Tag Archives: Բաքվի Մարդասիրական ընկերության գրադարան

ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Մոտ 31.000 միավոր հայերեն ձեռագրեր են պահվում Հայաստանի Հանրապետության և աշխարհի տարբեր երկրների պետական, եկեղեցական, անհատական հավաքածուներում։ Սակայն մինչ օրս կան անհայտ մնացած կամ չցուցացակագրված ձեռագրական միավորներ, որոնց թվին են պատկանում Բաքվի հայերեն ձեռագրերը։

Հայերեն ձեռագրերը հավաքագրվել են Բաքվում 19-րդ դարի երկրորդ կեսից։ 1940-1970-ական թթ․ մի շարք հայ ուսումնասիրողներ հետազոտել են Սովետական Ադրբեջանի մայրաքաղաքի հավաքածուներում պահվող այդ ձեռագրերը։ Մասնավորապես՝ 1940-ականների վերջին Վազգեն Հակոբյանը ուսումնասիրել է Բաքվի Լենինի անվան կենտրոնական գրադարանում և Նիզամիի անվան պետական պատմական թանգարանում պահվող հայերեն ձեռագրերը։ Նրանից հետո Լևոն Խաչիկյանը, Ադրբեջանական ՍՍՌ ԳԱ ռեսպուբլիկական ձեռագրական ֆոնդում և Բաքվի Լենինի անվան կենտրոնական գրադարանում իրականացրած իր հետազոտության արդյունքները ամփոփել է մի տետրակում, որն այժմ պահվում է Մատենադարանում՝ նրա անունը կրող արխիվային ֆոնդում։

Հայ հետազոտողների հայտնաբերած ձեռագրական տվյալները լրացվում են Մատենադարանում և Կորնելի Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնում պահվող ձեռագրերի մանրաժապավեններով, արխիվային նյութերով ու դրանց վերաբերյալ հիշատակատություններով։ Նշած աղբյուրների ու դրանց վերաբերող գրականության մեջ Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի պետական հաստատություններում արձանագրված են 12 hայերեն և երկու վրացերեն ձեռագրեր և հայերեն ձեռագրի մի արժաթյա կազմ։ Ադրբեջանական հավաքածուին մաս կազմող ձեռագրերի հիշատակարանային տվյալների, դրանց պահվելու վայրերի ու անցած ճանապարհի մասիւն տեղեկությունների համադրությունը հնարավորություն է տալիս համապարփակ պատկերացում կազմելու Բաքվում պահվող հայերեն ձեռագրերի պատմության վերաբերյալ։