ՐԱՖՖՈՒ ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ — 2021-3

Աշոտ Ն. Հայրունի
Րաֆֆու ստեղծագործական առաջին քայլերը, կարծես պատմական անհրաժեշտության թելադրանքով, զուգադիպեցին արևելահայ հասարակական կյանքում բեկումնային նշանակություն ունեցած լայն տեղաշարժերի սկզբնավորմանը: Դարերով սրբագործված նահապետական սովորույթներն ու ավանդական կենսաձևերը տնտեսական նոր հարաբերությունների պայմաններում անշրջելի նահանջ էին ապրում՝ անկարող լինելով դիմադրելու «նորի» հաղթարշավին, որը եվրոպական ազատախոհության կարգախոսներով նվաճում էր կյանքի բոլոր ոլորտները: Անցումային այս գործընթացը, որ պետականության պայմաններում կարող է վերահսկելի կամ ուղղորդելի լինել, աղետալի հետևանքներ էր խոստանում քաղաքական ինքնուրույնությունից զուրկ ժողովրդին՝ ուղեկցվելով վերջինիս գոյատևման կռվան-արժեքների կորստյամբ: