցած տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների վերաբերյալ։

ԱՐՑԱԽՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Սույն գրախոսությունը վերաբերում է Մհեր Հարությունյանի «Ռազմական շինարարությունը Արցախում, 1991–2006 թթ.» մենագրությանը, որը համակարգային վերլուծության է ենթարկում Արցախի Հանրապետության՝ ռազմական և ինստիտուցիոնալ կայացման գործընթացը։ Հեղինակը ներկայացնում է Պաշտպանության բանակի ձևավորման, կայացման և ռազմավարական վերափոխման փուլերը ադրբեջանական ռազմական սպառնալիքի պայմաններում։

Մենագրության հիմնական վերլուծական ուղղություններն են՝ զինված ուժերի և կառավարման ինստիտուցիաների ձևավորումը (1992–1994 թթ.), սահմանափակ ռեսուրսների պայմաններում ռազմական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի զարգացումը, սպայական կազմի պատրաստումը և մասնագիտական վերապատրաստումը՝ տեղական և արտասահմանյան կրթական համակարգերում, հրադադարին հաջորդած շրջանում դիրքային պաշտպանության և տարածքային ամրաշինության կազմակերպումը։

Գրախոսության մեջ ընդգծվում է այն հանգամանքը, որ մենագրությունը հիմնված է բացառիկ սկզբնաղբյուրների վրա (արխիվային փաստաթղթեր, պաշտոնական հրատարակություններ, հիշողութուններ), որոնցից շատերը 2023 թ․ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո եզակի պատմագիտական արժեք ունեն։

Հատուկ ուշադրություն է դարձվում հետազոտույթյան հայեցակարգային նշանակությանը՝ ռազմական շինարարությունը դիտարկելով որպես պետականակերտման հիմնական գործոն՝ Արցախի քաղաքական կարգավիճակի անորոշության և գոյաբանական սպառնալիքների առկայության պայմաններում։ Մենագրությունն աչքի է ընկնում ոչ միայն փաստերի առատությամբ, այլև հիմնավորված տեսական վերլուծություններով, որոնք միավորում են ազգային անվտանգության, հակամարտագիտության և ինստիտուցիոնալ կայունության ոլորտները։

Գրախոսությունը նաև ընդգծում է աշխատության կիրառական արժեքը՝ այն դիտարկելով որպես հիմք՝ պաշտպանական քաղաքականության մշակման, ինչպես նաև ռազմական կրթության և ռազմավարական հետազոտությունների իրականացման համար։

Գրախոսվող աշխատությունը դիտվում է որպես արժեքավոր ներդրում հետխորհրդային չճանաչված պետությունների զինված ուժերի ձևավորման և ռազմական ինստիտուցիոնալացման ուսումնասիրության ոլորտում։

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ

«Կովկասի տեղավայրերի ու ցեղերի նկարագրության նյութերի համահավաք ժողովածու» ռուսալեզու մատենաշարի էջերում»

2023 թ. տարեվերջին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ Գիտության պետական կոմիտեի գործուն աջակցությամբ (21T-6B290 գիտական թեմայի շրջանակներում) լույս է տեսել «Կովկասի տեղավայրերի ու ցեղերի նկարագրության նյութերի համահավաք ժողովածու»-ի 46 հատորներում ամփոփված՝ հայ ժողովրդական բանահյուսությանը վերաբերվող նյութերի ծավալուն ժողովածուն։

Ցարական Ռուսաստանի Կովկասյան ուսումնական շրջանի վարչության նախաձեռնած այս բազմահատոր ռուսալեզու մատենաշարը հրատարակվել է Թիֆլիսում 1881-1915 թվականներին։ Լույս են տեսել 44 հատորներ՝ յուրաքանչյուրը բաղկացած երկու կամ երեք մասերից, միջին ծավալը՝ 500 էջի սահմաններում: Հայ ժողովրդական բանահյուսության նյութերն այստեղ հրապարակվել են ռուսերենով, հին ուղղագրությամբ: Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով բազմահատորյակի հրատարակությունը դադարեցվել է: Իսկ 1926 և 1929 թվականներին լույս են տեսել մատենաշարի վերջին՝ 45 և 46-րդ թողարկումները, որից հետո այն ամբողջությամբ կասեցվել է ֆինանսական խնդիրների պատճառով:

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Յուրի Ավետիսյանի «Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն» գրքի մասին

Հայոց լեզվի ձևաբանությունը ներկայացնող վերջին դասագրքից հետո հետազոտության այս ոլորտում շուրջ կեսդարյա լռությունը խախտվեց համանուն նոր գրքի հրատարակությամբ: Եվ սա ոչ թե ընդամենը հերթական գրքի լույս ընծայման իրադարձություն է հայերենագիտության մեջ, այլ գիտական առաջընթաց. գիրքը ասես պաշտոնապես ազդարարում, հաստատում է այն, որ հայոց լեզուն իր գոյության նոր շրջափուլն է ապրում:

Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության մասին նոր աշխատությունը հետաքրքրական է և՛ գիտական, և՛ կրթական տեսանկյուններից: Այն միավորում է հայերենի ձևաբանության ուսումնասիրության դաշտում ստեղծված ավանդույթներն ու նոր ժամանակների լեզվական թելադրանքը՝ հնարավորություն տալով ժամանակակից ընթերցողին նոր տեսանկյունից նայելու մայրենիի ձևաբանական համակարգին՝ հայացքը չկտրելով նրա պատմությունից։

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ – 2024-3

Մկրտչյան Է. Ս., Խծաբերդը և կյանքիս շառավիղը (հուշագրություն), Եր, «Ռեալ Պրինտ» հրատ., 2023, 280 էջ+58 էջ, նկ.:

