Tag Archives: գաղափարախոսություն

«ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ» ԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Հրապարակումը նվիրված է «Իրական Հայաստանի գաղափարախոսություն» նախագծի բովանդակային քննութանը։ Իրականացվում է փաստաթղթում առկա «իրական Հայաստան» ու «պատմական Հայաստան» հասկացությունների նշանային համակարգերի (սեմիոտիկայի) ու սեմանտիկ բովանդակության քննությունը։ Ցույց է տրվում, որ հայոց անկախ պետականության վերականգնումից հետո «իրական Հայաստան» հասկացությունը մեզանում պարզ կրկնաբանություն է դարձել։ Ավելին՝ պատմական Հայաստանի ֆիզիկապես գոյություն չունենալու պատճառով դրանք հնարավոր չէ համեմատել համաժամանակյա (սինքրոնիկ) հարթութան վրա, իսկ տարաժամանակյա (դիաքրոնիկ) մոտեցումով անցյալի ու ներկայի գիտական ընկալումները ոչ թե հակադրվում, այլ լրացնում են մեկը մյուսին։ Ուստի այս հասկացությունների միջև հակադրություն ստեղծելու փորձերը գիտական հիմք չունեն, իսկ քաղաքական առումով 1990-ականների ՀՀՇ-ական «նորամուծությունների» թույլ «շորշոփն» են հիշեցնում։ Մինչդեռ՝ եթե 1990-ականներին նման հնարքներն ինչ-որ առումով կարելի էր հասկանալ որպես խորհրդային դարաշրջանի հետ համեմատության փորձեր, ապա այժմ դրանք վերածվում
են իմացաբանական նիհիլիզմի։ Որովհետև չըմբռնելով անգամ իրենց կողմից կիրառվող հասկացությունների իմաստը՝ «իրական Հայաստան» կրկնաբանության հեղինակները գործի են դրել մի սովորական ամբոխահաճ (պոպուլիստական) հնարք՝ հայ ազգի անցյալը ներկայից արհեստականորեն տարանջատելու համար։

Ուստի մեր հասարակությանն ու քաղաքական ուժերին Հայոց պետականության պատմության վերաբերյալ տարրական գիտելիքներ մատուցելու նպատակով, «Վէմ»-ի խմբագրականը համառոտ անդրադարձ է կատարել նոր ժամանակների հայոց առաջին պետական այրերի պատմական փորձին՝ ոչ թե Հայաստանում, այլ «Իրական Հայաստանի գաղափարախոսություն» նախագծում առկա կոգնիտիվ փակուղիների հաղթահարման համար։

Ավելին՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումների արագացման փաստը, «Վէմ»-ի խմբագրականի մեջ համոզմունք է հայտնվում, որ մեզանում պետականության բացակայության պայմաններում ստեղծված «իրական Հայաստան» հասկացության միջոցով գործի դրվող մակերեսային փորձարարություններն առաջիկայում կորցնելու են իրենց ռազմավարական հեռանկարները։ Ներկա փլուզվող աշխարհակարգում բացառվում է Խորհրդային Հայաստանը հիշեցնող ևս մեկ հայկական ռեզերվացիայի ձևավորումը՝ այս անգամ էլ Մեծ Թուրանին սպասարկելու նպատակով։ Որովհետև «Իրական Հայաստանի գաղափարախոսության» միջոցով ռեզերվացիաների հերթափոխը սպասարկելու քաղաքական նպատակադրումը հակասում է գլոբալ խաղացողների միջնաժամկետ ծրագրերին։

«Լենին-Աթաթուրք» նոր գործարքը բացառող ԱՄՆ դիրքերի ամրապնդումը ու Ռուսաստանի նահանջի նշանները արտաքուստ թուրք-ամերիկյան կոնսենսուսի առկայության տպավորություն են ստեղծել։ Մինչդեռ մեր շուրջը
ծավալվող գլոբալ խաղի խորքում ոչ թե ամերիկա-ռուսական դիմակայությունն է, այլ Չինաստանի հզորացումը սանձելու նպատակադրումը։ Ուստի Մեծ Թուրանի ծրագիրը գործարկելու սպառնալիքը Ռուսատանին զրկում է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև խուսանավելու հնարավորությունից։ Նրա առջև հստակորեն ուրվագծվող հետխորհրդային ողջ հարավը կորցնելու և ապա՝ «ներքին թուրքերի» հետ պատերազմելու գոյաբանական սպառնալիքի կան խումը այժմ հնարավոր է միայն ողջ Արևմուտքի հետ քաղաքական երկխոսության վերականգնման միջոցով։

Ուստի «Իրական Հայաստանի գաղափարախոսություն» ոչ գրագետ նախագծի միջոցով Հայաստանը ռեզերվացիաների հերթափոխի փորձադաշտ դարձնելու անթաքույց նպատակադրումը գործելու է միայն ժամանակի կարճ տևողության ծիրում։