«ԳԱՂՏՆԻՔԸ» ՈՐՊԵՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՍԿԶԲՈՒՆՔ ԵՎ ՀԻՄՆԱՆՊԱՏԱԿ – 2022-2 Հովիկ Գ. Մուսայելյան (Ստեփանակերտ) Երբ զգացմունքներն անհետանում են, հայտնվում են առարկաները, և ընդհակառակը։ Զգացմունքներն առարկայորեն չեն ցուցադրվում, հակառակ դեպքում կերևան միայն առարկաները, բայց ոչ երբեք՝ զգացմունքները։ Արվեստի և գրականության մեջ զգացմունքի առարկայական ցուցադրումն այլևս ժամանակավրեպ է՝ պայմանավորված ինչպես գեղագիտական սկզբունքների համընդհանուր վերանայման անհրաժեշտությամբ, այնպես էլ առհասարակ ժամանակի ընթացքում արվեստի ու գրականության հանդեպ անհատի հոգեմտավոր համակարգի որակափոխման օրինաչափությամբ։