ՑԱՆԿ «ՎԷՄ»-ի ՀԱՄԱՐԱՏՎՈՒԹՅԱՆ
(1933-1939)
1933, Ա. տարի
թիւ 1, սեպտեմբեր-հոկտեմբեր, Ա., 160 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 2, նո յեմբեր-դեկտեմբեր, Բ., 152 էջ (Ներբեռնել PDF )
1934, Բ. տարի
թիւ 1, յունուար-փետրուար, Գ., 144 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 2, մարտ-ապրիլ, Դ., 144 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 3, մայիս-յունիս, Ե., 112 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 4, յուլիս-օգոստոս, Զ., 144 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 5, սեպտեմբեր-հոկտեմբեր, Է., 144 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 6, նոյեմբեր-դեկտեմբեր, Ը., 136 էջ (Ներբեռնել PDF )
1935, Գ. տարի
թիւ 1, 1935, յունուար-ապրիլ, Թ., 128 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 2, 1935, մայիս-յունիս, Ժ., 128 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 3, 1935, յուլիս-օգոստոս, ԺԱ., 128 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 4, 1935, սեպտեմբեր-դեկտեմբեր, ԺԲ., 128 էջ (Ներբեռնել PDF )
1936, Դ. տարի
թիւ 1, յունուար-փետրուար, ԺԳ., 128 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 2, մարտ-ապրիլ, ԺԴ., 128 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 3, մայիս-յունիս, ԺԵ., 128 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 4, յուլիս-հոկտեմբեր, ԺԶ., 120էջ (Ներբեռնել PDF )
թիւ 5, նոյեմբեր-դեկտեմբեր, ԺԷ., 120էջ (Ներբեռնել PDF )
1937, Ե. տարի
թիւ 1, յունուար-մարտ, ԺԸ., 112 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 2, ապրիլ-յունիս, ԺԹ., 112 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 3, յուլիս-հոկտեմբեր, Ի., 120 էջ (Ներբեռնել PDF )
1938, Զ. տարի
թիւ 1, նոյեմբեր-յունուար, ԻԱ., 120 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 2, յունուար-մայիս, ԻԲ., 112 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 3, յունիս-սեպտեմբեր, ԻԳ., 112 էջ (Ներբեռնել PDF )
թիւ 4, հոկտեմբեր-դեկտեմբեր, ԻԴ., 112 էջ (Ներբեռնել PDF )
1939, Զ. տարի
թիւ 5, յունուար-մարտ, ԻԵ., 80 էջ [կիսատ մնացած համարը…] (Ներբեռնել PDF )
ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (1933-1939)
«Վէմ» երկամսեայ հանդէս մշակոյթի եւ պատմութեան
(Հատված)
Ավելի քան 200-ամյա հայ մամուլի պատմության ընթացքում հասարակական-քաղաքական ուղղվածության պարբերականների թիվն այնքան էլ մեծ չէ, իսկ ահա գիտական լուրջ արժեք ունեցող հանդեսները կարելի է մատների վրա հաշվել: Անշուշտ, այդպիսիք երբեմն զուգահեռաբար նաև գիտամշակութային դերակատարություն են ունեցել: 20-րդ դարն այդ առումով որոշակի զարթոնք է արձանագրել, անգամ Մեծ եղեռնը վերապրած Սփյուռքում, որտեղ կարծես թե իր ուժն ու եռանդը սպառած ժողովուրդը թվում է՝ պետք է բավարարվեր լավագույն դեպքում օրաթերթերով:
