ՍՄԲԱՏ Բ ՏԻԵԶԵՐԱԿԱԼԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ – 2020-4

Մաս Ա: Բագրատունյաց թագավորության ներքին և արտաքին դրությունը Սմբատ Բ-ի գահակալության առաջին շրջանում (970-ական թթ. վերջ980-ական թթ. առաջին կես)

Արման Ս. Եղիազարյան
Աշոտ Գ Ողորմածի (953-978 թթ.) գահակալության վերջին տարիներին Բագրատունյաց թագավորության ներքին և արտաքին դրությունը մեծապես բարդացել էր: 960-ական թթ. երկրորդ կեսից ի վեր Բյուզանդական կայսրության ծավալապաշտական քաղաքականության թիրախում հայտնված թագավորությունը մեծ դժվարությամբ միայն կարողացավ հաղթահարել ներքին քաղաքական և հոգևոր-կրոնական ճգնաժամը, սակայն կորուստներն անդառնալի էին: Բյուզանդիան տիրել էր Տարոնին, դավադիր քաղաքականությամբ Վասպուրականի տերերի շրջանում վերարթնացրել էին Գագիկ Արծրունու մահից (943 թ.) հետո կարծես վերացած գահերեցական նկրտումները, իսկ Կարսում ստեղծվել էր Բագրատունիների առանձին թագավորություն (975 թ.), որով գրեթե կիսով չափ կրճատվել էին Բագրատունիների՝ Հայաստանում և Այսրկովկասում առաջնակարգ դիրքի հասնելու համար հիմք հանդիսացած տարածքային, նյութական ու մարդկային ռեսուրսները: Այդպիսով՝ ակնհայտ է, որ Անիի տիրակալն արդեն չուներ այն հզորությունը, որ նրա համար ապահովում էր գերակայություն Հայաստանում և քրիստոնյա Այսրկովկասում: