ՍՄԲԱՏ Բ. ՏԻԵԶԵՐԱԿԱԼԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ – 2021-1

Մաս Բ: Հայոց թագավորության մասնատման գործընթացի խորացումը

Արման Ս. Եղիազարյան

980-ական թթ. Բագրատունյաց Հայաստանի շրջակա երկրներում կարևոր գործընթացներ էին տեղի ունենում: Էապես թուլացած Արաբական խալիֆայության միջինարևելյան տիրույթներում տնօրինում էին իրանական ժողովուրդների առաջնորդները, որոնց հաջողվել էր տիրանալ Բաղդադին, նվաճել Միջագետքի ու Ասորիքի մեծ մասը և հարավից ընդհուպ մոտենալ Հայաստանին: Միևնույն ժամանակ իր հզորության գագաթնակետին էր գտնվում Բյուզանդական կայսրությունը, որը, սակայն, այդ շրջանում երբեմն-երբեմն ցնցվում էր գահակալական պայքարից: Կարևոր գործընթացներ էին տեղի ունենում նաև Ատրպատականում, որտեղ աստիճանաբար տիրապետող դիրքերի էին հասնում Թավրիզի տիրակալ Ռավվադյանները: