Tag Archives: Կառավարման տեղեկատվական համակարգեր (ԿՏՀ)

ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Թվայնացման համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ սոցիալական պաշտպանության համակարգերի թվային փոխակերպումը լուրջ առաջընթաց է հանրային ծառայությունների մատուցման բարելավման տեսանկյունից, ինչը մեծապես պայմանավորված է տեխնոլոգիական առաջընթացով, ինչպես նաև արդյունավետության, հասանելիության ու թափանցիկության նկատմամբ մեծացող հանրային պահանջով: Պետական կառավարման համակարգերը առավել լայնորեն են կիրառում թվային գործիքները՝ ծառայությունների մատուցման գործընթացը պարզեցնելու նպատակով․ այնուամենայնիվ, անցումը թվայնացման, որը մեծապես արագացավ COVID-19 համաճարակի հետևանքով, առաջացրել է այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են անձնական տվյալների պաշտպանության խախտումները, բացառումը և քաղաքատնտեսական խոչընդոտները:

Սույն հոդվածը ուղղված է վերոնշյալ միտումների մանրամասն վերլուծությանը` ուշադրության կենտրոնում ունենալով Հայաստանի Հանրապետության միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) թվայնացմանը առնչվող հիմնահարցերը: Չնայած թվային փոխակերպման հստակ առավելություններին՝ սոցիալական ծառայությունների ամբողջական թվայնացումը դեռևս մարտահրավեր է զարգացող երկրների համար, իսկ առկա ոլորտային ուսումնասիրությունները ամբողջապես չեն բացահայտում այդ երևույթի բազմակողմանի ազդեցությունները: Այս հոդվածն անդրադառնում է այդ բացին՝ ընդգծելով և՛ առավելությունները, ինչպիսիք են բարձրացված արդյունավետությունն ու հասանելիությունը, և՛ մարտահրավերները, ներառյալ՝ թվային բացառման և տվյալների պաշտպանության խախտումների վտանգները:

Հոդվածի արդիականությունը պայմանավորված է նրա համապարփակ մոտեցմամբ՝ համակցելով թվային փոխակերպման միջազգային միտումները ՄՍԾ-ի թվայնացման հրամայականների հետ: Այն վերհանում է թվայնացման գործընթացի հաջողությունը պայմանավորող գործոնները, ինչպիսիք են իրավական բարեփոխումները, թվային գրագիտության բարձրացումը և ենթակառուցվածքների բարելավումը, որոնք պետք է ուղենիշ ծառայեն քաղաքականություն մշակողների և կիրարկողների համար: