ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊՈԵՏԻԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2015-1 Սմբատ Խ. Հովհաննիսյան Արդի ժամանակներում պատմագիտության մեջ հույժ կարևորվում է ներտեքստային միասնության «հաստատութենական ներփակության» (une clôture institutionnelle) միագծությունը հաղթահարելու միտումը1: Հատկապես, երբ նկատի է առնվում, որ պատմագիտական շարադրանքը և տեքստը պարառում են արտատեքստային բազում իմաստներ, որոնք առանձնահատուկ ներգործություն ունեն տեքստային տեղեկատվության ողջ մակարդակի վրա: Արդյունքում ի հայտ է գալիս արտատեքստային կամ վերտեքստային մի կառույց, որը հայտնի է տրամասույթ (discours) անվամբ: Մի բան, որը սկսվում է այնտեղ, որտեղ ի հայտ են գալիս տեքստերի բառացի հասկացումից տարբեր հավելյալ իմաստներ: