«ՎԷՄ»-ի հաջորդ համարում – Հայկական հարցը 21-րդ դարում

«Վէմ»-ի հաջորդ համարում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ա. Սաֆրաստյանը հանդես է գալու «Իմաստավորելով Հայկական հարցը 21-րդ դարում» ծրագրային հոդվածով, որում քննության են առնվում հետարդիականության դարաշրջանում Հայկական հարցի էութենական և գործառութային դրսևորումների առանձնահատկությունները՝ քաղաքակրթական և աշխարհաքաղաքական տեսադաշտերից: Դա հնարավորություն է տալիս համակցված մեկնաբանելու տեսական և կիրառական բնույթի խնդիրները և, հենվելով հեղինակի կողմից գիտական շրջանառության մեջ դրվող «Հայկական հարցի լուծման ռիթմ» հասկացության վրա, նախանշելու առաջնահերթությունները:

Հեղինակի համար ելակետային է Հայկական հարցի ամբողջական ընկալումը որպես Արևմտյան և Արևելյան Հայաստաններում հայ ժողովրդի ապրելու և պետականություն ունենալու անժամանցելի իրավունքի իրականացում: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու դրա հետևանքների հաղթահարման խնդիրը գտնվում է Հայկական հարցի գործառութային դրսևորումների տիրույթում՝ կազմելով վերջինիս ամենակարևոր բաղկացուցիչներից մեկը: Այդ խնդիրը քաղաքական և իրավական պայքարի ոլորտ տեղափոխելը հնարավորություն է տալիս համադրելիություն ստեղծելու Հայկական հարցին առնչվող համազգային և համամարդկային առաջադրանքների միջև, քանի որ ներկա փուլում միջազգային հնչեղություն է ստանում ցեղասպանությունների կանխարգելման պահանջը:

Հեղինակը միաժամանակ ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, լինելով Հայկական հարցի գործառույթների մասը, չի փոխարինում նրան և չպետք է դիտարկվի որպես Հայկական հարցի փուլային լուծման առաջին հանգրվան։ Պետք է պայքարել միաժամանակ և՛ Հայկական հարցի արդարացի լուծման, և՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետևանքների հաղթահարման համար։

Հոդվածում տեղ են գտել նաև պատմագիտական և աշխարհաքաղաքական բնույթի որոշ դիտարկումներ ու վերլուծություններ, որոնք, ըստ հեղինակի, կարող են նպաստել Հայկական հարցի գործառույթների իրականացմանը ժամանակակից աշխարհում:

Խմբ.