1945 Թ․ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Նոր փուլ Էջմիածին-Անթիլիաս հարաբերություններում – 2024-2 Էդգար Գ․ Հովհաննիսյան Կիլիկիայից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարագրությունից հետո Էջմիածին-Անթիլիաս հարաբերություններում տեղի ունեցան էական փոփոխություններ, ուստի 1920-1940-ական թվականներին երկու կաթողիկոսական աթոռների հարաբերությունները դրականորեն տարբերվում էին դրանից առաջ և հետո ընկած շրջաններից։ Այլևս չկար Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցու (Քերեստեճյան) և Կիլիկիո կաթողիկոս Մկրտիչ Ա․ Քեֆսիզյանի կաթողիկոսության շրջանի լարված և անառողջ մթնոլորտը։ 1920-1930-ական թթ․ Էջմիածին-Անթիլիաս հարաբերություններում ստեղծված բարվոք վիճակը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։