Մհեր Ա. Հարությունյան
Պատմ. գիտ. թեկնածու

Արցախի Հանրապետության բռնազավթումից ու բնիկ հայ բնակչության՝ ցեղասպանության սպառնալիքով տեղահանությունից հետո արդիական-քաղաքական կարևոր նշանակություն ձեռք բերել երբեմնի «Հայոց արևելից կողմանց» բնակավայրերի պատմության վերաիմաստավորումն ու հանրահռչակումը: Այս տեսանկյունից գնահատելով իր հայրենի Խծաբերդ գյուղի պատմությունը ներկայացնելու՝ բանասիրական գիտությունների դոկ- տոր, պրոֆեսոր Էդուարդ Սամսոնի Մկրտչյանի նախաձեռնությունը՝ կարող ենք հավաստել, որ այն օրինակ է ծառայել մեր մյուս մտավորականներին՝ Արցախի մյուս բնակավայրերին նվիրված գրքերի հրատարակման համար:

ԴԱՒԻԹ ՄՈՍԻՆԵԱՆԻ «ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՖԵԱՆ. Ի ԽՈՅԶ ԿՈՐՈՒՍԵԱԼ ՄԻՋԱՎԱՅՐԻ» ԳՐՔԻ ՄԱՍԻՆ – 2024-3

Քնարիկ Ա. Աբրահամեան
Բանասիր. գիտ. թեկնածու

Կան հեղինակներ, որոնց անդրադարձը բաւականին լուրջ պատրաստուածութիւն է պահանջում: Այս առումով հարկ է առանձնացնել երիտասարդ ու խոստումնալից փիլիսոփա Դաւիթ Մոսինեանին, ով ընտրել է ոչ դիւրին ճանապարհ՝ լոյս ընծայելով «Նիկողոս Սարաֆեան. ի խոյզ կորուսեալ միջավայրի» ստուարածաւալ մենագրութիւնը (388 էջ): Նկատենք, որ բարեխղճօրէն հաշուի են առնուած Ն. Սադաֆեանի վերաբերեալ թէ՛ Սփիւռքում (Յարութիւն Քիւրքճեան, Գրիգոր Պըլտեան, Մարկ Նշանեան, Սեդա Քիլէճեան, Սեդա Գրիգորեան, Յակոբ Կիւլլիւճեան, Շուշիկ Տասնապետեան, Ստեֆան Ճերմակեան եւ ուրիշներ), թէ՛ Հայաստանում (Ալեքսանդր Թոփչեան, Արթուր Անդրանիկեան, Վազգէն Գաբրիէլեան, Սուրէն Դանիէլեան, Լիլիթ Սեյրանեան, Սիրանուշ Դւոյեան, Վարդան Նիկողոսեան եւ ուրիշներ) եղած մեծ եւ փոքր ուսումնասիրութիւններն ու յօդուածները:

ԾԱՆՐԱԿՇԻՌ ՆԵՐԴՐՈՒՄ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

Tessa Hofmann, Der Genozid an den indigenen Christen des Osmanischen Reiches: Armenier, Griechen, Syro-Aramäer/Assyrer/Chaldäer։ eine ausführliche Dokumentation mit drei Modulen von je neun Unterrichtseinheiten

«Քրիստոնեայ բնիկ ժողովուրդների ցեղասպանութիւնը Օսմանյան կայսրութեան մէջ. հայեր, յոյներ, սիրիացի-ա- րամէացիներ/ասորիներ/քաղդէացիներ»

Ժիրայր Ա. Քոչարեան (Բեռլին, Գերմանիա)

Որպէս ցեղասպանագէտ եւ իրաւապաշտպան Թեսսա Հոֆմանը հայտնի է Գերմանիայի սահմաններից էլ դուրս. 45 տարիների ընթացքում նա հրատարակել է բազում գրականութիւն՝ որպէս հեղինակ եւ խմբագիր հանդէս գալով բազմաթիվ երկրներում։
Թեսսա Հոֆմանի վերջին գիրքը՝ 381 էջանոց աշխատութիւնը ուղղուած է ընթերցողների երկու խմբի. մի կողմից՝ այն ծառայում է որպես մանրամասն փաստաթուղթ եւ ընդհանուր ներածութիւն օսմանցիների գործադրած ցեղասպանութեան ընթացքի եւ բաղադրիչների մասին։ Իր երկրորդ մասում աշխատութիւնը պարունակում է երեք մոդուլ՝ ընդգծելով յատկապէս դպրոցներում կամ մեծահասակների կրթութեան մէջ հայերի, յոյների եւ արամէացիների բնաջնջման պատմութեան ուսուցման առանձնայատկութիւնները, ինչպէս նաեւ նմանութիւնները։

ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՀՈԻՇԵՐԸ «Անցեալի յուշեր», Զաքար Եօլեան. Կազմողներ՝ Ա. Ազիզեան, Ա. Սիմոնեան; Եր., «Լուսակն», 2023, 612 էջ:– 2024-1

Մհեր Ա. Հարությունյան

ՀՅ Դաշնակցության ու Հայաստանի Հանրապետության պատմության մեջ անջնջելի հետք թողած նշանավոր ազգային-պետական գործիչ Զաքար Յոլյանի՝ ժամանակի մամուլում լույս տեսած հոդվածներն ու հուշագրությունները տարիների ընթացքում հավաքվել ու մանրակրկիտ ծանոթագրություններով նորերս հրատարակվել են Աղասի Ազիզյանի և Աշոտ Սիմոնյանի կազմած ստվարածավալ գրքում: