ԵՐԿԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ Լեզվաբանական գրականության մեջ երկբարբառի միասնական ըմբռնում չկա: Առաջադրված բնորոշումների մեծ մասի համար կարող է ընդհանուր համարվել, թերևս, երկբարբառը (մեկ վանկում արտաբերվող) երկու ձայնավորի կամ ձայնավորի և ձայնորդի հնչարտաբերական բարդ միասնություն է, որի բաղադրիչներից միայն մեկն ունի վանկարար գործառույթ տիպի ձևակերպումը: Իրականում երկբարբառին տրված բնորոշումները, մի կողմ թողնելով նրանցում առկա ոչ էական տարբերությունները, միմյանցից տարբերվում են մի շարք էական կողմերով: