Tag Archives: անցումային հասարակություն

DOI: 10.57192/18291864-2026.1-289

ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ՔԱՂԱՔ–ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ԻՄԱՍՏԱՆԱԲՈՒԹՅՈՒՆԸ․
Մտորումներ Ա․ Ստեփանյանի «Հին Հունաստան. հետազոտական էսքիզներ» մենագրության մասին

Սույն հոդվածը նվիրված է Ա. Ստեփանյանի «Հին Հունաստան. հետազոտական էսքիզներ։ Արխայիկ անցումային հասարակությունից մինչև Սպարտայի ռազմածիսական կայունությունը» մենագրության առաջին հատորի տեսական հիմնադրույթների քննարկմանը։ Ներկայացվում է հեղինակի առաջարկած մեկնաբանությունը հին հունական քաղաք-պետության (պոլիսի) ձևավորման հիմնախնդրի վերաբերյալ՝ ուշ բրոնզեդարյան պալատական համակարգի փլուզումից հետո ընթացած քաղաքակրթական կերպափոխությունների համատեքստում։

Մենագրության տեսական առանցքը անցումային հասարակություն հղացքն է, որի միջոցով Մութ և Արխայիկ դարաշրջանները ներկայացվում են պոլիսային քաղաքակրթության ձևավորման պատմական միջավայրեր։ Այս մեկնաբանության շրջանակում Հին Հունաստանի պատմության ընթացքը դիտարկվում է որպես փոխկապակցված որակական անցումների հաջորդականություն՝ փլուզումից ճգնաժամ, անցումայնությունից հասարակական վերակառուցում և քաղաքակրթական կազմակերպման նոր ձևի՝ պոլիսի կայացում։

Արխայիկ դարաշրջանը մենագրության մեջ ներկայացվում է որպես պոլիսային քաղաքակրթության ձևավորման վճռորոշ փուլ, որի շրջանակում քննության են առնվում հասարակական վերակազմավորման մի շարք փոխկապակցված գործընթացներ։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում աշխատանքի և ստեղծագործական գործունեության վերաիմաստավորմանը՝ էրգոս (ἔργος), տեխնե (τέχνη) և ագոն (ἀγών) հասկացությունների միջոցով՝ վերջինս դիտարկելով մրցակցային հասարակական միջավայրի ձևավորման կարևոր մեխանիզմ։ Նույն գործընթացների շարքում դիտարկվում են նաև միջին ունեցվածքի հոպլիտական հանրադասի ձևավորումը՝ որպես պոլիսային հանրակարգի կայացման սոցիալական հենարաններից մեկի, վաղ հունական տիրանիայի քաղաքական դերը՝ տոհմիկ ավագանու գերիշխանության հաղթահարման և հանրակարգի վերափոխման գործընթացում, ինչպես նաև հունական գաղութացման գործընթացը՝ որպես սոցիալ-տնտեսական տարածքի վերակազմավորման և պոլիսային քաղաքակրթության ընդլայնման կարևոր գործոն։ Մենագրության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում նաև սպարտական պոլիսային մոդելին՝ որպես հին հունական քաղաք-պետությունների տիպաբանության յուրահատուկ տարբերակի։ Սպարտական հանրակարգը մեկնաբանվում է իր եռամաս ընկերային կառուցվածքի, ծիսակարգով կարգաբերված ռազմական կազմակերպվածության և երկարատև կայունություն ապահոված, սակայն կառուցվածքային առումով սահմանափակ ճկունությամբ բնութագրվող ինստիտուցիոնալ համակարգի համատեքստում։

Հոդվածում ներկայացվում են նաև մի շարք դիտարկումներ, որոնք վերաբերում են մենագրության տեսական շրջանակի հնարավոր ընդլայնման ուղղություններին։ Մատնանշվում է Ուշ բրոնզեդարյան փլուզման մերձավորարևելյան համատեքստի առավել հանգամանալի քննարկման նպատակահարմարությունը, ինչպես նաև փյունիկյան և հունական սփյուռքացման գործընթացների տիպաբանական համեմատության կարևորությունը։ Կարևորվում է նաև վաղ Հունաստանի քաղաքակրթական շեղման՝ առավել ընդլայն վերլուծությունը հինարևելյան զարգացման ուղուց դեպի տեղական պոլիսային «անոմալիա»։ Նշվում է նաև պոլիսային քաղաքական կազմակերպման միջանկյալ ձևերի հետագա ուսումնասիրության նպատակահարմարությունը։ Այսպիսով, մենագրության առաջին հատորը հին հունական հասարակության վերակազմավորման գործընթացների տեսական մեկնաբանության կարևոր փորձ է, որը միաժամանակ բացում է հետագա քաղաքակրթաբանական ուսումնասիրությունների հեռանկարներ։