Սույն աշխատանքում ուսումնասիրվում է լեզվական միավորի իմաստային կարգավիճակի փոփոխությունը կապակցված խոսքում: Դիտարկումները ոչ միայն լեզվաբանական, այլև լեզվափիլիսոփայական և երևութաբանական (ֆենոմենոլոգիական) հարթություններում են։ Հոդվածի ելակետն այն դրույթն է, որ իմաստը օբյեկտիվ իրականության մեջ նախապես տրված հատկություն չէ, այլ ձևավորվում է սուբյեկտի ճանաչողական գործունեության ընթացքում և կազմակերպվում լեզվի միջոցով։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ բառը մեկուսացած վիճակում հարաբերականորեն ինքնուրույն անվանողական միավոր է՝ կապված իրականության առանձին բաղադրիչների հետ։ Սակայն կապակցված խոսքում այդ ինքնուրույնությունը խաթարվում է․ բառի իմաստը կորցնում է տեղայնացած բնույթը և ենթարկվում է կառուցվածքային վերաձևավորման։ Այն դադարում է ինքնաբավ իմաստակիր լինելուց և վերածվում է հարաբերությունների համակարգ ներգրավված տարրի։
Զուգահեռաբար տեղի է ունենում իմաստի այլ բաշխում, որի շնորհիվ՝ սպասարկու միավորները, որոնք անկախ վիճակում հստակ իմաստ չեն կրում, ստանձնում են խոսքի իմաստային կազմակերպման առանցքային դեր։ Այս երկակի գործընթացը հանգեցնում է իմաստի անհամաչափ բաշխման և խախտում է իմաստի և դրա կրողների միջև ենթադրվող համապատասխանությունը։
Հոդվածում այս երևույթը մեկնաբանվում է իբրև լեզվական աբսուրդ՝ իր խիստ իմաստով, այսինքն՝ իմաստի վերագրման տրամաբանական կառուցվածքի խզում։ Երևութաբանության տեսանկյունից այն փորձառություն է, որտեղ իմաստը ներկայանում է առանց կայուն տեղայնացման՝ շարժական և հարաբերականորեն բաշխված երևույթ։
Հիմնավորվում է, որ լեզուն իրականության պարզ արտացոլման համակարգ չէ։ Այն ինքնուրույն կառուցողական դաշտ է, որտեղ իմաստը ձևավորվում է ոչ թե առանձին միավորների ներսում, այլ դրանց միջև հարաբերությունների զարգացող կազմակերպման միջոցով։