Սակայն, արդեն 1922թ. Բոստոնում սկսվեց հրատարակվել «Հայրենիք»-ը, իսկ դրանից ընդամենը 10 տարի անց Փարիզում՝ 1933թ. սկիզբ առավ մեկ այլ հանդես` «Վէմ»-ը: Ինչ խոսք, այն «Հայրենիք»-ի համեմատ կարճատև կյանք ունեցավ, բայց և այնպես իր ուրույն հետագիծը թողեց, ի զորու եղավ ներկայացնել ու պահպանել սեփական դիմագիծը, իսկ խմբագիրներ Ռ. Դարբինյանի ու Ս. Վրացյանի «հեռակա մրցակցությունը» փոխադարձաբար արդյունավետ եղավ:
Ավելին, ժամանակի հեռավորությունից հարկ է փաստել, որ «Վէմ»-ը Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի հայօջախների համար ավելի կարևոր դերակատարություն ունեցավ, քան «Հայրենիք»-ը։
Ինչ խոսք, այդ ամենում թե՛ հանդեսը և թե՛ ժամանակի ու ապագայի ընթերցողները պարտական են առաջին հերթին «Վէմ»-ի խմբագրին` Սիմոն Վրացյանին, որին առանձնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Նրա խմբագրած-հրատարակած պարբերականների թիվը մեկ տասնյակի է հասնում, իսկ գրքերն իրենց արժանի տեղն են զբաղեցնում հայոց նորագույն քաղաքական հուշագրության մեջ1:
Մեկ կարևոր հանգամանք ևս: Ս. Վրացյանը, լինելով ՀՅԴ անվանի գործիչ, «Վէմ»-ը զուտ կուսակցական պարբերական չդարձրեց` միաժամանակ պահպանելով նրա գաղափարաքաղաքական ուղղվածությունը: Հարկ է շեշտել սակայն, որ այս հանդեսի վերաբերյալ ասվածն ու գրվածը կիսատ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չեն հրապարակվել թե՛ «Վէմ»-ի և թե՛ հատկապես՝ Ս. Վրացյանի արխիվային դիվանները:
«Վէմ»-ը հրատարակվել է որպես «Երկամսեայ հանդէս մշակոյթի և պատմութեան», չնայած հետագա տարիներին նրա պարբերականությունը խախտվել է: «Վէմ» անունը նկարել էր երիտասարդ գրող և նկարիչ Եղիա Գասպարյանը:
Իր առաջին իսկ խմբագրականով Ս. Վրացյանը ներկայացրել ու հիմնավորել է «Վէմ»-ի հրատարակության նպատակներն ու խնդիրները. «Թերթ ու պարբերական շատ ունինք արտասահմանում, կարելի է ասել` շռայլութեան աստիճան շատ, այդ պատճառով այս նոր հանդէսը ոմանց կողմից, թերևս, դիտւի ուժերի և նիւթական միջոցների աւելորդ սպառում: Մեզ թւում է, որ այսպէս մտածողները կը սխալւեն: Մեր համոզումով «Վէմ»-ը ծնունդ է կեանքի իրական պահանջի: Ի՞նչ է լինելու «Վէմ»-ի նպատակը, նրա զբաղումի հիմնական առարկան: Երկու խօսքով` ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ»2:
Համոզված լինելով, որ «մշակոյթը իր էութեամբ ազգային է», «Վէմ»-ի խմբագի- րը խնդիր էր դնում «բարձրացնել ու կատարելութեան հասցնել»3 հայ մշակույթը: Միաժամանակ, հարցը քննարկելով քաղաքական տեսանկյունից` նա հստակ կերպով գնահատում էր խորհրդային և Սփյուռքի իրականության պայմաններում հայ մշակույթին սպասվող վտանգավոր մարտահրավերները. «Հայ մշակոյթն էլ իր գոյութեան պայմաններով և զարգացման հնարաւորութիւններով գտնւում է երկու տրամագծօրէն տարբեր միջավայրերի ազդեցութեան ներքոյ – այնտեղ` առարկայ ընկերային խելացնոր փորձերի, այստեղ` ուծացման ու փոշիացման սպառնալիքի տակ»4: Նման իրադրությունում երկուսի համար էլ «ստիպողական» էր