Tag Archives: Թիֆլիսում հանգրվանած փախստականներ

1918 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒՆԵՑԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

Թիֆլիսի «Հայրենակցական միությունների միության» փաստաթղթերում

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, նախ Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզում և Բաթումի օկրուգում, իսկ 1918 թ. նաև ողջ Անդրկովկասի տարածքում, հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանական քաղաքականության արդյունքում, կոտորածներից և բռնություններից մազապուրծ հարյուր հազարավոր մարդիկ դարձան փախստականներ։ Նրանց մի մասը ապաստան գտավ Թիֆլիսում։ Շուտով այստեղ ստեղծվեցին մի քանի հայրենակցկան միություններ, որոնց նպատակն էր նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել հայրենակիցներին։ Իրենց գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար այս միությունները միավորվեցին ու 1918 թվականի մարտի 1-ին հիմնեցին «Հայրենակցական միությունների միությունը»։ 1918 թ. գարնանը սկսվեց թուրքական ռազմական հարձակումը, որը շարունակվեց մինչև նույն թվականի աշունը։ Այս իրադարձությունները ողբերգական հետևանքներ ունեցան, հատկապես հայ բնակչության համար։ Թուրքական ավերիչ հարձակումների զոհ դարձան հարյուր հազարավոր հայեր Երևանի, Բաքվի, Ելիզավետպոլի և մասամբ Թիֆլիսի նահանգներում, ինչպես նաև Կարսի մարզում և Բաթումի օկգրուգում։

Տասնյակ հազարավոր հայեր կոտորվեցին թուրքական զորքերի և նրանց կողմից խրախուսվող տեղացի թաթարների ու քրդերի կողմից, հարյուրավոր գյուղեր լիովին ավերվեցին, տասնյակ հազարավոր մարդիկ դարձան փախստականներ՝ փախչելով մահից։ Թուրքական կառավարությունը, ըստ էության, շարունակեց պետականորեն կազմակերպված Հայոց ցեղասպանությունը, բայց արդեն Օսմանյան կայսրությունից դուրս գտնվող հայ բնակչության նկատմամբ։

1918 թ. վերջերին «Հայրենակցական միությունների միությունը» որոշեց դիմել դաշնակից երկրների ներկայացուցիչներին՝ խնդրելով դադարեցնել թուրքական կոտորածներն ու թալանը։ Որպեսզի ներկայացվելիք դիմումը ճշգրիտ պատկերացում տա յուրաքանչյուր հայկական գավառում տիրող իրավիճակի մասին, որոշվեց հանձնարարել այդ բնակավայրերի Հայրենակցական միություններին կազմել համառոտ տեղեկագրեր իրենց գավառների կացության վերաբերյալ։

1918 թ. նոյեմբերի 25-ից 29-ը Ղարաբաղի և Զանգեզուրի, Ալեքսանդրապոլի, Շամախիի և Գյոկչայի, Ախալքալաքի, Լոռու, Փամբակի, Ախալցխայի, Գանձակեցիների, Նոր Բայազետի հայրենակցական միությունները, ինչպես նաև Գողթան գավառի ապահովության կոմիտեն պահանջված տեղեկագրերը ներկայացրին «Հայրենակցական միությունների միության» կենտրոնական խորհրդին, որոնցում ամփոփված էին հայության կրած մարդկային, նյութական կորուստների և այլ բռնությունների վերաբերյալ, տվյալ պահի դրությամբ, ունեցած տեղեկությունները: