ՍԱՀՄԱՆԱԶԱՆՑՈՒՄՆ ԻԲՐԵՎ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄ Ինքնահաղթահարող մարդը – 2024-2 Ժամանակակից քաղաքակրթության ոգին բնորոշող գիտական ու տեխնոլոգիական աննախադեպ նվաճումները, կեցության գոյաբանական հիմունքների վիրտուալացումը, մարդկային հարաբերությունների այլակերպումներն ու նմանատիպ այլևայլ երևույթները, որոնք այլևս մեր բնական գոյընթացի մշտական ուղեկիցներն են, պահանջում են նորովի իմաստավորել գոյություն ունեցողի, հնարավորի և թույլատրելիի սահմանների հարցերը։ Խնդիրն այն է, որ սրընթաց փոխվող աշխարհում քաղաքակրթական, մարդաբանական ու սոցիոմշակութային սահմաններն ու սահմանագծերն այնքան արագ են փոխվում, կյանքն ինքնին այնքան սահմանազանցական է դարձել, որ երբեմն դժվար է որոշել «այստեղ ու հիմա» ապրող մարդու տարածական ու ժամանակային կոորդինատները։