համարվում «ինքնապաշտպանութիւնը, ազգային մշակոյթի, հետևաբար և ազգային հաւաքական գոյութեան հնարաւորութիւնների ամրապնդման պահանջը: Այնտեղ` պաշտպանւել բռնի այլասերման և ապազգայնացման դէմ. այստեղ` պաշտպանւել ազա՛տ այլասերման և ապազգայնացման դէմ»: Վերոնշյալի առումով «Վէմ»-ը իր խնդիրն էր համարում. «Վե՛ր հանել անցեալի ու ներկայի արժէքները, շնչել ազգային մշակոյթի մթնոլորտում, համակւել, ապրել ու ոգևորւել հայ արւեստով ու գրականութեամբ, մեր սքանչելի ժողովրդի մտքի ու բազուկի, նրա անշէջ լոյսի պէս դարեր ու դարեր վառուող հանճարի ստեղծագործած արգասիքներով»5:
Ազգային դիմագծի պաշտպանության և հարստացման առումով նույնքան կարևոր ազդակ էր համարվում պատմությունը, որպեսզի ներկան ու ապագան «առողջ ու հաստատուն» հիմքերի վրա դրվի: Նշյալ տեսակետից հայ մտավորականության կատարելիք աշխատանքը Ս. Վրացյանը գնահատում էր «չափազանց մեծ» և մանավանդ՝ նորագույն շրջանի պատմության ուսումնասիրությունը համարում էր «Վէմ»-ի «զբաղումի գլխաւոր առարկան»6:
Նկատի առնելով բաժանորդագրության կարևորությունը հանդեսի գոյության շարունակականության համար` խմբագրությունը տարբեր երկրներում համապատասխան գործակալներ էր նշանակել: Ներկայացնենք նրանց առաջին կազմը. Ֆրանսիա` Լ. Գևոնյան, Հունաստան` «Նոր Օր», Կիպրոս` Ա. Մահտեսյան, Բուլղարիա` Հ. Տէվէճյան, Պարսկաստան` Խ. Մելքումյան, Հ. Մուրադյան, Վ. Հովհաննիսյան, Ռումինիա` Ե. Սարգսյան, Եգիպտոս` Գ. Մխիթարյան («Հուսաբեր»), Սիրիա` Հ. Սիմոնի, Հ. Ապաճյան, Ս. Պոյաճյան, Իրաք` Մ. Սոսոյան, Հարավային Ամերիկա` «Արմենիա»: Հավելենք, որ գործակալների աշխարհագրությունն ու կազմը ժամանակի ընթացքում փոփոխվել է: Հանդեսի բաժանորդագրությունը տարեկան չէր, այլ ըստ վեց համարի:
Վերոնշյալի հետ կապված հետաքրքիր է նաև առաջին տարեշրջանի ավարտին` 1934թ. սեպտեմբերի 1-ին, «Վէմ»-ի բաժանորդագրության թվական ցուցանիշները. Ֆրանսիա – 165, Սիրիա – 98, Իրան – 82, Հյուսիսային Ամերիկա – 62, Ռումինիա – 50, Հարավային Ամերիկա – 31, Բուլղարիա – 26, Եգիպտոս – 26, Իրաք – 20, Կիպրոս – 18, Հունաստան – 18, Պաղեստին – 10, Սուդան – 6, Հաբեշստան – 6, Հնդկաստան – 2, Կուբա – 2, Շվեյցարիա – 1, Լեհաստան – 1, Անգլիա – 1, Գերմանիա – 1, Անդրհորդանան – 1, Կոնգո – 1, ընդհանուր – 631, հատավաճառ – 90: Այս քանակը չէր ընդգրկում մամուլին և աշխատակիցներին ուղարկված համարները7:
Հանդեսի կենսագործունեությունն ապահովելու տեսանկյունից ցավալի փաստ էր բաժանորդագնի վճարման պարբերական ուշացումները, ինչի մասին խմբագրությունը ստիպված էր մշտապես համապատասխան հիշեցումներ տպագրել8: Հարկավ, այս նույն մտահոգությունը հայ պարբերականների անբաժան ուղեկիցն էր և է` նաև այժմ:
Հենց այդ «ցավն» էր պատճառը, որ 1938թ. ավարտին խմբագրությունը ճարահատյալ հերթական անգամ հետևյալ հորդորն էր ուղղում ընթերցողներին. «Պէտք է խոստովանել, որ հեշտ չէր մեր անցած ճամբան: Մանաւանդ վերջին տարիների նիւթական ծանր պայմաններում «Վէմ»-ը շատ դժուարութիւններ կրեց, բայց այն ջերմ համակրանքն ու սէրը, որ նա գտաւ ընթերցողների և հայ մշակոյթով ապրող մտաւորականութեան կողմից, մոռացնել են տալիս ամէն զրկանք ու նեղութիւն: Պէտք է ասենք նաև, որ բարոյական տեսակէտից մենք կատարելապէս գոհ ենք «Վէմ»-ից, նա իր շուրջ համախմբեց և ունի մեր մտաւորականութեան ընտրանին և ընթերցողների լայն շրջաններ: Մէկ խնդիր – ժամանակին ուղարկեն իրենց բաժնեգինը»9: Խմբագրությունն անգամ պարբերաբար հանդեսի էջերում տպագրում էր տարբեր անհատների ու հաստատությունների «Վէմ»-ի համարներ նվիրողների անունները10:
Եվ ի՞նչ, արդյոք այդ ամենը տալիս էր ցանկալի արդյունք: Ստիպված ենք փաստել հակառակը և այդ առիթով հարկ ենք համարում մեջբերել հանդեսի հերթական խմբագրականից մի քանի խոսուն հատվածներ, քանզի դրանք ունեն նաև արդիական հնչեղություն. «Յայտնի է արդէն, որ վարդ ու շուշաններ չեն ցանուած հայ գրականութեան ճանապարհին, և, բնականաբար, «Վէմ»-ն էլ զերծ չեղաւ հայ մամուլին վերապահուած բարոյական, բայց, մանաւանդ, նիւթական դժուարութիւններից»:
«Վէմ»-ը հիւրընկալ ասպարէզ է, առանց դիրքի ու դաւանանքի խտրութեան, հայ գրչի բոլոր մշակների համար, որոնք անշահախնդիր սիրով նուիրուած են և կամենում են ծառայել հայ մշակոյթին և հայ անցեալի ուսումնասիրման գործին»:
«Զարմանալի բան. հայ մարդը, որ գործնական կեանքի բոլոր ասպարէզներում ճանաչուած է իբրև պարտաճանաչ վճարող և ուրիշի սեփականութիւնը յարգող, հայերէն գրքի ու թերթի համար դրամ վճարել չի սիրում և հրատարակչից ու խմբագրից իւրացրած դրամը գողութիւն չի համարում: Հայ մարդը ամէն բանի համար դրամ չի խնայի, բայց երբ հերթը հայ գրքին ու թերթին գայ, հազար տեսակ հնարամտութեան կը դիմէ, պարտականութիւնից խուսափելու համար: Հայ հրատարակչի ու խմբագրի դրամը իւրացնելը, կարծես, բնական և արդար է համարվում»:
«Վերջին հաշւով, հայ գիրքն ու մամուլը պահողը, նրանց նիւթական միջոց հայթայթողն էլ, այսպէս կոչուած «հասարակ ժողովուրդն» է` հայ աշխատաւորը` արհեստաւորը, բանւորը, առևտրականը, նա, որ քրտինքով է ապրում և յարգանք ունի դէպի ուրիշի աշխատանքը: «Վէմ»-ի շուրջ 700 վճարող բաժանորդների շարքում մատի վրա են հաշււում մտաւորականներն ու հարուստները – բոլորը գրեթէ աշխատաւոր մարդիկ են: Սրա՛նց անվերապահ քրտինքով է ապրել «Վէմ»-ը մինչև այժմ: Սրա՛նց վրա է մեր յոյսը և ապագայում11»:
* * *
«Վէմ»-ն ունեցել է հետևյալ կառուցվածքը. 1. Խմբագրականներ, 2. Հոդվածներ, 3. Հին թուղթեր, 4. Նոր թուղթեր, 5. Անցյալք, 6. Կյանք և մշակույթ, 7. Գիրք և մամուլ, 8. Գրախոսական: Բազմազան էր հանդեսի հետաքրքրությունների շրջանակը: Առկա հոդվածներն ու վավերագրերի հրապարակումներն արտացոլում էին ՀՅԴ ու նրա գործիչների (հուշեր, նամակներ), հայկական հարցի, հայ ազգային-ազատագրական պայքարի, Մեծ եղեռնի, Առաջին աշխարհամարտի պատմությունը։ Կարևոր տեղ էր հատկացվել Հայաստանյայց եկեղեցու պատմությանը, հայագիտության առանձին ճյուղերի՝ գրականագիտության (Ֆիրդուսի, Քուչակ, Սայաթ Նովա, Րաֆֆի, Թումանյան, Շիրվանզադե և այլք), թատերագիտության, ճարտարապետության, երաժշտագիտության (Կոմիտաս), տպագրության պատմության ուսումնասիրությանը։ Տեղեկատվություն էր տրվում սփյուռքահայ գաղթօջախների, Խորհրդային Հայաստանի կյանքի, մամուլի և գրքերի, հանդեսի հրատարակման տարիներին վախճանված գործիչների վերաբերյալ (ընդ որում` նրանցից մի մասի վերաբերյալ մնալով միակ աղբյուրը):
Հավելվածի տեսքով հանդեսի էջերում հրատարակվել են Վահրամ եպիսկոպոս Մանկունու «Գէորգ Դ. և իւր ժամանակը (1812-1882)» և Գիւտ Մխիթարեանի «Պրազիլահայ գաղութը. Սկիզբէն մինչև մեր օրերը» աշխատությունները:
«ՎԷՄ»-ում հրատարակվել է ընդհանուր առմամբ 409 միավոր նյութ (այդ թվում` 108 հոդված, 56 գրախոսական), ինչը նրա կարճատև գոյության համար արդեն խոսուն թիվ է: Առանձնակի հիշատակության է արժանի հանդեսի պատկերազարդ լինելու պարագան` հրապարակվել են 63 լուսանկարներ, որոնց մեծ մասի առումով «Վէմ»-ը կրկին շարունակում է մնալ միակ աղբյուրը:
«Վէմ»-ին աշխատակցել են մշակոյթի, գիտության և ազգային-քաղաքական կյանքի նշանավոր գործիչներ Ն. Ադոնցը, Ն. Աղբալյանը, Ա. Աստվածատրյանը, Ռ. Բերբերյանը, Գ. Գյոզալյանը, Ա. Գյուլխանդանյանը, Դրաստամատ Կանայանը, Հ. Զավրյանը, Վ. Թորգոմյանը, Հ. Իրազեկը (Տեր-Հակոբյան), Ա. Խոնդկարյանը, Վ. Մինախորյանը, Շ. Նարդունին, Ա. Ջամալյանը, Արմեն Սևանը (Հովհաննես Տէվէճյան), Հ. Սիրունին, Վ. Փափազյանը, Հ. Քյուրտյանը: Բնականաբար, հանդեսի գլխավոր հեղինակը հենց ինքը՝ խմբագիր Սիմոն Վրացյանն էր: Հանդեսի մատենագիտությունը կազմել ենք ըստ նրա կառուցվածքային բաժանումների՝ այբբենական սկզբունքով: Հեղինակ չունեցող նյութերը մեծ հավանականությամբ պատկանում են Ս. Վրացյանի գրչին: Ուղիղ փակագծերի և տողատակերի ծանոթություն-հավելումները մերն են: Մնացածը հրապարակվում է` պահպանելով հանդեսի 1930-ականնների ուղղագրությունը։
Ավարտելով ներածականը, հավելենք, որ «Վէմ»-ի վերջին թվահամարն ունի մատենագիտական հետևյալ տվյալները. «1939, Զ. տարի, թիւ 5, յունուար-մարտ, ԻԵ., [80 էջ]»: Մինչդեռ, նախորդ համարն ուներ հետևյալ պատկերը. «1938, Զ. տարի, թիւ 4, հոկտեմբեր-դեկտեմբեր, ԻԴ.»: Այսինքն՝ ըստ մամուլի հրատարակման և մատենագիտության կանոնների նոր համարը պետք է լիներ «Է. տարի, թիվ 1» (6 համարանոց տարեշրջանի սկզբունքը մինչ այդ արդեն խախտվել էր)։ Սակայն, Ս. Վրացյանը պահպանել է 1938թ. համարների շարունակականությունը, բայց մյուս կողմից էլ վերջին համարը կիսատ է մնացել, ինչն ապացույց է, որ Ս. Վրացյանը հանդեսի հրատարակությունը դադարեցնելու վերջնական նպատակ չի ունեցել, հակառակ դեպքում` համապատասխան խմբագրականով այդ մասին կծանուցեր ընթերցողներին:
Այսինքն, «Վէմ»-ի հրատարակումը կիսատ է մնացել, ուստի այսօր՝ նրա մատենագիտության ներկայացումով, ամփոփում ենք 1930-ականներին արված մեծ գործը՝ ակնկալելով Սիմոն Վրացյանի կարևոր առաքելության շարունակությունը։
Ա. Հ.
