Tag Archives: Կիլիկյան թագավորություն

DOI: 10.57192/18291864-2026.1-217

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հրապարակումը նվիրված է հայ միջնադարյան Կիլիկյան շրջանի մանրանկարչության մեջ արքայական հանդերձի պատկերագրությանը, որը սույն վերլուծության շրջանակում դիտարկվում է որպես հայկական ազնվական միջավայրն արտացոլող ազգագրական նշանակություն ունեցող փաստական աղբյուր։ Հոդվածում անդրադարձ է կատարվում հագուստաձևերի նկարագրությանը, դրանց պատմական և խորհրդաբանական կողմերին:

Ուսումնասիրության նպատակն է ներկայացնել տերունական պատկերների աշխարհիկացված կերպարներում Կիլիկյան թագավորության արքայական հանդերձների տեսակները, բացահայտել դրանցում արտահայտված ազգային տարրերը, ինչպես նաև համեմատել դրանք արևմտյան և բյուզանդական պալատական հագուստաձևերի հետ:

Թեման արդիական է, քանի որ արքայական հանդերձների կառուցվածքի և հարդարման առանձնահատկությունների նոր դիտանկյունից մեկնաբանումը կարող է էական նշանակություն ունենալ Կիլիկիայի մշակույթի առավել խորքային ըմբռնման համար։ Հետազոտությունը կարող է ուղեցույց լինել հայ միջնադարյան մանրանկարչություն և ազգային հագուստ ուսումնասիրողների համար։