Tag Archives: Ամերիկահայոց թեմ

ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Անտիպ վաւերագրերի հիման վրայ

Ամերիկեան հողի վրայ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ամերիկահայոց առաջնորդական թեմը հիմնադրուել է 1898 թուականին։ Այս առիթով՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա. Վանեցու կոնդակով «այցելու հովութիւնը» վերածւում է առաջնորդութեան։ Կոնդակի մէջ նշւում է. «Աշխարհիս բռնութեան փոթորիկը ամեն կողմ տարեր, ցրուեր էր զհայն իւր հայրենի հողէն։ Հեռաւոր Ամերիկան էր մնացեր ազատ այդ հոսանքէն, եւ ահա վերջին տարիներս այդ տեղ եւս լեցուեց հայն. եւ այն՝ միանգամայն եւ մեծ բազմութեամբ»։

20-րդ դարասկզբին սկսեց ստուարանալ հայութեան թուաքանակը ԱՄՆ արեւմտեան նահանգներում, նախեւառաջ՝ Կալիֆոռնիայում։ Ստուարացող եւ տնտեսական առումով կայացող համայնքի մէջ բազմաթիւ գործոնների հանրագումարը աստիճանաբար հասունացրեց արեւմտեան ափում առանձին, ինքնուրոյն առաջնորդական թեմ ունենալու խնդիրը: ԱՄՆ Արեւմտեան թեմը հիմնադրուեց Ամերիկահայոց թեմի հիմնադրումից մօտ 30 տարի անց՝ 1927 թվականին։ Դրան նախորդող շրջանի անցուդարձերի ու քայլերի մասին է մեր այս հրապարակումը՝ ցոյց տալու համար, թէ 1910-1920-ական թուականներին ինչ ճանապարհ է անցել Արեւմտեան ափի հայութիւնը մինչեւ թեմի պաշտօնական հիմնադրումը։