Tag Archives: «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգ

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ» ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պետական մակարդակով հակահայկական քաղաքականությունը ոչ միայն չնվազեց, այլև ձեռք բերեց նոր դրսևորումներ։ Նոր ուժային հավասարակշռության պայմաններում մեկնարկած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանը օգտագործեց ոչ թե երկարաժամկետ խաղաղության հասնելու, այլ տարածաշրջանի վերաբերյալ իր տեսլականը Հայաստանին պարտադրելու համար` զուգահեռ կիրառելով թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ճնշումների ողջ գործիքակազմը:

Այս պայմաններում լուսանցքային կարգավիճակից դուրս բերվեց և նոր ռազմավարական նշանակությամբ և կիրառությամբ օժտվեց դեռևս 1990-ական թվականներից պետականորեն կառուցարկվող «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական հայեցակարգը, որը, սակայն, նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը ուներ սահմանափակ կարևորություն ու կիրառություն։ 2022-ից ի վեր այս հայեցակարգը սկսեց պետության կողմից ակտիվորեն գործիքայնացվել պատերազմից հետո Ադրբեջանի առջև դրված թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրների լուծման գործընթացում` դառնալով նոր լայնամասշտաբ հակահայկական արշավի հիմնաքարը։

Հոդվածում ուսումնասիրվում են «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական հայեցակարգի հիմքում ընկած տարածքային պատկերացումների ու հավակնությունների արմատները պատմության մեջ, հետ-խորհրդային Ադրբեջանում հայեցակարգի ձևավորման նախադրյալներն ու զարգացման հիմնական փուլերը, վեր են հանվում Արցախյան 44-օրյա պատերազմից հետո պետության կողմից հայեցակարգի կիրառման հիմնական նպատակները, ոլորտները և գործիքակազմերը։