1 Տե՛ս Անկախ և Միացեալ Հայաստան, Երևան, Պոսթըն, 1920: Բանակցութիւններ Ազգային Պատուիրակութեան և Հայաստանի Պատուիրակութեան միջև, Պոսթըն, 1920: Խարխափումներ, Պոսթըն, 1924: Հայաստանի Հանրապետութիւն, Փարիզ, 1928, Պէյրութ, 1958, Թեհրան, 1982, Երևան, 1993: Հայաստան և Սփիւռք, Թեհրան, 1956: Հայաստանը բոլշեւիկեան մուրճի և թուրքական սալի միջև, Պոսթըն, 1941, Պէյրութ, 1953: Կեանքի ուղիներով, հ. Ա., Գահիրէ, 1955, հ. Բ.-Զ., Պէյրութ, 1960, 1963, 1965-1967: Հին թղթեր նոր պատմութեան համար, Պէյրութ, 1962: Անձինք նուիրեալք, Պէյրութ, 1969: Ինչո՞ւ և ինչպէ՞ս խորհրդայնացաւ Հայաստանը, Թեհրան, 1982: Մրրկածին Դրոն, Պէյրութ, 1996:
2 «Վէմ», Ա. տարի, թ. 1, 1933, սեպտեմբեր-հոկտեմբեր, Ա., էջ 1:
3 Նույն տեղում։
4 Նույն տեղում, էջ 2:
5 Նույն տեղում։
6 Տե՛ս նույն տեղում, էջ 3
7 Տե՛ս Բ. տարի, 1934, թ. 4, 1934, յուլիս-օգոստոս, Զ., էջ 139-142:
8 Տե՛ս Գ. տարի, 1935, թ. 1, յունուար-ապրիլ, Թ., էջ 126; Գ. տարի, 1935, թ. 3, յուլիս-օգոստոս, էջ 127; Դ. տարի, 1936,
թ. 2, մարտ-ապրիլ, ԺԴ., էջ 126; Դ. տարի, 1936, թ. 3, յուլիս-հոկտեմբեր, ԺԶ., էջ 117; Դ. տարի, 1936, թ. 5, նոյեմբեր-դեկտեմբեր, ԺԷ., էջ 118; Ե. տարի, 1937, թ. 1, յունուար-մարտ, ԺԸ., էջ 109:
9 Տե՛ս Զ. տարի, 1938, թ. 4, հոկտեմբեր-դեկտեմբեր, ԻԴ., էջ 109-110:
10 Տե՛ս մանրամասն` Ա. տարի, 1933, թ. 2, նոյեմբեր-դեկտեմբեր, Բ., էջ 151; Բ. տարի, 1934, թ. 1, նոյեմբեր-դեկտեմբեր, Գ., էջ 142; Բ. տարի, 1934, թ. 6, նոյեմբեր-դեկտեմբեր, Ը., էջ 133; Գ. տարի, 1935, թ. 1, յունուար-ապրիլ, Թ., էջ 126; Գ. տարի, 1935, թ. 2, մայիս-յունիս, էջ 125; Գ. տարի, 1935, թ. 3, յուլիս-օգոստոս, էջ 127; Դ. տարի, 1936, թ. 1, յունուար-փետրուար, ԺԳ., էջ 126; Դ. տարի, 1936, թ. 3, յուլիս-հոկտեմբեր, ԺԶ., էջ 117; Դ. տարի, 1936, թ. 5, նոյեմբեր-դեկտեմբեր, ԺԷ., էջ 119; Ե. տարի, 1937, թ. 3, յուլիս-հոկտեմբեր, Ի., էջ 118; Զ. տարի, 1938, թ. 4, հոկտեմբեր-դեկտեմբեր, էջ 111:
11 Ե. տարի, 1937, թ. 1, յունուար-մարտ, էջ 1-3: